24.10. 2023 03:46
Վահրամ Փափազյանի արխիվը թերթելիս ինձ ցնցեց ընտիր հայերենով գրված մի նամակ, որը թեև իմ հետաքրքրությունների շրջանակից դուրս էր, սակայն ի թիվս մի քանի նյութերի, այն ևս քսերոքս արի և պահեցի մոտս: Ինձ թվաց, թե մեկն այնտեղից օգնություն է ձայնում և անհնար է նրան չունկնդրել: Ամեն անգամ այդ թղթին հաղորդվելիս ինձ թվում էր անտես եմ արել մարդկային սրտի տրոփը, մայր Հայրենիքին պարզված թևերը… Եվ անհարմար էի զգում, թեև ես ոչնչով և մանավանդ այդքան ուշացումով չէի կարող որևէ օգնություն ցույց տալ: Հիմա ես ուզում եմ այդ նամակի սրտաշարժ ձայնը լսելի դարձնել նաև ուրիշներին - այս անգամ բոլորովին այլ դիտանկյունից: Այն վերաբերվում է մեր թատրոնի երկու մեծերին՝ Վ. Փափազյանին և Մ. Ջանանին՝ գրված Բեյրութից: Նամակագիրը Ջանանի քրոջ՝ Հայկանուշի դուստրն է, որն իր մոր և Թորգոմ մորեղբոր որդու՝ Միհրանի անունից է դիմում Փափազյանին։ Այդ նամակում Ջանանի քույրը նախ ողջունում է վարպետին՝ սփյուռքի հայությանն ուղղված ռադիոելույթի առիթով, երանությամբ հիշում այն օրերը, երբ երիտասարդ Փափազյանը Պոլսում իր հայրենակիցներին բազում հոգեզմայլ ժամեր էր պարգևում Համլետի, Օթելլոյի, Քինի խաղերով։ Այնուհետև նամակագիրը խնդրում է Փափազյանին որևէ լուր ուղարկել մի ժամանակ իր «բեմի ընկեր» եղած Մկրտիչ Ջանանի ու նրա ընտանիքի մասին, որովհետև երկար տարիներ իրենք չունեին «ոչ իսկ մի լուր, ոչ իսկ մի երկտող»։ Փափազյանին օգնելու համար նա հիշեցնում է Ջանանի որդուն՝ կոնսերվատորիայում սովորող Ռոստոմին և կնոջը՝ Ադրինեին, գրում նրանց երևանյան հասցեները: «Շատ ու շատ կուզեի,- գրում է նա,- եթե ոևէ լուր ունիք և կամ ոևէ միջոց ունիք, ի սեր մարդկության և ընկերասիրության, հետաքրքովեիք և մեզի լուր մը ղրկեիք։ Ինչ որ պատահած է իրականությունը իմանալու միշտ ուժը ունինք»։ Նամակը գրված է 1956-ի մարտի 19-ին՝ Բեյրութից:
Ջանանը մեկուսացվել է և մահացել... (ավելի ճիշտ զոհվել) 1938-ին։ Անցել է 18 տարի, և քույրն ու հարազատները դեռևս չգիտեն նրա որտեղ և ինչպես լինելը... Որքա՜ն հաստաբեստ ու ահալի են եղել պատերը... Ժամանակին Փափազյանի նամակների առթիվ թերթել էի և Ջանանի արխիվը ու ոչինչ չէի գտել, բայց համոզված եմ, որ վարպետը շատ զգայուն էր դեպի իր նամակագիրները և անպատասխան չէր թողնի այդ նամակը։ Անպատասխան չի թողել ժամանակին և Ջանանի նամակները։ Բայց այն ծանր տարիներին ոչնչացվել է ամեն ինչ, և Ջանանի մի-երկու նամակից ենք իմանում, թե որքան մեծ ու սերտ կապ է եղել նրանց միջև, ճաշակի, հակումների, մտածելակերպի որքա՜ն ընդհանրություն։ Չէ՞ որ հիմնավոր հայեցի կրթություն են ստացել, խաղացել են այնտեղ՝ Պոլսում, միասին էլ թևավորված Հայրենիքի կանչով եկել են Հայաստան: Օտարի բռնատիրության մեջ մտքի ու գեղեցիկի օազիսներ դարձած հայ գեղաշնորհ երիտասարդներն ուրիշ որտե՞ղ կարող