04.11.2023 23:51
Հազար անգամ նրա հետ բեմ եմ բարձրացել, հազար անգամ նրան նայել եմ բեմում: Հազար անգամ զարմացել եմ ու մտածել առիթ լինի մի քանի խոսք ասեմ: Չէ, ինչո՞ւ մի քանի... իմ ու նրա կյանքը, որ գումարենք հարյուր քսան տարի ու մի բան էլ ավել ապրել ենք այս աշխատում, երկու խուքով ո՞նց կլինի:
Հին ընկերության պարտք ու հախով, խաղացած-չխաղացած դերերի, ուրախ և անուրախ օրերի, մինչև տասկին իրար ճանաչելու, մեր անձնականն իրարից չթաքցնելու, վստահելու, խամած ու չխմած, ասված ու չասված կենացների ու էլի հազար բանի իրավունքով...
Առիթը եկավ, գնաց: Սպասում էի, սպասում էի... Բաց թողեցի: Քո վաթսունամյակը... Հավատացած էի, աղմկոտ տոն էինք անելու համարյա աննկատ անցավ, «լայն խավերի» սեփականությունը չդարձավ։ Կարող է մենք էինք մեղավոր, տանը չէինք, մեր տանը չէինք, միգուցե մեր տեղը չգտա՞ն... Մեր տան գործերը թողած ուրիշ տեղ էինք, ես էլ, դու էլ մեր տանը չէինք… Էս ո՞ւր ենք գնում: Հաղթանակների սովորած, որտե՞ղ ենք հաղթանակներ փնտրում... Կյանքը մեզ դես-դեն արեց, ինչ-որ մարդի՞կ, թե՞ «Ժամանակը դուրս է եկել իր շավղից...»։
Լավ: Ասի հակիրճ լինեմ Մհերի մասին շնորհքով-հարգով, էնպես քրիստոնեական մի բան գրեմ: Չստացվեց: Տարիներն իրար հրմշտելով, դեպքերով-դեմքերով անկարգ ու անհարթ եկան խառնիխուռն լցվեցին հիշողությանս մեջ... Դե գնա կարգավորի, էս ինչքան շատ բան կա մարդու ապրած օրերում...
Օրեր, օրեր. Հիշու՞մ ես, Ֆրունզ, ֆուտբոլի օրերը: Անհամբեր սպասում էինք, խաղ բաց չէինք թողնում, պարտադիր ստադիոնում էինք, ֆուտբոլի մեր գիտակներ Գալոյան Հովակի, Մկրտչյան Աշոտի հետ: Տոմս դժվարությամբ էինք ճարում ու եթե չէինք ճարում, դու քո հեղինակությամբ մի դաստա դերասան հետդ ներս էիր անում: Փակ դուռ չկար քո առաջ: Հայ ոստիկանները քեզ տեսնում էին, զմայլանքից հալվում ու կանաչ ճանապարհ. անցե՛ք, անցե՛ք, համեցեք, ընկեր Մկրտչյան...
Մոսկվայում մեր վերջին մեծ հյուրախաղերի ամփոփման ժամանակ հայտնի մի թատերագետ ասաց.
- Այս դերասանը մեզ՝ ռուսներիս ստիպեց հեշտ արտասանել իրար կողքի շարված հինգ բաղաձայն տառով իր ազգանունը Մ Կ Ր Տ Չ...
րում էիր.
Հա… Լուրջ պաշտոնյայի կեցվածքով, վստահ կարգադրում էիր
- Սրանք ինձ հետ են, բաց թողեք.... Մել, երկու, երեք, չորս... Դու էլ արի, գլուխը խուզած մի անծանոթ, անտոմս երեխա էլ վրադիր։
Արևածաղիկը չրթելով լցվում էինք ստադիոն, եթե չունեինք՝ տասը տեղից հյուրասիրում էին, եթե տոմս չունեինք, տեղները զիջում էին իրենք մնում կանգնած, ու այդ ամենը նրա համար, որ իրենց կողքին լինես: Մենք էլ քեզ հետ օգտվում էինք:
Հովիվյանը, որ գոլ էր խփում, վեր էինք թոչում տեղներիցս, ցնծություն էր մեր սրտերում, բավականությունից թրջվում էին մեր աչքերը, գրկվում-համբուրվում էինք... Ախր տաղանդավոր մարդու հաղթանակը շատ է գեղեցիկ... «Արարատի» պարտությունները մեր դժբախտ օրերն էին, բայց պատահում էր ավելի դառը: Հին ստադիոնում այն ժամանակվա «Արարատ-Սպարտակը» երեք-երկու հաղթում էր Մոսկվայի «Դինամոյին» - Չալիկյանի, Քեհյանի ժամանակներն էին - հետո երկրորդ խաղակեսին մերոնք չորս անհեթեթ գնդակ բաց թողին: Մոսկվան կարգադրել էր պարտվել: Մեր սովետական սպորտի բարքերից: Ցուցահանդեսներն էլ բաց չէինք թողնում: Միշտ խնդրում էի, որ առանց ինձ չգնաս, քեզ հետ հետաքրքիր էր, քո՝ նկար կարդալն ու մեկնաբանելը ինձ համար շատ բան էին բացում, առանձնապես մեր ընկերներ Աթոյան Ռաֆիկի, Աշոտ Մելքոնյանի, Մուտոյի, Սիրավի, մեր Զուլումի, մեր հետ բոյ առած մյուս տղերքի գործերը... Սրանց հաջողություններով շատ էինք ուրախանում: Վիճում էլ էինք, իհարկե: Հետաքրքիր է, մեր ջահել դերասանները հայ նկարիչներին գիտե՞ն… Սարյանի անունը լսած կլինե՞ն:
Հասնում էինք Մինասին, երկար էինք մնում... Այո, տաղանդավոր մարդու հաղթանակը և գեղեցիկ է, և ազգինն է...
Ֆրունզ, էն մեր ջահել օրերին ինչքան ես խեղճացրել ինձ քո Շիրակով։ Թվում էր ու թվարկում, թե քանի՜ նկարիչ եք տվել, քանի՜ դերասան, գրող, բանաստեղծ, երգիչ գուսան, քանդակագործ: Վերջիններից հատկապես նշում Էիր Մերկուրովին՝ հայ չի, բայց մենք ենք աճեցրել... Նեղն էիր գցում ինձ, լոպազանում էիր:
- Դե ասա, ասա ձեր Լոռին ի՞նչ է տվել, դե թվիր տեսնեմ ովքե՞ր են ձեր մեծ մարդիկ, ձեր արվեստագետները: Խելքս չէր կտրում, վերջերս եմ գտել քո պատասխանը,
- Հա, շատ եք, լավն եք, բայց մենք, լոռեցիներս, էդպես չենք կարող, մենք ծանր, դանդաղկոտ մարդիկ ենք, հազար տարին մեկ ազգի համար ծնում ենք մի Հովհաննես Թումանյան... Բա, ախպեր ջան էս էլ իմ ուշացած պատասխանը քեզ:
Դա քիչ էր՝ ձեռ էիր առնում.
Դե, մալականի դպրոց ավարտած հայերեն էս երգը երգի... Ու երգում էիր համով - հոտով։ Նախանձում էի:
«Սիրտս գայլերին թող բաժին դառնա» կամ «Լուսնյակ գիշերը...»: Սրանցից ո՞րն էր, որ երգեցիր «Եռանկյունի» ֆիլմում: Մեկ-մեկ էլ խղճահարվում, ասում էիր՝ արի unվորեցնեմ: Սովորում էի, բայց դե… Մինչև հիմա էլ նախանձում եմ հայոց դպրոց գնացածներիդ, հարազատ մոր կաթ կերածներիդ։ Նախանձելը ոչինչ, մի ամբողջ կյանք տանջվեցի հայերենն իմ մեջ իր տեղը գցելու համար: Մինչև հիմա ստորակետներից գլուխ չեմ հանում։ Ամոթ:
Բայց Շիրակ, Կումայրի, Գյումրի, Ալեքպոլ, Լավ էր, որ Լենին - ականից պրծանք, բայց Կումայրին այսօր հեռու է ու սարքովի է թվում: Ինձ որ մնար, կթողնեի Ալեքպոլը, համ էլ քաղաքականություն է՝ Ռուսիան ռուսանում է...
Ի՞նչ օրեր ենք անցկացրել երազային այդ քաղաքում, քանի՞ ֆիլմ ենք նկարահանել, ինչքան ենք քեզ հետ այնտեղ զգացել մեր հարազատ տանը… Հայության հոգին էր, քաղաք չէ... Տեսա՞ր ինչ եղավ։ Կվերականգնվի՞, կվերածնվի նրա համն ու հոտը... երանի, երանի մեր զավակներն էլ իմանան, վայելեն մեր տեսածը… Ու դու գործ ունես անելու քո քաղաքի համար: Ինչպեսն էլ՝ դու գիտես
Հիսունական թվականների սկզբին մեծ խումբ երիտասարդներով, գրեթե միաժամանակ, կարելի է ասել, գրոհեցինք Մայր թատրոնը։ Մեծերի ճամբարում անհանգստություն նկատվեց: Այս ովքե՞ր են, ապա ինչքան են հանդուգն...
Առաջ, առաջ, մեզ գցում էինք առաջ՝ տեղ տվեք մեզ էլ, մենք հավատում ենք մը ուժերին, մենք վստահ ենք, որ... Ամեն առիթ զտագործում ենք նկատվելու, ուշադրություն գրավելու համար: Թեկուզ մի խուք ասելուց հետո բեմից դուրս են պրծնում ու իրար փնտրում, հերթապահ ռեժիսորներին փնտրում Մարատին Մարիուսյան, Կիմին Արզումանյան. Հը, ո՞նց էր, ո՞նց էր... հարցական նայում Էինք Անդրանիկ էլիազլյանի, Մարգարյան Կոստանի, Սոխակի աչքերին՝ ի՞նչ կասեն... Մեծ արտիստները խիստ էին, երես չէին տալի ասածները դիտողություն էր:
Եվ ահա «Նույն հարկի տակ» ներկայացման մեջ Մհերը իր վոքրիկ ու անխոս դերի համար (անխոս պերճախոս) ստանում է Հատուկ մրցանակ, որպես լավագույն դերա կատարներից մեկը:
Մի բառ, մի նախադասություն, չնչին գործողություն կատարելը բեմի վրա դեռ մեզ համար երազանք էր։ Չեմ հիշում ո՞ր ներկայացման մեջ մի ամբողջ տեսարան Գուրգեն Գաբրիելյանը խաղում էր իմ ուսերին նստած: Ինձ համոզում էի, որ ամենակարևոր գործը ես եմ անում: Վերջապես Գուրգեն Գաբրիելյանն էր, չէ՞...
Ուրեմն դեռ բավարարվում էինք ներկայացումից ներկայացում մասսայական տեսարաններում երազանքներից ու անհամբերությունից մաշվել, ոմանք էլ հուսահատվում էին, և հանկարծ ոչ ավելի, ոչ պակաս Մհերը ստանում է գլխավոր դեր՝ Եզոպոսը… Վաղարշյանի հետ:
Բայց չէ, հանկարծ չէր, նրա նկատմամբ ի սկզբանե վստահություն կար, և ինքն էլ երբեք կասկածներ չի ունեցել, չի մտորել, չի ընտրել իր կյանքի ուղին, նա ի վերուստ նշանակված էր այդ գործին և տաղանդի հզորությունը գիտակցելով՝ խիզախ մարտիկի նման նետվում էր առաջ... Մհերը թատրոն էր եկել հաղթանակների համար, Մայր թատրոն էր եկել՝ նրա բեմում առատորեն քրտինք շաղ տալու համար...
Ֆրունզ ես ու դու երբեք խռով չենք եղել, բայց իրարից նեղացած կանք: Դե, դերասան ենք, միշտ սրված զգացողություններով, եթե մեկը պատահմամբ մեզ մեր ուզածով չի բարևում, ասում ենք՝ ըհը, ստեղ մի բան կա: Բայց սրանք պուճուր բաներ են, կյանքի բաներ են, կլինեն, կանցնեն, եթե ուզենանք՝ կանցնեն: Մեր սխալի ու մեր վատի հերն էլ անիծած։ Եթե ուզենանք, ուրիշ բաներ կմտաբերենք: Զորօրինակ, որ իրար հետ հաց ենք կերել, որ սուփրասեղան ենք նստել, որ լավ կերակուր ունենալիս իրար փնտրել ենք, ամաչել ենք մենակ ուտել, որ Սանամը քեզ շատ սիրելուց մեզ էլ է սիրել, մայրական օրհնությամբ մեր առաջն էլ է մի աման՝ ճաշ դրել: Քո Սանամը... ԸՆԿԵՐ... ԸՆԿԵՐ... Հայն ուզում ասել հացդ մենակ չուտես և ում հետ հաց ես կերել՝ քո ընկերն է, որովհետ հացը: Աստծո տված նուրբն է, էն տուրքն է, որ մեզ մարդ է պահում հե՜յ գիտի հա՜, մեր պապերն ինչքա՜ն բակ են իմացել...
«Հայֆիլմ» կինտուդիայի ձայնագրման խցերում քանի՜- քանի գիշերներ ենք լուսացրել՝ կրկնօրինակելով մեկը մյուսից անպետք ֆիլմեր: Ծանր ներկայացումներից հետո վազում էինք ստուդիա մի քանի կոպեկ աշխատելու։ Ինչքան առողջություն ենք քայքայել, ճնշված, հաճախ կիսաքաղց ու մեզ փրկողը, մեր տրամադրությունը բացողը էլի Մհերն էր` իր անզսպելի, անսպառ հնարամտությամբ, ծիծաղաշարժ պատմություններով, կատակեներով... Նրա կրքոտ տաղանդը բլթբլրում էր ամեն տեղ, ամեն միջավարում, պոռթկում էր, դուրս թափվում: Ու ամեն տեղ կենտրոնում էր ինքը, սիրելի, նրա շուրջն էինք հավաքվում...
Մհերը հիվանդացավ Թոքախտով։ Ցնցվեցինք... Մեր Ֆրունզը...
Մոսկվա հյուրախաղերի էինք գնացել հիսունվեց թվականին։ «Նամուսն» արդեն բեմադրված էր փայլուն հաջղություն: «Նամուսով» Աճեմյանը մեզ միավորեց։ Հանճարեղ ներկայացում էր, մեծ ոգևորություն, մեծ հաղթանակ...
Հայոց թատրոնի հաղթանակ, որ մեզ թև էր տվել՝ այլևս բոլոր ներկայացումները խաղում էինք ավյունով, սրբությամբ կատարելով մեր գործը ու հպարտ, որ դերասան ենք Մայր թատրոնի...
Մհերը Հայրապետ էր խաղում, բայց հիվանդացել էր, փրկությունը ուժեղ սնունդն էր: Մեր ընկերը նեղն էր, էն ժամանակ իրար հասնում էինք, մենակ չէինք թողնում: Մոսկվայում անհանգիստ էինք նրա համար։ Աճեմյանը կտրականապես մերժեց նրան մեկ ուրիշով փոխարինել։
Պետք է բուժումն ընդհատի, գա իր ներկայացումները խաղա, հետո թող վերադառնա...
Ախր ինչպե՞ս կարելի է, Վարդան Նիկիտիչ մարդը... Այսպես ամեն կողմից փորձում էինք համոզել, բայց...
- Չգիտեմ, չզիտեմ, առանց Ֆրունզի ներկայացումը չի գնա... Դերասանն իրավունք չունի հիվանդանալու...
Վերջապես եկավ Մհերը, բայց ի՞նչ էինք անելու: Մոսկվա, մենք ջահել մարդիկ, անփող… Ինչևէ, խմբով ճաշեցինք, վերջում նրա համար սալիկ շոկոլադ առանք, ասել էին թոքերի համար լավ է: Ջարդեց ու սկսեց մեզ հյուրասիրել.
Վերցրեք, մի-մի կտոր ամեն մեկդ վերցրեք... Առանձնապես զոռեց Խորենին: Նա՝ չէ, սա՝ հա, նա՝ հա, սա՝ չէ, Վերջը, որ իրենից ձեռ քաշեն, Խորենը տարավ բերեց ու - Այ Ֆրունզ, չեմ ուզում, էդ անպետք բանն ինչ է, որ ես ուտեմ,
Օրեր, ջահելի օրեր… Մի առիթ էր պետք, որ ծիծաղեինք: Երկուսով գնացինք հիվանդանոց, Մհերը պիտի օդ ստանար: Ռուս բժշկուհու հետ կատակներ անելով՝ պառկեց, կողերի արանքից մեծ ասեղը մտցրին... Ես սարսռացի, ինքը՝ հեչ... Հետո էլ ստիպեց, որ ռենտգենով ինձ ստուգեն:
Ինչի՞ համար, - ասում եմ: Պետք է, պետք է... Տեսնենք հո քեզ չեմ վարակել...
Ինքն էլ նայեց բժշկուհու հետ ու չգիտես ինչի ուրախացավ՝
- Էս ինչ երկար թոքեր ունես
Մեր հյուրախաղերը, մի հյուրանոցում ապրելը, մի ներկայացման մասնակցելը հանաք Էր, հումոր էր, ծիծաղ էր, խմբով երգ էր, ուրախություն էր... Առիթը բաց չէինք թողնում իրար գլխի հավաքվելու, որովհետև մեր ապրելու ուժն էր միասին լինելը, սևը սպիտակացնելու, պղտորը մի քիչ զուլալելու մղում, բնազդ:
Մեր պարտկոմը հրաշալի դերասան, խելացի ու բարի մի մարդ, բայց ժամանակները... ժողովի ժամանակ ծեփեց ինձ պատին, զիլ ձայնով ճչաց,
- Դո՛ւ, դո՛ւ… Երեկ մեկ, էսօր` երկու ոտ ես դրել թատրոն... Ինչո՞ւ չես մասնակցում քաղպարապմունքին, հաշիվ տալի՞ս ես, թե քեզ ինչ է սպասում…
Իսկ Խորենը մեր հավաքներին, այդ վտանգավոր ժամանակներում երգում էր. «Կարկուտ տեղաց Խանաձորա դաջ տումը…»: Հրաշալի էր երգում:
Աճեմյանն ինքն էլ առիթը բաց չէր թողնում մի սրամտություն անելու, Դավիթ Մալյանը, Ավետը, Գուրգեն Գաբրիելյանը հնարամիտ, Կոթիկյանը, մեր Ավոն Տիգրանը... Ցուրտ ժամանակներ էին, վախի կասկածամտության, քաղպարապմունքի, մատնությունների... Բայց ջահելությունը ջահելություն է, դերասանն է՝ դերասան, Թատրոնը լիքն էր խինդով...
57 թե 58-ին էր, Սարոյանը եկավ Հայաստան: Հրաչի Պաղտիկը նայեց, հիացավ «Սիրտս լեռներում է» պիեսի փորձերն էին սկսվել: Մի քանի ժամով Աճեմյանի հետ առանձնացան, ետո հանդիպում եղավ ընդհանուր կոլեկտիվի հետ: Բա մենք ո՞նց անենք: Որոշեցինք ջահելներով հանդիպում կազմակերպել: Ավո Ջրաղացպանյանին ու Նորայր Գևորգյանին ուղարկեցինք «Արմենիա» հյուրանոց՝ բանակցությունների: Դրսում անհանգիստ սպասում էինք: Ժպտադեմ եկան:
- Համաձայնեց, մի երեկո մեզ հետ կլինի...
