Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

16.11. 2023  23:18

Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնն 90 տարեկան է

Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնն այս տարի նշում է իր ստեղծման 90-ամյակը: Հետաքրքիր ուղի է անցել այս թատրոնը: Նրա ստեղծման պատմությունը կապված է Համազասպ(Ամո) Խարազյանի անվան հետ: Դերասան-բեմադրիչը եղել է բարեկեցիկ ընտանիքի զավակ: Մասնագիտության ընտրությունը դուր չի եկել ծնողներին, ուշադրություն չդարձնելով նրանց սպառնալիքներին ու խնդրանքներին, ընտրել է թատերաշխարհը, հստակ իմանալով, որ այն իրեն բերելու է նյութական և բարոյական զրկանքներ: Տասնվեց տարեկանում ծնողները Համոյին ուղարկել են Մոսկվա ուսանելու, սակայն, հետագայում պարզելով, որ համալսարանի համար պատրաստվելու փոխարեն, Խարազյանն արդեն երկու տարի սովորում է Նեմիրովիչ-Դանչենկոյի մոտ, դադարեցրել են նյութական աջակցություն ցույց տալ որդուն: Ծանր կացությունը ստիպել է վերադառնալ Թիֆլիս: Արդեն հմայված և ոգեշնչված Գևորգ Բուրջալյանի (որին հանդիպել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում) շրջանային թատրոններ ստեղծելու գաղափարներով, բեղուն աշխատանքներ է սկսել արվարձաններում թատերական կյանքն ակտիվացնելու համար: 1906 թվականին մեկնել է Փարիզ, երազանք ունենալով ծանոթանալ Սառա Բեռնարի, Մյունե-Սյուլիի, Կոկլեն Ավագի հետ: Երկու տարի ուսանել է Մյունե-Սյուլիի եղբոր`Պոյլ-Մյունեյի մոտ: Ուսումնասիրել է Անդրե Անտուանի թատրոնը, որն իր ազդեցությունն է թողել արվեստագետի վրա:

Ամո Խարազյանն իր կյանքի ընթացքում շատ թատերախմբեր է ստեղծել, որոնք տարբեր պատճառներով ընդհատել են իրենց գործունեությունը: Հավլաբարում ստեղծել և ղեկավարել է ժողովրդական «Նոր դրամա» թատերախումբը (1908-1913թթ), դերասան և ռեժիսոր է եղել  Զուբալովի  ժողովրդական թատրոնում (1914-1917 թթ.), հիմնել և ղեկավարել է «Հայ աշակերտաուսանողական դրամատիկ ընկերությունը» (1917-1919 թթ.), ղեկավարել «Պրոլետկուլտ» ակումբի թատերախումբը (1918-1919 թթ.), վերստին Հավլաբարի թատերախումբը (1919-1920 թթ), ապա` Հեղափոխական թատրոնը (1920-1921 թթ.),  Երևանի Գավգործկոմի (1921 թ.), ՀԽՍՀՄ Քաղլուսվարի (1922 թ.), Ղարաքիլիսայի «Ազատ կոլեկտիվ» շրջիկ թատերախումբը, որն հետագայում կոչվել է Գյուղշրջիկ, ապա` Պետական շրջիկ թատրոն:  Թարգմանել և գրել է 100-ից ավելի պիես: Խաղացել է մոտ 300 դեր, բայց որպես դերասան համեստ են եղել նրա կարողությունները: Լևոն Հախվերդյանը գրում է. «Լինելով թատրոնի, հատկապես ժողովրդական թատրոնի, անձնվեր և արգասավոր գործիչ, եվրոպական և ռուսական թատերական մշակույթների հետ շփվելու շնորհիվ ձեռք բերելով բեմական արվեստի հարուստ իմացություն, իր հրապարակային ելույթներում և մեծաթիվ հոդվածներում առաջ քաշելով առաջադիմական թատերական հայացքներ, Ամո Խարազյանը, սակայն, ուներ անձնավորման արվեստի համեստ հնարավորություններ»[1]:

Դերասան-ռեժիսորը գնահատվել է հատկապես որպես ժողովրդական թատրոնի նվիրյալ և թատերական մանկավարժ: Թատերարվեստի նոր սերուդ պատրաստելու գործում մեծ է եղել նրա դերը: Արվեստագետին համարել են ժողովրդական թատրոնի միակ մասնագետ ռեժիսորը: Հայտնի սաներից են եղել Սուրեն Քոչարյանը, Արմեն Գուլակյանը, Սարգիս Մելիքսեթյանը:

Նա իր թատերախմբով շրջել է գյուղից գյուղ, շրջանից շրջան: Ուշադրություն չի դարձրել ո´չ եղանակին, ո´չ միջոցներին: Ներկայացումները խաղացել են երբեմն բացօթյա տարածքներում, երբեմն` գյուղի մեծ գոմերը հարմարեցնելով: Դերասանի նախաձեռնությամբ մի շարք գյուղերում կառուցվել են թատրոնական շենքեր և բեմեր: Բարձր գնահատելով Խարազյանի թատերական շրջիկ խմբի գործունեությունը, կառավարությունը խմբին տվել է պետական կարգավիճակ: Իր տասնամայա գործունեության ընթացքում Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոնը տվել է շրջանային կենտրոններում` 828, գյուղերում` 655, բանվորական վայրերում` 388, զինվորական մասերում` 43, դպրոցներում 77 ներկայացում, ունեցել` 530000 հանդիսատես: Թատրոնը բացառիկ դեր է խաղացել մայրաքաղքից դուրս մշակութային կյանքում: Ճիշտ է նկատել Վավիկ Վարդանյանը. «Նրա կազմակերպած և ղեկավարած «Շրջիկ թատրոնը» շրջում է ռեսպուբլիկայով մեկ, գնալով այնպիսի վայրերը, որտեղի աշխատավորությունը առաջին անգամ է տեսնում թատերական ներկայացում, որով դառնում է լայն զանգվածների սիրելի արվեստագետը»[2]:

Դերասանախմբում  են եղել Աշխեն Խարազյանը, Վարյա Բեգիջանյանը, Վրույր Փանոսյանը, Համո Եմինին, Անահիտ Ոսկանյանը, Սեթ Հովսեփյանը, Միշա Սաֆարյանը, Սիրուշ Ասատրյանը, Գրիշա Պողոսյանը, Գուրգեն Ջանոյանը, Աղասի Կլեկչյանը, Արտ. Խալաթյանը, Ժենյա Գևորգյանը, Վարդգես Սողոմոնյանը, Արամ Փափախչյանը, Մուկուչ Սարգսյանը, Նեպ Խառատյանը, Լուսի Թառայանը, Կոստյա Ղարիբյանը, Ասյա Աքուլյանը, Խորեն Ներսիսյանը, Սրբուհի Քյուրքչյանը, Դանիել Միլիտոնյանը և ուրիշներ:

1933 թվականին Ամո Խարազյանի բեմական գործունեության 35-ամյա հոբելյանը նշվել է Երևանի Պետական թատրոնում: ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ նրան շնորհվել է ժողովրդական արտիստի կոչում, իսկ Գյուղշրջիկ թատրոնը կոչվել է հոբելյարի անունով: Նիստից հետո ներկայացվել են հատվածներ «Երրորդ հերթափոխ» և «Ցասում» բեմադրություններից:

Սկզբնավորման շրջանում թատրոնն հաղթահարել է շատ արգելքներ, չունենալով մշտական շենք, ներկայցումներն կայացել են Արտաշատի դատարանի շենքում: Բայց շատ շուտով, 1937 թվականին, թատրոնի համար սկսել է կառուցվել շենք` Ալեքսանդր Թամանյանի նախագծով: Հայրենական պատերազմի պատճառով շենքի կառուցման աշխատանքները որոշ շրջան դադարեցվել են: 1943 թվականին, աշխատանքները դեռ չավարտված, շենքը շահագործման է հանձնվել: Հետաքրքրական  է այս փաստը նրանով, որ նման պայմաններում, Հայրենական պատերազմի շրջանում, թատրոնը ունեցել է 900 ներկայացում, 300 հազար հանդիսատես: Խաղացանկում եղել են հայ, ռուս և արևմտաեվրոպական հեղինակների պիեսներ:

Ամո Խարազյանի հրավերով թատրոնում ներկայացումներ են բեմադրել Լևոն Քալանթարը, Վահրամ Փափազյանը, Վարդան Աճեմյանը, Տիգրան Շամիրխանյանը, Սուրեն Քոչարյանը, Թաթիկ Սարյանը, Վավիկ Վարդանյանը և ուրիշներ: Թատրոնում հնարավորություն են ունեցել ստեցծագործելու բեմանկարիչներ Արթուր Բաբայանը, Աշոտ Միրզոյանը, Վասիլ Վարդանյանը, Միքայել Թովմասյանը և ուրիշներ:

Թատրոնի հաջողված օրինակով շատ շրջաններում` Կիրովական, Ստեփանավան, Ալավերդի, Դիլիջան, Բայազետ, Ղափան, Գորիս, Էջմիածին, խիզախել են ստեղծել կայուն թատերախմբեր: Հիշյալ շրջանների թատրոնների ղեկավարների և դերասանների մեծ մասը եղել են Խարազյանի աշակերտները:

1954 թվականին նշվել է թատրոնի քսանամյակը, թատրոնը դարձել է միջշրջանային, ներկայացումներով հանդես է եկել հանրապետության բոլոր շրջաններում և գյուղերում: Էջմիածնի պետական թատրոնի փակվելուց հետո Արտաշատ են տեղափոխվել ՀՍՍՀ ժողովրդական արտիստներ Վրույր Փանոյանը և Սեթ Հովսեփյանը, ժողովրդական արտիստներ Զարիկ Տերյանը, Մարգո Կարապետյանը, Գուրգեն Ջանոյանը և ուրիշներ: Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Դոնի Ռոստովում, Սուխումիում, Արմավիրում, Կրասնոդարում և այլ հայաբնակ վայրերում:

Թատերական արվեստի տասնօրյակներ են կազմակերպվել Աբովյան, Հրազդան, Էջմիածին և Կիրովական քաղաքներում: Կազմակերպվել են նաև ներկայացումների քննարկումներ և ստեղծագործական հանդիպումներ, երեկոներ արվեստի աշխատողների հետ:

Թատերասերների համար սիրված անուններ են դարձել Հրանտ Մանվելյանը, Քաջիկ և Մագդա Գյուրջյանները, Խաչիկ Պետրոսյանը, Շուշանիկ Դանիելյանը, Կլարա Ավետիսյան-Մանվելյանը, Մարուսյա Վարդանյանը, Գրետա Գալստյանը և այլք:

Թատրոնի լավագույն ներկայացումներից են եղել Ալ. Շիրվանզադեի «Պատվի համար», Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար», Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար», Ա. Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ», Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոնը սինյոր Կուպպելոյի տանը», Ժ. Անանյանի «Հեռախոսային զանգեր», Ա. Բաբայանի «Քննիչի օրագրից», Կ. Բուաչիձեի «Բակում կատաղի շուն կա», Ժ. Անանյանի «Անծանոթ ամուսիններ»... Խաղացանկում եղել են նաև դպրոցահասակ և ավելի փոքր տարիքի երեխաներին հետաքրքրող ներկայացումներ, մեծ աշխատանք է տարվել նաև ստեղծագործող երիտասարդների հետ, կազմակերպվել են սեմինար պարապմունքներ, զրույցներ, զեկուցումներ:

Արտաշատի թատրոնի բազմավաստակ ռեժիսորների կողքին`Ջ. Ժամհարյան, Ս. Հովհաննիսյան, Կ. Ղարիբյան, 1954 թվականից սկսել է աշխատել Հրանտ Մանվելյանը: Նա  քսաներկու տարեկանում եղել էր Լևոն Քալանթարի ասիստենտը «Ռևիզորի» բեմադրության ժամանակ: Հրանտ Մանվելյանի ստեղծագործական գործունեությունը եղել է բազմաբնույթ` ռեժիսոր, դերասան, գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր, շրջանային թատրոնների կազմակերպիչ (Նոյեմբերյան, Հոկտեմբերյան, Մեղրի): Ունենալով պատկառելի փորձ և վաստակ, ռեժիսորը վերապատրաստման է մեկնել Մոսկվայի Լունաչարսկու անվան պետական թատերական ինստիտուտ, մասնակցել ռեժիսորական կատարելագործման մեկամյա էքստեռն դասընթացներին: Վերադառնալով Հայաստան, մի կարճ շրջան աշխատել է Նոր Բայազետի թատրոնում, ապա Արտաշատում:

1971 թվականից թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվել Մայիս Ռաֆայելյանը, ով մինչ այդ իրեն արժանվույնս դրսևորել էր Կիրովականի Հ. Աբելյանի անվան թատրոնում: Հաջող բեմադրություններից ներշնչված երիտասարդ ռեժիսորին երկու տարով գործուղել են Մոսկվայի գեղարվեստական թատրոն` կատարելագործվելու: Նրա ղեկավարն է դարձել Մ. Կեդրովը: Վերադառնալով հայրենիք, նախ Կիրովականի, ապա` Արտաշատի թատրոնում արել է մի քանի տասնյակ բեմադրություններ`Շիրվանզադեի «Քաոս», Ռանետի «Քրեական տանգո», Շոուի «Սատանայի աշակերտը», Գ. Սարգսյանի «Մի հավատացեք խելագարին», Րաֆֆու «Սամվելը», «Խաչագողի հիշատակարանը» ... Մայիս Ռաֆայելյանի կողքին ստեղծագործել են Ադա Աբելյանը, Հայկ Մնացականյանը և այլք: «Նահանջ առանց երգի» (Շահան Շահնուր) ներկայացումն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Տարվա հայտնություն» մրցանակին:

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր սկզբունքներին հավատարիմ մնալով, այսօր էլ հաղթահարելով շատ դժվարություններ, ակտիվ գործունեություն է ծավալում:

Օգտագործված գրականություն

[1] Հախվերդյան Լ., Հայ թատրոնի պատմություն, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ, 1980, էջ 345:

[2] Վարդանյան Վ., Ամո Խարազյան, ԳԱԹ, Վ. Վարդանյանի ֆոնդ, թիվ 91:

ՆԱԻՐԱ Շահվալադյան

1285 հոգի