30.10.2023 00:58
Ներկայացնում ենք Աղավնի Մեսրոպյանի հուշերը Գրիգոր Զոհրապի մասին։
Հեղինակը Կոմիտասի սանն է եղել և ժամանակի մշակութային կյանքի հետաքրքիր դեմքերից:
Ըստ իր պատմածներուն, Զոհրապի թատերասիրությունը սկսած է իր պատանեկան տարիներեն, երբ կհաճախեր Օրթագյուղի1 թարգմանչաց վարժարանը: Պատանի Զոհրապը իր դասատունրուն մեջ ամենեն շատ կապվեցավ հայերեն և ֆրանսերեն լեզվի երկու դասատուներուն՝ բանաստեղծ Թովմաս Թերեզյանին և Սրապիոն Թղլեանին, որոնք հայտնի էին իբրև թատերասեր, տրամատիկ - թատերական թարգմանիչներ: Այդ երկու դասատուները իրենց թատերական թարգմանություններով գերեցին խումբ մը աշակերտներ, որոնցմե մեկը Զոհրապն էր: Պատանի Զոհրապի սիրտը շատ փափագեց նետվել դեպի հայ բեմը. ան իր ապագայի շատ երազներ հյուսեց հայ թատրոնի շուրջը, բայց իր մահը խանգարեց ծրագիրները: Զոհրապի պատանի օրերու թատերասիրության մասին հետևյալ դրվագը պատմեց Հակոբ Գուրգենը.
1. Պոլսո արվարձան
Օրթագյուղի թարգմանչաց վարժարանի աշակերտ 16-ամյա Գրիգոր Զոհրապը, խումբ մը դասընկերներուն հետ, մնայուն հաճախորդ էր Օրթագյուղի հայ թատրոնին: Գրիգորիկը, իր մատաղ հոգվույն ամբողջ սիրովը տարված էր նշանավոր դերասանուհի Հրաչյայով: Կպատմեին, որ պատանի Զոհրապը իրենց ծանոթներուն պարտեզներեն մեջ ծաղկեփունջեր կկազմեր, և շաբաթ երեկոները, ներկայացումներեն վերջ, կընծայեր պաշտեցյալ դերասանուհիին:
Այդ երեկոներեն մին, ըստ սովորականին, ծաղկեփունջը ձեռքին, պատանի Գրիգորիկը թատրոն մտավ: Սակայն, երկար ատեն վարագույրը` չի բացվեցավ, անհամբեր հասարակությունը բեմեն կլսեր աղմկալից ձայներ, որոնք հետզհետե բարձրաձայն ընդվզման կփոխվեին: Գրիգորիկը բեմի ետև կնետվի, իր այնքան սիրած դերասանուհին կգտանե նվաղումի պահու մը վրա: Արթնամիտ պատանին իսկույն կտեսնե իր աչքերուն առջև պարզվող տեսարանին շարժառիթ դերասանական նախանձը, կբոցավառվի անոր հոգին ու կուզե զգետնել իր պաշտելի դերասանուհիի թշնամիները...
