Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

17.11.2023  23:36

Շաբաթ օր էր, 1976-ի հուլիսի 30-ը։ Զանգահարեցի.

Վարդան Նիկիտիչ, ուզում եմ ձեզ մոտ գալ:

Պատասխանը հնչեց անմիջապես.

- Արի:

Եվ լսափողը դրեց։ Անմիջապես։ Այդպես էր սովորությունը։

Դուռը ինքը բացեց։ Տիկին Արուսը պատշգամբում նստած երևանյան երեկոյի զովն էր վայելում։ Սուրճը մենք եփեցինք և միասին էլ վայելեցինք նրա աշխատասենյակում, որտեղ ամեն իր ինձ վաղուց ծանոթ, մինչև իսկ հարազատ էր դարձել։ Զրուցում էինք տարբեր հարցերից, հատկապես համատեղ ուժերով ինստիտուտում կուրս վարելու, թատրոնում ներկայացում բեմադրելու հնարավորությունների մասին։ Այդ ընթացքում նա մի սիգարետ վառեց, դրեց մոխրամանին, վերցրեց իր նկարը և սկսեց մակագրել: Սիգարետի քուլաները կլոր-կլոր, լուսապսակների պես, օղակվում էին նրա գլխավերևում ու անհետանում։ Նկարը շնորհակալությամբ ընդունեցի ու խոստովանեցի, որ այս անգամ իմ այցը որոշակի նպատակ ունի. ուզում եմ հոդված գրել Աճեմյան-մանկավարժի մասին: Ուրախացավ։ Եվ դա հասկանալի էր։ Չէ որ նրա գործունեու- թյան այդ ասպարեզը, որին նա 44-ից սկսած նվիրել էր իր բոլոր երկուշաբթիները և շաբաթվա մյուս օրերի վաղ առավոտյան առույգն ու երբեմն էլ ուշ երեկոների բեղուն ժամերը բնավ չէր ուսումնասիրված։

Հոդվածը սևագիր վիճակում կարդացի։ Որոշեցինք մեկ անգամ ևս հանդիպել։ Եվ հանդիպելու ու խոսելու ժամանակ չէինք կարողանում գտնել։ Իսկ երբ նյութն արդեն պատրաստ էր, ահա թե ինչ պատահեց:

1977-ի հունվարի 22։ Դարձյալ շաբաթ օր: Ինստիտուտի երկրորդ հարկում, Ապոլլոնի արձանի մոտ կանգնած անհանգիստ ծխում ու տաք-տաք խոսում էր Մետաքսյա Սիմոնյանի հետ։ Նրա գունատ, դողդոջուն շուրթերը, զրուցակցին հառած տենդագին հայացքը արտակարգ հուզմունքի վկայություններ էին։ Մեր երեսնամյա ծանոթության ընթացքում նրան երբեք այդքան հուզված չէի տեսել: Ճիշտն ասած, շատ անհանգստացա: Բայց զգուշացա միջամտել, մտածելով ավելի չվրդովել նրան։ Դժվար չէր կռահել, թե ինչի մասին էին վիճում: Բոլորս էլ գիտեինք, թե ինչ կրքոտ ու անհաշտ բանավեճեր էին ծավալվում: Սունդուկյանի անվան թատրոնում։ Իրոք ստեղծվել էր ճգնաժամային վիճակ, այնքան բնորոշ արվեստի աշխարհին՝ լճացման տարիների թելադրանքով։ Բանն այնտեղ էր հասել, որ Աճեմյանը ինստիտուտի ռեկտորատին հայտնել էր լրիվ դրույքի անցնելու մասին, պայմանավորվել էին, որ առաջիկա երկուշաբթի` կգա ու դիմումը կներկայացնի, իսկ թատրոնից կհեռանա:

Ես երկմտանքի մեջ կանգնած մտածում էի, թե որքան անփույթ է նա իր անձի ու առողջության նկատմամբ։ Հարկավոր է խախտելով ավագի ու կրտսերի տարիքային սահմանները հորդորել, որ պահպանի իրեն։ Երկուշաբթին եկավ, բայց նա ինստիտուտ չեկավ… Մենք գնացինք իր տուն։ Առանձնասենյակի արձանիկներն ասես մարդեղացել էին ու լարված սպասման մեջ քարացել։ Լուռ, սգավոր նստած էին տիկին Արուսը, նրա որդին՝ Ալյոշան։ Շարունակ մարդիկ էին գալիս, մխիթարանքի խոսքեր ասում կամ կանգնում լուռ ու շվարած և հեռանում: Եկան նաև Մ. Սիմոնյանն ու Բ. Ներսիսյանը և աշխատասենյակը շրջանցելով անցան հարևան սենյակ: Նրանց տեսնելով տիկին Արուսը, որի «սրտի մրմուռը» (իր բառերն են) փոքր-ինչ հանգստացել էր, նորից փոթորկվեց.

- Ինչպե՞ս կարելի էր, այդքա՜ն դաժան… փոխանակ խոսեիք, բացատրվեիք...,- ասում ու հառաչում էր նա:

Ալյոշան, նրա որդին, բարձրաձայն հայտարարեց, թե որոշ մարդկանց այցը ցանկալի չէ։ Լարված լռություն տիրեց: Երկուսն էլ կարկամ ու տխուր, վերստին շրջանցելով առանձնասենյակը, շարժվեցին դեպի ելքը։

Մի վերջին անգամ նայեցի նրա բազմոցին, իրերին, որոնք տակավին պահպանում էին նրա ջերմությունը և հրաժեշտի բառեր միմնջացի... մտքում։ Իսկ գրասեղանի մոխրամանում դեռ մնացել էին սիգարետի ծխուկները, որ գիշերը նա իր ձեռքով էր մարել, իսկ այն մեկը, վերջինը, կարծես դեռ ծխում էր…

...1944-ին բացվեց Երևանի թատերական ինստիտուտը երեք ֆակուլտետով՝ դերասանական, ռեժիսորական, թատերագիտական: Դերասանական կուրսերից մեկը վարում էր Վարդան Աճեմյանը։ Եվ մենք ռեժիսորականի ուսանողներս, այդ ժամանակ, ասենք հետագայում ևս, ամեն ազատ պահ օգտագործում էինք Աճեմյանի փորձ-պարապմունքները դիտելու համար։

Երբ նրան չէր հաջողվում այս կամ այն բեմական խնդրի համարժեքը գտնել, շարունակում էր փորձը վարել վրիժառու մարդու հետևողականությամբ, ուսանող-դերասանին հուշում էր նորանոր, հաճախ անակնկալի բերող խնդիրներ, անխնա մերժում արդեն գտնվածը, փորձում, նորից ու նորից, աշխատում ապագա դերասանի միտքը հարստացնելու, մարմինը մարզելու վրա: Եվ այսպես երբեմն մինչև ուշ երեկո: Երբ համոզվում էր, որ դերասանները հոգնել են ու այլևս ոչինչ տալ չեն կարող, ազատում էր նրանց։ Պետք էր տեսնել վարպետի ու նրա սաների երթը դեպի տուն։ Ուսանողներն իրենց հոգնած մարմինները հազիվ են քարշ տալիս, մինչդեռ տարեց դերասանապետը պահպանել է եռանդը։

- Վարդան Նիկիտիչ, չե՞ք հոգնում։

- Չեն դիմանում, թե չէ մի այդքան էլ կփորձեի:

Արվեստագետ–մանկավարժի պարապմունքները դերասանի վարպետության իսկական դպրոց էին։ Նույնիսկ ակնառու տվյալներ չունեցող կամ այդպիսին համարվող ուսանող-դերասանին նա ստիպում էր բացվել, մասնագիտական առաջընթաց ապրել։ Եվ մեկ բեմաղրության ընթացքում նրա տվածը անհամեմատ ավելի տարողունակ էր, քան մեկ ուրիշի մի քանի բեմադրությունները: Կուզենայի ասածս հիմնավորել գործնական օրինակներով, որոնք այսօր դեռ մնացել են հիշողությանս մեջ, բայց վաղը կարող են մոռացվել: Կարծում եմ, որ դրանք, ի թիվս Վ. Աճեմյանի փորձերի մյուս սղագրումների, հնարավորություն կտան հիմնավոր խոսք ասելու նրա ռեժիսուրայի, կյանքի ու արվեստի ճշմարտություններն ի մի բերելու նրա վարպետության մասին և այն մասին, թե ինչու կյանքի վերջին տասնամյակում նրա ուսանողական բեմադրություններն ավելի էին «աճեմյանական», քան թատրոնում բեմադրվածները։

