Սեղմիր
ՖԵԼԻԵՏՈՆ

15.11.2023  03:38

Բոլորովին վերջերս Սոնա Մելոյանի հետ ունեցած զրույցի ընթացքում քննարկում էինք Հայաստանի ներկայիս վիճակը մեկնող ակտուալ ներկայացումների խիստ սակավության հարցը: Ինչ-ինչ տարակարծություններ ունենալով հանդերձ՝ համակարծիք էինք մի հարցում, որ պատերազմի թեմայով մեր ներկայացումները, սպեկուլյատիվ նկատառումներից ելնելով, սովորաբար լինում են ոչ թե ինտելեկտուալ-մեկնաբանական (մտքից դեպի զգացմունքը տանող), այլև՝ հուզաթաթախ (պաթոսի գերհագեցումով աֆեկտի վիճակում պահող): Ասել թե՝  գավառմատության աստիճան պարզունակ ու հետամնացության չափ ժամանակավրեպ: Ահա այդպիսի ներկայացումների շարքին կարելի է դասել Պատանի հանդիսատեսի թատրոնում փոքրիշատե նորովի վերականգնված ‹‹Խենթը›› բեմավորումը՝ Րաֆֆու համանուն վեպի հիման վրա:

Հեղինակն, ինչպես գիտենք ռոմանտիզմի ներկայացուցիչներից է և նրա այս ծրագրային ստեղծագործությունը զուրկ չէ ազգային ազատագրական պայքարի գաղափարի հուզական զեղումներից: Թերևս այս հանգմանքը նկատի ունենալով էր, որ տարիներ առաջ նույն ՊՀԹ-ի բեմում ռեժիսոր Դավիթ Հարությունյանի  ներկայացման առաջին տարբերակի քննարկման ընթացքում Լևոն Մութաֆյանը բեմականացումը բնորոշեց Վիպերգական դրամա ձևակերպմամբ: Կնշանակի՝ այո՛ հուզական բաղադրիչով, սակայն հանուն բեմականության՝ այն անպայմանորեն էմոցիոնալ ինտելեկտի զտիչով անցկացնելով է միայն բեմ բերել: Բայց ինչ է տեսնում բեմում գրական հենքին անծանոթ, նույնիսկ աֆիշային մանրամասներից անտեղյակ և լոկ ներկայացման վերնագիրը լսած հանդիսատեսը: Մանկական ներկայացման տեսարան հիշեցնող սկզբնամաս, որի ընթացքում սպիտակազգեստ աղջնակը հայելու հետ է խաղում: Կարելի է կարծել, թե նույն թատրոնում վարձակալի հիմնքներով բնակություն հաստատած Մնջախաղի թատրոնի ‹‹Ալիսի երազում›› մանկական ներկայացման հայրենասիրական շարունակությունն է: Պարզվում է՝ Լալան է մանկացել, բայց թե գաղափարադրույթային ի՞նչ արժեք է այն ներկայացմանը հաղորդում, թողնենք թատրոնի գեղարվեստական պատասխանատուի խղճին:

Ինչևէ, սրան հաջորդում է ժանրաձևային մեկ այլ հակասում. մոնումենտալ հավակնությունների սիրահար ռեժիսորի կարծես նախապատվելի պատերազմի տեսարանը: Դիտում ես ու ռոմանտիկական շնչով վիպերգական դրության փոխարեն արկածային գրականության ստեղծագործությանը հարիր խաղակերպ ու միջավայր ես տեսնում: Ստացվում է, որ բնօրինակային կերպի այլընտրանքայնությամբ ժանրաձևն է նենգափոխվում: Ավելին, երիտասարդ դերասանների գործողություններում պարզապես ակնբախ է զուտ ռեժիսորական խնդիր-հանձնարարության իրականացումը, ինչը տեսարանը, եթե ոչ բրուկյան մեռյալ, ապա գոնե համալսարանական սիրողական թատրոնի արտադրանքի է վերածում: Բացի այդ փոքր ինչ ուշադիր հետևելիս տվյալ տեսարանին կարելի է անմիջապես նկատել, որ այդտեղ մարտիկների փոխհարաբերությունների մոդելը որոշակիորեն քոչել է նույն ռեժիսորի մեկ այլ ներկայացման համանման հատվածից: Մայր թատրոնում Հրաչյա Բեգլարյանի ‹‹Արծվաբույն›› պիեսի հիման վրա Դավիթ Հարությունյանի բեմադրած համանուն ներկայացման խրամատային տեսարանում նույնպես ազատամրտիկներից մեկ-երկուսի կատակներն ու դրա ռեակցիան՝ ընդհանուր ծիծաղն էր հրամցվում:

Երկու ներկայացումների պարագայում էլ հանդիպում ես հավաստիության հետ չաղերսվող համընդհանուր ծիծաղի (հայ դերասանների ճնշող մեծամասնությունն այդպես էլ չտիրապետեց կոլեկտիվ ծիծաղի հմտություններին): Սա հիմք է տալիս կարծելու, որ այս ռեժիսորը ոչ միայն պատերազմական տեսարան բեմադրելու ունակություններ չունի, այլև արտահայտչականորեն իրեն սպառելու ‹‹միօրինակության ճամփան›› է բռնել: Այլապես ինչու՞ պետք է շտամպային մտածողությանը տուրք տալով փոխհարաբերական դրոշմաձև հանդիսատեսին առաջարկեր: Նրա ռեժիսորական ունակությունների կասկածելիությունը առավել իրական է դարձնում նաև այն հանգմանքը, որ ոչ միայն հանրային տեսարաններից, այլև ընդհանրապես ողջ ներկայացման ընթացքում մեկ կետի թիկունքում կարելի էր ռեժիսուրա ասվածը զգալ ու նկատել:

Խոսքը ավարտակետում գաղափարահուզական տրանսֆորմացիա ցուցադրող նշանային գործողության մասին էր, որն իր շրջանձև ֆորմայով թե՛ ժամանակային հոլովույթի և թե՛ արատավոր փակ շրջանի համապատկերում մետաֆորային տարանշանակության ընդգրկում է ստանում: Բերդի և վանքի քարերի գաղափարաբանական դատողություններից հետո մարտիկները շրջանաձև իրար են փոխանցում քարերը, որոնք նուրբ անցումով, գրեթե աննկատ հրացաններով են փոխարինվում: Մնացյալ միզանսցենային լուծումներին հետևում ես ու հասկանում, որ այդքանին համարժեք մի բան դու էլ կբստրեիր ռեժիսորական դասընթացներ անցնելուց և փեշակին քիչ թե շատ տիրապետելուց հետո: Հապա ու՞ր մանց ռեժիսորական շնորհքը, որի ստեղծածը քեզ անվերապահ համոզում է, որ հենց այդպիսի մոտեցումն է մտքովդ չանցած յուրահատուկն ու նորահայտը: Ասել կուզի՝ ստեղծագործվածը:

Ի՞նչ է հավաստում այս ամենը: Իհարկե Դավիթ Հարությունյանին բացարձակ ապշնորհ մեկը համարել, խղճի դեմ քայլ կլինի, բայց նա էլ պետք է գիտակցի վերջապես, որ ինքը հիմնականում կարճ թռիչքի թռչուն է: Մի կողմ թողնի երկարավիզ հավակնություններից սերող մոնումենտալ հակումները և իր ուժերը առավել հաճախադեպ փորձի լայնաշունչ ու մեծակտավ աշխատանք չենթադրող փոքր ֆորմաներում: Միգուցե նաև թիզերներ ու թրեյլերներ նկարահանելու գործում: Սրանով ամենևին ցանկություն չունենք նրա մասնագիտական արժանապատվությունը շոշափել: Միայն չտես գավառամիտը կարող է փոքր ֆորմաների ռեժիսոր լինելը նվիրակարգային ցածրադիրություն ընկալել ու համարել, ինչպես նաև փոքրածավալ դերի խաղային կարևորման վարպետությունը: Դա նույնն է, թե ռևյու գրող բազմահմուտ թատերախոսին ծավալուն վերլուծությունների հեղինակը քաղքենաբար վերևից նայի: Ի վերջո, հանճարեղ քառյակ գրողը կարող է միջակից էլ ցածր վիպասան լինել: Ստեղծագործական հոգեբանության տեսանկյունից դա միանգամայն օրինչափ է:

Այժմ էլ վերնագրում խոստացած բարոյահոգեբնականի մասով: Բեմականացումն, իհարկե, հմուտ է արված. վեպից վերցված և համակցված են մեր ժողովրդի թուրք-ադրբեջանական ներկայիս վերքը հուզականորեն էլ ավելի բորբոքող հատվածները: Հետևանաքային-հուզական հարցը, որն ամենից հեշտն է լուծել, կարելի է ասել՝ պատշաճ է կատարված: Սակայն հանդիսատեսի մտքին հասցեագրվող պատճառական-գաղափարական կողմն է ակտուալության առումով գրեթե անատամ: Մոտ մեկ ու կես ժամ տևող ներկայացման ընթացքում պարզորոշ կերպով տեղ հասնող գաղափարական ուղերձը հետևյալն էր. հայ ազգը պետք է զինվի, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմի վերջնանպատակը մեզ բնաջնջելն է, այլ ոչ թե բարեկամանալը: Կներեք, բայց դա մենք առանց խառնաղմուկի վերաճող ձեր հակաբեմական գոռգոռոցների (իբրև պատերազմական, կամ այլ արհավիրքային դրության հետևանք) էլ էինք գիտակցում: Դուք, եթե իսկապես ցանկանում եք կատարսիսային մտահանգումներ հարուցել և այդքան քաղաքացիական կամք ու համարձակություն ունեք, թեմայի ներկայիս համատեքստի իրական պատճառահետևանքային շղթան համակողմանիորեն մեկնեք, այլ ոչ թե հատվածային հայեցողությամբ հանրության նվիրական հույզերը աֆեկտային նպատականերով բորբոքեք:

Բաց խոսեք, թե ինչպես վերջին տասնամյակներում երկրի անխտիր բոլոր գերագույն պատասխանատուների դատաիրավական լծակներով հանրության արժեհամակարգը հետևողականորեն ձևախեղվեց ու եղծվեց: Այն է՝ անվերջ ստելը, կարգ ու կանոնի խախտումը (որքան կոպիտ, այնքան խրախուսելի, որն այդքան էլ հեռու չէ 1915թ. ‹‹հային որքան դաժան մորթես, պարգևդ այնքան մեծ կլինի›› ձևաչափից), քծնելը, լռե˜լը, կադրային քաղաքականության քաղծկեղ ԽԾԲ-ն կենսական անհրաժեշտություն դարձնելով՝ հայ հասարակությանը հինգից տասը հազար դրամանոց ծախու, այսինքն՝ ինքնավաճառ (այդ թվում նաև՝ ‹‹դոդ››-ացվող մտավորականություն) դավաճանների զանգվածի վերածելը: Այդկերպ մարդկանց մեջ քիչ առ քիչ փոշիացվեց ոչ միայն հայրենասիրությունը, այլև հայրենիքի զգացողությունն ընդհանրապես, ինչի փաստացի պատկերն է ժողովրդի այժմյան ապատիկ անտարբերությունը: Խոսեք նաև այն մասին, որ երկրի վերականգնման անփոխարինելի նախապայմանը ներկայիս վիճակում մեղքի բաժին ունեցող վերոնշյալ բոլոր պատասխանատուների ոչ թե բառային մակարդակում, այլ ամենայն խստությամբ պատժվելն է: Այնու, որ նրանց պատասխանատվության ենթարկելու իմիտացիայով կրկին գլուխ կբարձրացնի անպատժելիությունից ծագող հիասթափությունը, էթնիկ ռենեգատության վտանգ պարունակող ատելությունը, և սրանց հանրագումար վստահության տոտալ բացակայությունը:

Հասկանում, բայց որևիցե կերպ չենք ընդունում, որ մտավախություն ունեն՝ նման ընգրկման խնդրառության գնալուն կարող են հետևել մունիցիպալ ինքնացնցումներն ու թատրոնում ինչ-ինչ հաստիքների լուծարումները: Ուրեմն, եթե վստահ չեք գործը մինչև վերջ տանելու ձեր հնարավորությունների վրա, ավելի լավ է զերծ մնաք նման թեմաների թերասումներից, որովհետև կիսակատարողական մոտեցմամբ գործին ավելի շատ վնասում եք, քան թե օգնում: Գիտակից և իրատեսական քայլեր ձեռնարկող հասարակություն ձևավորելու փոխարեն, նպաստում եք հանրույթի հուզական բարձրակետին գտնվող ամբոխի վերածվելուն: Զուտ հեռավոր անցյալի այնքանով-որքանով համանման իրավիճակին հղում-մատնացույց անելով նալն ու մեխն իրարից իբրև թե չտարբերող հարմարվողականների բարոյահոգեբանական ինքնախաբեության կոլեկտիվ (քանի որ հանդիսատեսին էլ են անուղղակիորեն դրա մեջ ներքաշում) ակտով եք զբաղվում, ոչ ավելին: Առանձնապես չեք տարբերվում ներկայացման ընթացքում, իրենց ժամանակի թատրոնների հասցեին արդարացիորեն ուղղված մեղադրանքների հասցեատերերից: Ի դեպ, թատերաց մասնագիտական բարեխղճության այդ թեզը բեմից հնչեցնելիս վեհատես Դավիթ Հարությունյանը ներդաշնակության կատարելության ծիրում էր գնտվում երևի թե:

Չէ՞ որ նա տասնամյակ առաջ ‹‹հա դե փող ենք աշխատում›› պատճառաբանությամբ հեղինակել է գռեհկամտությամբ աչքի ընկնող ‹‹Արարատ 73›› զանգվածային մշակույթի էժանագին զվարճանքը: Մի՞թե նրան թվում է, թե իր ‹‹գրդոնը›› վնասակարությամբ իրոք հաշիվ չէ (ինչպես, որ Երվանդ Զախարյանի քաղաքապետության օրոք փոխքաղաքապետ Կամո Արեյանն էր պաթետիկ տոնով ճառում ապօրինի շինությունների այլևս անթույլատրելիության մասին, սակայն դրանք ավելանում ու ավելանում էին): Հանրության արգահատանքի սյուն սերիալային ինդուստրիայում իբրև դերասան ներառվելու մասին էլ կլռենք: Դրամատենչությունից բխող այսօրինակ ‹‹երեսպաշտական հայրենասիրությամբ›› արդյո՞ք ինքն իր հոժար կամքով ներկայացման ընթացքում քրդի ընդգծած ‹‹հայը ոսկի է սիրում, զենք չի սիրում›› արքետիպային բանաձևը հավաստիացնող արդի կերպար-նմուշը չի դառնում: Անխոս, նա կարող է ներկայացման ավարտին հաջորդած հուզական, բուռն ծափահարություններով պաշտպանվել ու արդարանալ, բայց դրանից ոչ իր դստեր ապագայի անվտանգությունը, ոչ էլ իր ստեղծագործական կարողություններն են ավելանալու…

