Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

04.10.2020     22:42

Սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրն արկի պես պայթեց ու բեկորները լցվեցին բնակարանները տեղեկատավական բոլոր միջոցներով: Թշնամին չի փոխվել, չի փոխվել հայերի բնաջնջման թուրքական ծրագիրը, որը հարյուր տարուց ավելի վաղեմություն ունի: Եվ այսօր, կենաց մահու կռիվ է մղում  մի ազգ, որ իր գոյությամբ բյուրեղացնում է հին աշխարհի պատմությունը: Մենք մշակութային ազգ ենք և հայերիս ֆիզիկապես բնաջնջելուն միտված Թուրքիայի մարտավարությունը նաև մշակութային ցեղասպանության սպառնալիք է: Դեռ 19-րդ դարում, Արևմտյան Հայաստանում բնակվող քանի՞ արվեստագետի ճակատագիր այլ ընթացք կունենար ու թողած ժառանգություն էլ այլ ճանաչում, եթե չլինեին հայերի ջարդերը: Այդ արվեստագետներից մեկն էլ, որի մասին այսօր  քիչ է հիշատակվում Ազնիվ Հրաչյան է, ում բեմական անունը Պետրոս Ադամյանն էր կնքել՝ կրակոտ ու արտահայտիչ աչքերին սիրահարված: Դերասանուհու բեմական գործունեության սկիզբը համընկնում է արևմտահայ պրոֆեսիոնալ թատրոնի կազմավորման հետ: Նա եղել է Պետրոս Մաղաքյանի, Պետրոս Ադամյանի, Դավիթ Թրյանցի ու Մարտիրոս Մնակյանի արժանի խաղընկերը, հանդես է եկել Պոլսում, Թիֆլիսում,  Բաքվում, և որպես դերասանուհի ու թատերական գործիչ իր առանձնահատուկ տեղն ու դերն ունի 19-րդ դարի հայ թատրոնի պատմության մեջ: Սակայն, այսօր դերասանուհու արվեստի մասին չենք խոսելու, այլ նրա դաժան ճակատագրի, որի միջով ստիպված է եղել անցնելու վաղուց սկսված թուրքական արյունալի քաղաքականության պատճառով:

Պոլսահայ դերասանուհու և նրա խաղընկերների կյանքում թուրք իշխանությունների  արյունարբու քաղաքականությունն իր դառը հետևանքներն է ունեցել. խաթարվել է նրանց ստեղծագործական կյանքը, վտանգվել ֆիզիկական գոյությունը և այն էլ մի քանի անգամ: 19-րդ դարի 80-90-ականների առաջնուհին, ով նույն դերի համար ունեցել է և՛ ձմեռային, և՛ ամառային հագուստ, հանդիսատեսից նվեր ստացած գեղեցիկ ու թանկարժեք զարդեր, պսակներ, իրեն նվիրված բանաստեղծություններ, գրքեր, նամակներ, հարուստ կահկարասի, չվերջացող ջարդերի ու գաղթի ճանապարհներին կորցրել է ողջ ունեցվածքը, կյանքի վերջին տարիները ապրել ծայրահեղ չքավորության մեջ: 1877-78 թթ. սկսվել է ռուս-թուրքական պատերազմը և հայերեն ներկայացումներն արգելվել են: «Եվրոպական տերությունները քննում են «օսմանյան ժառանգության» խնդիրն ընդդեմ Ռուսաստանի առաջխաղացման, և հայությունը Թուրքիայի ներսում դիտվում է որպես տերության հիմքերը խարխլող ուժ»1,- գրում է Հենրիկ Հովհաննիսյանը: Սկսվել են ձերբակալություններ, քաղաքական հալածանքներ հայերի դեմ: Առանց այդ էլ իրենց գոյությունը դժվարությամբ պահող դերասանները մնացել են անգործ: Հրաչյայի և նրա ամուսնու ջանքերով Ադրիանապոլսում գտնվել են թատերախումբը վարձող մարդիկ: Նրանց հրավերով դերասանները մեկնել են Ադրիանապոլիս և մի կերպ փրկվել սովի մատնվելուց:

1896 թվականին Հրաչյան հայերի տեղահանության ու կոտորածների շրջանում ստիպված է եղել ընտանիքով տեղափոխվել Թիֆլիս: Նրա առողջական վիճակը ծանրացել է: Իմանալով մոր ծանր դրության մասին` դուստրը նրան կանչել է Բաքու: Տկարությունը թույլ չի տվել, որ Բաքվում Հրաչյան բեմ բարձրանա: Թատրոնի հովանավորները խնդրել են դերասանուհուն, որ երիտասարդներին օգնի խորհուրդներով: 1897-ից զբաղվել է ռեժիսորությամբ, դարձել է Բաքվի Հայոց մշտական թատերախմբի առաջին ռեժիսորը: Հետագա մանրամասները բաց ենք թողնում:

1918 թ.  ջարդեր են սկսվել նաև Բաքվում: Էնվեր փաշայի նախաձեռնությամբ և օգնությամբ, թուրքերը գրավել են սովետականացվող Բաքուն՝ պատճառաբանելով, թե օգնության են հասնում հարստահարվող և քրիստոնյաների կողմից կոտորվող մահմեդական ժողովրդին Հյուսիսային և Արևելյան Կովկասում: Դրան նպաստել է այն, որ սովետական զորքերը զգալիորեն մեկուսացված են եղել Ռուսաստանից և մենշևիկյան կառավարությունը օգնել է թուրքական կողմին: «Մինչ Բաքվում ակտիվ ռազմական գործողությունների ծավալումը, թուրքերը Անդրկովկասում միայն Հայաստանից ու Վրաստանից զավթել էին 38000 քառ. վերստ տարածություն, մեկ միլիոն 250 հազար բնակչությամբ<...>, այդ բոլորին պետք է ավելացնել ավելի քան 300 հազար հայ գաղթականությունը, որը թափառում էր Անդրկովկասում, գլխավորապես Հայաստանում և Վրաստանում»2: Բաքվում զոհվել է մոտ երեսուն հազար հայ: Կողոպտվել են հայերի տներն ու խանութները: Հետապնդվել ու ձերբակալվել են հայ մտավորականներ: Կալանավորված արական բնակչությունը ուղարկվել է հարկադիր աշխատանքի: Ջարդերը իրականացվել են թուրք սպաների ղեկավարությամբ՝ թուրքական բանակի, թաթար(ադրբեջանցի) ավազակախմբերի կողմից և շարունակվել են մի քանի օր: Ըստ էության, դրանք եղել են երիտթուրքական կառավարության նվաճողական և հայաջինջ ծրագրի շարունակությունը Բաքվում, Նախիրջևանում և Ղարաբաղում:3 Այս քաղաքական պատճառներով կտրվել է կապը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև: Հարազատներն իրարից տեղյակ չեն եղել: Թիֆլիսից Բաքու և հակառակ ուղղությամբ փաստերը մամուլին են հասել ուշացումներով: Այս է պատճառը, որ մամուլում կան անճշտություններ: Եվ որոշ փաստեր ճշտվում են ժամանակակիցների հուշերի հիման վրա:

Բաքվի ջարդերի ժամանակ Հրաչյան ընտանիքով փախել է Էնզելի, մեկ տարի անց վերադարձել Բաքու: Էնզելիում դերասանուհուն հանդիպել է Միքայել Մանվելյանը: Նա իր հուշերում նկարագրում է այդ օրերի մռայլ ու անհրապույր քաղաքը: Փողոցները լցված են եղել Բաքվից փախած, սովամահ լինող գաղթականներով, որոնց մեջ են եղել նաև Ազնիվ Հրաչյան և աղջկա ընտանիքը: Միքայել Մանվելյանը այնքան ծանր ու վատ վիճակում է գտել դերասանուհուն, որ խուսափել է հանդիպումներից. «... Դրանից հետո ես էլ չհանդիպեցի նրան, խուսափում էի, որ վառ մնա հիշողությանս մեջ այն նուրբ տաղանդավոր արտիստի պատկերը, որից այլևս ոչինչ չէր մնացել»4:

Այդ մասին կարդում ենք նաև Արուս Ոսկանյանի հուշերում: Արուս Ոսկանյանը Բաքվում ուսուցչուհուն գտել է չքավորության մեջ` հիվանդությունից ուժասպառ: «Այժմ ուրվականային այդ դրության մեջ, ամեն ինչ գահավիժորեն փոխված, մնում էին մի զույգ սև փայլուն աչքերը, իբրև մնացորդը փառահեղ անցյալից», - հիշում է Ոսկանյանը5:

Կյանքի վերջին տարիներին Հրաչյան մնացել է բոլորից մոռացված ու լքված: 1919 թվականին դերասանուհին մեկնել է Դիլիջան, ուր բնակվում էր նաև աղջկա  ընտանիքը, և նրա կյանքի վերջին ամիսներն անցել են դստեր խնամքի տակ:

Ազնիվ Հրաչյան վախճանվել է 1919 թվականի մայիսին, թաղվել Դիլիջանի գերեզմանատանը: Եվ մոտ քառասուն տարի անց` 1962 թվականին6, Հայաստանի թատերական ընկերության նախաձեռնությամբ` ի հիշատակ դերասանուհու, շիրիմին դիմաքանդակ է դրվել:

 Խոնարհվում ենք Հրաչյայի ու նրա սերդի մյուս արտիստների, գրողների, երաժիշտների հիշատակի առաջ, նրանցից շատերն, անգամ, գերեզմանի չարժանացան: Այս ճակատագրերի չտված պատասխանը մեր բազկի մեջ է: Նրանց չխաղացած դերը, չգրված տողը, չհնչած մեղեդին այսօրվա կռվող զինվորն է ծնելու: Կա՞ մի ազգ, ում զինվորի հետ միասնակամ կռվում է մեկ օրում սրբադասված միլիոն ու կես նահատակների բանակը, կա՞ էլի մի կենդանի դյուցազներգություն, որտեղ հերոս է և՛ պապը, և՛ հայրը, և՛ որդին, կա՞ մի ազգ, ում զոհված հերոսներն ապրողներից շատ են: Նրանց չապրած կյանքը մեզ ապրեցնելու է…

Օգտագործված աղբյուրներ

1. Հ. Հովհաննիսյան, Հայ թատրոնի պատմություն XIX դ., էջ 282:

2. Ա.Հարությունյան, Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918թ. և ինքնապաշտպանական կռիվները, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ, 1984, էջ 211:

     3. Տե΄ս Ա.Մանուչարյան, 1918 թ. Բաքվի հայկական ջարդերը (ԳՖՀ-ի արտաքին գործերի մինիստրության քաղաքական արխիվի փաստաթղթերը), Լրաբեր հասարակական գիտությունների, 1990, N 6:

4.  ԳԱԹ, Միքայել Մանվելյանի ֆոնդ, N 47:

5. ԳԱԹ, Արուս Ոսկանյանի ֆոնդ, N 11:

6. ԳԱԹ, Արուս Ոսկանյանի ֆոնդ, N 11:

ՆԱԻՐԱ Շահվալադյան

2658 հոգի