Սեղմիր
ՖԵԼԻԵՏՈՆ

03.10.2023   02:12

Զանգվածային մշակույթի հանդեպ մեզանում ոչ անարդարացիորեն ձևավորվել է հակասական վերբերմունք ու դրանից սերող մերժողական նախատրամադրվածություն: Պատճառը բոլորս էլ գիտենք. առավելագույն անկեղծության անվան տակ էժանագին միջոցներով` հետևողների մեծաքանակ հանրույթի մեջ տարատեսակ զգացողություններ հարուցող ցածրակարգ նյութն է: Հիմնականում պլեբեյական ու լյումպենային շրջանակներին լիցքաթափող կիտչային կիսագռեհիկ կոնտենտը, որը էմոցիոնալ ինտելեկտի նվազագույն շեմը չուրացած անձանց նույնիսկ ագրեսիվ հակադարձման է սադրում: Հետո, մանկուց որակին բնաջնջել երազող քանակը` իր ծնած կարծեցյալ ճանաչում-փառքով, տվյալ ‹‹մշակութային գործիչ›› կոչվածի ֆինանսական դրությանն է պսեվդոարժեքային կարգավիճակ տալիս: Խլրտուն խուտուտչիների երկնակամարի լյուքս դասի շարքում տեղավորում նրա հեղինակություն ասվածը՝ վերջինիս մատուցած կասկածելի ծառայությունները թանկարժեք կամ էլ գերթանկարժեք դարձնելով:

Իսկ եթե հանկարծ տվյալ հացկատակը ստեղծագործական անցյալի բերումով կամ էլ պետություն թվացող թուլամորթ հիպերհամակարգի թողտվությամբ նաև վաստակավորի կամ այլ պատկառելի կոչում է ձեռք գցած լինում*` երկրի ապագայի ձևային հիմք արժեհամակարգը գրեթե անդառնալիորեն է տանուլ տրվում:


* Ինչպես օրինակ՝ վաստակավոր արտիստի կոչումի շնորհմամբ մուղամախառն ձայնարկուն մեղմ ասած գերարժեվորվեց կամ էլ ներկայիս պատգամավոր նախկին քաղաքապետը գիտության գրանիտից մտավորականության շիրմաքար կերտեց:


Թատերախոսականի սկսվածքի համար ապրելու վերջին հույսն ու ցանկությունը խլելու աստիճան էքզիստենիցալ է թվում այսպիսի նախաբանը, բայց, ցավոք, վերոնշյալ մտահոգեկան ախտի տարածումը հայտնի ոմանց ձեռամբ հաջողացրել և շարունակում է համընդգրկունության մոտիվներով ընդլայնվել: Չենք չափազանցնում, բայց  եթե Խորենացին մեր օրերի գերէկզոտիկ Հայոց պատմությունը գրեր, ապա մի քանի տող էլ Հ1-ի հանգույն կողբար: Լացի ծիծաղով տրագիֆարսային վերջաբանում գլխավոր հեռուստաալիքին խիստ բնորոշ կերպով կհիշատակեր, քանի որ պատմահոր նշած արժեբանական ողբերգության արտացոլանքը կարծես թե բոլորիս հարկերի շնորհիվ աշխատող Հանրային հեռուստաընկերության գործելաոճում է նկատելի դառնում: Եթե մեզ ստիպելով մի պահ մոռանանք էլ ‹‹հանրային բենզալցակայանի կոմիտասյան արկածախնդրությունը›› որպես օրինաչափություն դիտարկելու նրանց ինքնախայտառակիչ ճիգերը, ապա չենք կարող չարձանագրել, որ երկրի հեռուստաեթերային չափանիշը լինելուն կոչված ընկերությունը չի խորշում եթեր տրամադրել դատարկամիտ ալյա հումորիստի** անբովանդակ հռհռոցին:


** Բարձրակարգ կատակաբան լինելու համար բնատուր հումորի սուր զգացումով օժտված լինելուց զատ, պետք է նաև առնվազն էրուդիտ լինես, որպեսզի արածդ բոսյակային գռեհկամտության չվերածվի:

Բնականաբար չենք կարող նաև հռետորաբար չհարցնել պատկան մարմիններին, թե բարոյահոգեբանական ի՞նչ օգուտ է տալիս դա ժողովրդին ընդհանրապես, և երիտասարդ հեռուստադիտողին (ով նոր ձևավորվող թատերասերն ու ապագա դերասանն է) մասնավորապես: Չէ՞ որ այդ կերպ Հանրային հեռուստաընկերությունը մեգահանրային դեմք ու երևույթ է դարձնում որակական ցածրակարգ ծագումը ու միանգամայն ըմբռնելի է դառնում, թե ինչու՞ էր մեր վաղ միջնադարյան պատմագիրը ժողովրդականների վնասագործության այսպես ասած ‹‹ողբասացը›› դարձել: Ինչ արած, եթե հանրայինում հանգրվանած պրոդուսինգի ‹‹աստվածների›› հոգևոր չափումների հիթ շքերթում ծեքծեքուն քաղքենության ու լատենտային գավառամտության համակցումից ծագող կոկած ‹‹պորճակերպությունն›› է առաջանայինը, ուրեմն սպասենք, և երևի թե չզարմանանք, եթե մի գեղեցիկ օր էլ ձայնային պերֆորմանսի պատրվակումով ինչ-որ մեկի կողմից հետույքին ակուստիկ ազատություն տալու ինքնահատուկ ակտը հեռուստաեթեր բաց թողնվի: Ընդ որում, եթե ժողովրդական ցասում հարուցի տվյալ բացթողումը, կգտնվի էթիկետի կոպիտ սխալը լղոզել տքնող մի խրոխտ խելապուտուկ, ով կջանա մարդկանց համոզել, որ նրանք հանիրավի են վիրավորվել ու զայրացել: Ախր նա հայրենանվեր մղումներից դրդված է այդ ինքնատիպ քայլին դիմել***,  և դուք՝ հետամնաց տգետնե˜րդ, չե՛ք էլ պատկերացնում, թե այս գաստրոէնտրոլոգիական սխրանքը ինչպիսի դրական ազդեցություն է ունենում լսողության էսթետիկական դաստիրակաության հարցում: Եվ առաջադեմ այս արարածի՝ հեռուստաեթերից պարգևած ակուստիկ թրթիռների թերապևտիկ նշանակության մասին էլ ավելորդ է խոսելը:


***Հանրայինի իմիտացիոն ինքնօրինակությունից երևի թե մի ամբողջ դոկտորական թեզի նյութ դուրս կգա:

Փոխարենը, եթե հիշյալ հեռուստաընկերության ներկայացուցիչներից ոմանց հուշես արվեստի փորձագիտական այնպիսի հաղորդաշար նախաձեռնել, որը տարվա ամիսներից որևիցե մի օրում արվեստաբաններին, հաջորդ ամիս կինոգետներին, ապա երաժշտագետներին, այնուհետև ժամանակակից արվեստի քննադատներին ու մշակութաբաններին և այպես շարունակ՝ թատերագետներին, գրականագետներին և պարագետներին մասնագիտական հանրային քննարկման հնարավորություն կտա, այնպես շփոթահար դեմքիդ կնայեն, որ կարծես թմրամոլների կոլեկտիվ խրախճանք առաջարկած լինես: Դե իհարկե, իրենք վերացման շեմին հայտնված մասնագիտությունների պարբերական հեռուստատեսային հանրահռչակման հետ (դա է պետականամետ մտածողությունը) ի՞նչ կապ ու գործ ունեն: Իրենց խորթ է գիտելիքահենքը, իրենցը ամբոխավարությանը հաճոյացող ժամավաճառությունն է, որն անգամ ինտելեկտուալ ժամանցի ստորին շեմին չի հասնում: Մինչդեռ մենք ի դեմս կատարելատիպ Վարդան Պետրոսյանի, զուրկ չենք քաղաքակրթական նորմին չհակասող ինտելեկտուալ ժամանցից: Այդպիսի ‹‹ուսյալ ժամանցին›› մերձակա երևույթ կարելի էր համարել նաև ‹‹Արմմոնո պլյուս›› թատերական փառատոնի ընթացքում Նվարդ Դուդուկչյանի ներկայացրած ‹‹Պարզապես կին›› ստեղծագործությունը:

Դերասանուհու ենթադրյալ կամ իրական, միգուցե նաև երկուսի միախառնումից ստեծված կյանքը ներկայացնող երիտասարդ կնոջ պատմություն: Առաջին փաստը, որ աչքի էր զարնում, դա դերասանուհու զգայական փորձառության ավելացմամաբ պայմանավորված կենսահայացքի ակնհայտ հասունությունն էր՝ մի քանի տարի առաջ նրա մենախաղային ներկայության հետ համեմատած: Ամենքը չէ, որ կարողանում են այդքան կարճ ժամանակահատվածում այդօրինակ աճ գրանցել: Թեպետ էմոցիոնալ անկեղծության առյուծի բաժինը պարունակող սկզբնամասում խոսքի մեջ նկատելի էր հուզմունքի հետևանք ավելորդ ոգևորության նմանող զգացողությունը: Բերանբաց խաղին ցեղակից այսրոպեական անմնացորդությամբ արտահայտչական ինքնասպառումի վտանգի առջև կանգնելը, որը, բարեբախտաբար, կարճ ժամանակ անց հաղթահարվեց: Այնու, որ այն հատվածում, որտեղ գերակշռում էր արտաքին արտահայտչականության ծագում ունեցող ձևացումն ու փոքրիշատե նմանակումը, արդեն դյուրացվում էր կերպարային խնդրի լուծումը: Ավելին, նկատելի էր նաև նմանակվող անձնանց ներկայությամբ այդ գործընթացը անցկացնելու խաղային հաճույքը: Երևի թե նաև այսպիսի օրինակները նկատի ուներ Կոնստանտին Ստանիսլավսկին, երբ դերասաններին ասում էր հետևյալը. այն ժամանակ բեմական հավատի անհրաժեշտ մակարդակին կհասնեն, երբ իրենց խաղում կլինեն այնպես, ինչպես երեխաները խաղալիս:

Նման ենթադատողության համար հիմք է ծառայում նաև խաղային այս վիճակի փոքր-ինչ այլաձև օրինակը: Տարիներ առաջ արձանագրել ենք այն՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում Հ.Թումանյանի հեքիաթների հիման վրա Արամ Մխիթարյանի բեմավորած կոնտամինացիոն ներկայացման ընթացքում Ալլա Դարբինյանի  բեմական բերկրալից ինքնազգացողության հետ առերեսվելիս: Ասենք ավելին, հաճելի տրմադրությունը ուրախալիորեն առանց բացասական փոխակերպման փոխանցվում էր հանդիսականին: Եվ տարօրինակ չէ, որ պայմանաձևային տարբեր օրինակներում (մի տեղ՝ ձևացումի ու նմանակումի ‹‹չարաճճիության››, մեկ այլ տեղ՝ մանկական հեքիաթի հրաշախառն ու մանկավուն աշխարհում լինելու անմիջականության) համանման հոգեկան գործընթացներ՝ ընդհանուր առմամբ խաղային հաճույք է առաջացրել: Ի վերջո, ինչպես Հենրիկ Հովհաննիսյանն է Յոհան Հոյզինգայի ‹‹Խաղացող մարդը›› աշխատության առթիվ նկատել, խա՛ղն է արվեստի ձևային հիմքը: Ըստ որում չափազանց կարևոր է, դերասանի համար, եթե ոչ ըմբռնել, ապա գոնե զգալ, թե ո՞րն է իր խաղի ձևային հիմքը:

Առանց այդ նվազագույն ընկալման գլուխ է բարձրացնում էմոցիոնալ կողմնորոշման բարձիթողիության տպավորություն թողնող արտահայտչական խառնաշփոթը: Անորոշության մեջ խարխափող դերասանը պաշտպանական բնազդով սկսում է, իրեն ազդեցիկ թվացած այլոց արտահայտչական տարրերով ‹‹հարստացնել›› դերապատկերը, որպեսզի իր կարծած ազդեցիկությամբ փոխհատուցի կատարողականի ձևաբանական ընկալման բացից եկող թերացումը: Մոտավորապես այսօրինակ իրավիճակից բխող իրողություն կարելի է համարել ներկայացման ընթացքում Նվարդ Դուդուկչյանի խոսքի հնչերանգում Լուսինե Կոստանյանի արտահայտչաձևային հետքերի երբեմնակի սպրդումները: Արտիստական խառնվածքին հատուկ ինքնակեցությամբ լիուլի օժտված Կոստանյանն, իհարկե, մեր դերասանական համայնքի այն բացառիկ ներկայացուցիչներից է, ում ներազդու էմոցիոնալ խորությունն իր հոգեզգացական լրիվությամբ ներկայանալու մենախաղային առիթ դեռևս չի ունեցել ցավոք: Այդուհանդերձ, Դուդուկչյանը պետք է մեկընդմիշտ հասկանա, որ կատարողական արվեստի հարատևության նախապայմաններից մեկը այդ կատարողի ինդիվիդուալությունն է:

Ուստի և գեղարվեստական կշիռ ունեցող մեկնաբանություններն էլ նաև իրենց տարատեսակությամբ են այդքան հետաքրքական: Այսինքն, իր և սունդուկյանցու էմոցիոնալ խորությունները տարբեր են թե՛ աստիճանով (տարիքային կենսափորձ), թե՛ ներքին ձևով (հուզաշխարհ, ես կոնցեպցիայում տիրող համակցողական ֆորմատից ձևաստեղծվող խառնվածք): Հետևաբար, ձևաբովանդակային էկլետիկայից խուսափելու համար պետք է կտրականապես զերծ մնալ արտահայտչաձևի փոխառման պրակտիկայից: Փորձել սեփական ինքնակեցության շերտերում պեղել արտահայտչական ելակետերը: Ի դեպ, բեմականորեն լավորակ փաստավավերագրության գաղափարահուզական ելակետը ինքնակեցությունն է որ կա: Այլ խնդիր է, որ թե այն ժանրային ինչպիսի մեկնաբանություն ու վերարտադրություն կստանա: Թվում է,  թե շահեկան վիճակում է հայտնվում դոկումենտալ նյութին դիմողը, երբ կատակերգական դիտանկյունից է այն մեկնում: Բայց հատկապես մենախաղային պայմանաձևում դիպվածագրության կատակերգականացումը ենթաժանրային զեղծարարության գիրկն ընկնելու վտանգ է առաջացնում, քանի որ գրեթե անտեսանելի է դարձնում Stend up-ի և կատակերգական տարրերով հագեցած մոնոներկայացման միջև եղած ներարտահայտչական սահմանը:

Առաջինում՝ դոկումենտալ ծագման կենսամշակութային նյութի իրոնիկ-նմանահանումն է, երբեմն էլ գրոտեսկային պարոդիան, երկրորդում՝ պոստմոդեռնիզմի արտահայտչակարգին հարող մոդելը՝ եղելության ինքնահեգնական նրբահմուտ մեկնությունը, եթե անգամ կենսական նյութում առկա է ‹‹ցածրադիր›› կոմիզմին հարմար եկող կենցաղային բաղադրիչը: Այս պայմանական դասակարգման օրինակներ կարելի է համարել Արմ Մոնո միջազգային փառատոնի խաղացանկից Նվարդ Դուդուկչյանի ներկայիս ‹‹Պարզապես կին›› և ոչ հեռու հեռավոր անցյալում Նարինե Գրիգորյանի ‹‹Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է›› ներկայացումները:****


****Ամենևին անհամդրելին չենք համեմատում, որովհետև այդպես կլիներ, եթե Նվարդ Դուդուկչյանի աշխատանքը Հրանտ Մաթևոսյանի ‹‹Գոմեշը›› ստեղծագործության հիման վրա տիեզերանիստ բնափիլիսոփայական ընդհանրացումների հանգեցնող Նարինե Գրիգորյանի համանուն բեմապատումի հետ զուգահեռեինք:

Թեև երկուսում էլ առկա է դոկումենտալ գործոնը, սակայն երիտասարդ դերասանուհու ինքնախաղը հաճախակի Stend up-ային հոգետրամաբանության տիրույթում էր, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, մեծ մասամբ ավագ քրոջ պատմությունը ներկայացնելիս, մենախաղի: Ու թող չթվա, թե մեկը մյուսին ստորադասելու միտում ունենք, բնավ: Պարզապես ենթաժանրային տարբաժանումների տեսանկյունից խաղաձևային տարբերությունն է ակնառու, ինչը պարտավոր ենք արձանագրել: Թե չէ ինտելեկտուալ ժամանցի դրսևորման առումով Նվարդ Դուդուկչյանի դերակատարումը դիտարժան աշխատանք է, և մնում է հուսալ, որ հետագայում ներկայումս ունեցած արտահայտչական խնդիրներից կկարողանա ձերբազատվել:

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

1419 հոգի