«Արարատ» ռեստորանը նոր էր բացվել, սեղանները երկար շարքով միացրինք իրար։ Գլխավերևը, Սարոյանի՝ համար, ընտիր կոնյակներ, մեր մասերում՝ «Հրազդան» գինի: Երեկոն դարձավ գիշեր, գիշերը լուսաբաց... Սարոյանը մի նոր աշխարհ էր մեզ համար, ուրիշ մտածողություն, անսպասելի տեսակետներ...
- Չմոռնանք, Հիտլեր նույնպես մենք ծնած ենք, անոր ալ կին է ծնել. ուրիշ տեղեն չէ… Մեր մեղք անոր մեջ կա...
- Կինո կսիրե՞ք, պարոն Սարոյան...
- Շատ կսիրեմ… եթե ձրի է... Ու ամպագոռա ծիծաղում է։
«Նամուսից» Ռուստամի ու Սեյրանի տեսարանը խաղացինք, կոնյակի ֆուժերը ձեռքին ուշադիր նայեց, դիտողություններ արեց: Թատրոնն զգում էր, հասկանում մինչև խորքը: Հետո դուդուկահարները մոտ եկան: Լսեց, ապա դամ պահողին խնդրեց լռել: Քիչ հետո՝ չէ, ասավ, դուն պետք ես, չալե...
«Տաբական» նոր էր մոդա Երևանում, ասացինք.
- Պարոն Սարոյան, «տաբակա» կատե՞ք: Հսկա բեղերը գնացին-եկան, աչքերը չռեց։
- «Տաբական»… Ադ ի՞նչ է…
- Հավ
- Հավ ի՞նչ է...
- Դե, հավ, աքլոր, թռչուն...
- Ի՞նչ աքլոռ...
- Որձակ, խորոզ, աքլոր... Ամեն կողմից վրա ենք տալիս, ձեռքներս թափահարում են օդում, ցույց տալիս թռչելը:
- Է հա... Ըսենք...
- Ըհը... Հավի ու խորոզի ձագը: Սրանց փոքրը... Սրանց երեխան... Սրանց չոջուխը...
- Ձագ, ի՞նչ է ախպար, Չոջուխն ի՞նչ ընեմ... Սարոյանը հուսահատվեց կոնյակը խոշոր կում արեց։ - Աս ի՞նչ է, իրարու չենք հասկնա հայեր...
Մեզնից մեկը, կարծես հենց Մհերը, էլ չդիմացավ, անհամբեր ճչաց՝
-Դե, «տաբակա» էլի, ճուտ, ճուտ... -ճե՞տ - իր հզոր ձայնով գոռաց Սարոյանը, - Է,
ճետ ըսեք... Ինչ խորոզ-մորոզ կըսեք, երեխա կըսեք. Կուտեմ։ — Ու հռհռաց, հռհռաց՝ մենք էլ հետը... Պատերը դղրդացին... Հոյակապ մթնոլորտ էր, անբռնազբոս, անկեղծ, ազատ, մենք երանության մեջ, և հանկարծ ներս մտան Դավիթը, Ավետն ու Ջանիբեկյանը… Ասես սառը ջուր լցրին մեր գլխներին: Հասկացանք, որ սրանց ուղարկել են կուսակցական հանձնարարությամբ, հանկարծ գաղափարական սխալ չանենք… Խեղճերին տեղաշորից հանել էին, կեսգիշերին ուղարկել.
Ինչ անենք, ստիպված ներկայացրինք, կարծեմ Նորայր Գևորգյանը: Նորայրին Սարոյանը միանգամից սիրեց, հրաշալի պարում էր Նորայրը...
- Պարոն Սարոյան, ծանոթացիր, մեր ժողովրդական արտիստներն են...
- Ի՞նչ ժողովրդական… Ինչո՞ւ ժողովրդական...
- Դե, մեր մեծ արտիստներն են...
- Անիկա ժողովրդի՞նն են... էհ, հապա դուք լըման ո՞ւմ եք...
- Կոչում ունեն, էլի, պարոն Սարոյան...
- Կոչում ի՜նչ է… Դուք ինչո՞ւ չունիք...
Կամ իսկապես չէր հասկանում, կամ չէր ուզում հականալ մեր կյանքը, մեր դրվածքը: Մի խոսքով, այլևս անհույս գործ էր շարունակելը։ Մեր անկոչ հյուրերը որոշեցին իրենց պարտքը կատարել, հերթով բաժակաճառ ասին...
- Սովետական հզոր մեր Հայրենիքը... Մենք պետկան թատրոն ունենք...
- Մենք չենք վախենում իմպերիալիլմից... Ամերիկան. Մենք կհաղթենք...
- Մենք մեր հարազատ կուսակցության հավատարիմ սալդաթներն ենք, եթե մեզ հրամայեն՝ մենք կկատարենք... Կասեն գնա կռվի, կգանք, կասեն բեմում խաղացեք՝ կխաղանք... Մենք սաղդախներն ենք...
Քաղպարապմունք. Քար լոություն... Սարոյանը զարմացած լսում էր վայրենի այս մտքերը, հետո ոտքի ելավ՝ կոնյակը մինչև վերջ լցրեց ֆուժերի մեջ, ժպտաց ու հանկարծ դահլիճը դղրդացրեց իր մռնչոցով.
- է-է-էհ հա... Լավ է... Դուն խոսե, խոսե, ես երթամ շը...
... Ջանիբեկյանը քթի տակ մռթմռթաց, անհասցե հայհոյեց ու փառք Աստծո, վեր կացան:
Սարոյանը չկա ու չկա: Գնացինք, աննենք՝ միզարանի մոտ կանգնած… Կոնյակն էլ մի կողմից է խմում: Շուռ եկավ մեզ.
- է՞հ...
- Պարոն Սարոյան, սպասում ենք...
- Ան, ի՞նչ կըսեք... Ան սալդաթներ գացին...
- Այո, գացին...
- էհ, ուրեմն ես եկա - Լմանս ուրախ երգ երգենք...
Քեֆը շարունակվեց... Երգ, պար, արտասանություններ, ինքն էլ մեզ խառնված, մեզ հետ ամենաաղմկարարը - անեկդոտներ է պատմում, Արարատի ներքնահարկը թնդում է...
Լուսաբացին արևի հետ դուրս եկանք հարապարակ, լայն մեջքը հենեց տուֆի պատին, արծվի հայացքով զննեց հրապարակը...
-Աս մեքենաներ հայերո՞ւն են. մարդիկ, որ կքալեն, հա՞յ են… Ան ոստիկանն ալ հայ է...
- Այո, իհարկե...
- Աս սիրունիկ տիկիններն ալ հա՞յ են... Լըման հա՞յ ենք...
- Այո, այո...
- Հապա էլ ի՞նչ կուզենք, - հրատարակով մեկ գոռաց Սարոյանը, - լըման հայ ենք, էլ ի՞նչ կուզենք...
Մեր ամենահետաքրքիր օրերից մեկը: Քո, իմ բոլորիս կենսագրությունն է, թող չկորչի։ Մեծի և մեծարելու, ունկն անելու, նրան ներկայանալու, արժանի լինելու… Երիտասարդի առողջ մղումներ էին: Մենք կարող ենք հպարտանալ մեր կազմակերպած այդ հանդիպման համար։
Հիմա, ասում են թատրոնում ջահել դերասանները հաշիշ են ծխում… Թմրամոլ են... Ցավ ու ցավ...
Հիմա մեծերին, իսկապես ժողովրդին ծառայած մեծերին պատվանդաններից գցում են, էլի ամայություն են ստեղծում, իրենց համար տեղ են բացում: Անգրագետն ու կիսագրագետը գլուխ բարձրացրել, եղանակ է ստեղծում: Գաճաճ մարդիկ ձեռ են բարձրացնում մինչև անգամ Անդրանիկի, մինչև անդամ Թումանյանի վրա... Այսպես... Անլվա մարդիկ...
Եվ այո, այսօրվա հրամանատարները չէին հիշելու, չէին կազմակերպելու մեծարանքի քո երեկոն, սիրելի իմ Ֆրունզ... Բայց քեզնից չի խլված այդ օրը, դու չես նսեմացած: Խլել են ժողովրդից, նսեմացրել են ժողովրդին...
Յուրաքանչյուրը մեզնից իր կարողություններով, իհարկե իր ճանապարհն էր հարթում, մեր սրտի երազանքներն ու նպատակներն ունեինք բեմի հետ կասված, մեր շահերը բախվում էին, սրվում էին մեր փոխհարաբերությունները, բայց հիմնականում միասին էինք, մնում էինք ընկեր, «բարի, գեղեցիկ, առաքինի...»։ Հետո ի՞նչ եղավ։ Հետո եկան Բրեժնևի ճղճիմ ժամանակները, ու ամեն ինչ ճղճիմացավ.. Մեր նոր ղեկավարները վախեցան մեր միասին լինելուց, առանձին-առանձին մեզ հետ «աշխատանք տանելով» նախանձի խանձող՝ կայծեր գցեցին մեր սրտերը… Հետո կասկածներ, բանսարկություններ... Հետո հոգնեցինք անփող, անտուն լինելուց, անհագուստ-անկապուստ… Արդեն անունն էլ ունեինք, բայց անունը կար, ամանումը չէ... Ստիպված էինք, ստիպեցին պայքարի մեջ մտնել, ռոճիկի, դերի, կոչումների ու մնացած սարքովի, արհեստական բաժանիչ բաների համար: Այա նվեր-արտոնությունները հենց դրա համար էլ հորինվել են, որ կախում ունենաս, նախանձը բուն դնի սրտիդ մեջ, որ մարդը մարդուց խրտնի, կասկածի, ատի... Չառարկես սրան, հաճոյանաս նրան... Անբարոյական գոյություն, Այլանդակ:
Մհերը մաքուր մնաց, չհաճոյացավ, չհարմարվեց, չմանրվեց։ Տղամարդու պես հպարտ ապրեց, այդ կեղտոտ հատվածը, անկախ... Բայց թատրոնը քանդվեց...
Ասում եմ առիթը եկաով, գնաց՝ սպասում էի ու հանկարծ տեսա անցել է վաթսունամյակդ: Քո ընկերն եմ, մեղավոր եմ ես էլ, ամբիոն չբարձրացա, չճառեցի, չմեծարեցի, չգուրգուրեցի քեզ: Բայց պարտավոր էի, չէ՞: Քո մեջ միշտ գլխավորն եմ առանձնացրել, քո արվեստի ալմաստափայլը և թվում է ամենից լավ ես եմ քեզ ճանաչում: Ֆրունզ, քո սիրտը քո Հայրենիքում ամեն վատի համար մղկտացել է, ու այսօր ես չեմ կարող քեզ հետ չդարդոտվել, չեմ կարող ընդհանրապես քեզ հետ չզրուցել: Ո՞ւր ես. Մեր աչքի առաջ պատի պես փլվում է մարդը, պարզվում է պատը բարձրացրել ենք, բայց կիրուկռայի տեղը դատարկ է, պատը փուչ է եղել։ Խախտվում են մարդկային կապերը… Ոչ մի հին ու նոր՝ կառավարություն, ոչ մի հրատարակած օրենք ոչինչ չեն անի, նշանակություն չեն ունենա, եթե հայ մտավորականը չհամարի, որ ժողովրդին նրա հոգևոր արժեքները վերադարձնելը իր գործն է: Իմ ու քո դարդը չեմ, ջահելությունն է մեղք, մենք լավ օրեր էլ ենք տեսել, մենք զարմանահրաշ թատրոնում ենք աշխատել: Էն ի՜նչ էր, Ֆրունզ, ապա հիշիր, Հեքիա՛թ էր, երազ էր, տոն էր: Տոն էր նոր դեր ստանալը, նոր ներկայացման օրը, թատերաշրջանի բացումը, ամբողջ խմբով նկարահանվելը, Աճեմյանի հետ լինելը... Տոն էին իրար հաջորդող մեծերի հոբելյանները: Մայրաքաղաքն ուներ թատերասեր, թատերամոլ հանդիսատես, մարդիկ կային, որ իրենց մշտական տեղերն ունեին, դահլիճի զարդն էին....
Մեկուկես միլիոնանոց քաղաքում հիմա օրեկան հազար մարդ չի ճարվում, որ թատրոն գա: Գյուղերից ավտոբուսներով բերում ենք, ներկայացումը սպանում: Թատրոն գնալը մեծ կուլտուրա է, որ կորցրինք, վախենամ, անդարձ: Ղեկավարությունը թատրոն չէր գալիս, այս նորերն էլ չեն գալու, սրանք էլ արվեստի հետ գլուխ չունեն։ Վերջապես հայ ղեկավարները ավանդույթ ունեն, ազատ օրերին խաշ ու քյուֆթա ուտելու:
Անբացատրելին հայ մտավորականի մեկուսացված կյանքն է։ Ինքդ էլ գիտես, տարիներով հայ երգահանը, բժիշկը, դասախոսը, գրողը...Գրողը թատրոն չի մտել: Այսպես ազգային արվեստ կստեղծվի, այսպես կմեծանա՞նք, կհարստնա՞նք, կազատագրվե՞նք գավառականությունից... Միություններն էլ մյուս կողմից՝ նկարիչների, կինոյի, գրողների և թատերական, բաժանեցին, կղզիացրին մարդկանց, մանրացրին, որ հեշտ վերահսկեն: Մի նախագահ, մի կուսկում, մի քանի լրտու-իրազեկիչ...
Մեր ղեկավարներից մեկը մի քանի անգամ ինձ սպառնացել է, թե գիտես, ես դիմել եմ ուր որ հարկն է, և մարդիկ ունեմ կոլեկտիվում, ձեզնից ով ինչ խուում է իմ մասին, ես գիտեմ...
Դե, գիտես, գիտես, ասացի, մենք էլ վախեցած պրծած ենք - Մի քիչ ուշացել էր պարոնը, ստալինյան սարափն այլևս չկար, հիմա էլ կար բաժանելու՝ տիրելու փորձված հնարանքը, խորամանկությունը, ցինիզմը... Մի խոսքով Հուսահատ... ձեռքս թափ եմ տալիս այս անցյալի վրա...
Բայց սպասիր, քեզնից եմ խոսելու: Մեկ էլ լուր է հասնում ինձ. Ֆրունզը քո մասին այսպես ու այնպես արտահայտվեց... Իհարկե, վատ բաներ: Ցնցվում եմ... Աստուված մեզ դատավոր։ Հավատա՞մ, չհավատա՞մ... Վերջապես ստույգ չի, հաստատ չի, ենթադրություններ են: Հաստաստը իմ գիացածն է,
Գիտեմ, թե որքան անպաշտպան ես գոեհկության դիմաց, ե ինչ զարմանալի տնարար ու ընտանիքսեր ես, հոգացող և ուշադիր` հարազատներիդ նկատմամբ։
Գիտեմ, թե ինչ աշխատավոր ես և երբ լծվում ես՝ ո՞նց ես քաշում: Սուտը չես սիրում ու սուտ չես խուում:
Գիտեմ, որ ընկերների երբեք «մեր» չես հայհոյել, ընդհանրաես հայհոյող չես, զուսպ ես բնությունից, բոլորիցս առավել: Շնորհակալ եմ...
Գիտեմ, ոչ ինձ, ոչ մեկ ուրիշին խաղաթուղթ չես դարձրել քո ձեռքին... ինչ-որ նպատակիդ հասնելու համար, որովհետև ճշմարիտ արվեստագետ ես ու ոչ երբեք կարիերիստ... Շնորհակալ եմ:
Գիտեմ, ոչ մտքում, ոչ դարակներումդ ընկերներիդ վարկաբեկող փաստեր չես հավաքել, որ տեղն ընկած տեղը օգտագործես մարդկանց թուլությունն ու սխալը... Շնորհակալ եմ:
Գիտեմ, որ կռիվ անես, գուցե հակառակորդի ուսին, ձեռքին, դոշին էլ հարվածես, բայց դեմքին ու գլխին՝ երբեք, աչքին՝ երբեք: Քո էությունն է, մտավորական, ազնվականի... Շնորհակալ եմ, որ այդպիսին ես ու իմ ընկերն ես:
Գիտեմ, պատահել է կյանքում սուրդ սրվել է, ավելի շատ պատյանում ես պահել... Երբեք քո թուրը «աջ ու ձախ» չի կտրել, որովհետև գիտես ինչ ավերածություններ են լինում դրանից:
Այսպիսին եմ ճանաչում քեզ, քո էությունն ու քո բարի հոգին այս համոզումներով եմ գնահատում: ձըր
Գիտե՞ս նաև ինչի համար եմ շնորհակալ: «Հատակում» ֆիլմում միասին աշխատելու, քո դերասանվարի ռեժիսորություն անելու, դերասանի համար: Դե, Սատինը դեր էր խաղացինք, լավ թե վատ։ Սրա մասին չի խոսքը, վերջապես, մի դեր ավել, մի դեր պակաս...
Շնորհակալ եմ ճակատագրից, ու էլի մի քանի ամիս մենք՝ ես ու դու, միասին էինք: Նորքում ապրում էինք կողք կողքի, հին օրերի նման անբռնազբոս ընկերություն էինք անում, ու ես մեր ջահելությունը հիշելով ճաշակեցի քո հումորը, վայելեցի շռայլ քո հոգու անվերջ հմայքը, մեր ախպերությունը... Պարգևի պես մի բան էր ինձ համար օր ծերության, մանավանդ հոգիս դառնացած էր այդ ժամանակ, և հենց դու էիր պետք իմ կողքին: Մեր բաժակներն էլ չխկացրինք իրար, դարձյալ հաց կերանք միասին... Մեզ մարդ պահողն էլ ՀԱՑՆ է...
Աճեմյան... Ֆրունզ, վաղուց մտքիս կա մի բան գրել նա մասին և այսպիսի վերնագրով՝ ԱՃԵՄՅԱՆԻ ԽԱՉՄԵՐՈւԿՆԵՐՈւՄ… Չգիտեմ ինչու չի գրվում: Երևի շատ է բարդ է Աճեմյանի խաչմերուկը.... Ինձ հետ որ շատ էր բարդ։ Ինձ համար զարմանալի էր նրա վերաբերմունքը։ Ինստիտուտում բոլոր գլխավոր դերերն ինձ էր տալիս, երևի ստիպված։ Եկա թատրոն, ինքն էր բերողը, տարիներն անցնում էին, էպիզոդիկ դերերից այն կողմ չէր թողնում, պարզ էր, որ չէր հավանում ինձ: Համբերում էի, բայց մի գեղեցիկ օր լուր հասավ ինձ, թե Աճեմյանն ասել է՝ «Մենք Սոսի վրա «ստավկա» չեն անում»։ Էստեղ հույսս կտրվեց: Դե, լավ... Որոշեցի գնալ հեռուստատեսություն: Ռեժիսորություն կանեմ, ասի, էստեղ գլուխս կպահեմ: Կանչեց: Իրեն հատուկ կիրթ, կոպտությամբ ասաց.
- Չգնաս... Ի՞նչ գործ ունես դու այնտեղ։
- Ախր ինչքան սպասեմ էսպես, Վարդան Նիկիտիչ
- Չգիտեմ... Ինչքան ուզում ես սպասիր,,, Դու ռեժիսոր չես, դու դերասան ես քո ամեն ինչով, քո տեղը թատրոնն է...
- էհ, հա, բայց սա ի՞նչ վիճակ է մի վիճակը...
- Չգիտեմ, այդ է... Վերջ:
Տարօրինակն այն էր, որ ինձ հետ ընկերություն էր անում, կարծում եմ, ես այն քչերի թվին է պատկանում, որոնց հետ նա անկեղծանում էր: Քաղաքական գործիչներից, ազգային մեր ցավերից զրուցում էինք և այնպիսի բաներ, ո եթե հայտնի դառնար, տեղ հասներ... Բաժանվելիս միշտ գուշացնում էր` ուրիշ տեղ չխոսես, չվստահես... Խրուշչովի ժամանակ արդեն թեթև շունչ աշեց: Հիշո՞ւմ ես, Արուսն էր պատմում, թե ինչպես Գուրգեն Մահարուն տանելուց հետո, «Աճեմը գիշերները չէր քնում: ճամպրուկը կապած, պատրաստ նստում էր վրան ու ամբողջ գիշեր, ականջը դրսի ձայներին դողում էր վախից»։
Վերջապես, ինչպե՞ս է լինում ընկնում է Գրիգորի Հարութինովի մոտ։ Սա ուշադիր լսում է ու մի օր ժամանակ խնդրում։ Հաջորդ օրն ասում է.
- Ահա, էս ձեր գործերը (ՆԳՄ-ից բերած) ահա իմ դարակը, դնում եմ ներս և կողպում ձեր աչքի առաջ: Քանի ես կամ ձեզ ոչինչ չի պատահի, գնացեք, հանգիստ աշխատեցեք... Պատմում են, որ Գ. Հարութինովն այդպես շատերին է փրկել:
Աճեմյանը հանգստացել է, բայց և գիտես, վախը հետն էր միշտ, ամեն ինչից վախենում էր, ամեն մեկից: Ինչ էլ լիներ, եղեռն տեսած, 37-ը տեսած մարդ էր։ Ինտելիգենտ մարդ էր...
Իմ երեխա ժամանակ Ստեփանավանում մեկը կար, անունը չեմ հիշում, մունջ, ինքնամփոփ, 15-ին հարազատներին կորցրած գաղթական: Ստեփանավանցիները ասենք էշի կատակ էին անում: Հեռվից հանկարծ գոռում էին՝ թուրքը, թուրքը... Խեղճ մարդը գործը գցում էր, գլուխը երկու ձեռքի ափերով ծածկում ու աղիողորմ բոռալով վազում դեպի ձորը... Վախը մեջը բուն էր դրել... Լավ էր շուտ մեռավ, մեղա քեզ, Տեր Աստված...
Հիշո՞ւմ ես, Ֆրունզ, մի երեկո ես ու դու Ավետին ուղեկցեցինք տուն: Պատմում էր Ջանանի մասին, ուրիշ էլի շատերի, որոնց այդ տարիներին քշել էին... Անհասկանալի էր, թե վախեցած ու զգուշավոր այս մարդը ինչո՞ւ բացվեց մեր աաջ: Լցված էր, հուզված էր... Վերջում դու հարցրիր.
- Ավետ Մարկիչ, ինչպե՞ս եղավ, որ ձեզ ձեռք չտվին, չտարան...
Ավետը երկար մտածեց Մտածեց, մտածեց ու մի տեսակ շատ հասարակ, շատ հաստատ պատասխանեց.
- Ժողովուրդս ինձ ասեց...
Ասածի մեջ մեծ իմաստ դրեց և միգուցե այնքան էլ սխալ չէր...
Հոբելյանները կարկուտի պես թափվում էին մեր գլխին. սրա հիսունն է, նրա վաթսունը, էն մեկելի, յոթանասունը. ասես մրցություն էր: Մայրաքաղաքից թատրոնի հոտ էր գալիս, թատերականություն կար: Հիմա թատրոնները շատացել են այդ հոտը չկա օդում... Մայր թատրոնի օդը վարակված քյաբաբի ճենճոտ ծխով: Չկա ... Շատ բան չկա: Մեր մայրաքաղաքն էլ այն չի: Տեսքը, դեմքը կորցրեց, հմայքը, բարի բնավորությունը չկա: Ինչո՞ւ այսպես եղավ, Ֆրունզ...
Ամեն նոր կառույց մեզ ուրախություն էր պատճառում: Խոստիկյան Արմենը վառվող աչքերով մտնում էր թատրոն ու թե՝ օպերայի շենքը վերջապես ավարտում են գետնուղին սկսել են, Աբովյան փողոցը գեղեցկացնում են… Մաշկս էր ցավում, երբ տեսնում էի, թե այս օրերին օպերայի շենքը «ազգային գործիչները» ո՞նց են սոսինձով, բանով, մուրտառում նրա պատերը… Ուրիշը չունենք:
Ամեն բարձրացող շենքի հետ մենք էլ էինք բարձրանում, շնչում էինք մեր քաղաքի հետ, նրա զարկերակը մեր զարկերակն էր, նրա գեղեցկությունը՝ մեր հպարտությունը: Ո՞վ խլեց... Իշխանավորները չէին կարող ծայրամասում ապլրել... Ու սկսվեց մայրաքաղաքի կործանումը, այլանդակելը: Ծառուծաղկի համար նախատեսված ընդարձակ բակերում ցցեցին բարձրահարկ տգեղությունները ներսի հատուկ հարմարություններով, լեն ու բոլ... Ի՜նչ ծառ, ի՞նչ խաղահրապարակ, ի՜նչ հատակագիծ... Եղած ծառերն էլ ոչնչացրին ավտոտնակների համար, խցկեցին այդ ժանգոո տձևություններն ուր ասես: Այդ երկաթն ու թիթեղը ամռանն արևի տակ շիկանալով շնչելու օդ չեն թողնում: Ասում ենք՝ «Նաիրիտ»… Ի՞նչ է «Նաիրիտը» այս միլիոն տոննաւ երկաթի, ներկի, ժանգի դիմաց։ Քաղաքում խաղաղ անկյուններ չմը- նացին, անաղմուկ փողոց, բակ չմնաց: Սովորեցինք ցեխի մեջ ապրել, անկարգության մեջ... Մենք մեր ձեռքով ենք ավերում մեր երեխաների առողջությունը, մեր սարքած գժանոցում...
Եվ լռեցինք մենք, այս ավերածությունները տանելով, ճարտարապետական այս սպանդը տեսնելով, ոչ մի մտավորական, գրող կամ լրագրող, ճարտարապետ տեր չկանգնեց չհերոսացավ. էլ նոր ի՞նչ խոսենք...
Մայր թատրոնում ծիածաններ էին կամարվում, արև և, իհարկե, ամպեր, և անձրև, սելավ, բայց և ծափերն ամպրոպի պես ճայթում էին նրա կամարների տակ։
Մեծ արտիստի հոբելյան... Դրանք եկան փոխարինելու հին բենեֆիսները (ինչո՞ւ չենք վերականգնում): Երևույթ էին այդ օրերը, և ամենահուզվողը ջահելներս էինք, քանի որ մեր ուսերին էր ընկնում պատասխանատվության զգալի բաժինը: Նաև առիթ էր մեզ ցույց տալու: Պետք է հիշել, Ֆրունզ, ամենաշքեղ հոբելյաններից մեկը Ավետինն էր: Աճեմյանի ղեկավարությամբ շքեղ երեկո սարքեցինք։ Հատվածներ էինք ներկայացնում նրա խաղացած դերերից, իհարկե մեր հնարած խոսքերով: Դու պետք է Զամբախովին ներկայացնեիր, ինձ բաժին էր ընկել նրա իշխան Սաքոն: Որոշ բաներ մտքիս մեջ մնացել են:
... Մին էլ տենամ մի ձեն ա գալի, մի ձեն ա գալի... Ասի, յա Հրաչն է, յա Փափազը... Աշխարհում երկու իգիթ եք ճանաչում, մինը Նազարն է... չէ աշխարհում երկու դերասան եմ ճանաչում, մինը Փափազն է, մինն էլ Փափազը կասի, թե ով ա...
Այսպես հումորով, սիրով, հարգանքով...
Սպասում էի, վստահ էի, որ տոն էր լինելու իսկական, համայն հայությունը մի օր այրվելու էր քեզնով, հանդիսատեսը թատրոնի դռները ջարդելու էր քեզ տեսնելու, լսելու, մեծարելու համար... Չկայացավ: Արի ներողամիտ լինենք, ասենք մեր ժողովուրդը լուրջ գործերով էր զբաղված, թատրոնի, դերասանի գլուխը չունի... Հիմա հայոց խորհրդարանի նիստերն է դիտում, ուր պատգամավորները, որպիսին որ պեսզիից չջոկելով, դեմոկրատիա են սարքում…
Առանց Արցախի մեր ինչի՞ն է սետք...
Անկախություն ենք հոչակում...
Առանց Արցախի, որ ո՞ւր գնանք...
Որումը խառնվել է ցորենին...
Բայց այն էլ ասենք, որ եթե մեր ժողովուրդը մոռանում է իր մեծի տարելիցը շնորհավորել ու նշել, եթե թատրոն չի հաճախում ուրեմն շեղվել ենք, ուրիշ տեղ ենք գնում, ուրիշ ժողովուրդ ենք դառնում...
Մի նեղ շրջանակ դրամատուրգներ ունեինք՝ հաստիքավոր, գրում էին, գրում էին... Հանկարծ այդ շրջանակը պատռեց, թատրոն մտավ մասնագիտությամբ բժիշկ, կոչումով արվեստագետ-թատերագիր Ժորա Հարությունյանը: Եկավ թևի տակ դրած «Սրտի արատ» թատերգությունը, կյանքով, ճշմարտությամբ լեցուն, թարմ, սրամիտ, փայլուն... Աճեմյանն ասես հենց դրան էր սսասում... էն ի՞նչ էր, ի՞նչ Էր Մհերն ու Թադևոս Սարյանը դուրս էին գալիս բեմ... Հղկված, մշակված տեսարաններ ու հետն էլ միշտ պատրաստ անսպասելի իմպրովիզացիայի, դրա իրավունքը ձեռք բերած... Չէ, չեմ տեսել, չեմ պատկերացնում աշխարհի ոչ մի թատրոնում արվեստի հորդացող այդպիսի լավա, այդպիսի հրճվանք, այդքան ծափ, այդքան երջանիկ հանդիսատես...
Մհերը հայտնվում էր, դահլիճը դղրդում էր ծափերի որոտից… Մի ծով հմայք էր գալիս, ու սկսվելու էր խրախճանքը: Խենթանում էր դահլիճը, մենք՝ նրա խաղընկերները, որ մասնակցում էինք այդ ներկայացմանը, մեր տեսարանն ավարտում էինք ու կախվում կուլիսներից, որ ոչ մի նոր երանգ, ոչ մի նոր գույն բաց չթողնենք: Կլանվում էինք նրա խաղով, հմայվում, հաղորդվում...
Խաղում էր Մհերը, խաղացնում էր հանդիսատեսին իր հետ, ստիպում, որ ստեղծագործի հավասար, մասնակցի արվեստի ճշմարտության արարմանը: Սոցռեալիզմի բանաձևով ասած՝ այդ բացասական կերպարը, Գվիդոնը տաղանդավոր կատարմամբ դառնում էր բեմում ամենատաղանդավոր մարդը, ամենասիրելին: Հնարամիտ, հեգնական, ճշմարիտ բան ասելիս զգույշ, կարծրացած օրենքները հմուտ շրջանցող, իմաստուն մի մարդ, որ գիտի, տեսնում և հասկանում է շատ ավելին, քան շրջապատի դրական բարոյաբանները: Պարզունակ մարդու դիմակը վրան քաշած աջ ու ձախ ծաղրում էր այս իրավակարզը, նրա սուտը, կեղծը, անմարդկայինը։
Ես քո դերերը վերլուծողը չեմ, Ֆրունզ, դա ի՞նչ իմ խելքի բան է, մանավանդ խոսքերը ունակ չեն արտահայտեն դերասանի արածը, բայց թե տեսել եմ զարմանալի դերակատարում իսկական, խոր, կատարելության հասնող դերասանի արվեստ՝ մեկը քոնն է եղել, քո արածը:
Դե ի՞նչ, դերասանի ճակատագիր է, արածն անէանում է և վաղվա սերունդը իր դերասանին է ծնում... Բայց մենք ինչպե՞ս կծնվեինք առանց ՆՐԱՆՑ, սրանք ինչպե՞ս կծնվեն առանց ՄԵԶ..
Միգուցե դո՞ւ էլ քո բաժին հանցանքն ունես... Դու քո տանը չես... Այսօր Մայր թատրոնում՝ նոր ձայներ են հնչում, օտար ու սազական են մեր բեմին, խարխափում են անիմացության մեջ շնորհալի այդ երիտասարդները, որովհետև բնական փոխանցումը չկայացավ, «վարակը» տեղի չունեցավ, չտեսան, չշփվեցին, չլսեցին քեզ...
Բայց անարդար եղան նրանք, ովքեր քննող ու դատող են, եթե կանխակալ չլինեին, քո Գվիդոնը, և ոչ միայն նա, դնելու էին, քեզ դասելու էին աշխարհի մեծագույն կատակերգուների շարքը՝ դեռ էն ժամանակ:
Ի վերջո, չնայած մեր ժամանակներում ապրող, բայց Փափազյանի, Սիրանույշի, Հրաչի ու Ջանիբեկյանի թատերախոսներն էին նրանք: Նրանցն էին, մերը չէին: Մեր սերունդը չունեցավ իր թատերախոսը։ Երևի մի պատճառն այդ էր, որ մեր թատերախոս-օրենսդիրները՝ աստիճանաբար հեռացան հայոց թատրոնի գործերից ու կյանքից՝ ասպարեզը թողնելով թատերական մագնատներին:
Հոշոտվեց և մեծագույն դերասանուհի Մետաքսը, գեղեցիկ մեր հրաշքը, իր գործունեության վերջին տարիներին գուրգուրանքից զուրկ, փաստորեն բեմից դուրս մղված, անսպասելի վախճանվեց: Հիշո՞ւմ ես նրա թաղումը։ Կարգադրիչները նրան հրաժեշտ տալու մի կարճ ժամանակ տրամադրելով՝ ուզեցին խցկել կիսաժանգոտ, անշուք մի մեքենա: ժողովուրդը թույլ չտվեց: Խլեց նրա դիակը ու չնայած անտանելի շոգին ձեռքերի վրա հասցրեց ննջարան:
Հումորի հեղեղը թափվում էր բեմից, լցվում դահլիճ, բարձրանում մինչև առաստաղ, տարածվում, կլանում ողջ թատրոնը, թատրոնի մարդկանց, հսկիչներից մինչև հրշեջները... Թվում էր այդ օրը թատրոնի պատերն էլ էին քրքջում… Եվ այս էր Աճեմյանի թատրոնը, այս էր ժողովրդական թարոնը:
Քրքջում-խենթանում էր հանդիսատեսը, որովհետև հայտնվել էր մեկը, որ իր վրեժն էր հանում անիրավ այս կարգերից։
Մեծ արտիստները ծնովում են իրենց ժամանակին, կանխորոշված է նրանց հայտնությունը: Գալիս են իրենց կոչումավոր իմաստով, գալիս են ժողովրդի կյանքում ճակատագրի թելադրանքը կատարելու: Հիսունական թվականներին ժողովուրդը եղեռն ու հեղափոխություն մտքում պահած, պատերազմ ու Ստալին, բանտու աքսոր, Ալթայի երկրամաս տեսած, վերքոտ, ցավոտ, կորուստներով բազում... հոգնած ու մռայլված հազար կապանքի մեջ սառած, հուսահատ լցվում էր թատրոն, հալեցնում իր սառած հոգին, շնչում խինդ ու լույս, ազատվում կապանքներից, նորանում, մաքրվում...
Բեմի վրա մի հայ մարդ էր, որ պարզապես ուզում էր մարդավայել ապրել։ Անօրինություններն ապօրինությամբ շրջանցելով, չէր ուզում կոմունիզմի կառուցման մեծ գործի մասնակիցը լինել, հասարակ մարդ էր, փոքր մարդ էր, բայց չէր կամենում ստրկաբաժնով աշխատել, մեկի ձեռքին պտուտակ լինել...
Մեր լուսավոր իրականությանը «խորթ տարր», բայց հանդիսատեսը նրա մեջ իր իղձերն էր տեսնում և հրճվում էր հենց նրա համար, որ ահա եկել է մեկը, որ իր փոխարեն խիզախում է մեկը, որ վերջապես անհնազանդ է, ըմբոստ է, անկառավարելի:
Մհեր Մկրտչյանը իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց խորաթափանց լինել և կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով. Եվ ո՞վ էր ծնելու Մհերին: Թուրքերի սարսափներից մազապուրծ եղած, որբանոցներում մեծացած, զրկանքներով սնված Մուշեղն ու Սանամը: Աստծո կամոք նրանք, տաղանդից բացի իրենց որդուն շնորհել են իմաստնություն, անհանգիստ, պրպտուն միտք և խորը ողբերգական էություն։ Ողբերգականը նրա մեջ ազգային երևույթ է, արյան մեջ է, հայոց ճակատագիրն է, որ նրա ներսում ամենքից ծածուկ լուռ մխում է ներքնաշխարհում...
Հայոց թատրոնը ժողովրդի համար եղել է սպեղանի: Սպեղանի էր և Մհերի խաղացած դերը «Սրտի արատ» ներկայացման մեջ:
Արդեն աշխատում էինք թատրոնում, բայց դեռ ուսանող էինք: Ես Ստեփանավանից եկա, դու՝ Լենինականից: Երկու գավառային երիտասարդ մայրաքաղաքում։ Ամեն ներկայացման մասնակցելու համար ստանում էինք տասը ռուբլի: Մի օր երկուսով ունեինք ընդամենը մի ռուբլի, հիմիկվա տասը կոպեկը: Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանքը երկարի: Թատրոնի այգում հեծնեցինք նստարանին՝ թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղ: Հիշո՞ւմ ես ինչից էինք խոսում, Ֆրունզ: Իհարկե հիշում ես՝ թատրոնից, Ստանիսլավսկուց, մեր դերասաններից, զրուցում էինք՝ աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված... Թատրոն, դերասանություն, թատրոն, թատրոն... Խոսելը մեր արևածաղիկ չրթելը երկարացնում էր, և դա կարծեմ մեր կախայադական օրերից էր...
Նոր թատրոն ես սարքում: Ամեն անգամ հիշելիս ժպտում եմ: Տնաշեն, ոտից գլուխ թատրոն ես, թատրոնը քո հոգում սարքած պրծած է, էդ ի՞նչ ես տանջվում: Բա դու ափսո՞ս չես, մեխ ու տախտակով զբաղվես: Աստված քել ազատ է ստեղծել: Դու անսանձ ու անթամբ ձի հեծնող, քո արվեստը կաղապար չունեցող, ինքդ քեզ ինչո՞ւ ես կապանում: Թող ծառս լինի ձիդ, խրխնջա զրնգուն… Մրցանակներ շահես ազգիդ համար...
Ուրիշի գործով թող ուրիշը զբաղվի, բարձունքներին unվո՛ր մարդ...
Տարիներ անցան, նկարահանվում էինք «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում: Փառքի մեջ լողում էր Մհերն արդեն, արդեն մեքենա ուներ նույնիսկ: Գնում էինք Իջևանի սարերը մեր կիսատ գործին: Սևանի խորտկարաններից մեկի առաջ կանգ առավ:
- Հերն էլ անիծած նկարահանումների, իջի՛ր:
- Ֆրունզ, Հենրիկը սպասում է...
-Հենրիկը կհասկանա մեզ աշխարհը չի քանդվի... Իջի՛ր:
Մհերը հաստատ քայլերով մտավ ներս, թագավորական տեղ ընտրեց, ձեռքի թագավորական շարժումով մատուցողին հրավիրեց, սա հալվեց երջանկությունից ու սկսեց թվել ճաշատեսակները.
Բեր...
Բեր...
Բեր... Մի խոսքով, ինչ որ լավ բան ունես՝ գնա բեր:
- Ի՞նչ ենք անում, ասի, երկուսով այսքանն ի՞նչ ենք անելու:
Քու բանը չի, դու սուս.. Էն սեմուչկեն հիշո՞ւմ ես: Մուռը հանենք, ես սրանց հերն եմ անիծել...
Խորովածը, խավիարը, իշխանը կերանք, խմեցինք իշխանավարի, հին ու նորով, ապագայով համեմեցինք մեր խոսքն ու զրույցը, հիշեցինք մեր ծնողներին, տխրեցինք, ուրախացանք, վշտացանք, իրար կենաց խմեցինք հազար անգամ...
Մհերի շատրվան հաջողությունների տարիներն էին, մի Ֆրունզ էր, մի՝ Հայաստան: Մեծից փոքր ճանաչում Էին նրան, սեր, հարգանք, գուրգուրանք...
Սևանցի մի մարդ փորձեց մոտենալ նր սեղանին: Մհերն իսկույն զգաստացավ, խոժոռվեց.
- Ի՞նչ ես ուզում, ախպեր ջան:
- Ֆրունզ ջան, կուզեմ քեզ պատիվ տամ...
- Ուրիշ անգամ, էսօր մեզ մի խանգարի։ -
- Բա իմալ կըլնի... Չհարգե՞մ, չսիրե՞մ քեզ...
- Հեռվից, հեռվից . Էսօր մեր մուռ հանելու օրն է...
Անծանոթ պարոնը շփոթվեց, մենք լկտիաբար ծիծաղեցինք, մեր լկտիանալու օրն Էր...
Հետո պարոնը՝ կոնյակ ուղարկեց մեր սեղանին ու հեռվում նստած բաժակ էր բարձրացնում` Մհերի համար: Դեմքին երանություն, աչքերի մեջ ակնածանք, պաշտամունք... Նայում էի ընկերոջս ու մտածում ի՞նչ մեծ երջանկյություն է դերասան լինելը, ուրիշ էլ ո՞վ, ո՞ր պաշտոնյան, աշխարհի հզորներից ո՞ր մեկը կարող է արժանանալ այսպիսի հարգանքի, այսպիսի սիրո...
Վաթսունվեց թվականին առաջին անգամ Մայր թատրոնը մեկնեց արտասահման հյուրախաղերի: Իջանք Բեյրութի օդակայանը։ Հազարավոր մարդիկ ասեն ծեփված են նրա շենքին, բոլոր հարկերի պատուհաններից, պատշգամբներից գոռում-գոչում են, ծափահարում: Զարմացած աջ ու ձախ ենք նայում՝ այս ի՞նչ բազմություն է, ի՞նչ է պատահել... Հայերն էին, եկել էին մեզ դիմավորելու: Դեռ ուշքի չէինք եկել, ընկանք սրանց գիրկը: Բեյրութահայերը առաջին անգամն էին տեսնում Հայրենիքից եկած այսպիսի խումբ: Հնարավոր չէ պատմել թե ինչ էր կատարվում, ծաղիկները ծով, լացն ու արցունքը ծով: Անհասկանալի է՝ մարդիկ բարձրաձայն ծիծաղո՞ւմ են, թե՞ հեկեկում, իրար հրելով ձգվում են դեպի մեզ՝ որ գրկեն համբուրեն, մի կերպ կպչեն լիզեն... Տարեց նանիկները թոոնիկներին ձեռքներն առած՝ իրար գլխի վրայից պարզում են դեպի մեզ.
- Ձեռքդ տուր, յաւրիկս, բռնե, շոյե, հպվիր, Հայրենիքի համն է, Հայրենիքի հոտն է...
Ամբոխ է, ժխոր, ճչոցներ, ժպիտ, հարց ու հարցումներ, միևնույն է, իրար չենք լսում, մենք շփոթված, մոլորված, արցունքները մարել են մեր աչքերը, արցունքները հոսում են, հոսում...
Մել չեն ճանաչում, չգիտեն ով ով է, թերևս Փափազյանի անունն են լսած կամ տեսած տարիքավորները, բայց դա ինչ նշանակություն ունի կարոտից այապակված սրտերի համար, մեզ դիմավորող, սսպասող հարյուր, երկուհարյուր- հազարանոց հայության համար… Հայրենիքից ենք… Հսկա ամբոխը ալեկոծվում է, լաց է լինում, մենք լաց ենք լինում, իրար թաց երես ենք պաչում, իրականում արցունք են պաչում…
Աշխարհը շուռ եկավ մեզ համար: Ցնցված էինք: Հեղաշրջվեցինք, մեր միտքը լույս դառավ ու տեսանք այն անմարդկային անդունդը, որով տասնյակ տարիներ մեզ բաժանել են, կտրել մեր հարազատներից, մեր կեսից: Մենք միայն աղոտ գաղափար ենք ունեցել Սփյուռքի մասին: Այս աշխարհը չկար մեզ համար, խաբված ենք եղել, խաբված ու ստորացած, և կոմունիզմն էլ սոցիալիզմն էլ, սովետականն էլ, ինչով որ մեզ կերակրել էին մինչև հիմա՝ այս հուզված, խեղված, այս լացող մարդկանց դեմ է եղել... Հայերը նկել էին իրենց մեքենաներով, որ մեզ պատվով, շուքով հասցնեն հյուրանոց, բայց մեր ղեկավարությունը և հատուկ հիմնարկից եկած հատուկ մարդը աչալուրջ են՝ կարողանում են զատել մել ու լցնել մի ավտոբուսի մեջ: Կոլեկտիվ ենք...
Հյուրանոցում տեղավորվելուց հետո անմիջապես կոլեկտիվի հավաք են անում: Մեզ նորից են հրահանգներ տալիս, դաստիարակում, ուշքի են բերում, սարսափեցնում են վախեցնում են, տնայնացնում են… Մեր ղեկավարությանը քոմագ է գալիս մեր դեսպանատան հատուկ բաժնի հատուկ հայ մարդը: Զգոն եղեք, զգուշացեք, հիշեք, աչալուրջ եղեք, ձեր շուրջը վխտում են լրտեսներ, թշնամիներ, սադրիչներ, գաղափարական մեր թշնամիները: Դաշնակցականները, ամեն վնաս կարող են հասցնել… Սուտ… Ափաշկարա սուտ,.. ո՞վ կհավատա այլևս: Միայն միամիտ Ավետը, օրերով հյուրանոցի նախասրահից դուրս չէր գալիս, «Կազբեկը» ծխելով քայլում էր.
- Հատուկ նշանակված եմ Փափազի վրա, հանկարծ դաշնակցականների հետ չհանդիպի՞...
Մհերը խաղաց Պաղտասար ախպար, և խմբի ստորակարգումները խախտվեցին, համայնքը՝ ազատ, բնական, առողջ ամեն մեկի դրեց իր տեղը՝ ըստ արժանիքի, կոչումներից անկախ: Մհերը միանգամից դարձավ անկառավարելի, անհսկելի, դարձավ բոլորինը: Դաշնակցականները, որ լուսն էին և զգույշ, չլինի թե մեզ հետ շփվելով եւ վնաս հասցնեն, Մհերի հարցում չդիմացան, կորցրին իրենց զգուշավո րությունը: Նրա Պաղտիկը դարձավ հյուրախաղերի զարդը: Վաթսունվեցի հյուրախաղերը Բեյրութում Մհեր Մկրտչյանը դարձրեց իրենը, իր ամենօրյա բենեֆիսները և իր հռչակում անմրցելի էր: Թերևս Աբաջյանն էլ, որ համայնքի համար բացեց Պարույր Սևակի աշխարհը՝ շռայլ ու շռայլ...
Ազգային հպարտություն էր Մհերը Բեյրութում: Օտարության մեջ, Հայրենիքից կտրված, ծարավ մարդիկ նրա մի ջոցով վերգտնում էին իրենց, գիտակցում, որ կան, իրենք ժողովուրդ են, երկիր ունեն, տաղանդներ ունեն, Մհեր Մկրտչյան ունեն…
Մի հսկա, մի ծանր քարի տակից է Սանամ քույրիկը հանել նրան, դուրս է քաշել լույս աշխարհ մեզ համար, ինքը՝ հսկա մի ժայռաբեկոր է հայոց թատերարվեստի ուսին տանում ծանր-ծանր… Շնորհալի մարդը Աստծո կողմից շնորհվում ազգին, բացառիկ է ու թանկ…
Մեկ էլ ի՞նչ հիշեցի, Ֆրունզ: «Ռոմեո և Ջուլիետը», քո տգեղության հմայքը, քո զարմանալի Մերկուցիոն վերածննդի ազնվազարմ ոսկյա երիտասարդին… Ասենք, որ իմանան՝ եվրոպացիներից առաջ, մենք կոտրեցինք ավանդական-դասական՝ կեղծ ռումանտիզմը, Կապուլետների և Մոնտեգյուների տղաներին դուրս բերինք փողոց, փողոցի կյանք տվինք, կենդանացրինք, շնչեցրինք լիաթոք ապրեցրինք բեմի վրա իսկական սիրով ու ատելությամբ, իսկական կովելով, իսկական մեռնելով...
Մեր ընկերը՝ Հենրիկ Հարությունյանը, մենամարտի ուսուցիչ, էն, որ թողեց մեզ՝ գնաց Ամերիկաները, ինչքա՞ն աշխատեց մեզ հետ, ինչքա՞ն տանջվեց, որ մեզ սովորեցնի մենամարտի բարձր արվեստը: Եվ դու էիր վերածննդի առաջին պճնամոլը բեմի վրա, և քեզ հետ մենամարտելով գիտեմ, թե մահն աչքիդ առաջ, կարմիր վարդը ձեռքիդ ինչպե՞ս էիր մենամարտում և ինչքան էիր՝ այդ պահին գեղեցկանում… Ապշելու բան էր… խտացված կիրք, կենտրոնացում, հանդուգն, ազատ, մահն արհամարհող՝ խաղ, խաղ... Ու հանկարծ անսսասելի լռություն... Մահացու վերք, Տիբալտի խարդախ հարվածը... Ջահելի, կյանքը դեռ չվայելած, ջահելի մահ, Քո Մերկուցիոյի, շրջապատի ամենափայլուն երիտասարդի աչքերի մեջ մահվան գիտակցություն... աչքերիդ մեջ ի՞նչ ողբերգություն, ինչ հանդիմանանք շրջապատին՝ եթե մահ կա, եթե խաղ չէր սա՝ այս ի՞նչ ենք անում, ի՞նչ թշնամություն, մարդի՛կ, քո դիմաց կանգնած ես էի կարդում քո փակվող աչքերը, տեսնում հայացքդ, որ ճչում էր ասես, դա աղաղակ-բողոք էր՝ անտեղի է, անարդար, անմիտ է մահը...
Հրաշալի էիր խաղում այդ դերը... Հիանում էի ամեն անգամ, զարմանում՝ իմ մեծ ընկեր, իմ հպարտություն…
Թբիլիսիի ո՞ր թաղամասում էինք, ա, Սոլոլակում՝ հին Թիֆլիսի հայոց բարձր խավի շրջանում: Յուրի Երզնկյանը, դու, ես՝ մեր դերազգեստներով հսկա ծառի, հսկա սաղարթի տակ, կանաչ ներկած նստարանին նստած՝ մշակում էինք մեր երկխոսությունը, «Խաթաբալա» ֆիլմի սուտ թաղման տեսարանի համար: Մենք հորինում էինք ու մենք էլ առաջինը կոտորվում ծիծառից եվ ինչքան էր զվարթ իմ հոգին, այսպես ասած, ստեղծագործական որոնումների մեջ, որ քեզ հետ եմ անում իմ սիրած գործը: Թատրոնը զվարթ գործ է, դերասանությունը և՛ աշխատանք է, և՛ աշխատանք չի, ուրախ, պայծառ, քրտինքը քաղցր, հաճելի… Եթե հաճույք չկա, եթե զրկվել ես, կամ զրկել են քեզ՝ չափից ավելի լրջությամբ ու կարդասցությամբ, նման դերասանությունը հեշտ է դարձնել պատիժ, դա թատրոն չէ ուրեմն: Հիմնարկ է: Տանել չեմ կարողանում թատրոնում տխուր, ճնշված, կյանքի թելը կորցրած մարդկանց…
Աճեմյանն իմաստուն էր և այս առումով, գիտեր, որ լավ խաղալ կարելի է միայն ԽԱՂ անելով... Եվ հետո, և դրանից առաջ կինոյում, թատրոնում շատ անգամ եմ քո խաղընկերը եղել և միշտ հեշտ, թեթև հաճույքով, անբռնազբոս, որովհետև դերասանություն անելիս երջանկությունդ անպակաս է, հոգիդ ժպտուն է, դու՝ դու ես…
Արդեն վաղուց քեզ հետ չեմ աշխատել, հետաքրքիր է, հո չե՞ս կորցրել գեղեցիկ քո հատկությունները… Հո չե՞ս մոռացել մարդկանց հետ կատակելը, սովորեցնելը, նրանց կյանքը թեթևացնելը…
Մեկ էլ էն եմ հիշում, որ մենք միասին, առաջին անգամ կարծեմ միասին, նկարահանվում էինք: Տեր ու ծառան ֆիլմում: Աշտարակի հյուրանոցում (Օշականում էին նկարահանումները) երեկոները փակվում էինք կիսախավարի քո սենյակում ու երկու ծառաներ քրքրում, քուջուջ էինք անում մեր դերերը՝ թե էլ ի՞նչ գտնենք վաղվա համար: Այդ օրերին էր, որ քեզնից սովորեցի փորձ անելիս չամաչել, ընկերոջից չամաչել, ճիշտ ու սխալ բացվել։ Այսինքն անել մեր գործը մասնագիտորեն: Դերասանի մասնագիտություն, ընկերովի գործ, լուծը երկուսով քաշելու, երկուսով, երեքով, շատով… էս ենք մենք...
Աշտարակի հյուրանոցում էր մնում և լուսահոգի Թադևոս Սարյանը, հայ հանճարեղ դերասաններից մեկը չգնահատված… Մի օր երեքով էինք, Սարյանն արդեն վատառողջ էր, ես էլ շաբլոն մի հարց տվեցի, մի քիչ պաթետիկ.
- Ի՞նչ կուզենայիք խաղալ, ի՞նչ եք երազում... - Առանց այն էլ խոշոր մի աչքը չռեց վրաս, երկա՜ր նայեց...
- Երազում եմ... - մրմնջաց քթի մեջ, - երազում եմ... Ուզում եմ առողջ լինել... Նախ և առաջ…
Վեց տասնամյակ ապրեցինք, ինչ-որ բաներ գիտենք այս աշխարհից, բայց շատ բան էլ չգիտենք... Օրինակ, գիտենք, որ ժամանակը թանկ է, բայց ինչպե՛ս տնօրինենք, ինչպե՛ս խնայենք՝ չգիտենք… Եվ ի՞նչ բան է ժամանակը, ո՞վ է, ովքե՞ր են նրա կառավարիչները…
Մեր օրերի վատ նշաններից` մեկն էլ այն է, որ ժամանակը դուրս է շարոում ժողովրդի կյանքից թատրոնը... Վատ նշան է, որովհետև ճիշտ է՝ հացն է մեզ մարդ պահում, բայց հացը հոգու հետ է լինում, որովհետև հացը ոգեղեն սկիզբ ունի.
Ի՞նչ ենք անելու գոնե մեր հասկացածով…
Սրանով խոսքս ավարտում եմ մեր ժամանակի մեծագույն դերասանի մասին: Անկրկնելի է Մհեր Մկրտչյանը բոլոր մեծերի նման, երկրորդը չի լինելու, և դա ճիշտ է, թող ուրիշները գան… Մեծերը անհետ չեն անցնում, նրանք բեմում մի բան են թողնում, որ պետք է հոտոտել, գտնես, սնվես, զորանաս, փոխանցես հաջորդին…
Հաջորդին փոխանցես... Անպայման փոխանցել…
Ֆրունզ, քո մասին խոսելով տեսար՝ ուր ասես գնացի, ինչի՞ ասես ձեռ տվի: Կներես, բայց ինձ թվում է այս ամենը քեզ հետ կապ ունի... Չնայած ո՞վ գիտի… Չկարծես, թե այլևս քեզ ասելու բան չունեմ, պարզապես քո վաթսունամյակին պատշաճ է, որ չերկարացնեմ, խոսքը տամ ուրիշներին էլ…
… Երազում եմ նախ և առաջ առողջ լինես...
Չտխրես, իմ վաթսունը քոնից մի տարի շուտ էր, ուրեմն մի տարով քեզնից մեծ եմ: Հա, ի դեպ ասեմ, որ բացի Արցախի թերթից, ոչ ոք չհիշեց:
Եվ չկասկածես, հարյուրամյակդ մեծ շուքով տոնելու ազգդ, այ կտեսնե՛ս ա... Մեծ արտիստի օրը մեծ տոն է սարքելու... Համազգային... Դեռ մի բան էլ դենը...
Տաղանդավոր մարդու հաղթանակը գեղեցիկ է, որովհետև միանգամից դառնում է ազգային հարստություն և մտնում է համաշխարհային գանձարան…
Ֆրունզ, առանց հոգու, առանց հոգեվորության ազգը հաց չի ունենալու...
ՍՈՍ Սարգսյան
Նյութի Աղբյուրը ՛՛Արվեստ՛՛Փետրվար, 1991 10.