Մի փոքր էլ դրական կողմերի մասին…

Ներկայացման երաժշտական ձևավորումը մասնակցայնության տեսանկյունից զուսպ էր, իր ռիթմական ներկայությամբ անհարկի չէր միջամտում սյուժետային գծի զարգացման դինամիկային: Համապատասխան ակուստիկ ֆոնով հոգեզգացական մթնոլորտի ամբողջականության պահպանմանն էր նպաստում: Երբեմն էլ պերիպետիկ անհարաժեշտության թելադրանքով տեսարանային անցման հուզամտածական գործոնի վերածվում: Տարօրիանակ չէ, քանի որ ասվածի հեղինակ Վահան Արծրունու փորձառությունն ու ճաշակային նշաձողը լիարժեք բավարարում են նմանտիպ խնդիրներ իրագործելուն: Օրինաչափորեն գեղարվեստին պատշաճող մակարդակում էր նաև Գարեգին Եվանգուլյանի բեմանկարչական աշխատանքը, որը բեմի խորությունը փոքրացնելով և խաղահարթակը կլորացնելով հանդերձ, ֆունկցիոնալ էր տարածաժամանակային պայմանաձևերի խաղարկման հարցում: Չենք կարող չնշել մի քանի դերակատարումներ: Առաջինը Սարգիս Շողունցի դերակատարումներն են, որոնք կրկին անգամ մեզ համոզեցին, որ ռեժիսորական փորձառություն ունեցող այս դերասանը մտածող, կերպարի ինքնությունը առաջադրվող հանգամանքների համատեքստում զգացող ու հասկացող և դրանից հետո նոր իր առջև արտահայտչական խնդիրներ դնող բեմական գործիչ է: Ինչ էլ որ անի նա բեմում, մշտապես նկատելի է մտահոգեկան կողմնորշվածությունից եկող կենտրոնացումը և ոչ թե էմոցիոնալ պարապությունը, կամ էլ թե ուշադրության նմանակեղծումը:

Հաջորդը թատրոնի երիտասարդ դերասաններից Վահան Միրաքյանն է, ում խաղային ընթացքում էմոցիոնալ խորության և թափի ակնթարթներ դեռևս ‹‹Մեր թաղը›› ներկայացման ընթացքում ենք որսացել: Եթե անգամ ներսուզման կամ պոռթկումի գաղափարահուզական հասցեները նկատելիորեն վրիպական են եղել, ապա դրանից դերասանի անկեղծությունը չի կասեցվել ու չեղարկվել: Հակառակը, նույնիսկ տեղ-տեղ վերջինի բեմական ինքնազգոցողության մեջ զգայելի էր այդ վիճակներից առաջացող խաղային տարերքը: Փաստը հուսադրող է, քանի որ կյանքի կողմից ներքուստ մինչև վերջ չապականված դերասան ունենալու մասին է վկայում: Եվ վերջում հարկ է նշել Վիգեն Թադևոսյանի հանգամանքը: Այս տարիների ընթացում նա կարողացել է իր խոսքի կուռ հնչողությամբ անձնավորման  արվեստի արևի տակ իր տեղը հաստատել: Հիմնավորվել որպես «խարակտերային» ամպլուայի դերասան, ինչն իրագործում է այսինչ կամ այնինչ հոգեվիճակի անհերքելի ներկայությունն ապահովելով: Բայցևայնպես նրա խաղում դեռևս անհրաժեշտ չափով չի զգացվում դիմախաղային և մարմնական ճկունակությունը, որն անտարակույս շատ ավելի կհարստացներ վերջինիս կերպարավորումները:

Ինչևիցե, արձանագրենք, որ Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանին մի քանի տարիների ընթացքում հաջողվեց փոքրիկ շենքային բարեկարգում իրականացնել, թատրոն բերել էսթետիկապես տրամադրող բեմանկարչություն և երաժշտական ձևավորում: Այդուհանդերձ, դերասանական կազմի որակավորման ու ռեժիսորների ընտրության հարցում թատրոնի առնվազն եռամյա հետագծում ցավոք ակնհայտ է ստեղծագործական հայեցակարգ ունեցող խելահաս գեղարվեստական ղեկավարի բացակայությունը, որն ամենևին էլ տնօրենի ադմինիստրատիվ հմտությունների ուղեծրում չէ ու դժվար էլ թե կարողանա լինել:

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

1764 հոգի