Բայց պահ մը հիշելով հասարակության պահանջը, կծնրադրի մեծ Հրաչյային առջև և կխնդրե բեմ դուրս գալ՝ ի սեր հասարակության և զինքը պաշտտող հայ ուսանողության և ծաղկեփունջը քաղցր խոսքերով կերկարի Հրաչյային, որ սթափվելով, արցունքոտ աչքերով և դողդոջուն շրթերով իրեն ընծայված ծաղկեփունջը համբուրելով, իր դեմ արձանացած ռեժիսյորին կըսե, «Կխնդրեմ անմիջապես հասարակության հայտարարել, որ ուշացման մեղքս պիտի քավեմ օրվան հասույթը նվիրելով աղքատախնամին»:
Զոհրապը մինչև իր կյանքին վերջին տարին մնաց Պոլոս հայ թատրոնին նյութապես և բարոյապես օժանդակող մը: Երբեք չի դադարեցավ մտերիմ արվեստագետներու շրջանակին մեջ կըրկնելե, որ «արվեստներուն ամենաբարոյացուցիչը թատերական արվեստն է»: Այս համոզման պատճառով, շատ դժվարահաճ էր դեպի դերասանները: Միշտ պաշտամունքի հասնող ակնածանքով կխոսեր Ադամյանի, Տիկին Արուսյակ Փափազյանի, Հրաչյայի, Եվգինե Գարագաշի, Սիրանույշի մասին, որոնց բարձրարվեստ խաղը կբաղդատեր Ֆրանսիայի մեծանուն դերասանուհի Սառա Պեռնարի խաղին հետ:
Կիրակի օր մը, Իսկյուտարի թուրք թատրոնը պերճ ծանուցումներու շնորհիվ գրավեց թուրք և հայ հոծ բազմությունը մը: Այնտեղ էր Զոհրապը իր քանի մը, մտերիմներով։ Կներկայացվեր «Հովիովին աղջիկը» մելոդրամը որուն հերոսուհու և երկրոդ դերակատարուհու դերերը վերցուցած էին «շնորհալի դերասանուհիներ» կոչեցյալ թրքուհիներ՝ Բերուզը և Շամիրամը, որոնք իրենց լպիրշ շարժումներով զզվանք կպատճառեին: Առաջին վարագույրեն ետքը, թատրոնի թուրք ռեժիսորը, շահադիտական նկատառումներով Զոհրապին մոտեցավ և խոսք մը մուրաց անկե, նա սակայն արհամարհեց թատրոնի անունը աղտոտող այս նողկալի բանայիրը2 սա բառերով՝ «կցավիմ, որ թատերական թյուրիմացության դերակատարները զույգ մը թշվառներ են, որոնք կշահագործվին «նշանավոր դերասանուհիներուն» անվան տակ»: որ Երկրորդ վարագույրը չբացված ան զայրացած մեկնեցավ այնտեղևն: Այդ օրեն, հայաշատ կեդրոններուն մեջ այլևս չերևացին այդ գույգ մը «ոչ դերասանները»:
2. Խեղկատակություն (թուրքերեն)
1911-ին ամեն անգամ, երբ երիտասարդ, տաղանդավոր դերասան Վահրամ Փափազյանը կերեվար Պոլսահայ բեմին վրա, ինչպես շատերի, անոր արվեստով կհիանար Գրիգոր Զոհրապը։ Մեծ իրավաբանը հաճախ անձամբ շնորհավորելով, իր անունով շքեղ ծաղկեփունջ կնվիրեր անոր և ամեն անգամ մեծ հպարտությամբ կհիշեր, որ Վահրամ Փափազյանը դեռ պատանի, դպրոցականի օրերեն դեպի բեմ մղողներեն մեկը ինքը եղած է:
1913-ի գարնան, երբ Զարիֆյան, Սաթենիկ Ադամյան ռուսահայ թատերական խումբը երկամսյա ներկայացումներով ոգևորեց պոլսահայ հասարակությունը թատերասեր Զոհրապը ամեն ներկայացման ներկա ըլլալով իր օթյակին մեջ, միշտ կխոսեր պոլսահայության համար նման մնայուն խումբի մը անհրաժեշտության մասին:
Նույն տարվա ձմռան, Օդեոնի թատրոնին մեջ Վահրամ Փափազյանի Համլետի ներկայացումին վերջ, երբ հասարակությունը օվացեաներով դիմավորեց երիտասարդ դերասանը, Զոհրապը ոտքի կանգնած, խանդավառությամբ` կծափահարեր, կկրկներ, «Արժանի է արժանի, Վահրամ Փափազյանը հաջորդն է Պետրոս Ադամյանի»: Թատերասեր Զոհրապը եվրոպական թատրոնն ալ շատ սիրեց, բայց միշտ ընդգրկեց ազգային ինքնուրույն թատրոնի դաստիարակիչ մեծ նշանակությունը:
ԶՈՀՐԱՊԸ ԵՐԱԺՇՏՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գրիգոր Զոհրապը արևելյան երաժշտության սիրահար էր: Պոլսո համբավավոր խանենտեները3, առանց ազգի խտրության, իր սիրելի բարեկամներեն էին: Զոհրապը իր կյանքի մեծագույն վայելքը երաժշտության մեջ կգտներ և կսիրեր ակնարկելով, «ո՞ր մարդն է, որ ինքնամոռացության պիտի չենթարկվի հոգեզմայլ երաժշտության առջև»:
3. ժողովրդական երգիչ
Հացկերույթներու ընթացքին, Զոհրապն իր օղիի առաջին բաժակը նվագողներուն կենացը պարպեր, և զանոնք բնության բացառիկ օժտեալներն ու կյանքի փիլիսոփաները կանվաներ: Զոհրապն այնքան մեծ հարգանք կտածեր երգիչներու հանդեպ, որ երբ դատի պաշտպանությունը կմերժվեր, դատին տերերը Զոհրապի սիրելի ժողովրդական, այս կամ այն նշանավոր երաժշտի միջնորդության կդիմեին, վստահ ըլլալով, որ իրավաբանը պիտի չմերժեր իրեն հասցեյված խնդրանքը։
Զոհրապին էֆթիկ հալային թոռնուհիին (տողերս գրողին մորեղբոր աղջիկը) հարսանիքին ի ատիվ Զոհրապի կնքահայրության, պալատական ինճե - սազի4 խումբը եկած էր: Հարսանեկան սեղանին, Զոհրապն իր առաջին բաժակը առաջարկեց, հարսանիքը փայլեցնող նվադածուներուն կենացը: Հարսանիքի վերջավորության, երբ նվագողները կմեկնեին, Զոհրապը իր շնորհակալության արտահայտություններուն հետ՝ արծաթյա ծխատուփ մը նվիրեց անոնց պետին, ըսելով. «Զոհրապիս հիշելով, ամենքդ ալ անուշ հրամմեցեք», նվագածուն առավ թանկագին ծխատուփը, կրկին և կրկին խոնարհեցավ անոր առջև և պատասխանեց. «Երկար կյանք և հազար փառք նման հիշատակներով մեզ հարգող Զոհրապ բեյին»:
4. Արևելյան երաժիշտներու խումբ
Զոհրապի արևելյան դասական երաժշտության սիրահար մը ըլլալուն լուրը հասած էր Ռումելի-Հիսարի5 սարալանջին վրա ապրող Մեվլեվիի նվագածուներուն ականջը: Անոնք երկար` տարիներ իրենց հայտնի նվագածուներուն միջոցով գրավեցին երաժշտասեր մեծ փաստաբանին բարեկամությունը: Հիշյալ վանքի շեյխերն անվանի սրնգահար Րուհին և քեմանջեճի Ջեմիլը Զոհրապի ոչ մի հրավերը չէին մերժեր: Զոհրապին մտերիմ մեծամեծները իրենց տոնական ամեն մեկ խրախճանաքին, երբ հիշյալ նվագածուներեն կմերժվեին, կդիմեին Զոհրապի միջամտությանը:
5. Վոսփորի ծովափնյա գյուղ
1911 - 1915 թվականների ամռանը Վոսփորի և Մարմարայի վրա երթևեկող շոգենավերուն մեջ ուրբաթ6 օրերը ընդհանրապես Զոհրապին կհանդիպեի: Ան շրջապատված կըլլար իր հայ գրող ընկերներեն, որոնց հետ` զբոսանքի կերթար:
6. Թուրքերու կիրակին, հանզստի օր
Երբ Զոհրապը նավահանգիստ կիջներ, անոր հետևորդներուն մեջ կերևային խումբ մը պոլսո հայտնի երաժիշտներ:
Ուրբաթ օր մը, Վարդավառի տոնի նախօրյակին, քրոջս հետ, մեր ուսուցչուհի Սիպիլենց հյուր կերթայինք: Շոգենավին մեջ Զոհրապին հանդիպեցանք, որ Կոմիտասի և քանի մը գրողք ընկերներու հետ իր ամառանոցը կերթար։ Երբ շոգենավ Հայ կղզիին նավամատույցը հասավ, նվագածուներու քանի մը վեճի մը բռնվեցան: Անոնցմե յուրաքանչյուրը իրեն իրավունք կուտար Զոհրապին հետևելու, իբրև թե նախօրոք անոր կողմեն հրավիրված ը րաս ը ըլլալուն. Զոհրապ ծիծաղելով անոնց մոտեցավ. Ինչու կվիճիք, - ըսավ - չէ՞ որ չորս խումբ ալ ես եմ հրավիրեր ամենքդ ալ հյուրերս եք: Ձեր շնորհիվ Հայ կղզին պիտի տոնե իր ավանդական վարդավառը: Հայ կղզին ի սպառ դրեք ձեր շնորքըն: Զոհրապ ի մեծ ուրախություն երաժիշտներուն, զանոնք ուղարկեց Հայ կզղիի հյուրանոցը ճաշելու:
Վարդավառի տոնին առթիվ Հայ կղզիի մեջ Զոհրապի կազմակերպած խրախճանքը երկու օր գիշեր ոգևորեց կղզիին հայ բնակչությունը: Իսկական ժողովրդական տոն մըն էր: Հայ կղզիի ամառային արձակուրդի եկածները միացան գյուղի բնակչության: Շնորհիվ Զոհրապի նախաձեռնության և անոր ստեղծած մթնոլորտին, երկու օր մինչև ուշ գիշեր հայ երգն ու պարը արձագանքեցին կղզիի սարալանջերուն հսկա ժայռերը:
Կոմիտասն իր երգերով Զոհրապին առիթ տվավ փառաբանելու հայ ժողովրդական երաժշտությունն ու անոր մեծ մշակ՝ Կոմիտասը։ Զոհրապի խնդրանքով, Կոմիտասը երգեց «Մոկաց Միրզան»: Երբ երգը վերջացավ, Զոհրապը գրկեց Կոմիտասը և հուզված ձայնով ըսավ. «Հայր սուրբ, փառք, հազար փառք, հայ ժողովրդական երգը ապրեցնողիդ... Երբեք չմտահոգվիս, ես կանգնած եմ կռնակդ»:7
7. Ակնարկություն՝ Կոմիտասի ցուցադրական համերգներուն դեմ թուրք կառավարության հաճախակի խոչընդոտների:
Վարդավառի տոնախմբությունը վերջացավ: Պոլիս մեկնող հյուրերը նավամատույցին վրա երբ իրարու հրաժեշտ կուտային, ժողովրդի բուռն կեցցեներուն մեջ, Կոմիտասը և Զոհրապը բաժանման ատեն խանդաղատանքով ողջագուրվեցան:
Վոսփորի կամ Մարմարայի վրա երթևեկող շոգենավերուն մեջ երբեմն ալ Զոհրապին հանդիպեցա, երբ ան միայնակ, հայացքը ծովին հառած իր ժողովուրդին բարօրման երազները կհյուսեր: Կպատահեր, որ հանկարծ, այդ պահերուն, շոզենավին մեկ ծայրին, հանդարտ ջուրերուն ծփանքներուն հետ, հրաշքի մը պես լսվեր Զոհրապին սիրած մեկ եղանակը։ Նման օրեր, Զոհրապը նավամատույցն իջնելուն, զինքը հիշող նվագածուին խաթրխոշ կըներ...։8
8. Նյութապես կվարձատրեր
1911 - 1915-ի ամառները Պեոյուք-տերե, Բազար Պաշի9 ամառանոց գնացողը ականատես եղավ Զոհրապի ուրբաթօրյա հաճախակի քեյֆերուն: Հյունքյարի և Ճըռ-ճըռ սուի անտառներուն, թե Ֆոլտաքի կամ Պաշիի ծովափնյա պարտեզներուն մեջ, հայտնի նվագածուները կհասնեին անոր ետեվեն: Բնության այս հրաշագեղ անկյունները որքան մոտ էին կյանքը սիրող Զոհրապի հոգվույն:
9. Վոսփորի եվրոպական ափունքնէրը
1912-ին, Սիպիլ և Հրանդ Ասատուրենց մասնակցությամբ Եսայան Սանուցի ժողով գումարվեցավ։ Հասութաբեր պարահանդես մը տալու խնդիրը կքննվեր։ Այնտեղ էր նաև Զոհրապը։ Ժողովի սկզբնավորության, մոտակա պարտեզեն լսվող երգը ու երաժշտությունը ալեկոծեցին երաժշտասեր Զոհրապին հոգին: Մոռանալով ժողովը և ժողովականները, ձեռքը գանգին դրած, ինքնամփոփ՝ լսելե վերջ, ճանչցավ երգչի քաղցրահունչ ձայնը։ Սպասուհիին միջոցով ոսկի մը ուղարկեց երգիչ Պիմենին և երկտողով մը խնդրեց երգը կրկնել։
Ուրիշ անգամ մը Սիպիլենց տունը Վարդանանցի տոնի օր մը, մտերմական երեկույթի մը կմասանակցեր նաև Գրիգոր Զոհրապը: Խումբ մը նորավարտ երաժշտուհիներս, որոնց մեջ էր նաև Սիպիլի աղջիկը՝ Ադրինեն, մեծ ոգևորությամբ, բազմազան գործիքներով, անդադար կնվագեինք մեր սիրած եվրոպական դասական կտորներեն։ Հանկարծ, մեր մեկ դադարին, հարևան պարտեզեն լսվող արևելյան երգի մը հնչյունները հասան մինչև մեզ...
Զոհրապը մոտենալով իր վաղեմի մտերիմ ընկերոջ Հրանդին, կամացուկ ըսավ. «Հրանդս, դեպի պարտեղը տուր10 մը ընենք»: Հրանդը զգալով իր ընկերոջ անդիմադրելի սերը լսվող երաժշտության հանդեպ, ծիծաղելով պատասխանեց. «Եղբայր պատվական, քեզ վայելելու համար կամ տուներնիս պիտի փոխենք, կամ քովի պարտեզը գոցել տալու ճարը պիտի նայինք»: Զոհրապը զվարթությամբ վրա բերավ. «Ոչ Հրանդս, կմաղթեմ, որ թե ձեր տունը, թե այս պարտեզը հավիտենապես իրենց տեղերը մնան»։
10. Պարաշրջան (ֆրանսերեն)
ԶՈՀՐԱՊԸ՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈւԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ
Հակառակ Զոհրապի արևելյան երաժշտության թունդ սիրահար մը ըլլալուն, 1911-ին Կոմիտասի Պոլսո մեջ հայ ժողովրդական երգերու առաջին համերգեն սկսյալ, Զոհրապը Կոմիտաս վարդապետի երկրպագուն դարձավ: Ան, հայ մեծ երաժշտի անփոխարինելի բարեկամներեն մեկը եղավ և իր կարելին ըրավ, Կոմիտասի գործունեության դեմ թուրքական կառավարության հարուցած խոչընդոտներու վերացման համար: Ըստ Կոմիտասի արտահայտության՝ «Պոլսո պես հայատյաց ռեժմի մը տակ, առանց Գրիգոր Զոհրապին հայ ժողովրդական երգի կոմիտասյան ցուցադրական համերգներուն հաջողությունները անհնար կդառնային»: Զոհրապ կպատասխաներ անոր՝ «Հայ ժողովրդական երգի աննման կատարումդ և խոր երաժշտագիտությունդ զիս այնպես հմայեցին, որ մինչև կյանքիս վերջը քու դեմդ եղած խոչընդոտներուն դեմ պայքարելու ուժ ունիմ»:
1911 - 1915 Կոմիտասի Պոլսո մեջ կազմակերպած համերգներուն Զոհրապը միշտ ներկա էր իրեն հատկացված պատվո օթյակին կամ առաջին կարգերու բազկաթոռներուն մեջ: Այդ համերգներուն ան տասնյակ տոմսեր կուղարկեը թուրք մտավորականներուն, որպեսզի անոնք լսեն հայ ժողովրդական երաժշտությունը և ճանչնան զայն ստեղծող ժողովուրդն ու անոր երաժիշտ զավակը: 1913-ին Մեսրոպյան գիրերու գյուտին 1000 - ամյակին առթիվ, Կոմիտաս վարդապետի կազմակերպած 8-օրյա համերգները Բերայեն մինչև Պոլսո հայաշատ արվարձանները ապահովվեցան միայն և միայն Գրիգոր Զոհրապի միջնորդությամբ։