էին լինել, երբ այս փոքրիկ հողում նրանց խնկելի ոստանն էր շինվում: Մի քանիսն էին, եկան հոգու մղումով, նախնիներից եկած կուտակումներով մայրենիին ծառայելու։ Որքա՞ն և ինչպե՜ս էին նրանք իրենց պատրաստել այդ օրվա համար: Հայ մշակույթի և դպրության ներկայացուցիչները միշտ էլ ձգտել են դուրս գալ թուրքական բռնապետության տիրույթներից և Եվրոպայի լավագույն քաղաքներում գիտելիք ամբարել՝ իրենց ժողովրդին որևէ կերպ օգտակար լինելու համար: Որպես կանոն նրանք առաջինը լինում էին Փարիզում, որտեղ, ինչպես Ջանանն է մի առիթով գրել, «փողոցն անգամ արվեստի ըմբռնողության խորունկ ազդակ էր»։ 1919-ին Ջանանը մեկնեց Փարիզ, ընդունվեց կոնսերվատորիայի դրամատիկական բաժինը՝ աշակերտելով նշանավոր ողբերգակ Պոլ Մունեին, միաժամանակ հետևեց Ալյանս Ֆրանսեզի և Սորբոնի համալսարանի Գրականության և արվեստի դասընթացներին: Ուսումնածարավ երիտասարդը նետվում էր թատրոնները, դիտում բոլորին և ամեն ինչ, նետվում համալսարան ու մշակութային օջախներ: Այստեղ էլ միտք հղացավ լինելու Շեքսպիրի հայրենիքում: Ստրեդֆորդ, Լոնդոն, Մանչեստր, մեծ ու փոքր ուրիշ քաղաքներ, շփում անգլիահայ գաղութի հետ... Հետո վերադարձավ Փարիզ և այնտեղից Շվեյցարիա, Իտալիա, կրկին Փարիզ և ապա... Պոլիս: 1921-ին պոլսահայ կյանքում հրաշալի մի իրադարձություն եղավ, որը վերստին համախմբեց ցանուցիր եղած դերասանական ուժերը: Մեծ բանաստեղծը՝ Հովհ. Թումանյանը լինելով Պոլսում, Թիֆլիսի օրինակով հիմնադրեց Հայարտուն, բուռն աշխուժություն հաղորդելով գրական ու թատերական կյանքին: Ավաղ, կարճ տևեց. կրկին բռնություններ, որոնք կրկին ամայացրին հայ լույսի օջախները։ Ահա այդ ժամանակ էր, որ մի խումբ դերասաններ և նրանց թվում Ջանանն իր դերասանուհի կնոջ՝ Ադրիկի հետ եկան Հայաստան։ Եկան՝ համոզված, որ պետք է զօր ու գիշեր տքնեն, անկարելին անեն իր բախտը գտած փոքրիկ այս ոստանի համար, բայց... անվստահության հանդիպեցին ուրիշ՝ «կապիտալի աշխարհից եկած» լինելու համար։ Ջանում էին տասնապատիկ եռանդով, հարյուրապատիկ նվիրումով «մաքրել» իրենց վրայից այդ «խարանը»։ Տարակույսներ ևս ունեցան մեծ ու գունեղ, բազմադեմ ու բազմազան արվեստի փոխարեն՝ «հեղափոխական - արվեստ, քաղաքական դիրքեր, կոլեկտիվ ստեղծագործություն»։ Ջանանն էլ ջանում էր ա՛յդ կերպ նվիրվել, նրա էությունը խորապես հասկանալով արարել «նոր ժամանակներին արժանի արվեստ»։ Կեցվածք չկար նրա մեջ, անկեղծ այրումը, ջերմեռանդությունը, զոհաբերման պատրաստ լինելու մղումն էր ընկած նրա խոսքի ու գործի հիմքում: Եվ հուզիչ հայրենասիրությունը ո՛չ խոսքով, այլ գործով: Իր գործի առաջամարտիկը լինելու մղումն այնքան մեծ էր, որ Ջանանը սկզբում «հալած յուղի տեղ» էր ընդունում այն ամենը, ինչ քարոզում էին մայրաքաղաքից եկած կամ ղեկավարության անունից արվող պատգամները: Բնական է, նա ևս զերծ չմնաց ժամանակի