08.11.2023 23:25
Թատրոն-լաբորատորիա ստուդիան այսօր խաղացանկում ունի չորս բեմադրություն, որոնք առայժմ լայն հանդիսատեսի դատին չեն հանձնվել։ Դրանք են՝ Միշել դը Գելդերոտի «Ծաղրածուների դպրոց» (բեմադրիչ Արսեն Աբրահամյան), Լուիջի Պիրանդելո «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս» (բեմադրիչ Արմեն Մազմանյան), Ա. Պուշկին «Տերտերն ու իր Բալդի ծառան» (բեմադրիչ Սամսոն Ստեփանյան) և Է. Իոնեսկո («Ռնգեղջյուր» (բեմադրիչ Արթուր Սահակյան):
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը ընթերցողին պատմում է թատրոնի և իր ստեղծագործական հոգսերի մասին:
Մեր թատրոն-ստուդիան ստեղծվել է երկրաշարժից յոթ օր առաջ, Հայկական թատերական միության ու նրա նախագահության ձեռնարկումուվ։ Տեղնուտեղը ասեմ նաև, որ եթե Խորեն Աբրահամյանի ձեռքը չլիներ ու պնդումը, ապա այս թատրոնն առհասարակ չէր կայանա: Ի դեպ, միության նախագահությունը այսօր փաստորեն ֆինանսավորում է տնտհաշվարկային չորս թատրոնների, օգնում նրանց ապրել, սակայն կարող եմ ասել, որ ամենաշահեկան վիճակում մեր թատրոն է: Մեր բնակատեղին սունդուկյանական թատերաշենքի չորրորդ հարկում է: Կի- սաձեղնահարկային մի տարածություն, ուր ժամանակին Վարդան Աճեմյանը փորձեց ակադեմիական թատրոնին զուգահեռ փոքր դահլիճ ստեղծել, նույնիսկ մի քանի ներկայացումներ խաղացին, սակայն հակահրդեհային պայմանների բացակայության պատճառով ռեժիսորի ցանկությունը իրականություն չդարձավ: Այսօր այդ դատարկ, անօգտագործելի տարածությունը դարձյալ ուզում է կյանք առնել:
82-ից եղել եմ թատրոնում՝ Երևանի Կամերայինում, որպես դերասան-ռեժիսոր, բայց դեռ այն օրերից ընկերներիս հետ երազել եմ ստեղծել ազգային թատերական ստուդիա։ Մատենադարանի գիտաշխատող Հովհաննես Հայրապետյանի հետ ուրվագրեր էինք կազմում հիմնավորելու համար հայ թատրոնի գենոտիպի գոյության փաստը։ Շեքսպիրը խաղալ անգլիական էսթետիկայով, ռուս դրամատուրգիան՝ ռուսական, նշանակում է դատապարտել թատրոնն առհասարակ։ Ես չեմ կարող մտածել ոչ ռուսերեն, ոչ անգլերեն, ոչ էլ գերմաներեն՝ որքան էլ ձգտեմ ու երազեմ։ Այդպես դերասանն ընկնում է երկակի ստի մեջ։ Առաջին սուտը տրված է ի սկզբանե: Դա թատրոնի սուտն է, որ միաժամանակ և թատրոնի ճշմարտությունն է, խաղը, ու եթե այդ սուտն իրականացնողները հավատում են իրենց ստեղծած ստին, ապա նրանց հավատը փոխանցվում է և հանդիսատեսին, սուտը դառնում է ճշմարտություն։ Երկրորդ սուտը դիմանալու բան չէ, քանի որ վերն ասվածին պիտի գումարվի ևս մեկ սուտ՝ հավատացե՛ք ես անգլիացի եմ կամ դանիացի: Իհարկե, ես կարող եմ վերապրել ներկայացվող կերպարներիս զգացողությունները, բայց հայ դերասանի իմ ներաշխարհով, իմ նյարդերով, իմ միջով անցկացնելուց հետո միայն։ Եվ մեր գենոտիպը պիտի որոնել հենց այստեղ և դա ոչ թե էթնոգրաֆիկ-թանգարանային նմուշ ստեղծելու համար, այլ մեր արմատները բացելու և ուսումնասիրելու։ Հովիկն ու ես արդեն հավաքել ենք հսկայական քանակությամբ նյութ՝ տեսական և գրական-գեղարվեստական, հիմնականում հեթանոսական շրջանից ու միջնադարից։ Դրանք պիես չեն, այլ թատերական լիբրետո: Իսկ պիեսը, Թաիրովը կասեր, ընդամենը ներկայացման դրդապատճառն է։ Եվ իսկապես, եթե իմ գերխնդիրը՝ գրական գործը բեմում կանոնիկ ձևով ներկայացնելն է, ապա ուրեմն ես դատապարտված եմ դեռ էն գլխից։ Բրուկը լավ է ասում, խաղանք Շեքսպիր, բայց նրա բառային կապակցությունների տակ տրոփող իմպուլսները միշտ չէ, որ համահնչուն են բառին: Բառը նշան է, սիմվոլ, որի խորքերը պրպտելիս առաջին պլան է մղվում իմ՝ ներկայացնողի անհատականությունը։ Ես չեմ կարող զգալ հեղինակի իմպուլսներն ու աշխարհը, որովհետև ես Շեքսպիր չեմ: Գրական նյութը մտնում է նոր որակի մեջ, թատրոնի որակի մեջ, որ բոլորովին այլ բան է, համազոր ռեժիսորի ու դերասանի զգացողությանը, ինչպես և հնչյունաբանության, ռիթմիկայի, գույնի ու մարմնի պլաստիկային։ Եվ այս ամբողջը փոխկապակցված ու միավորված՝ իբրև կատարյալ ամբողջություն։
Շարունակ ասում ենք թատրոնը սինթետիկ արվեստ է, բայց այդ սինթետիկը դատապարտել ենք մոռացումի հենց մենք՝ թատրոնի նվիրյալներս: Մեկը նրան սարքեց ռեժիսուրայի թատրոն, մյուսը՝ դերասանի, իսկ երրորդը դարձրել է ինտելեկտի թատրոն։ Նույն ֆրանսիական աբսուրդիզմը հրաշալի բան է, բայց ինչ-որ տեղ թատրոնը բերել-կանգնեցրել է փակուղու առաջ: Այնտեղ գերիշխում է մի պարագա՝ բոլոր ուժերով թատրոնը ծառայեցնել ինչ-որ մի գաղափարախոսություն բացահայտելուն։ Ուրիշ է մեր նպատակը․ գործնականորեն - ոչ թե տեսականորեն - որոնել ու հաստատել հայկական գենոտիպը և թատրոնի հիմնաքարի՝ կատարսիսի այժմեական կերպը: Եթե դու կարողանում ես, չգիտեմ ինչ ֆոկուսներով՝ դերասանի օգնությամբ լինի, թե առանց նրա, հնչյունով, գույնով լինի, թե խոսքային ռիթմիկայով, այսինքն՝ զգայական ու մտային անալիզով կարողանում ես իմ մեջ ինչ-որ փոփոխություններ առաջացնել, ուրեմն դու կայացել ես, դու թատրոն ես: Եթե ոչ, ապա ավելի լավ է չլինես, քանի որ չես կատարել քո միսիան։ Կարող է ձևը հետաքրքրական լինել, դերասանական խաղը տաղանդավոր, ռեժիսորական կոնցեպցիան՝ ինքնատիպ, դրամատուրգիան՝ խոստումնալից, բայց ինձ համար այդ բոլորն ընդամենը էսթետիկա է, որ հանդիսանում է թատրոնի մի մասը միայն: Հիմնականը այն մյուս մասն է՝ կատարսիսը, որ այնպես պակասում է մեզանում:
