Սեղմիր
ԷՍՍԵ

06.11.2023  02:32

Վլադիմիր Քոչարյանը Սողոմոն Թեհլերյանի դերում

Ճիշտն ասած, վաղուց էի խոստացել գրելու Վլադիմիր Քոչարյանի, մեր շնորհաշատ ու սիրելի Վովայի մասին, բայց անընդհատ հետաձգում էի: Որովհետև կարելի է վարժվել մարդու ծննդյան հրաշքին, սակայն մահվան առեղծվածին՝ երբեք: Մանավանդ՝ անհեթեթ մահվան, որ կրկնակի մահ է. Եվ գիտե՞ք նաև ինչու: Արտասահմանյան ժամանակակից գրականության մեջ ասում են՝ երեսուն տարեկան տղամարդ, իսկ մեզ մոտ ո՛ւմ լեզուն կպտտվի տղամարդ կոչել, այն էլ՝ հասուն, շվարած, իր տեղը չգտած, ծնողներից կախում ունեցող, անփող և անտուն երիտասարդին։ Ակսելերացիա կոչվածը վերաբերում է պատանիներին, իսկ պատանի դառնալու գործը Աստված է տնօրինում, մինչդեռ երիտասարդության տարիքը մեզ մոտ աններելիորեն  ու հեստականորեն երկար է տևում։ Որովհետև այն տնօրինում են զանազան հողեղեն, երկրորդական, ժամանակավոր և կուսակցական աստվածները։ Արվեստը չէր կարող հեռու մնալ սոցիալական խոր արմատներ ունեցող այս տխուր երևույթից։ Ահա թե ինչու Վովան ևս քառասունի մոտ, ո՛չ իր մեղքով, հազար անգամ ոչ, նոր-նոր գտել էր իրեն, մի շարք փայլուն դերակատարումներից հետո անցնելու էր ռեժիսուրայի, մի խոսքով՝ մեծ հաշվով ստեղծագործական կենսագրությունը նոր էր թափ առնում: Մի բան, որ կարող էր վաղուց լինել՝ առհասարակ Վովայի ամբողջ սերնդի համար, եթե տարիներ շարունակ մեր հայրերը չպնդեին, թե՝ я другой такой страны не знаю, где так вольни дышит человек...

 Այնպես որ, դրաման վաղուց էր բուն դրել Վովայի հոգում, հետո՛ ինչ, որ այդ դրաման գիտակցված չէր, որովհետև բոլորին էր վերաբերում և, ուրեմն, թվում էր, թե քեզ քիչ է բաժին հասնում: Հետո՛ ինչ, որ միշտ մի բարի, համակրելի ժպիտ կար Վովայի դեմքին, բեմի վրա Քրիստոսի մի մաքրություն, հետո՛ ինչ, որ ոտքից գլուխ դրական կերպար էր թե՛ կյանքում, թե՛ բեմի վրա:

Այս հարցականների գաղտնիքը գուցե թաքնված էր իր կյանքի վերջին ժամերի մեջ, գիշերվա մինչև այն ժամը, երբ տեղի ունեցավ՝ ահավոր ավտովթարը...

Ու հիմա մնում է գուշակել, ենթադրություններ անել, թե ինչ տանջող գաղտնիք էր դա...

Մի մեղադրեք ինձ, թե իբր հնարում եմ: Ընդհակառակը, եթե մեղադրելու բան կա, ապա այն է միայն, որ իմ պատմածը սխեմա է, շատերի կյանքի պատմությունը, ոչ թե իմ, այլ կյանքի «հնարած» շաբլոն մի սխեմա, դրա համար էլ՝ ողբերգական:

Ինչո՞ւ էր Վովան նկարչությամբ զբաղվում: Գուցե հնարավորություն չստանալով ներսում կուտակվածը ծախսել բեմի վրա, նա այդպե՞ս էր իր բողոքն արտահայտում այն մտայնության դեմ, որ երիտասարդությունը մեզ մոտ ոչ թե ընդամենը տարիք է, այլ ներողամիտ վերաբերմունքի արտահայտություն: Եվ կարծես «դիտմամբ» լավ էր նկարում, համարյա պրոֆեսիոնալի պես։ Գրում էր բանաստեղծություններ՝ նույնիսկ իր մտերիմներից գաղտնի և այդպե՛ս մենախոսում լռության ու առանձնության մեջ, թեև ավելի ճիշտ կլիներ ասել՝ մենախոսություն աղմուկի մեջ: Միայն նրա մահից հետո մենք իմացանք այդ քնարական, տղամարդկորեն նույն քնքուշ, տխուր-տխուր բանաստեղծությունների գոյության մասին:

Թեև Վովան կինոյում նկարահանվել է մի շարք գլխավոր դերերում, բայց ինձ թվում է, նրա տարերքը բեմն էր, հատկապես՝ ռոմանտիկ, ոչ սպիտակ, այլ գունավոր դերերը, ինչպես, օրինակ, Լևոն Լամբարյանի նրա հրաշալի անձնավորումը «Հացավանում»։ Ափսոս, չեմ տեսել հակառակ տեսակի նրա դերակատարումը` ամբողջովին «գույնից» զուրկ, ամբող ջովին սև-սպիտակ Ռասկոլնիկովը:

Մենք նրա հետ բեմի վրա հանդիպեցինք միայն մեկ ան- գամ։ «Ոտքի, դատարանն է գալիս» դրամայում փայլուն կատարեց Սողոմոն Թեհլերյանի դերը: Մեջն ինչքան որ սեր կար, քնքշություն, ատելություն, վրեժ, ըմբոստություն և էլ չգիտեմ ինչ՝ բոլորը, բոլորը անմնացորդ ներդրեց իր դերակատարման մեջ։ Եվ այդ ինքնանվիրումը նրանից պահանջում էր ոչ թե հեղինակի ստեղծած կերպարը, այլ հենց ինքը՝ Խաչատուրի և Հնազանդի փառավոր որդին՝ Սողոմոն Թեհլերյանը:

Սա իմ կյանքում առաջին դեպքն էր, երբ ես ինձ հեղինակ չէի զգում: Ինչպե՞ս բացատրեմ, որ ասածս կեցվածք չհնչի, մի բան, որ գոնե այս դեպքում բացարձակապես աններելի կլիներ: Ես պարզապես այն զգացողությունն ունեի, որ վաթսուն տարվա խորհրդային մոռացությունից պարզապես փրկել եմ, ըստ որում տասը տարվա չարչարանքից հետո (այսպիսով, վաթսունը դարձավ յոթանասուն), մի սքանչելի անձնավորության, մի աննման հերոսի։ Վովան ևս համարյա նույն զգացողությունն ուներ, երևի դա էր պատճառը, որ ամեն երեկո խաղում էր այնպես, որ կարծես դա Սողոմոն Թեհլիրյանի՝ իր առաջին և վերջին դերակատարումն էր։

Ես իմ խոսքի ողջ ընթացքում նրան կոչեցի նախկին մտերմությամբ՝ Վովա, իսկ հրաժեշտից առաջ, այսինքն՝ մինչև իմ կցկտուր խոսքի ավարտը, հենց ավարտի՛, հենց հրաժեշտի թելադրանքով պարտավոր եմ տարածություն ստեղծել մեր և իր միջև ու կոչել նրան պաշտոնապես՝ Վլադիմիր Քոչարյան, ՀԽՍՀ վաստակավոր դերասան: Բայց ինձ համար, իր մտերիմների, իր սիրելիների համար միշտ՝ Վովա... Իսկ ինչքան շատ են, գիտե՞ք, մտերիմները… Նրա հանդիսատեսները...

ՊԵՐՃ Զեյթունցյան

Նյութի աղբյուրը՝ ՛՛Արվեստ՛՛

1383 հոգի