Սեղմիր
ՕՏԱՐԱԳԻՐ

19.11.2023  03:43

Նշանավոր կրկեսային արտիստ և մնջախաղի մեծ վարպետ Լեոնիդ Ենգիբարովը կյանքից - բոլորովին անսպասելի հեռացավ: Ուրբաթ օրը, հիշում եմ, մենք հանդիպեցինք և որոշեցինք միասին բեմադրել «Ծաղրածու և հպարտ աղջիկներ» ներկայացումը: Դա մեր այն զրույցներից էր, երբ շոշափվող, բայց դեռևս չիրագործված հղացումները ուրախություն են պատճառում իրենց թարմությամբ և հնարավորությունների դրսևորման հեռանկարով: Հաջորդ օրն ինձ զանգահարեցին Ռեպինոյի հանգստյան տուն և հաղորդեցին, որ Լեոնիդը վախճանվել է: Ճիշտն ասած, չհավատացի, մտածելով, որ դա նրա հերթական միստիֆիկացիան: Լյոնյան սովորություն ուներ մերթ ընդ մերթ մատուցել ինչ-որ անհավանական պատմություններ և լուրեր, որոնց վրա հետո, մեզ հետ մեկտեղ, ծիծաղում էր, ծաղրում մեր դյուրահավատությունը: Այդուհանդերձ եկա Մոսկվա: Եկա և իմացա, որ Լեոնիդն, իրոք, չկար այլևս…

Հուղարկավորությանը նախորդեցին շատ խառն օրեր. լսել էի, որ թաղման տեղը հանձն էր առել ապահովել Իոսիֆ Կոբզոնը։ Սակայն պարզվեց, որ նա իրեն ինչ-որ վատ էր զգացել (այդ մահը շատերին էր հունից հանել)։ Ես վազեցի Կուլտուրայի մինիստրություն, խնդրելու որ միջնորդեն՝ Ենգիբարովին Մոսկվայի Վագանկովյան գերեզմատանը հողին հանձնելու: Լյոնյայի կենդանության օրոք մենք հաճախ էինք այցի գնում այնտեղ Սերգեյ Եսենինի շիրիմին, և ես մտածեցի, որ նա կուզենար հավերժորեն ապաստանել սիրելի բանաստեղծի գերեզմանից ոչ հեռու։ Բայց մինիստրությունում չէին կարողանում կամ չուզեցին հասկանալ ինձ, անտարբերությամբ կրկնում էին՝ «Հետո՞ ինչ»: Չեմ հիշում, թե ինչ ասացի, գոռում- գոչում էի, հայհոյում: Ի վերջո ստացա միջնորդությունը և թուղթը ձեռքիս նետվեցի Վագանկովո: Այնտեղ մի ծանրաբարո մարդ, ըստ իս, գերեզմանատան տնօրենը, տարավ ինձ իր ենթակայության տակ գտնվող հողատարածքի ամենածայրին ընկած և շատ անհրապույր անկյունն ու ցույց տվեց Լյոնյային հատկացվելիք տեղը: Ես նորից սկսեցի բորբոքվել՝ «Ախր դա Ենգիբարովն է, մեր լավագույն կրկեսային արտիստը...»: Նա ընդհատեց ինձ մի այնպիսի ասույթով, որ մինչ այժմ չեմ մոռանում. «Մեզանում ոչ ոք իր տեղը չի ընտրում»։ Այո, ոչ ոք իր տեղն անձամբ չի ընտրում. ոչ կյանքում, ոչ գերեզմանոցում… Չափազանց ցավալի է, որ մենք տարիներ ի վեր զրկված ենք եղել դրանից։ Եվ գործ ունեինք զանազան մեծ ու փոքր տնօրենների հետ, որոնք կոչված էին բախտորոշելու տաղանդավոր մարդկանց տեղն ո դերը, այն, թե որտեղ պիտի նրանք բնակվեն՝ հայրենիքում կամ օտարության մեջ, ինչով պիտի զբաղվեն և ինչ ճակատագրի արժանանան:

Ես հաճախ եմ մտածում, որ Լյոնյան չի մահացել, այլ զոհվել է։ Բանն այն է, որ Ենգիբարուվը օժտված մարդկանցից շատերին բնորոշ խառնվածք ուներ. բարի ու քնքուշ էր լաց լինելու չափ, և դյուրազգաց ու կրքոտ՝ բռունցքներ բանեցնելու աստիճան: Արագ էր «ետ գալիս», փոշմանում, քաղցրանում, շատ խելացի էր և միաժամանակ ծաղրի մեծ սիրահար: Չեմ հիշում, որևէ հանդիպում, որպեսզի մենք չքրքջայինք ու միմյանց ձեռ չառնեինք` Լեոնիդ Ենգիբարովը, Օլեգ Ստրիժենովը և ես: Միմյանցից երբեք չէինք ձանձրանում, ընդհակառակը, չէինք էլ՝ հասցնում ասել-խոսել մեզ հետաքրքրող ամեն ինչի մասին, թեպետ երբեմն գիշերներ էինք լուսացնում: Երեքս էլ այն ժամանակ ջահել էինք, առողջ, կարող էինք օրերով չքնել, անդադար աշխատել և բնավ իսկ չհոգնել:

Բոլոր օժտված մարդկանց պես, Լեոնիդը ոգեպես խոցվող էր, հակված կյանքի ողբերգականությունը ներզգալու, ինչի հիմքերն ուներ անշուշտ։ Կրկեսից շուտ հեռացավ, թեև այնտեղ էր, որ գտավ ինքն իրեն և անուն հանեց: Հեռացավ, թվում է, չնչին պատճառներով, շարունակ «ճշտումներ» էին մտցնում նրա այս կամ այն կրկեսային ռեպրիզում: Ծաղրածուների համաշխարհային մրցակցության ոսկե մեդալակիրը ստիպված էր հաղթահարել բազում «գրաքննչկան» արգելքներ։ Ենգիբարովին փաստորեն արտաքսեցին կրկեսից՝ զանազան մանր ու ճղճիմ որոգայթներ լարելով նրա դեմ:

Այնժամ նա ստեղծեց իր մնջախաղային համախումբը. առանձին տարբերություն չկար, թե այդ դեպքում ինչ ազդագիր պիտի ստորագրվեր՝ «Ենգիբարովի թատրո՞նը», թե՞ «Ենգիբարովի անսամբլը»։ Սակայն մեկը նրանցից, ով կյանքի օրոք շարունակ հալածում էր Լեոնիդին, իսկ մահից հետո գերեզմանի թմբին թառած, «սիրելի սան» անվանում նրան, նախընտրեց ստորագրել սոսկ «Լ. Ենգիբարովի անամբլ» ազդագիրը: Բայց, տե՜ր իմ աստված, մի՞թե միայն անվանման հետ էր կապված բուն նախընտրությունը: Թատրոն հասկացությունն էր կասկածի տակ դրվում: Այսպես լինում է միայն մեզ մոտ մարդու մեկը սոսկ մի ազդագիր է ստորագրում, ուրիշ կարծես ոչինչ, սակայն ըստ էության կանխորոշում է կյանքի, գործի, արտիստական հնարավորությունների դրսևորման ճակատագիրը: Այն դեպքում, երբ Լեոնիդ Ենգիբարովը մի ամողջ հեղաշրջում կատարեց իր ասպարեզում:

Նրան հաջողվում էր երջանկորեն զուգակցել ծաղրածուի պլաստիկ վարպետությունը վերապրման դասական խաղարվեստի հետ։ Եվ նրա մնջախաղերը վերածվում էին յուրահատուկ ժանրի փոքրիկ թատերախաղերի, ստանալով ոչ միայն երգիծական, այլև փիլիսոփայական-հոգեբանական բազմիմաստ հնչողություն: Կարծում որ երևույթն ինքը պատահական չէր, քանի որ արտացոլում էր ժամանակի պահանջը, դրդելով մարդկանց ամեն ինչում փնտրել փիլիսոփայական այնպիսի ընդհանրացումներ, որպիսիք վեր էին քաղաքական օրընթաց նկատւսռումներից:

Հիշում եմ, թե ինչպես ծանոթացա Լեոնիդի հետ. նկարահանվում էի «Շինել» ֆիլմում և, կինոստուդիա շտապելիս, ակամայից ուշադրություն դարձրի հայկական կրկեսի հյուրախաղային ազդագրին: Եվ երբ առաջին անգամ կրկեսում տեսա Ենգիբարովին, ինձ պարզապես ցնցեց նրա ցուցադրած թախծախառն կատակախաղը: Լյոնյան պատկերում էր մի մարդու, որ փնտրում էր դադար առնելու որևէ խաղաղ անկյուն ու չէր գտնում: Կրկեսի սպասավորները խաղահրապարակում նոր ռեկվիզիտ էին տեղադրում և, քանի որ ծաղրածուն խանգարում էր իրենց, ոտքի տակ ընկնում, շարունակ քշում էին նրան: Լեոնիդն, ի վերջո, դուրս մղվեց այնտեղից և, հանդիսասրահի տեղանքում հայտնվելով, փորձեց այնտեղ դադար առնել ու ննջել։ Սակայն տեսավ, որ այդ դեպքում ևս ինչ-որ մեկին խանգարում է: Եվ մնջախաղով համր մի հարց տվեց մեզ ոչ ինքն իրեն. «Ինչո՞ւ ես տեղ չունեմ այս կյանքում»։ Ապա հեռացավ դեպի կուլիսները և նույնպես մնջախաղով հանդիսականներին հասկացրեց, որ պետք չէ ծափահարել, քանի որ իր վերապրած վիճակը ծիծաղելի չէ, այլ թախծալի: Ծալրածուական ռեպրիզի այդօրինակ վերջնավարտն ավելի բուռն ծափահարությունների տեղիք տվեց:

Ընդմիջմանը, ես ներխուժեցի Ենգիբարովի զգեցարանը և բացականչեցի. «Դուք հանճա՜ր եք»: Նա պատասխանեց ինձ՝ «Դուք նույնպես»: Այո, ջահել էինք այդ օրերին, նաև շռայլ մեր գնահատականներում: Բայց Ենգիբարովի հետ առաջին իսկ ծանոթության պահին ես իրոք մտածեցի, հետագայում արդեն համոզվելով, որ գործ ունեմ անօրինակ շնորհքի ու նրբին ճաշակի տեր մի եզակի արտիստի հետ, որն իր տեղը կյանքում ու արվեստում, հակառակ ամեն ինչի, ընտրել ու գտել էր, բարեբախտաբար...

ՌՈԼԱՆ Բիկով

Նյութի աղբյուրը՝ «Արվեստ»

311 հոգի