06.10.2020 21:48
Հուն. μυστήριον-mysterion-գաղտնիք, գաղնախորհուրդ երևույթ, արարողություն:
լատ. mysterium*- արարողություն, գաղտնի ճշմարտություն,արհեստ:
ֆրանս.-mystere, անգլ.-mystery play,գերմ.-mysterium, mysterienspiel-mysterienspliel, իսպ.- Misterio:
հայ.-կացրդական, կացուրդ, կցուրդ, կցորդ-«կացումն հանդիսական, հանդէս տեսարանոց և տօնից, համախմբութիւան ժողով, տօն ամենաժողով, նուագ երգոց ի տօնս, որպէս և ժամամուտ եղանակաւոր, հարցնափառ և տաղ, որք կոչին և կարգ, որպէս և չարական»: Մինչև միջնադարյան Եվրոպայում միստերիալ թատրոնի առաջացումը՝ 10-11-րդ դարերում, Հայաստանում գրական տեքստը եկեղեցում և ճեմարանում հանդեսի վերածելու եղանակ: Կրոնական ավանդությունը և հոգևոր գաղափարները ներկա ժամանակով հաղորդելու միջոց, որը եվրոպական միստերիալ թատրոնի նախնական ձևերից մեկն է:
1. Հին հույների, հռոմեացիների և Արևելքի ժողովուրդների էզոթերիկ կրոնական հանրույթի գաղնտի ծիսակատարություններ և արարողություններ` ձոնված որոշ աստվածությունների պաշտանմունքին: Կատարվել են գերազանցապես գիշերները՝ ջահերի ներքո և, սովորաբար, ուղեկցվել են խորհրդապաշտական մտքերի մեկնաբանումներով, ողբահանդեսներով, խրախճանքներով, երաժշտությամբ, երգերով ու պարերով։ Օրինակ` պտղաբերության դիցուհի Դեմետրայի և նրա դուստր Պերսեֆոնեի պատվին` Էլեվսինյան և Իսիդայի ու Օսիրիսի պատվին եգիպտական միստերիաները, որոնց մասնակից լինել միայն նվիրյալներին (նախաձեռնողներ) և ձեռնադրվածներին (հաղորդակից) էր թույլատրվում: Այդ գաղտնախորհուրդ ծիսակատարություններին ցանկություն է հայտնել մասնակցել իրեն աստվածություն հռչակած Ներոնը, բայց քանիցս մերժում է ստացել միստիգոգոսներից: Հին միստերիաներից էին նաև Օրփեոսի պատվին Օրփեոսյանը, Կաբիրաների պատվին` Սամոթրակյանը, Միթրայականը: Առավել հայտնի այդպիսի միստերիաներից էր Դիոնիսի (Հռոմ. Վակխ) պատվին կատարվող Բաքոսյանը` պտղաբերության տոնակատարությանը նվիրված առանձին արարողությունները: Դիոնիսի տնաջանքի, մահվան, և հարության ներկայացումը անցկացվում էին օրինակ`Պոմպեյի մոտակայքի Միստերիայի դղյակում: Այս շինության` կառուցվածքն ու կենդանի պատկերներ ցուցադրող որմնաքանդակաշարը հուշում է, որ այդտեղ իրականացվել են աղոթքի, մաքրագործման, օրհնանքի, անեծքի, հաղորդման, զոհաբերման ծիսակատարություններ-արարողություններ** բովանդակող մեծ ու փոքր միստերիաների միակցումներ: Ի դեմս պատկերաշարում եղած բաց տեսարանների` ծիսակատարություններն ու արարողությունները խրախճալից ընթացք են ունեցել: Ընդհուպ մինչև վակխանալիկ օրգիաներով ուղեկցվող տոնախմբություններ ներառելը (ժամանակակից այլաձև դրսևորումներն են նատուրալիստների նուդիստական լողափերն ու ակումբները), որոնց պատճառով ենթարկվել են հալածանքների:
2.Արևմտաեվրոպական երկրներում ձևավորված կրոնադավանաբանական թատրոնի ժանր, արդյունքը` պատարագային (լիթուրգիական) դրամայի զարգացման: Վաղ շրջանում միստերիա բառով էին կոչում հենց պատարագային դրաման: Այդ շրջանի վաղ միստերիաներից է «Ասք Ադամի մասին»-ը: 1264 թվականին Հռոմում «Գոնֆալոնե»(Гонфалоне) եղբայրությունը Կոլիզեյում միստերիան է բեմադրում: 100 տարի անց միստերիան սկսում է զարգանալ Անգլիայում և հատկապես` Ֆրանսիայում (14-րդ դարում հայտնի` «Կրքերի եղբայրությունը): Անգլիայում հայտնի են միստերիաների Չեսթերյան, Ուեյքֆիլդյան և Յորքյան փուլերը: Յորքյան փուլից` ‹‹Ժամանակների վերջը››, իսկ Ուեյքֆիլդյան փուլից` ‹‹Հովիվների երկրորդ ներկայացումը» և «Սուրբ Ծննդյան ծաղրանկարը»: Ֆրանսիայում ամենահին հայտնի միստերիան 1060թ գտնված ‹‹Մոգերի գաղտնիքն է››, որը միստերիայի սկզբնավորման շրջանից է: Հայտնի են նաև 12-րդ դարի գալլական ‹‹Խելագար կույսեր և խոհեմ կույսեր››, միստերիան: Նույն ժամանակաշրջանի ֆրանսիական միստերիաներից է Ժան Բոդելի հեղինակած ‹‹Սուրբ Նիկոլայի միստերան››: 14-15-րդ դարերում գրված ֆրանսիական միստերիաներից է ‹‹Նոտր Դամի հրաշքները›› ու ‹‹Հին կտակարանի խորհուրդներն ու Առաքյալների գործերը››: Իսպանիայում մեծ ժողովրդականություն են վայելում Էլչե քաղաքում խաղացվող ‹‹Էլչեի միտերիան››` նվիրված Մարիամ Աստվածածնի վերափոխմանը և թագադրմանը: Իսպաներենով գրված ամենահին միստերիան 12-րդ դարի օրենսգիրքն է` քրիստոնյա մոգերի մասին: Հայտնի են նաև Գոմես Մանրիկեի «Մեր Տիրոջ ծննդյան մասին պատկերացումը» և Միգել դե Կարվախալի «Ժոզեֆինա կոչվող ողբերգություն» միստերիաները: Պարսկաստանում գոյություն է ունեցել 10-ր դարից, մտել շանսեյ-վախսեյ կրոնական ծիսակատարության մեջ, որից էլ առաջացել պարսկական ողբերգության թազիյե տեսակը:
Միստերիալ դրամատուրգիան բաժանվում էր երեք բաժինների՝ հին-կտակարանայինի, նոր-կտակարանայինի, առաքելականի: Սյուժեներն առնվել են Աստվածաշնչից ու Ավետարանից. սրբերի կյանքի թեմաները, Հիսուս Քրիստոսի կյանքի դրվագները(‹‹Արարչագործություն››, ‹‹Ադամ և Եվա››, ‹‹Աբելի սպանությունը››, ‹‹Ահեղ դատաստան›› բովանդակություններով): Միստերան իր էությամբ ավելի շատ էպիկական է, քան` դրամատիկական: Սկզբնական շրջանում ցուցադրվող պատկերները ուղեկցվել են խոսքային մեկնաբանություններով և Քրիստոսի մոտ մարդիկ հանդես էին գալիս ինչպես ստվերներ: Իսկ հեղինակը հատկապես այդ շրջանում բացակայում էր: Եկեղեցում կատարվող դրամատիկական «ներկայացումներում» չէր թույլատրվում որևէ անձնական մոտեցում, ինչպես սրբապատկերներում, որոնք ենթարկվում էին քարացած կանոնների և զուրկ էին հեղինակային մեկնակետից: 15-րդ դարի կեսերից ներառվել են խոսող կերպարներ, որոնք առավելապես պատմում Էին իրադարձությունների մասին, այլ ոչ թե դրանք գործողության մեջ ներառում (օր՝ ահա ես եկա, ահա ես նստեցի և այլն): Ավելի հստակ, կարելի է միստերիան անվանել թատերականացված էպոս, որը ունի որոշակի միտում վերափոխվել դրամայի`բառի պատշաճ իմաստով: Պիեսների հեղինակներն էին գիտնական-աստվածաբանները, եկեղեցական ծառայողները, բժիշկներն ու փաստաբանները: Միստերիաները հովանավորում էին “Աստծո չարչարանքների ընկերությունը” միջնադարյան արհեստագործական միավորման պես գիլդիաները, և գլխավոր մասնակիցները եղել են հյուսներրը, ոսկերիչներն, ատաղձագործները, հացթուխներն ու այլ արհեստավորները: Օրինակ` անգլիական գիլդիաները ներկայացրել են իրենց գործունեությանը համապատասխան տեսարաններ. ատաղձագործներինը՝ «Նոյյան տապանի կառուցում», հացթուխներինը՝ «Հինգ հացի և երկու ձկների հրաշքը», ոսկերիչների գիլդիան՝ «Մոգերի ժամանումը»:
Միստերիային հակասական բնույթ է տվել կրոնական և աշխարհիկ միտումների՝ բարեպաշտության և աստվածանարգության ներքին պայքարը: Բացի կրոնական բնույթի տեսարանները, միստերիայի մեջ տեղ են գտել ինտերմեդիաներ՝ կենցաղային ու կատակերգական բովանդակությամբ դրվագներ, ժողովրդական երգերը և պարերը, ակրոբատիկան, կլոունադան, և ժոնգլյորների ամբողջական բուֆոնային գործողությունները: Կատարման մեջ վերամբարձ ոճը(կրոնական պատումներում գերակշռող պաթոսը) համադրվել է կենցաղային վառ կատակերգականի(աշխարհիկ պատումներում) և կոպիտ նատուրալիստականի (խոշտանգման տեսարաններում) հետ: Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում սկզբում այն խաղում էին եկեղեցում, ապա եկեղեցու բակային տարածքում, ավելի ուշ այն դուրս եկավ քաղաքի հրապարակ՝ հետագայում ներմուծվելով քաղաքային տոնախմբությունների համակարգի(տոնավաճառային օրեր) մեջ: Աչքի էր ընկնում իր մասշտաբայնությամբ. սկզբունքներից մեկն էր` բեմական տարածության մեջ միաժամանակ ցույց տալ տվյալ ներկայացման բոլոր տեսարանները: Այդ գործողության տեղերի քանակ`տաղավարները(беседок) կարող էին հասնել մոտ քսանի: Սակայն Անգլիայում, մասամբ` Իսպանիայում, Նիդեռլանդներում դրամատիակականացված եկեղեցական գործընթացներում գոյություն ունեին նաև այլ տեսակի բեմադրական ձևեր, երբ բազմաթիվ տեսարաններ ցուցադրվում էին այսպես կոչված շարժական բեմահարթակներում` առանձին (pageant) սայլակների վրա: Դերասանները երբեմն կարող էին իջնել սայլակներից և խաղալ տեսարանի մի մասը փողոցում: Գործողության տեսարանները կառուցում էին առանձին խցիկների տեսքով, օղակաձև, բարձր տախտակամածային հարթակի վրա: Դեկորացիանները հարդարման առումով պարզ էին, աջ կողմում դժոխքն էր, ձախում` դրախտը: Կամ էլ բեմը եռահարկ էր. Երկինք, Երկիր և Դժոխք՝ խորհրդանշելով ամբողջ տիեզերքը: Վերևի հարկում նստում էր ոսկեդեմ Արարիչը`շրջապատված առաքինություններով, իսկ բուն գործողությունը կատարվում էր 2-րդ հարկում: Դժոխքը, որտեղ իր օգնականների հետ գործում էր Սատանան, երբեմն բաժանված էր 4 մասի` աստվածաշնչյան մարգարեների Լիմբը (նախաքավարան), նորածինների Լիմբը, Քավարանը և կրակով լի փոսը: Դժոխքի մուտքը ներկայացնում էր հրեշի երախ:+
Ներկայացումներում ընդգրկված դերասանները հիմնականում տղամարդիկ էին, սակայն Ֆրանսիայում երբեմն հայտնվել են կանայք և աղջիկներ: Դերասանների թիվը փոփոխական էր, մի կատարողը կարող էր հանձն առնել մի քանի դեր: Լինում էր նաև հակառակը. օրինակ Քրիստոսի կյանքը` մանկությունից մինչև հասուն տարիք պատկերելու համար պահանջվում էին մի քանի դերակատար:
Միստերիայում մեծ նշանակություն են ունեցել հատուկ մշակված էֆեկտները (անհետացումներ, հարություն, երկնքից իջնել և այլն), պիրոտեխնիկական հնարքները և շքեղ զգեստներ: Թատերական հրաշքը միստերիալ ներկայացման կարևորագույն գործոնն էր, որի ճշգրիտ իրականացումն էր ապահովում զանգվածի հավատը բովնադակությամբ` միստիկ, ձևով` պայմանական այդ հրաշափառ գործողությունների նկատմամբ:Օրինակ`Նոյի մասին պատմությունը, որը խաղացվել է 1502 թվականին, Մոնսենում. մոտակա տների կտուրներին գինու տակառներով լցված ջուր են տեղադրել և դրանով 5 րոպե անընդմեջ տեղացող անձրևի տպավորություն ստեղծել: Խաղարկվել են նաև իրական կենդանիներ, տարածված են եղել փոխակերպման էֆեկտները, որոնց համար հրավիրել են հատուկ մասնագետների` գաղտնիքների բեմադրողներ: Միստերիան տևում էր մի քանի օրից մինչ մեկ ամսից ավել ժամանակահատված: Օրինակ՝ 1547թ. Վալանսենում բեմադրված միստերիան տևել է 25 օր: Իսկ Ֆրանսիայում բեմադրված մեկ այլ՝ “Առաքյալների վարքը” տևել է 40 օր: Այդպիսի մեծ ցիկլային միստերիաներն իրենցից ներկայացնում էին ահռելի դրամա, մի քանի տասնյակ հազար բանաստեղծություններով (70.000) որոնցից յուրաքանչյուրը ներառում էր մի քանի տասնյակ պիեսներ: Օրինակ` «Հին կտակարանը» միստերիան կազմված էր 40 պիեսներից: Հեղինակները ձգտում են սպառել յուրաքանչյուր իրավիճակ՝ մինչև իր տրամաբանական վերաբաշխումը: Նրանք ստիպում են իրենց հերոսներին խոսել, բանակցել և երկարաձգել ամեն բան: Այստեղ հանդես էր գալիս նաև «ընթերցողն», ով իրար էր կապում էպիզոդները և գործողությունը: Ամեն օր ներկայացումը սկսվում և ավարտվում էր բոլոր կատարողների հանդիսավոր երթով: Ամենահայտնի ցիկլային միստերիան` «Տիրոջ կիքը»` Առնուլ Գրեբանի, որում հանդես էին գալիս մոտ 400 պերսոնաժներ: Մեծ քանակությամբ դրվագները և գործող անձինք բնորոշ էին նաև` «Հին կտակարան», «Կրքերի միստերիա», «Առաքյալների գործերը» միստերիաներին:
Բացի կրոնական թեմաներով պիեսներից, միստերիական խաղացանկում յուրահատուկ տեղ էին զբաղեցնում երկու «աշխարհիկ» միստերիա` «Օրլեանի պաշարումը» և «Մեծ Տրոյայի կործանումը»: Օրլեանում (1429) ֆրանսիացիների հաղթանակից անմիջապես հետո խաղացին այս միստերիան: Այս միստերիան փորձ էր հունկան ժողովրդական(ազգային) դրամայի ստեղծման, այն փառաբանում էր քաղաքաբնակների տոկունությունը, հայրենասիրությունը` անգլիացիների հետ պայքարում: Ժամանակի ընթացքում այս ներկայացման մասնակիցները համախմբվեցին այսպես կոչված «եղբայրությունների» (братство), և նրանց էր պատկանում իրենց քաղաքի միստերիայի բեմադրության մենաշնորհը:
Հետագայում միստերիայում առկա ժողովրդական պարզ հումորը զարգացող էվոլուցիա է ապրել բուռլեսկի ուղղությամբ: Հոգեբանական հիմնավորում ունեցող արարքներով կատակերգական կերպարները աստիճանաբար ետնել են կրոնական-դիդակտիկ մոտիվները` կրոնասիրական պաթոսն ու կատարելապես ընդհանրացված աստվածաշնչյան հերոսներին: Կրոնական բնույթի թուլացումով միստերիան մոտեցել է կառնավալային տարերքին, ինչը հոգևոր և աշխարհիկ իշխանությունների դժգոհություն է հարուցել: Ի վերջո 1548 թվականին եկեղեցին արգելեց կրոնական թեմայով ներկայացումները Իլ դե Ֆրանսի ամբողջ տարածքում: Սակայն բուֆանա-կոմիկական տարրի հետ մեկտեղ միստերիա է ներթափանցում էրոտիկական տարրը: Հայտնի միջնադարի քաղաքային կերպարը` հանրային կնոջ, հայտնվում է միստերիայի մեջ, պատկերելով «անառակ» Մարիա Մագդաղենացուն մինչև իր սուրբ դառնալը: Էրոտիկ տարրի առկայությունը շատ ավելի սուր դժգոհություններ հարուցեց հոգևոր և աշխարհիկ իշխանությունների շրջանականերում և 16-րդ դարի կեսերից արևմտյան Եվրոպայի գրեթե բոլոր քաղաքներում միստերիան արգելվեց:
Իհարկե միստերիայի ավանդույթը շարունակվեց և այն էական ազդեցություն թողեց ելիզավետյան և իսպանական թատրոնի վրա: Ֆրանսիայում միստերիալ ներկայացումների կենցաղային-կատակերգական տեսարանները ֆարս և սոտի ժաների առաջացման հիմքը դարձան: Իսպանիայում շարունակվեց մինչև 18-րդ դարը Աուտո սակրամենտոներով(Autos), որոնցից էր իսպանո-պորտուգալական գրող Ժիլ Վիսենտեյի(պորտուգալական Պլավտիոս) ‹‹Աուտո սուրբ Մարտինի մասին››-ը: Միստերիալ թատրոնը ոչ փոքր դերակատարում է ունենում նաև հակասեմիթական տրամադրությունների տարածման հարցում (արյուն թողնելու և այլ դաժանությունների տեսարաններն իբև կոլեկտիվ վախերի էմոցիոնալ էներգիայի սուբլիմացիաներ հետագայում պրոյեկտվել են հրեաների վրա` նրանց հանդեպ իրագործված տարերային բռնություններով): Այս առումով միստերիան ստեղծում է ավանդույթ, որին հետագայում ապավինեցին Անգլիայում 16-րդ դարի վերջին` Քրիսթոֆեր Մարլոն «Մալթացի հրեան», Վիլյամ Շեքսպիրը` «Վենետիկի վաճառականը»: Վառ իրատեսական հատկանիշներով էր անցկացվում միստերիան` Անգլիայում, Գերմանիայի և Նիդերլանդներում: Եվ հենց այս երկրներում էր, միստերիան առավել հագեցած կատակերգական, երբեմն էլ նաև` ծաղրական տեսարաններով:
Միջնադարյան կրոնամիստիկական թատրոնը գրավում և ստեղծագործական աղբյուր է դառնում Ջորջ Բայրոնի (‹‹Կայեն››), այդ թվում նաև՝ սիմվոլիստների՝ Մ.Մետերլինկի համար: 20-րդ դարասկզբին միստերիայի հարության և թարմացման փորձեր են արել Գ. դը Աննուցինոն (‹‹Սուրբ Սեբաստիանի մարտիրոսությունը››), Շ.Փեգին (‹‹Միստերիա՝ Ժաննա դը Արկի գթասրտության մասին››), Պ.Կլոդելը (‹‹Ավետում››), Մ.Գելդերոդեն (‹‹Հոգեհաց դրախտում››), Ա.Բելին (‹‹Եկվորները››), Հենրիկ Իբսեն (‹‹Կեսարն ու Գալիլեյանինը››): Միստերիայի և հեղափոխական-հերոսական թեմայի միաձուլման փորձ է Վ.Մայակովսկու ‹‹Միստերիա բուֆը››: 20-րդ դարի բեմադրարվեստում միստերիալ թատրոնի հանդեպ հետաքրքրությունների սրման դրսևորմներից է Թ.Էլիոթ (‹‹Սպանություն տաճարում››) և Չ.Ուիլյամսի Թ.Էլիոթ (‹‹Թոմաս Քրանմեր Քենթերբցին››) ստեղծագործությունների հիման վրա արված ներկայացումները: Վ.Մեյերհոլդը միստերիաներ է համարում Մ.Մետերլինկից իր բեմադրած ‹‹Տենտաժիլի մահը›› և ‹‹Քույր Բեատրիչե›› ներկայացումների գրական հիմքը: Միստերիալ գծերը վերածնվել են Մ.Ռայնհարդտի և Ա.Թաիրովի ներկայացումներում, ինչպես նաև՝ Վ.Իվանովի Եկեղեցական թատրոնի ստեղծագործական ծրագրում: Դարավերջին Մեծ Բրիտանիայի խոշորագույն հանրային թատերական իրադարձություններից են Լինքոլնի և Լիչֆիլդի միստերիաները: 21-րդ դարում Քենթերբերիի տաճարում արարչագործությանն ու կրքերին նվիրված երկու միստերիաները խաղալը:
21-րդ դարի հայ թատրոնում իրենց թեմատիկ և արտահայտչական բովանդակությամբ միստերիալ բնույթի ներկայացումներն են Հայսմավուրքի հիման վրա Ժիրայր Դադասյանի բեմավորած Պորփյուրոսի կյանքի դրվագները ներկայացնող ‹‹Արդաղիոն›› մնաջախաղային բեմականացումը(որի նախաձևն էին մինչև 15-րդ դարի կենդանի պատկերներ ներկայացնող միստերիաները) և Ավետարանի Հովնանի կենսապատումը հաղորդող Նարինե Գրիգորյանի ‹‹Հովնան›› բեմապատումը: Ինչպես նաև Դերենիկ Դեմիրճյանի ‹‹Գիրք Ծաղկանց›› պատմվածքի հիման վրա Ժիրայր Դադասյանի բեմավորած համանուն ներկայացման տեսարաններից մեկը, որտեղ Գրիգոր Խուլն ինչ-որ մի պահի Մարիամ Աստվածածնի ձեռքերում հանգչած Հիսուս Քրիստոսի է վերածվում:
y
3. Կրոնամիստիկական-սիմվոլիստական դրամա, որը սիմվոլիստների կողմից սինկրետիկ արվեստի բարձրակետն է համարվում: Նմանօրինակ կրոնական հայացքների միստիկ հայկական ներկայացում է Նիկոլայ Գոգոլի ‹‹Վիյ›› վիպակի հիման վրա Սամսոն Մովսեսյանի բեմավորած համանուն ներկայացումը: Ինչպես նաև նույն հեղինակի ‹‹Խելագարի հիշատակարանը›› ստեղծագործության հիման վրա Գրիգոր Խաչատրյանի բեմավորած համանուն բեմականացման ընթացքում սևածածկ անդեմությամբ խորհրդավորություն հարուցող պայմանական կերպարները:
Երաժշտական առումով միստերիան լիթուրգական դրամայից տարբերվում է հետևյալ առանձնահատկությամբ. եթե պատարագային դրաման գրեթե ամբողջապես երաժշտական գործողություն էր իրենից ներկայացնում, ապա միստերիայում երաժշտական համարները հատվածաբար էին ներառվում: Ազգային լեզվով երգեցողության հետ լատիներեն երգչական լիրիկան էր համադրվում: Էական ազդեցություն է ունեցել հետագա դարերի երաժշտադրամատիկական ժանրերի վրա(օր. Բարոկկոյի դպրոցական դրամայի), ինչպես նաև` 19-20րդ դարերի մեծությունների ստեղծագործությունների(օպերային արվեստում հեղաշրջող Ռիխարդ Վագներ ‹‹Պարսեֆալ››, երաժշտական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից Կլոդ Դեբյուսի ‹‹Սուրբ Սեբաստիանի մարտիրոսությունը››, ֆրանսիական ու շվեյցարական երաժշտության ավանդույթների, 20-րդ դարի երաժշտական մշակույթի լավագույն նվաճումները զուգորդող և օրատորիալ ժանրերի զարգացմանը նպաստող Արթուր Հոնեգերը ‹‹Ժաննա դը Արկը խարույկի վրա››, Իտալիայում դոդեկաֆոնիայի պիոներ Լուիջի Դալլապիկոլան ‹‹Հոբ››):
