20.11.2023 03:11
Երբ նայում ես այս թատրոնի հին ազդագրերին, աչքերիդ առաջ պատկերանում է նրա անցած ուղին՝ լի տքնաջան աշխատանքով, սպասումներով, հուսախաբություններով ու հաջողություններով։ Յոթ տարին և այն էլ թատրոնի համար՝ մեծ ժամանակամիջոց չէ, և լիովին բավական է, որպեսզի թատրոնը գտնի իր դեմքը, հաստատի էր իր ստեղծագործական հավատամքը։
Երիտասարդական թատրոնն ստեղծվել է մի այնպիսի ժամանակ, երբ ավանդույթը կաղապարել էր «թատրոն» հասկացությունը, և նորարարության համար հեշտ չէր ուղի հարթել: Եվ ահա այդ շրջանում փորձարարական թատրոնի ծնունդը, իրոք, երևույթ էր Երեվանի մշակութային կյանքում։ Թատրոնն իր ստեղծման առաջին իսկ օրերից աչքի ընկավ ասելիքի թարմությամբ, նոր և հետաքրքիր արտահայտչամիջոցներով, բեմական ինքնատիպ լուծումներով։ Նրա սկզբունքն էր՝ հրաժարվել տրորված ճանապարհներից և թատերական արվեստի նոր շավիղներ որոնել:
Նախատեսված էր թատրոնը տեղավորել Թումանյան փողոցի շենքերից մեկի ներքնահարկում։ Նման տեղում թատրոն ստեղծելու գաղափարը բոլորովին էլ պատահական չէր։ Դա ևս յուրօրինակ ինքնաարտահայտման ձև էր: Բայց գաղափարը թատրոնի վերածելն այնքան էլ հեշտ չէր։ Եվ մի բուռ նախանձախնդիրներ ջանք ու եռանդ չէին խնայում: Երիտասարդ դերասաններ Գուրգեն Սեդրակյանը, Ալբերտ Օհանջանյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Արկադի Մաթևոսյանը բեմադրիչ Հրաչյա Ղազարյանի հետ մի միասին խաղափորձերից հետո զբաղվում էին շինարարությամբ: Հեշտ չէր այդ ամենը, սակայն այսօր նրանք նույնիսկ հաճույքով են հիշում այդ օրերը։ Դրանք ոչ միայն քրտնաջան աշխատանքով և նրա պարգևած բերկրանքով լի օրեր էին, այլ նաև ինքնահաստատման, դերասանական նոր արտահայտչաձևերի, նոր խաղաոճի որոնման օրեր:
Թատրոնը պաշտոնապես բացվեց 1980 թվականին և անվանվեց Երևանի փորձարարական թատրոն: Հարուստ ու բազմազան է թատրոնի խաղացանկը՝ Մայակովսկի, Սաստրե, Պարոնյան, Չեխով, Անույ, Օլբի, Գարսիա Լորկա, Դոստոևսկի, Բաուեր, Գևորգ էմին, Մկրտիչ Սարգսյան, Ռուբեն Ավետիսյան:
Թատրոնն այսօր էլ որոնումների մեջ է, - ասում է գլխավոր բեմադրիչ Հրաչյա Ղազարյանը, - և կարծում եմ, որ 7-ամյա փորձը կօգնի մեզ՝ նորովի արժեքավորելով թատրոնի ավանդույթ ները, ձայնակցել ժամանակի առաջադրած առավել հրատապ խնդիրներին:
Վերջին շրջանի հետաքրքիր աշխատանքներից է Տենդրյակովի «Հատուցում» ներկայացումը (բեմադրությունը՝ Հրաչյա Ղազարյանի), որով թատրոնն սկսեց իր ութերորդ թատերաշրջանը: Այժմեական նյութի հիման վրա ստեղծված և հետաքրքիր հարցադրումներով այդ թատերախաղի բեմադրության մեջ լիարժեք և հավաստի բնավորություններ են կերտել մի խումբ շնորհալի դերասաններ՝ Կարինե Սարգսյանը, Գոհար Իգիթյանը, Գուրգեն Սեդրակյանը, Յուրի Կոստանյանը, Բագրատ Գրիգորյանը, Մուրադ Ջանիբեկյանը: Այսօր թատրոնն ուղղակի կոչվում է Երիտասարդական թատրոն: Բայց ինչո՞ւ «Երիտասարդական»: Դրա պատճառը բոլորովին էլ դերասանների տարիքը չէ, թեև թատրոնի բոլոր դերասաններն էլ երիտասարդ են: Պատճառը թերևս պետք է փնտրել թատրոնի երիտասարդական ավյունի մեջ, կյանքի հետ ունեցած անմիջական կապը չկորցնելու ձգտումի, ժամանակի շունչը զգալու և ի վերջո՝ թատրոնի դիրքորոշման մեջ: