Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ՀԵՌՈւՍՏԱԹԱՏՐՈՆ

Հուն. - τήλε- հեռու

լատ. - visio- տեսնել

Թատերական արվեստի տեսակ, պայմանավորված հեռուստատեսության ստեղծումով և նրա ընձեռած հնարավորություններով: Հեռուստաթատրոն ասելով պետք է հասկանալ ոչ թե թատերական ներկայացման անմիջական հաղորդումը հեռատեսիլով, այլ ցուցադրումն այնպիսի ներկայացման, որ պատրաստված է հեռուստատեսային ստուդիայում՝ նրա արտահայտչական միջոցների օգտագործմամբ: Յուրահատկությունները կապված են հեռատեսիլով ցուցադրվելու պարագայի հետ. ունենալով վիթխարի «հանդիսասրահ», բազմահազար ունկնդիր-հանդիսատես, հեռուստաթատրոնի ներկայացումը միաժամանակ հասցեագրվում է առանձին բնակարանում եղած փոքրաթիվ դիտողների կամ մեկ դիտողի: Ունի արտահայտչական բազմազան, բեմական արվեստից և կինորավեստից տարբեր՝ բացահայտված ու դեռևս բացահայտման կարոտ միջոցներ: Ունենալով իր թատերախումբը՝ ամեն մի ներկայացման համար կարող է հրավիրել դերասաններ տարբեր թատրոններից:

Աշխարհի շատ երկրներում (ԽՍՀՄ, Անգլիա, Ֆրանսիա, ԳԴՀ, Լեհաստան, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Ավստրալիա) անցյալ դարի 40-ից 50-ականներին սկսեցին հեռուստատեսությամբ հեռարձակվել  ներկայացումներ՝ անմիջապես թատրոններից: Սկզբում այն պարզունակ հեռարձակում էր: Հետագայում, աստիճանաբար հեռուստատեսությունը սկսում է յուրացնել էկրանի արտահայտչամիջոցները, կինոլեզուն: Թատերական նոր ժանրի ստեղծման հետևանքով առաջ են քաշվում դերասանական խաղի նոր պահանջներ. հրաժարում զգացմունքների թատերական ընդգծված ցուցադրումից, հեռուստատեսային ռեժիսորները ձգտում էին պլաստիկական լուծումների, շարժումների, խոսքի, հագուստի, գրիմի բանականության և պարզության:

Վերստեղծվում են ԽՍՀՄ տարիներին բեմադրված արժեքավոր բեմադրությունների էկրանավորումներ: Տեսագրված բեմադրությունները հնարավորություն տվեցին անմահացնել թատրոնի անվանի վարպետների արվեստը (Վ.Ն. Ռիժակովի, Ե.Տուրչանինովի, Ա.Յաբլոչկինի, Ա,Մ.Բուչմանի, Բ.Ն. Լիվանովի, Ն.Կ.Սիմոնովի, Մ.Ի. Մեժինսկու, Կ.Ա. Զուբովի):

ԽՍՀՄ-ում հեռուստատեսային թատրոնի զարգացման գործում նշանակալի ներդրում են ունեցել թատերական ռեժիսորները. Ի.Ֆ. Երմակովը, Ս.Պ. Ալեքսեևը, կինոռեժիսորներ Ն.Օ. Բռավկոն, Բ.Պ. Տամարինը, ռադիոռեժիսոր Ա.Ա. Դարմենկոն: Կատակերգությունները, վոդևիլները, օպերետները, էստրադային ներկայացումները հեռարձակվում էին թատրոնից, իսկ լուրջ դրամատիկական, հոգեբանական խորքային լուծումներով բեմադրությունները հեռարձակվում էին հեռուստատեսային տաղավարից:

Հեռուստատեսության տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պահպանել և լայնորեն տարածել հեռուստատեսային ներկայացումները, հեռուստաֆիլմերը: Դրա միջոցով մեծանում է հանդիսատեսի քանակը մի քանի հազար անգամ: Այսպիսով, թատերական խաղացանկը, հատկապես դասական խաղացանկը, կազմվում է մի քանի տարվա համար՝ որոշակի հանդիսատեսի համար: Բացի այդ, թատրոնը դառնում է ընթացիկ ներկայացումների մասին տեղեկատվություն կամ ռեպորտաժ պատրաստող թերթերի և հաղորդումների ուշադրության առարկան: Ենթդարվում էր, որ նկարահանված կտորները պետք է թատերական միզանսցենի վերաբերյալ պատկերացում հաղորդեն: Ներկայացումների ընտրությունն ու ցուցադրումը կախված էր հեռարձակաման պայմաններից: Ընդհուպ մինչև 1950-ականները կենդանի թատերական խաղի և տեխնիկական անսպասելի անսարքությունների պատճառով  անհրաժեշտ տեսաձայնագրումը անհնար էր, ուստի հաղորդումները հեռարձակվում էին ուղիղ եթերով (հաճախ ստուդիայից):

Հետագայում, տեխնիկական հնարավորությունների կատարելագործմամբ պայմանավորված, դրանք այլևս չէին հեռարձակվում ուղիղ եթերով, այլ նկարահանվում էին ստուդիայում կամ բացօթյա տարածքներում, կինոնկարահանման նմանությամբ:

Հեռուստաթատրոնը ցուցադրվում էր «Այսօր երեկոյան թատրոնում»  կամ «Տարեք ինձ թատրոն» հաղորդումների շրջանակում, որտեղ հրավիրված հադիսատեսի ձայնագրման հնարով հեռուստադիտողի մոտ թողնում էին նրա ներկայության տպավորություն:

Այս հաղորդումներում առկա էին բոլոր թատերական բաղադրատարրեը (կամիր վարագույրը, զանգը, երեք զարկը, ծափահարությունները, հայտնի աստեղրը, հանդիսատեսը, դահլիճից հեռացողները):

Ինչպես մյուս հաղորդումներում, այնպես է հեռուստաթատրոնի նկարահանումների համար տեխնիկան սահմանափակ էր, մի քանի տեսախցիկ տեսանկարահանում են դահլիճը, երկու ծանր կամերաները խոշոր պլանի համար էին օգտագործվում, կռունկին ամրացված մեկ թեթև տեսախցիկը օգտագործվում էր ընդհնուր պլանի և տեղաշարժերի նկարահանման համար:

Այս հաղորդումների խաղացանկը բուլվարային թատրոնների խաղացանկից էլ անորակ էր, հաճախ զգուշավոր էին լինում և բեմադրում էին «փորձված» դասական պիեսներ, շատ հազվադեպ ժամանակակից պիեսներ, միզանսցենը կառուցելիս ուշադրություն էին դարձնում արտաքին կառուցվածքին:

Ի տարբերություն Մեծ Բրիտանիայի Ֆարնսիայում թատերագիրները հազավադեպ են հրավիրվում հեռուստատեսություն օրիգինալ սցենար գրելու համար:

Հեռարձակման ընթացքում շատ էին լինում տեխնիկական խնդիրները: Եվ քանի որ հեռուստատեսության պարագայում դիտողն ունի ծրագիր ընտրելու հնարավորություն, ցանկացած պահի կարող է փոխել ալիքը և դիտել մեկ այլ հաղորդում: Այս հանգամանաքը նրան անվստահելի դիտող է դարձնում, ուստի անհրաժեշտ է հետաքրքրել, պահել ուշադրությունը:Հեռուստաներկայացման միզանսցենը կառուցել հետաքրքիր, պատմողական – նկարագրողական լուծումներով:

 Այս պատճառով հեռուստաներկայացում կազմակերպելը հավելյալ ջանք և նյարդեր է պահանջում, քան թատրոնում սովորական, նույնսիկ երեք ժամ տևող ներկայացումը:

Հեռուստաթատրոնի ցուցադրման պահին հիմնական շեշտը դրվում է տեսագրության վերջնական փուլի վրա: Արդեն ավարտված և հավաք թատերական նյութը վերջնական տեսքի է բերվում մոտաժի միջոցով:

Հեռուստաթատրոնի դրամատուրգիան հիմնվում է մի քանի հիմնական սկզբունքի վրա: Որպեսզի հեշտությամբ «ընթերցվի» պատկերը պետք է հստակ կադրավորվի և կազմակերպվի: Սա որոշակի ոճավորում է ենթադրում, դեկորի և հագուստի տարրերի աբստրակտություն, տարածության մեջ անընդհատ տեղաշարժեր: Հեռուստատեսության առանձնահատկությամբ պայմանավորված պատկերի փոքրացումը առաջադրում էր հնչյունային ձևավորման այլ պահանջներ: Ձայնը իր որակով և տարածականությամբ տեսարանին իրականության էֆեկտ էր հաղորդում: Բառը ավելի լավ հնչում է հեռուստատեսությունում քան կինոյում, նույնիսկ ավելի լավ քան թատրոնում, քանի որ կարող է տեղի ունենալ հաճախականության փոփոխություն, տրվել պատկերից անկախ՝ համապատախան իրավիճակին և պատկերին. Հեռուստատեսությունում ձայնի «ապատեղայնացումը» քիչ զգալի է քան կինոյում: Հեռուստատեսությունը հաճախ է պատկերի ուղեկցությամբ ռադիոյի դեր կատարում, նյութի հավաստիությունը և իրական լինելը հաստատվում է վիզուալ պատկերի միջոցով:

Հեռուստատեսությունում դեկորացիաները ետին պլանում են մնում, դերասանների հետևում, բացառապես այն դեպքերի, երբ պետք  է ընդգծել որև դետալ, կամ բնութագրել միջավայրը, այդ ժամանակ տեսախցիկն այն ցուցադրում է խորոշ պալնով կամ պանորամայով: Քանի որ (Ֆրանսիայում մինչև 1965 թվականը) տեսարանները հիմնականում ձայնագրվում էին ստուդիաներում, ուստի դեկորացիաները ևս ստեղծվում էին այդտեղ, հարմարեցված թատերական ոճին:

Հեռուստատեսությունում լուսավորությունը հազվադեպ է եղել այնքան բազմապիսի և ճկուն, ինչպես կինոյում կամ թատրոնում էր: Մոնտաժի ընթացքում օգտագործվում են հստակ շեշտադրումներով էֆեկտները, դրամատուրգիական խզումները, դադարները, ֆաբուլան պետք է դյուրընկալելի լիներ, կառուցված՝ արագ, լարված պահերի հմուտ համադրության փոխկապակցվածությամբ:

Տեսախցիկն առանձնացնում է դերասան - պատմողին՝ հոգեբանական և ֆիզիկական դրսևորումներով, հաճախ օգտագործելով ամերիկյան պլանները (երկրորդ միջին պլանը կինեմատոգրաֆում հաճախ անվանում են «ամերիկյան պլան», քանի որ այն օգտագործվում էր վեսթերնում՝ հերոսին ատրճանակով ցույց տալու համար): Դերասանը դառնում էր ֆիլմի կամ հեռուստատեսության հիմնական տարրերից մեկը, ենթարկվելով ռեժիսորի հստակ ուղղորդումներին: Կորցնում իր ֆիզիկական անհատականությունը, ցուցադրվում հատվածաբար, դառնում  կինոպատումի անբաժանելի մասը:

Օգտվելով թատրոնի և կինոյի արտահայտչամիջոցներից՝ հեռուստաթատրոնը ձևավորել է արտահայտման իր կերպը՝ որպես բազմահազար հանդիսատեսի մտքի ու հոգեբանության վրա անմիջականորեն ներազդող, «երկխոսության» միջոցով զանգվածների հետ շփման, հաղորդակցման թատրոն։