Կինոարվեստում միստերիալ գեղագիտության տարրերը նկատելի են Դանիացի կինոռեժիսոր Լարս Ֆոն Թրիերի ‹‹Ալիքները ճեղքելով››, Անդրեյ Կուդինենկոյի ‹‹Միստերիայի շրջափակումը›› կինոնկարում:
* Հնչունակազմությամբ mysterium-ը խաչվում է լատիներեն ministerium-եկեղեցական ծառայություն տարբերակի հետ` նմանաձայնական խաբկանքով շեղելով տերմինի ստուգաբանական ելակետի հասցեն:
** Քրիստոնեական եկեղեցու որոշ խորհրդածեսերը (մեղքերի թողություն, մկրտություն և այլն…) ծագել են այս իրողություններից:
Օգտագործված գրականության ցանկ
1. Թատերագիտական բառարան, Լ. Հախվերդյան Երևան 1986թ.
2. Словарь театра, П.Пави, Париж 1987
3. Театральная энциклопедия, Том-3, Москва-1964
4. Театральные термины и понятия, выпуск III, Под.ред.-Д.Д.Кумкумова, Рос.Инс.Ист.Иск., Санкт-Петербург-2015
5. Եվրոպական թատրոնի պատմության ակնարկներ(ակունքներից մինչև 17-րդ դար), Վ.Գևորգյան, Երևան 2017
6. Միջնադարյան բեմ, Հ.Հովհաննիսյան, Երևան-2004
7. История западноевропейского театра, часть 1, С. Мокульский, Москва-19…
8. Словарь иностранных слов, Под.ред. И. В. Лехина, Л. С. Шаумяна, Москва-1989
9. Литературная Энциклопедия терминов и понятий, Российская академия наук институт научной информации по общественным наукам, глав.ред. и сост. А. Н. Николюкин Москва-2001
10. Словарь основных терминов по искусствоведению, эстетике, педагогике и психологии искусства, науч.ред. А.А.Мелик-Пашаев, Москва-2001
11. Словарь античности, Йоханнес Ирмшер, Ренате Ионе, М-1989
12. Понятный словарь по культуралогии, Составители: Н.А.Ороев, Е.В.Папченко, Таганрог-2005
13. Средневековый мир в терминах, именах и названиях, Е.Д.Смирнова, Л.П.Сушкевич, В.А. Федосик, Минск ‹‹Беларусь››-1999
14. Музыкальный энцилопедический словарь, Глав.Ред. Г.В.Келдыш,Москва-1990
15. Արտասահմնյան գրականության պատմություն. Վերածնության դարաշրջան, Հ.Մամիկոնյան, Երևան-1957
16. Генрик Ибсен и традиции мистериальной драмы, А.А. Юрьев, Москва 1999
17. ‹‹Рассекая волны›› Ларса Фон Триера через призму мистерии, А.А. Никитина, Вестник науки и образования № 17(53), Москва-2018
18. История театра в вольном изложении, Т.Д.Орлова, Минск-2010
19. Շարժում դեպի հավասարակշռություն / Քրիստոսի միֆո-կերպարը գրական մշակութային զարգացման մեջ, Հ.Էդոյան, Երևան-2009
Համահավաքեց` ԳԱՅԱՆԵ Թադևոսյանը
Խմբագրելի