նատուրալիստական ու կոպիտ սոցիոլոգիական մտածողության ազդեցությունից, սակայն այդ ամենը հասկանալի են դառնում մարդու և արվեստագետի անկեղծ ու բոլորանվեր այրումով, այն առաքելության գիտակցումով, որ նա իրեն վերապահում էր այստեղ: Ավելորդ չենք համարում մի քանի տող մեջբերել 1923-ին «Պայքար»-ի № 11-ում Ջանանի ունեցած մի հրապարակումից, որտեղ պարզումեկին երևում է, թե ընդամենը մեկ տարի առաջ Հայրենիքում հանգրվանած արվեստագետն ինչպե՛ս է ուզում սեփական բաժինը բերել այն պայքարին, որ տարվում էր ազգային ոճի որոնման ուղղությամբ։ «Դեպի մեր երկրի ու ժողովրդի ներսերը» հոդվածի նույնիսկ մի քանի տողը պերճախոսում է նախ Ջանանի իսկական հայրենասիրության, ապա և գեղարվեստական մտածողության, հարուստ լեզվի ու շարադրանքի անմիջականության մասին։
«Ջանանք մեր արվեստին տալ մեր լեռների սլացիկ ու վերամբարձ վսեմությունը, նրանց խոռոչների խորհրդավոր լռությամբ ու նրանց գագաթների բազմագաղթն ու լայնածավալ խորությամբ։ Աշխատենք ճանաչել մեր ժողովուրդը. նրա մեծամասնության վայրը եղող գյուղը, գիտակցենք, որ նա դեռ ապրում է... անլուսամուտ խորշերում ու տաքանում թրիքի բոցով, և նրա դեմքը ծամածռվում է ու կարծրանում է նույն թրիքի ծխից։ Մեր արվեստագետները պիտի մտնեն այդ վայրերը, հոգ չէ, թե միառժամանակ նրանց արվեստից ևս անհաճո ծխի հոտ կգա: Պիտի ջանալ մտնելու այդ ժողովրդի մեջ, բանալ նրա հյուղակում ու սրտում լուսամուտներ ու պարզել նրա աչքերին պայծառ հորիզոններ: ... Այդ աշխատանքի ընթացքին կգտնենք մեր ոճը: Եվ մի գեղեցիկ օր, երբ մեր գյուղերը կլուսավորվեն, և մեր երկրի թրիքի ծուխին տեղ կբարձրանա գործարանների ծուխը, այդ ատեն մեր ժողովրդի ծոցում սնված արվեստագետները իրավունք կստանան ճակատբաց ցուցադրել իրենց ժողովրդից ու բնությունից բխող ոճավորյալ արվեստը»։
Եվ ի՞նչ անհեթեթություն, որքան այդ եռաստեղությունը՝ Փափազը, Ջանանը, Արուսը օր ու գիշեր տքնում էին, քամում միտքն ու երևակայությունը, թարգմանում, բեմադրում, խաղում, թատերական ասուլիսներում հանդես գալիս սեփական որոնումներն ու հայեցակետը արտահայտող ելույթներով՝ այնքան մեծանում էր ար- վեստակիցների հետ ունեցած անջրպետը: Ամենից շատ իրենք էին զբաղված, ամենից շատ իրենք էին խաղում և ընդունվում հանդիսատեսից, և ամենից շատ իրենց շուրջն էր թանձրանում անվստահության մթնոլորտը։ Իրենց յուրաքանչյուր ստեղծագործական ազատ, ոչ սովորական դրսևորումը քննադատվում ու հորջորջվում էր անհատապաշտական, կոլեկտիվախույզ: Վառ ու ցայտուն անհատականությունը, բոլորի նման չմտածողը, «կոլեկտիվից զատվողը» արդեն իսկ պոտենցիալ «դասակարգային թշնամի» էր կամ առնվազն «անջատողական» ու «խորթ էլեմենտ» (այդպես էլ ասում էին)։ Իրենց «արդարացնելու» համար պոլսահայերը տասնապատկում էին իրենց ջանքերը, բայց հենց դրանով էլ մեծացնում էին ուրիշների հետ ունեցած