Հայկական հեռուստաթատրոնը հիմնադրվել է 1974 թվականին (հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը տրվել է 1956 թվականի նոյեմբերի 7-ին, առաջին ինքնուրույն հաղորդումը սեփական ստուդիայից՝ նույն թվի դեկտեմբերի 31-ին): Հայկական հեռուստաբեմադրություններ են ստեղծվում 1957-ից։ 1973-ից կիրառվում է տեսագրման տեխնիկան, 1975-ից՝ գունավոր տեսագրությունը։ Ենթարկվելով հեռուստաթատրոնի զարգացման ընդհանուր օրինաչափություններին՝ հայկական հեռուստաթատրոնի զարգացման ուղին միաժամանակ պայմանավորված է ազգային թատերարվեստի ավանդներով։ Հիմնադրման օրից հայկական հեռուստաթատրոնը ստեղծել է կայուն խաղացանկ ազգային գրականության արձակի և դրամատուրգիայի նմուշներից՝ «Միջնորդ տեր պապան» (ըստ Օտյանի, 1970, ռեժ Կ Արզումանյան), «Երկիր Նաիրի» (ըստ Չարենցի, 1980, ռեժ Կ Վարժապետյան), «Թաղականին կնիկը» (ըստ Օտյանի, 1982, ռեժ Հ Աշուղյան), «Մամփրե արքան» (ըստ Գալշոյանի, 1986, ռեժ Օ Մելիք-Վրթանեսյան), «Մատյան եղելության» (ըստ Խանզադյանի, 1986, ռեժ Զ Տատինցյան), «Մահը» (ըստ Նար-Դոսի, 1988, ռեժ Գ Մկրտչյան), Հ Մելքոնյանի «1946 թվականը» (1982, ռեժ Հերբ Գասպարյան, հեռուստաներկայացումների համամիութենական փառատոնի մեծ մրցանակ), Հ Մաթևոսյանի «Չեզոք գոտի» (1983), Հ Վարդանյանի «Կիբոսա 7-րդ դար» (1984, երկուսն էլ՝ ռեժ Կ Վարժապետյան)։ Ուշագրավ են Գ Զոհրապի, Շ Շահնուրի, Վ Սարոյանի մի քանի նովելների հեռուստաբեմադրությունները։ Հեռուստաթատրոնն անդրադարձել է նաև օտարազգի հեղինակների գործերին լավագույններից են՝ «Մարդու ճակատագիրը» (ըստ Շոլոխովի, 1957), Պուշկինի «Քարե հյուրը» (1959, երկուսն էլ՝ ռեժ Մ Մարինոսյան), Պանյոլի «Տոպազ» (1971, ռեժ Ռ Սարգսյան), Դրուցեի «Կասամարե» (1973, ռեժ Ս Ջանիբեկյան), Խուգաևի «Անդրոն ու Սանդրոն» (1973, ռեժ Օ Մելիք-Վրթանեսյան), Գիբսոնի «Երկուսը ճոճանակին» (1974), Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» (1979, երկուսն էլ՝ ռեժԹ Բիտյուցկայա-Էլիբեկյան), Չապեկի «Մայրը» (1975, ռեժ Գ Արզումանյան), Շտոկի «Սատանայի ջրաղացը» (առաջին գունավոր տեսագրված ներկայացումը, 1975, ռեժ Ռ Հախվերդյան), Բրեխտի «Շվեյկը երկրորդ համաշխարհային պատերազմում» (1985), Վեբերի «Գործարք» (1994, առաջին բազմամասանոց ներկայացումը, երկուսն էլ՝ ռեժ Է Բադալյան), «Մուսա լեռան քառասուն օրը» (ըստ Վերֆելի, 1986, ռեժ-ներ՝ Գ Չալիկյան, Հերբ Գասպարյան) ևն։ Մանկական և երգիծական  ներկայացումներ ստեղծելու գործում մեծ ներդրում ունեն Կ Արզումանյանը, Ա Թորոսյանը, Օ Մելիք-Վրթանեսյանը, Ռ Շիրինյանը, Ա Մինասյանը, Ռ Երիցյանը, Է Հեքեքյանը։

Հայկական հեռուստաթատրոնի զարգացմանը մեծապես նպաստել են օպերատորներ Գ Տիրոսյանը, Վ Ղարիբյանը, Ռ Գալստյանը, Ֆ Մկրտչյանը, Ռ Բաղդասարյանը, Պ Սիմիթյանը, Ռ Կարիկյանը, Ա Ղազանչյանը, Ռ Գիդաչյանը, նկարիչներ Շ Հակոբյանը, Ա Չիֆլիկյանը, Գ Ասատրյանը, Գ Գասպարյանը, Ջ Սանթելյանը, Տ Փենեսյանը, հնչյունային ռեժ-ներ Ա Սարաֆյանը, Լ Շահնազարյանը, Ա Հակոբյանը, երաժշտ ձևավորողներ Մ Պետրոսյանը, Ա Շեկունցը, դերասաններ Վ Փափազյանը, Գ Ջանիբեկյանը, Դ Մալյանը, Մ Սիմոնյանը, Ս Սարգսյանը, Խ Աբրահամյանը, Վ Վարդերեսյանը, Մ Մուրադյանը, Ի Ղարիբյանը, Է Էլբակյանը, Ա Մանուկյանը, Վ Մսրյանը, Գ Մանուկյանը, Վ Գևորգյանը, Շ Ղազարյանը, Զ Տեր-Կարապետյանը, Է Շահիրյանը, Ա Ութմազյանը, Կ Երիցյանը, Ա Թոփչյանը, Ռ Քոթանջյանը, Ս Չալոյանը, Ա Սանթրոսյանը և ուրիշներ:

Հեռուստապիես - թատերագրակաան նորագույն ժանր. ստեղծված միայն հեռուստաթատրոնի համար, նրա պահանջներին համապատասխան գրված պիես: Ստեղծվել է 50-ականներին, վավերագրական, ինֆորմացիոն ժանրերի կողքին աստիճանաբար սկսում է մեծ տեղ զաբաղեցնել հեռուստատեսությունում:

Արտերկրում հեռուստատեսային պիեսներ գրել են Բ. Փրիսթլին, Դ. Բոուենը, Կ.Դոնկաստերը, Թ. Ուիլլիսը, Ջ. Օսբորն (Անգլիա), Ա.Միլլեր, Ժ. Վիդալ, Մ.Դայն (ԱՄՆ), Ֆ.Մորիակ, Ա.Մորուա (Ֆրանսիա), Նոբուկոս Տարադա (Ճապոնիա) և այլն:

ԽՍՀՄ-ում հեռուստատեսային պիեսները գրվում էին անվանի գրական գործերի հիման վրա: Հիմնականում նախընտրում էին այն գործերը, որոնց հիմքում ընկած է մարդու ներաշխարհին, ապրումներին ու զգացմունքներին անդրադարձը: Լավագույն հեռուստապիեսների շարքում են ըստ Ֆ.Դոստոևսկու «Սպիտակ գիշերները», «Նատաշան» Ա.Ագրանովսկու պատմվածքի հիման վրա, «Մաշենկան» ըստ Աֆինոգենովի, Փրիսթլիի «Լինդենի ընտանիքը» (ռեժ. Մ. Ռոմանով) և այլն:

Հեռուստատեսային պիեսներում ներառվում են տարբեր ժանրեր, ստեղծվում են յուրօրինակ ծրագրեր (շարքեր, անդրադարձ, հանդիսատեսի մասնակցությամբ իմպրովիզացիա): Հեռուստատեսային պիեսներում օգտագործում է դոկումնետալ հեռուստատեսային մեթոդները:

Գրականության ցանկ

1. Գրիգորյան Վ., Հեռուստատեսային արվեստի գործիչները, 1986։

2. Հայկական համառոտ հանրագիտարան, 4 հատոր, ՀԽՀ գլխ. խմբ, 1990-2003:

3. Հախվերդյան Լ. Թատեարագիատական բառարան, Ե., 1986:

4. Մութաֆյան Լ, Կապույտ էկրանի թատրոն, Ե, 1987։

5. Пави П, Словарь театра, М., 1991.

6. Театральная энциклопедия.Том 5, М., 1967.

7. Тамарин Б., Показ театральных спектаклей из телевизонной студии, М., 1960.

8. Филд С., Как писать для радио и телевидения, М., 1962.

9. Саппак В., Телевидение и мы, М., 1963.

10. Глебова Т., Кто ты есть телевизионный драматург?, «Театр», 1964,№2.

Համահավաքող՝ ՍՈւՍԱՆՆԱ Բրրիկյան

Խմբագրելի

21.11.2023  01:08

615 հոգի