Յոթ տարի ծեծեցինք բոլոր դռները, հայազգի թատերական բոլոր մեցենատներին անհանգստացրինք, բայց ոչինչի չհասանք։ Եկավ մի պահ, որ ես անգամ հրաժարվեցի ազգային թատերական կենտրոն ստեղծելու իմ գաղափարից: Եվ հանկարծ Խորեն Աբրահամյանը կանչեց ու հարցրեց․ ո՛վ ես, ի՛նչ ես ուզում։ Պատմեցի։ Բա որ տամ՝ կկարողանա՞ս: Փորձե՛նք, ասացի։ Եվ մարդը տվեց աշխատելու ազատ հնարավորություն, վստահեց մեծ գումարներ։ Եվ քանի որ այն օրերին ազգային բառը արվեստում էժան դափնիներ ձեռք բերելու միջոց էր դարձել, որոշեցինք մեր թատրոնը ոչ թե Ազգային թատերական ստուդիա կոչել, այլ Թատրոն-լաբորատորիա անհավակնոտ անունով։ Սակայն երազանքներս մնացել են նույնը՝ բեմադրել միջնադարյան հայկական ծեսեր, Շեքսպիրի անվերջանալի աշխարհը մեր բեմում տեսնել հայ բիոսֆերայի, զգացողական ռիթմի, հայ պլաստիկայի ու գույնի մեջ լուծված: Դժվար հասկանալի ցանկություն, որ սակայն ստեղծագործող մարդու ներքին բնական պահանջն է։ Երբեմն ինքդ քեզ նմանեցնում ես այն երեխային, որ ամբողջ կյանքում երազում է հեծանիվ ունենալ, բայց ձեռք է բերում, երբ ոտքերը վաղուց արդեն երկարել են հեծանիվից։ Ափսոս, որ բոլորս էլ այդպես ուշանում ենք ինքներս մեզանից: Այն, ինչ կարող էինք անել 24 տարեկանին՝ մեր այս խեղված, արժեզրկված ու խարխլված կառուցվածքի պայմաններում, չենք անի նաև 34 տարեկան հասակում, որովհետև առաջին դեպքում կասեն՝ դեռ երիտասարդ ես, երկրորդ դեպքում՝ համբերիր, մյուս տարի կսկսես։ Իսկ երբ վերջապես կգա քո ժա- մանակը, ցավով կզգաս, որ երազներդ արդեն մգլոտել են։ Այս թատրոնը եղավ այն ժամանակ, երբ ես արդեն փողոցում էի։ Բայց կային համախոհներս ու գործընկերներս՝ նույն Կամերայինում: Նրանք թատրոնի այսպես ասած՝ հայկական թևն էին և պայքարում էին հանուն հայերեն խոսքի ու մտածողության, շնորհալի ու պրոֆեսիոնալ թատրոնամոլներ, որ անմիջապես տեղափոխվեցին Թատրոն-լաբորատորիա: Արսեն Աբրահամյան, Արթուր Սահակյան, Սամսոն Ստեփանյան, Մկրտիչ Մկրտչյան։ Անդրանիկ ներկայացումը վստահեցի Արսենին՝ «Ծաղրածուների դպրոց» և ընթացքում կամաց-կամաց փորձեցի իմ մեջ վերաիմաստավորել թատրոնը:
Ամենից առաջ հարկավոր էր գտնել ու հաստատել թատրոնի նշանակությունն արդի պայմաններում: Եթե հեղափոխություն է, շրջադարձ ու ազգային վերածնունդ, ուրեմն պիտի լինի համընդհանուր մաքրագործում՝ ազգի ամենացածր շերտերից մինչև ամենաբարձրերը։ Ներառյալ և հանցագործ տարրերը, որ մեր կյանքի անբաժանելի մասնիկն են ու այսօր սարերում, մեր սահմաններում կյանքի գնով պաշտպանում են մեր պետությունն ու մեր ազգը։ Նրանց կեղտոտել չի կարելի, նրանց հարկավոր է նկատել, ընդունել և անպայման աշխատել նրանց հետ: Այսինքն՝ այս շրջադարձային էտապում սկսվել է դարձ նաև հոգևոր իմաստով։ Կես միլիոն անտուն-անտեղ-անաշխատանք մարդիկ փորձության մեջ են, ամենամեծ փորձության նյութի փորձության, որ կարող է սպանել, ոչնչացնել հոգին ու միտքը։ Հենց այդ հոգին ու, միտքը սնելու համար է հարկավոր արվեստը: Եթե դու զինվորագրված ես ազգին ծառայելու գործին և քո մասնագիտությունն էլ թատրոնն է, ապա գտիր անելիքդ թատրոնում՝ նպաստիր հոգեկան դարձին, գեղագիտական մակարդակի բարձրացմանը, մտածողության լայնացմանն ու խորացմանը: Թե չէ մեր հոգսերի մեջ խրված մի տեսակ նեղացել ու տեղայնացել ենք բոլորս: Ճիշտ է, այսօր դժվար ենք ապրում։ Երեք օրում քանդում են 127 կմ սահմանը, զենք են տանում-բերում, հետո միամիտ-միամիտ ասում, թե այդպես ստացվեց... Ծիծաղելի խաղեր, որոնց մեջ մեր ազգն է ոտնատակ գնում։ Եվ սրա դեմ բոլոր քաղաքական ձևերը, դիպլոմատիկ միջոցները «բլեֆ» են։ Մենք այս փորձության տակից էլ պիտի դուրս գանք և ապրենք… Ուրեմն իսկապես հիմա պիտի զբաղվենք նաև թատրոնով։ Ես չէի ասի, թե մեր թատրոնում հավաքվել են մասնագիտական ավելի պակաս հմտություն ունեցող դերասաններ: Ոչ, ստեղծագործական մեր «մեյդանում» մերոնք էլ իրավունք ունեն և կարող են մրցության մեջ մտնել:
Մեր թատրոնի հիմնական կազմը ութ հոգուց է բաղկացած, բայց աշխատանքի մեջ ընդգրկված են տասներեք դերասան։ Ես ձգտում եմ, որ մեր թատրոնը հասնի, ասենք, Բրոդվեյի թատրոնների կոնտրակտային պրոֆեսիոնալիզմին։ Սակայն ոչինչ միանգամից չի լինում: Մենք օրինաչափորեն պիտի հասնենք դրան։ Չի կարելի շնորհալի մարդուն վերցնել, օգտագործել ի շահ քո բեմադրության, ի շահ քո թատրոնի և հետո հրաժարվել նրանից։ Նման թատերական օրգանիզմը շատ արագ կվերածվի մեռած օրգանիզմի՝ կուլուարային բամբասանքներով ու ինտրիգներով: Իսկ նման հանգամանքներում երբեք չի ծնվում մեծ արվեստ: Սրանք իմ պրակտիկայից եկած հետևություններն են: Ուրեմն ես արդեն գիտեմ, թե Թատրոն ինչպես չպետք է ստեղծել, իսկ նոր թատրոն ստեղծելու գործը առայժմ դեռ սովորում եմ։ Փորձում եմ, հաճախ սխալվում: Այս մեկ տարում ահագին սխալներ եմ արել։ Մեզանում դեռ ապրում է վաղուց արժեզրկված մի հարց-ընդհանրացում, ո՞ւր են երիտասարդները, նոր կադրերը և հետն էլ անմիջապես վրա են բերում՝ դե չկան, էլի՜… Կա՜ն, կա՛ն: Միայն մեր թատրոնում չորս ռեժիսոր կա, որոնցից երեքն արդեն բեմադրություն են արել։ Սամսոնը մեր պատանեկան ստուդիայում պուշկինյան թեմաներով բեմադրություն արեց, իսկ Արթուրն ավարտում է Իոնեսկոյի հայտնի պիեսը: Ի դեպ, «Ռնգեղջյուրում» ես խաղում եմ Բերանժե: Միշտ կարիք ունեմ ինքս ինձ ստուգել իբրև դերասան, թեկուզ նրա համար, որ կարողանամ ավելի նուրբ աշխատել դերասանի հետ: Բացի այդ, երկար ժամանակ անմիջականորեն չհարաբերվելով դերասան-ակտեոր կապի հետ ռեժիսորական աշխատանքդ էլ կարծես ծանրանում է, էլ չասած մասնագիտական հաճույքի մասին, չէ՞ որ ես սկսել եմ իբրև դերասան և կրթությամբ էլ դերասան եմ:
Շատ կուզենայի, որ Հայաստանի թատերական արվեստը հրաժարվեր տնտհաշվարկային պարտադրանքից: Ասենք, մի կերպ կարելի է հաշտվել կիսատնտհաշվարկային վիճակի հետ, երբ դերասանի ու ռեժիսորի վրա են թողնում - ըստ իր բերած հանդիսատեսի - սեփական հացի փող, սեփական աշխատավարձ վաստակելը։ Արանքում ասեմ, որ հիմա մեզանում այնպես է խարխլվել գեղագիտական ճաշակը, որ եթե անգամ մեծ աշխատավարձ ես վաստակում՝ դարձյալ պիտի գնաս հանդիսատեսի ետևից, հաշվի առնես նրա նախասիրությունները։ Հուսանք, որ ոչ ես, ոչ էլ գործընկերներս երբեք չենք հասնի դրան: Ուրեմն կիսատնտհաշվարկայինը դեռ հաղթահարելի է, ինչ-որ բարոյական չափի մեջ նույնիսկ ընկալելի, սակայն երբ բանը հասնում է թատրոնի նյութական ծախսերին, որն առնվազն երեք անգամ գերազանցում է դերասանական մեր ընդհանուր աշխատավարձը՝ որտեղի՞ց և ինչպե՞ս բերենք այդ գումարը: Մենք արտադրանք չենք տալիս, ավելի ճիշտ մեր արտադրածը նյութ չէ, չենք կարող լոլիկի պես շուկա հանել ու վաճառել: Նյութը, ներկը, կտավը, որ փող արժեն, արվեստագետի ձեռքին դառնում են պատկեր, հույզ, զգացողություն: Եվ առնել- չառնելով չի որոշվում նրա արվեստի արժեքը: Արվեստի նպատակը վաճառքը չէ։ Իսկ թատրոնի աշխատանքին զուգահեռ արտադրական ցեխեր բացելը, սանր ու շվիկներ թողարկելը խաբեություն է: Դա փաստորեն նույն սպոնսորությունն է, որի դերում կարող է և՛ պետությունը լինել, և՛ ուզածդ գործարանը։ Վերջինիս կուտակած կուլտուրայի ֆոնդի գումարները, որ հայտնի չէ, թե ինչի վրա են ծախսվում, կարող են, չէ՞, տրամադրվել թատրոններին։ Խնդրեմ՝ թող որակի քննություն կազմակերպվի, բաց դիտում, բաց քննարկում:
Թատրոնը չի կարող տնտհաշվարկով իր գոյությունը պահպանել։ Աշխարհի ոչ մի իսկական թատրոն այդպես չի ապրում, բացի իհարկե «պոռնո» և «շոու» թատրոններից, բացի էժանագին սարսափի թատրոններից, որոնք տեխնիկայի մինիմալ միջոցներով, մի քանի կիսատ-պռատ մարիոնետ ու մոդելյոր դերասաններով ցուցադրում են էրոտիկա կամ սարսափ: Եվ մեծ փողեր են բերում: Նրանք կարող են իրենց տոմսերը գնահատել և հարյուր դոլլար, իսկ ես ինձ թույլ չեմ տա, անգամ հինգ ռուբլով տոմս վաճառել, որովհետև մեր նպատակը նաև ուսանողների ու երիտասարդների համար աշխատելն է։ Ի՞նչ կմնա ուսանողի վաթսուն ռուբլի թոշակից, եթե թեկուզ ամիսը երկու անգամ ընկերուհու հետ նա գա թատրոն: Այո, ես ստորագրել եմ, ուրեմն և ընդունել ինքնակառավարման տնտհաշվարկային սկզբունքը, սակայն դա արել եմ ստիպված, որպեսզի վերջ ի վերջո բացվի մեր թատրոնը։ Եվ այժմ, բանաստեղծի ասած՝ պահանջելու պես խնդրում եմ, որ մեր թատրոնը հեռու պահենք այդ ճանապարհից, որ նրա համար սպոնսոր գտնենք։ Չէ՞ որ եկամուտի ետևից ընկած թատրոնը հանկարծ կարող է իջնել մինչև զոքանչի, շատ ներողություն, ներքնոշորերից պատմելու մակարդակին։ Ցավոք, տնտհաշվարկային նման թատրոններ մեզանում երևացել են, և նրանք ապրում են միլիոնատիրոջ նման: Մի՞թե ես էլ պիտի կոնյունկտուրա անեմ և Ազատության հրապարակում իմ ու ընկերներիս ասածները բերեմ բեմ ու պլակատի նման քարոզեմ: Մանավանդ որ նման բաները հիմա ավելի հաճելի է ունկնդրել ներսում, էլիտար սալոններում։ Բայց ես և իմ գործընկերները չենք ուզում դիմել նման կոնյունկտուրայի։ Օգնեցե՛ք մեզ։ Հասարակության մեջ այսպես է սկսվում աստիճանական անկումը, հոգևոր սնանկացումը։ Ամեն մեկս հանդես ենք գալիս մեր ճշմարտությամբ, մեր գիտելիքի պաշարով, մեր հավատի չափով։ Ուրիշի ճշմարտությունը չգիտենք, չենք ընդունում։ Մեզ հնարավորություն չտվեցին, որ իմանանք, թե ի՞նչ է աստված, հավատա՞նք, թե՞ չհավատանք։ Եվ ամեն մեկս քիչ-քիչ հավաքել ենք ինչ-որ ճշմարտություններ ու Պիրանդելոյի ասած՝ լաթավորված ապրում ենք, մեր փոքրիկ լուսամփոփով, ինքներս մեր մեջ խորասուզված:
Թատրոն-լաբորատորիան այսօր փաստորեն կիսով չափ է թատրոն, որովհետև առայժմ չունենք մեր երկրորդ կեսը՝ հանդիսատեսին: Հանդիսատես ընդունելու համար պետք է վերանորոգել թատերասրահը, երաշխավորելով սրա հակահրդեհային ապահովությունը։ Անհրսժեշտ է ամֆիթատրոն կառուցել, զուգարան ու ջուր ունենալ։ Մանրուքնե՞ր են, բայց առանց դրանց թատրոն չի կարող լինել։ Առայժմ բեմադրական ու տնտեսական մեր բոլոր ծախքերը, ներառյալ և դերասանի աշխատավարձը, հոգում է Թատերական միությունը։ Առայժմ մենք իբրև թատրոն հանդես ենք գալիս փառատոնից փառատոն։ Առաջին անգամ լույս աշխարհ եկանք թատրոն-ստուդիաների երևանյան ստուգատեսին, որտեղ ճանաչվեցինք որպես լավագույն: Ապա մեկնեցինք Մոսկվա՝ «Պերսպեկտիվա-89» միջազգային ստուգատես, որին ներկա էին նաև միջազգային իմպրեսարիոներ ու թատրոնի մասնագետներ։ Եվ հենց սրա արդյունքն էր, որ ամիսներ անց դարձանք հարավսլավական Երեսունմեկերորդ թատերատոնի հյուրը։ Խաղացինք Սարաևո, Զենիցա, Նովիսդ, Բելգրադ քաղաքներում, թատերագետների, ռեժիսորների ու պաշտոնական ներկայացուցիչների շրջանում, այսինքն՝ Պիրանդելոյին լավատեղյակ անձանց համար։ Եվ «Վեց պերսոնաժը» խաղացինք առանց սինխրոն թարգմանության՝ հույսներս դրած դերասանական մեր անսամբլի, դերասանական խաղի մաքրության, ռիթմի զգացողության և այն վիզուալ հետաքրքրության վրա, որ ուներ մեր ներկայացումը պատկերից պատկեր: Եղան լուրջ հոդվածներ, հաղորդումներ ռադիոյով, հեռուստատեսությամբ։ Իսկ ամենահաճելին ներկայացումներից հետո դահլիճում մնացած այն հանդիսատեսն էր, որ ուզեց մտերմանալ մեզ հետ, սուրճի հրավիրելով իրենց ընտանեկան հարկի տակ։ Դրանք ճարտարապետներ էին, բժիշկներ, լեզվաբաններ, նկարիչներ, իհարկե, նաև թատերրագետներ ու ռեժիսորներ…
Եթե հասցնեմ՝ 91-ի Բիտեֆի միջազգային փառատոնին կտանեմ հայկական միջնադարյան Ճաշոց, որ բեմադրելու եմ մոտավորապես փա- րաջանովյան կինեմատոգրաֆիկ մտածողության սկզբունքներով, իհարկե, տարրալուծված թատրոնի օրենքներով, գույնի, շարժման, հնչյունի յուրատեսակ հարաբերությամբ։ Այժմ ես մտադիր եմ այդ տեսակի մեջ որոնումներ անել, բայց վախենում եմ ման գամ, ման գամ ու գնամ կորչեմ...
Գրի առավ ԳՐԱՑԻԱ Բաղդասարյանը
Նյութի աղբյուրը՝ ՛՛Արվեստ՛՛ 1991, №