տարբերությունը։ Նրանք այսօր ներկայանում են որպես ողբերգական անհատականություններ, որոնք ճիգ ու ջանք չէին խնայում դավանած հայացքներին ու սկզբունքներին հավատարիմ մնալու համար: Դժվար է ասել Ջանանի ու նրա սերնդակիցների (որոնք առաջինը մեզանում մարմնավորեցին մեծ դասականներին) ստեղծագործական բախտավորությունն էր մեծ, թե՞ դժբախտությունը, քանի որ նոր «պրոլետարական արվեստը» մերժելով ամեն ձև ու ոճ, առաջադրեց իրենը, որն աստիճանաբար հանգելու էր գույների միօրինակության, միտումնավորության և պլակատի: Իսկ այդ արվեստոը տնօրինողների ձախ ու շփոթ մտածելակերպը, կուսակցական ղեկավարների զարգացման ցածր մակարդակը, ամեն ինչ քաղաքական բովանդակությամբ պարուրելու միտումը, պարզապես անելանելի վիճակի մեջ էր դնում արվեստագետներին: Այդ ամենին ավելանում էր ստալինյան կամայականությունների ամեն ինչ խեղող, կործանիչ մթնոլորտը, որը սովորական էր դարձնում առաջատար մտավորականության, «աուտո-դաֆեն»... Ավելի ծանր ու վիրավորական «տրագիֆարս» կարո՞ղ է լինել, քան թատերական գործիչների 1936-ի ապրիլի 3—8-ի ժողովը, ուր «Պրավդայի» հրապարակումից հետո (այն նույն «Պրավդայի») սկսվեց «աուտո - դաֆեն»: Ժողովում «հնարավորություն» էր տրված թատրոնի մարդկանց ինքնախարազանումով «մեղա գալու...», ապաշխարելու՝ «ֆորմալիզմի, մանրբուրժուական հայացքներին ու դասակարգային խորթ ազդեցություններին տուրք տալու» և ուրիշ շատ չունեցած մեղքերի համար… Քննադատում էին դրսից ու ներսից, դրսից՝ մամուլն ու կուսակցական ճակատը, ներսից՝ կուրսակցական ակտիվիստներն ու միջակությունները, գործի համար ամենից քիչ այրվող, ամենից քիչ կյանք ու ավյուն վատնող և քիչ զբաղված դերասանները։ Ժամանակին Փափազյանը չդիմացավ - ճեղքեց պարիսպը և դուրս պրծավ-սավառնեց հեռուները։ Մնացին Արուսն ու Ջանանը, որոնց վիճակը օրեցօր ծանրանում էր: Արուսը խաղում էր ամեն օր, իսկ կիրակի օրերը՝ նաև ցերեկը, խաղում կիսամերկ իր Ռաուտենդլայնին ու Դեզդեմոնային: Առանց թոքերի բորբոքումից ապաքինվելու բեմ էր բարձրանում, որպեսզի մեղանչած չլինի թատրոնի «կոլեկտիվ դիրքերի» դեմ: Բայց ի՞նչ օգուտ. նրան շարունակում էին «մշակել»: Վատացող առողջության ու նյարդային ծանր վիճակի հետևանքով 1927-ին նա դիմում տվեց ու հեռացավ թատրոնից:
Իսկ Ջանա՞նը... Շատ բան տեսած Փափազյանը գրել է, որ «այնպիսի Պետրուչիո, որպիսին Ջանանն էր, հետագայում չտեսա ոչ մեզանում, ոչ էլ օտար բեմերում»:
Ջանանը՝ ջլապինդ, առողջ ու կամային այդ երիտասարդն ինքը մի ամբողջ թատրոն էր: Նա մի քանի թատրոն հիմնադրեց. դրանց մեջ էր բանվորական թատրոնը, այն օջախը, ուր մայր թատրոնի ղեկավարությունից դժգոհ արվեստագետները բեղուն ստեղծագործական կյանք ապրեցին 1928-36 թվականներին: Այստեղ առաջին անգամ Պարոնյանը հնչեց Ջանանի ջանքերով և այնքան բարձրարվեստ մեկնաբանությամբ ու դերակատարումներով, որ հետո այդ ներկայացումները մտան մայր թատրոնի խաղացանկ: «Մեծապատիվ մուրացկանների» բեմականացումը՝ Վ. Թոթովենցի հետ, «Պաղտասար աղբարի» երկու բեմադրությունները՝ արդարացիորեն մեր իրականության մեջ երգիծաբանի լավագույն գիտակի ու մեկնաբանի համբավ բերին նրան: Բեմական հրաշալի արտաքինով, հնչեղ ձայնով, կերպարի նկարագիրը բոլոր անկյուններով ու խորքով պեղելու մեթոդով, վառ երևակայությամբ, պլաստիկայով, անկրկնելի ու հազվագյուտ դիմախաղով ու մեծ հմայքով աչքի ընկած դերասանը, որ մեր թատրոն բերեց իր բեմի ու դերասանի արվեստի ազնիվ գեղագիտությունը, եղավ անկրկնելի Յագո, Պետրուչիո, Աբիսողոմ աղա, Օրգոն, Օգսեն, Քաղաքապետ, անսպառ եռանդ ուներ, ինքնատիպ մտահղացումներ: Նա մեզանում առաջին խոշոր դիմանկարային բնութագրման դերասանն էր։ Դիտեցեք նրա լուսանկարները և կհամոզվեք՝ ոչ մեկը մյուսին նման չեն։ Ջանանը միաժամանակ գրչի մարդ էր, նովելներ ու պատմվածքներ էր գրում, սկսեց նաև պիեսներ գրել: «Բանվոր՝ քեռին Արևելքում» այն տարիներին և հետո երկար ժամանակ պատանիների խաղացանկի զարդն էր, իսկ «Շահնամեն»՝ խորհրդահայ թատերագրության նշանավոր գործերից մեկը հաղթարշավով անցավ ոչ միայն հայ, այլև եղբայրական հանրապետությունների բեմերով: Թերթում ես ժամանակի մամուլը և զարմանում, չկա մշակութային կյանքի որևէ իրադարձություն, որի կենտրոնում չլինի Ջանանը: Նրա բանավոր ու գրավոր ելույթները արծարծում են թատերարվեստի և թատերագրության հիմնահարցերը, ազգային ոճի որոնման ուղիները, նորօրյա արվեստի ու ոճաբանության սկզբունքները։ Եվ ամեն ինչ վարակիչ ոգևորությամբ, գերող շիտակությամբ, հուզիչ անկեղծությամբ: Եվ խոր իմացություն, լայնախոհություն, գեղարվեստի բարձրագույն չափանիշներից նետված հայացք... բավական է ասել, որ երբ 1934-ին հիմնվեց Հայաստանի գրողների միությունը, ընդունված առաջին յոթ անդամներից մեկը Ջանանն էր (մյուս վեցն էին՝ Շիրվանզադեն, Չարենցը, Թոթովենցը, Դեմիրճյանը, Մ. Մանվելյանը և Գ. Լևոնյանը)։ Ջանանը մեկն էր և հետո ընտրված վարչության 3 անդամներից (մյուսները Շիրվանզադեն և Դեմիրճյանն էին)։
Թուրքական տիրույթից փախած արվեստագետը որպեսզի «ազգայնական» չերևա և «ինտերնացիոնալիզմի սկզբունքները գիտակցած» լինի, Երևանում հիմնեց ադրբեջանական թատրոն (1928 թ.), և քանի որ այդ ժողովրդի կանայք բեմ բարձրանալու գիտակցությունը դեռևս չունեին, իր կնոջը՝ Ադրինեին դարձրեց դրա առաջին դերասանուհին... Մայրենի լեզվին չդավաճանելու համար Պոլսի թուրք թատրոնից հրաժարված դերասանուհի Ադրիկը գնաց ու... մնաց ադրբեջանական թատրոնում՝ մինչև կյանքի վերջը, մորմոքվելով մայրենի բեմում մայրենի լեզվով խաղալու ցանկությունից, մնաց և ամուսնուն կորցնելով ապրում էր վատառողջ, գոյությունը քարշ տալով Հայաստանի ամենախուլ ու հեռավոր անկյուններում, խաղալով օդաներում կամ բացօթյա...