Երաժշտական կոմեդիայի թատրոնի համար պատրաստվող դերասանական կուրսում փորձում է Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» կատակերգությունը։

...Ահա բեմում է Մարթան։ Աճեմյանին անհրաժեշտ է բեմադրությունը սկսել հանդիսատեսի ուշադրությունը գերող, երեկոյին տոնական տրամադրություն հաղորդող ռիթմով, խնդիր, որ դերակատարը ոչ մի կերպ չէր կարողանում յուրացնել։ Աճեմյանը մոմը տալիս է նրա ձեռքը և ասում. «Զգույշ մտիր՝ գուցե ամուսինդ այստե՞ղ է, գուցե ինչ-որ կնոջ հե՞տ է, դու ուզում ես նրանց բռնել հանցանքի վայրում, բայց երբ տեսնում ես չկան, ավելի ես վհատվում, որովհետև կուզենայիր, որ նա անպայման տանը լիներ։ Եվ դու կոտրված սրտով բողոքում ես, ասում քո մենախոսությունը: Տեսնելով, որ ցանկացած արդյունքը ձեռք չի բերվում, մանկավարժը փոխում է խնդիրը. առաջարկում է ներս մտնել շատ արագ, բարկացկոտ ու բարձրաձայն բողոքելով, թե ինչու «ամուսինս ամեն գիշեր գլուխը կառնե, կերթա, ակռա պիտի քաշեմ ըսե լով…»: Այսպես, նույն խնդիրը մի քանի տարբերակով փորձելուց հետո, ի վերջո առաջարկում է ևս մեկը. «Լսիր, ուրեմն այսպես: Արագ-արագ Նիկոյին փնտրելով կգաս, կնստես և ուշադիր, շատ ուշադիր կնայես... դահլիճ՝ տես ամուսինդ այնտե՞լ է»։ Ուսանողուհին այս անգամ ճշտությամբ կատարեց առաջադրված խնդիրը: Ստեղծվեց երկարատև ու լարված դադար, որը հանդիսականին անմիջապես անհանգիստ սպասման մեջ դրեց։ Դադարի ընթացքում տեսարանը լիցքավորվեց, ասես լցվեց հուզականորեն և ավարտվեց Մարթայի լաց ու կոծով: Տեսարանի հուզական լարվածությունը փոխանցվեց հաջորդին, ապա նաև ամբողջ գործողությանը։ Փորձն ընդհատելու և շտկումներ անելու սովոր Աճեմյանը, ուսանող-դերասանների արածից գոհ, որ տվածը ճշտությամբ վերադարձրին, այդ օրն այլևս փորձը չընդհատեց: Ուսանող-դերասանին՝ ինստիտուտում, անփորձ ու փորձառու դերասաններին թատրոնում ստեղծագործաբար ճիշտ կողմնորոշելու, մաս- նագիտական զարգացումը խթանելու նրա կարո- ղությունը մեծ վարպետության և հարուստ երեվակայության արդյունք էր։

...Փորձվում է նույն ներկայացման Նիկոյի տեսարանը։ Աճեմյանը դժգոհ էր՝ կատարումը միագույն է։ Երբ վարպետի առաջադրած խնդիրները, արտահայտիչ ցուցադրումները չօգնեցին, նա կարգադրեց շտապ մի գորգ բերել։ Դերակատարին նորից հիշեցնելով Նիկոյի դառը կյանքն ու ծանր աշխատանքը, և ձեռքին մի փայտ տալով, բացատրեց. «Այդ ամենի մեղավորը տերդ է, և դու վրեժխնդիր լինելու առիթ ես փնտրում: Առիթն այսօր եկել է, դու թափ ես տալիս մի գորգ, որի վրա քո տերն է պառկում, ավելին՝ կարծես հիմա էլ պառկած է վրան: Լուծիր վրեժդ»: Ուսանող-դերասանը փայտն առավ և այնպիսի կատաղությամբ հարձակվեց գորգի վրա, ասես ոչ միայն Նիկոյի, այլև չստացվող տեսարանի ոխն էր հանում։ Գորգը ծեծելիս նա ինչ-որ բառեր էր ասում, հավանաբար հայհոյում էր, բայց բառերը հարվածների աղմուկի մեջ կոր- չում ու դիտողի ականջին չէին հասնում:

Տեսարանն ավարտվեց ներկաների ծափահարության ու քաջալերող բացականչությունների ներքո:

Մտաբերեցի նույն այս բեմում Աճեմյանի բեմադրած (այնուհետև այլ տարբերակով Լենինականի թատրոնում կրկնած) Շիրվանզադեի «Չար ոգին»։ Իրեն հատուկ ճաշակով նա «թեթևացրեց» պիեսի հիվանդագին մոտիվները՝ ընդգծելու համար այն միտքը, որ մեծ վիշտը խոր հոգու տեր մադուն ոչ թե խև, այլ իմաստուն է դարձնում (Գիժ Դանիել)։ Այդ ներկայացման մեջ նույն գործողությունը, բայց ոչ թե գորգի, այլ բարձերի ու մութաքաների հետ, նա պատվիրեց անել մեծ հարսին - Ջավահիրին: Եթե Նիկոն գորգերը թափ տալով իր արդար բողոքն էր արտահայտում, ապա այստեղ նույն գործողությունը դառնում էր Սոնայի նկատմամբ քենի, անզուսպ ատելության, նրա բախտի վրա քար գցելու չար մղումի դրսևորում:

...Թափառնիկոսն ու Մարթան կովում են: Սակայն տեսարանը նախորդի համեմատությամբ բեմադրությանը ոչինչ չէր ավելացնում, պարզապես չէր դիտվում: Անհրաժեշտ էր աշխուժացնել տեսարանը, որպեսզի իր ներկայացումն ունենա ռիթմային չընդհատվող, հարաճուն ընթացք։ Աճեմյանը Նիկոյի դերակատարին առաջարկեց կանգնել ու երկուսին էլ ուշադիր լսել, հավանաբար մտածելով, որ նրա կենտրոնացած հայացքլը հանդիսատեսին էլ կստիպի ուշադրությունը լարել: Սակայն Նիկոյի դերակատարին չէր հաջողվում իմաստավորել բեմական խնդիրը՝ տեսարանը մնում էր անհետաքրքիր, իսկ Նիկոն ավելորդ գործող անձ։ Ինչպես միշտ, այս անգամ ևս Աճեմյանը թեթև թռիչքով բեմ ելավ և նույն նպատակին հասնելու համար մի այլ խնդիր առաջարկեց: Նոր խնդիրն ուսանողին պարտավորեցնում էր ուշադիր լինել՝ լեզվակռվի բռնված ամուսինները մեկը մյուսի խոսքը չլսած պիտի ապստասխանեն իրար, և ծառան պիտի կարողանա որսալ ամեն մեկի վերջին բառն ու իր խոսքը վրա բերել։ Խնդիրը, ինչպես տեսում եք, դերակատարից պահանջում է խաղի ճկունություն, մշակված տեխնիկա: Առջադրանքն արթնացրեց ուսանողի դերասանական մղումները և նա ցույց տվեց ավելին, քան կարելի էր սպասել իր բնատուր կարողությունից։ Նիկոն այնքան ակտիվացավ, որ վրա բերած ամեն մի խոսքը մեղմացնելու փոխարեն ավելի էր թեժացնում անհաշտ ամուսինների կռիվը։ Եվ միայն վերջում, երբ տերն ու տիկինը մի փոքր շունչ առան, Նիկոն նոր միայն հիշելով, որ իր խնդիրը ուսշտեցնելն էր, սկսում է կոկորդով մեկ գոռալ՝ եկեք, հասեք, կռվում են։ Հումորն անմիջապես տեղ հասավ:

Մանկավարժի հետապնդածը հենց դա էր:

...Գոգոլի «Ռևիզորը» Աճեմյանը փորձեց շատ երկար, հատուկ նվիրումով ու մանրակրկիտ մշակելով ապագա ներկայացման բոլոր մանրամասները։ Դահլիճ մտա, երբ ուսանողուհին ոչ մի կերպ չէր կարողանում ըմբռնել քաղաքագլխի աղջկա՝ Մարիա Անտոնովնային առաջադրված խնդրի էությունը: Իսկ բեմադրությունը գրեթե պատրաստ էր: Հարկավոր էր մի բան անել։ Այսպիսի դեպքերի համար վարպետը պահած ուներ մի միջոց, որ օգտագործում էր հազվադեպ և գրեթե միշտ անվրեպ կերպարի արտաքին նկարագիրը նա կառուցում էր դերակատարի թերության կամ արժանիքի վրա, և այդ նկարագիրը պահպանելով, առաջադրվող հանգամանքներում ստիպում էր գործել ու ապրել:

- Լսիր,- դիմեց համբերությունը հատած Աճեմյանն իրեն վերջնականապես կորցրած ուսանողուհուն,- դանդաղ արի, միջնամատդ դիր արձանիկի վրա ու անշարժ կանգնիր: Այսպես, լավ է։ Հիմա աչքերդ խաղացրու:

Ինչպե՞ս... վարանեց ալջիկը։

Վերև-ներքև արա։ Չէ, չեղավ: Աչքերդ շլացրու: Այ, լավ է։

Այսպես ևս մի շարք մանրամասներ և հիմարավուն հարսնացուի կերպարի արտաքինը համարյա պատրաստ էր։ Մի քանի փորձից հետո վարպետը կերպարի արտաքին նկարագրից անցավ ներքին էությանը, և ուսանողուհին հաջողությամբ անձնավորեց դերը:

Թե Միության թատերական ինստիտուտներում և թե մեզանում կուրսային ներկայացումներ դիտելիս նկատում ես, որ բեմադրողը հետապնդել է միայն սեփական բեմադրական արվեստը ցուցադրելու նպատակ։ Նման դեպքերում ներկայացումը որքան էլ հետաքրքիր լինի, ուսումնական առումով չի հասնում իր նպատակին։ Փորձված աչքն անմիջապես նկատում է, որ ուսանողների ձեռքբերածը ոչ թե ամբողջ կյանքի համար է, այլ ընդամենը մի երեկոյի: Մեկ ներկայացման համար սարքված պատրանքը շուտով ցնդում է, և ապագա դերասանը նորից մնում է անօգնական։ Երբեմն էլ հակառակը, ստեղծվում է այսպես կոչված «ուսումնական բեմադրություն» (իմ համոզմամբ, այդ արտահայտությունը հաճախ գործածվում է բեմադրական անկարողությունը թաքցնելու նպատակով), երբ ղեկավարը իր սաների միջոցով մանրակրկիտ, տաղտկալի ճշգրտությամբ հանդիսատեսին է մատուցում վարպետության տարրերը: Այդպես ոչ թե դեր անձնավորող դերասան է դաստիարակվում, այլ դեր սարքող արհեստավոր: Մանկավարժ Աճեմյանը ուսանողներին դերասանի վարպետություն ուսուցանելուց բացի, մտահոգվում էր նաև բեմադրության գեղարվեստական մակարդակով։ Ահա ինչու նրա մինչև իսկ ուսումնական ներկայացումը թատերական արվեստի աչքի ընկնող երևույթ է դառնում:

Արվեստագետ-մանկավարժը ապագա դերասանի դաստիարակման թեժ ընթացքը չէր անջատում բուն ներկայացման ստեղծման ընթացքից։ Բեմական կերպարի երբեմն ամիսներ տևող որոնումների ժամանակ նա ուսանողի վրա տեղում էր դերասանի մասնագիտության էությունն ու հմայքը բացահայտող գիտելիքների այնպիսի հեղեղ, որ ուսանողի մեջ արթնանում էին բնատուր տվյալները, որոնք հարստացնում էին նրան ու մասնագիտական կողմնորոշում տալիս: Սա դարձել էր Աճեմյանի մանկավարժական սկզբունքը՝ դասավանդման առաջին իսկ տարիներից: Այսպես արվեստագետ-մանկավարժը՝ մշակում էր դերասան դաստիարակելու աճեմյանական իր շկոլան։ Ուշադրություն դարձնենք հետևյալ փաստին. մեր ինստիտուտի գոյության ավելի բան քառասուն տարվա լավ ներկայացումները թվարկելիս - այն էլ ամենախիստ ընտրությամբ- անհնար է Աճեմյանի բեմաղրությունները զանց առնել: Ահա դրանք. Սոլոգուբ՝ «Քնքուշ սրտից պատուհաս», Սունդուկյան՝ «Էլի մեկ զոհ», Նար-Դոս՝ «Սպանված աղավնի», Շիրվանզադե՝ «Չար ոգի», Գոլդոնի՝ «Հյուրանոցի տիրուհին», Գոգոլ՝ «Ռևիզոր», Պարոնյան՝ «Ատամնաբույժն արևելյան»։ Մեզ` ինստիտուտի առաջին շրջանավարտներիս համար դժվար չէ մտաբերել, թե որքան մեծ է Աճեմյանի սաների թիվը այսօրվա ճանաչված դերասանների մեջ։ Մինչդեռ, չգիտես ինչու, Աճեմյանի մասին խոսելիս ասում են, թե նա փայլուն բեմադրիչ է, իսկ երբ անցնում են նրա մանկավարժական աշխատանքին՝ արտահայտվում են անհամեմատ ավելի զուսպ։ Մեր բերած փաստերը բավական են այդ մտայնությունը հերքելու համար։

Աճեմյանի մանկավարժական գործունեության ուսումնասիրությունը հանգեցնում է մի շարք ուսանելի եզրակացությունների: Առաջին, ռեժիսոր-մանկավարժ մասնագիտությունը ինքնուրույն մասնագիտություն չէ, այլ ստեղծագործ ռեժիսորի մասնագիտության բաղադրյալը։ Աճեմյանի առիթով կարող ենք ասել, «փայլուն բեմադրիչ» մասնագիտությունը իր մեջ ներառնում է նաև «փայլուն ռեժիսոր-մանկավարժ» ենթամասնագիտությունը։ Երկրորդ մանկավարժական ռեժիսուրայի ասպարեզ իրավունք ունի մտնել այն անձնավորությունը, որի փորձը, վարպետությունը, բնատուր օժտվածությունը կասկածի տեղիք չի տալիս, ընդ որում ռեժիսուրայի՝ մանկավարժ, կազմակերպիչ, բեմադրիչ բաղկացուցիչներից ամենախոսունը վերջինն է՝ բեմաղրիչը, որը պիտի ունենա անընդմեջ ստեղծագործական պրակտիկա...

Այս արժանիքների բացակայությունը պետք է լրջորեն մտահոգի մանկավարժական ռեժիսուրայով զբաղվող մարդուն, քանի որ նրա տված վնասը կարող է ավելի շատ լինել, քան օգուտը:

Եվ, վերջապես, եթե ամեն մի պարապմունք ստեղծագործական հայտնության հրճվանք չի պատճառում ուսանողին, եթե աշխատանքի արդյունքը՝ ներկայացումները, ուսանողի մեջ գոհունակություն առաջ չեն բերում, հավատ չեն ներշնչում ու խթանում նրա զարգացմանը՝ ապա պատշաճ մակարդակի մանկավարժական ռեժիսուրայի մասին խոսք լինել չի կարող:

Ահա ինչպիսի եզրակացությունների է մղում Աճեմյանի մանկավարժական երկարամյա գործունեությունը, որ այդ ճշմարտությունների հաստատումն է:

Վարպետի համար ինստիտուտը ոչ թե աշխատանքային համատեղության վայր էր, այլ թատրոնում չիրականացրած հղացումների կատարման մի նոր բեմահարթակ ու փնտրված հնարավորություն։ Եվ այդ հղացումները մարմնացում ստանալով իր իսկ ուսանողների ուժերով, շուք ու փայլ էին հաղորդում մեր ամբողջ ուսումնական հաստատությանը:

ՌԱՖԱՅԵԼ Ջրբաշյան

Նյութի աղբյուրը՝ ՛՛Արվեստ՛՛, 1991

479 հոգի