Ջանանը հիմնադրեց և քրդական Թատրոնը ու, որպես կանոն, նա էր պահում դրանք, ստեղծում խաղացանկ, բեմադրում, ձևավորում, հագցնում... Ջանանը հիմնադիրներից եղավ և Պատանի հանդիսատեսի թատրոնի, որի առաջին տարի- ների գործունեությանն ակտիվորեն մասնակցում էր...
Բայց «հաստ ու բարակ մի գին էր»: Մարդիկ, անպայման պակաս օժտված, նախանձ ու անբարյացակամ, չէին բավարարվում «մշակելով»։ Նրանք ջանում էին սեպ խրել մտերիմ բարեկամների միջև, օտարացնել, թունավորել։ Այն տարիներին խանգարելով Փափազյանի ելույթները մայր թատրոնում, նույն այդ մարդիկ թունավորել են նրա միտքը՝ թե խանգարողներից մեկը Ջանանն է։ Իսկ Ջանանը խանդակաթ սեր է տածել Փափազյանի հանդեպ, գնահատել ու մեծարել:
Ստորև առաջին անգամ հրապարակում ենք Ջանանի երկու նամակները, որտեղ արտացոլվում են թատրոնի վիճակը, Ջանանի մտահոգությունները, տարակույսը թատրոնական անառողջ մթնոլորտի համար, իհարկե նաև ժամանակին բնորոշ նատուրալիստական և կոպիտ սոցիոլոգիական մտայնության շորշոփները: Սակայն այստեղ ցոլանում է և թատրոնի մեծ, կիզիչ սերը, ստեղծագործական անհագ ծարավը։ Նույնիսկ թատրոնից դուրս գալով և աշխատանքային որոշակի հեռանկար չունենալով, Ջանանը վերստին փայփայում է ստեղծագործական ծրագրերի ու երազների մի ամբողջ աշխարհ, երազում դրանց մի մասն իրականացնել «Սիրելի Վահրամի» համագործակցությամբ: Փափազյանի անձի ու արվեստի հանդեպ Ջանանը տածել է մեծ սեր, մի գնահատանք ու խոնարհում, որ միայն հատուկ է մեծ հոգիներին: Նաև մեծ արվեստագետներին, որպիսին եղավ ու մնաց Մկրտիչ Ջանանը:
Սիրելի Վահրամ:
Մի երկու շաբաթով գնացել էի Դիլիջան հանգստանալու, վերադարձա և քո նամակը գտա պատասխանում եմ իսկույն: Անորոշ, անորոշ, շատ անորոշ է մեր թատրոնում դրությունը: Տիրում է մի տեսակ անհանգստացնող, արտակարգ խաղաղություն, որը նշան է մեծ փոթորկի:
Արուսը հայտարարել էր վերջնականապես, որ չի ծառայի պետական թատրոնում: Նա ճիշտ է, հիվանդ է, բայց ինձ թվում է, որ նա չկարողացավ իր չծառայելու պատճառները լավ ձևակերպել, և այժմ նրա դեմ ահագին դժգոհություններ կան։ Մասնավորաբար դու շատ լավ պետք է գիտենաս, որ Հայաստանում մասնավոր դեպքերը, մասնավոր դժգոհությունները ընդունում են անմիջապես ընդհանուր պետական բնույթ։ Դա, անշուշտ, դժբախտություն է, բայց և իրականություն է: Իմ հաստատ համոզումն է, որ պետթատրոնի ղեկավարները չկարողացան Արուսի հետ վարվելակերպ ունենալ, իսկ քայքայված ջղերով`Արուսը ասաց նրանց այնպիսի խոսքեր և դրեց այնպիսի պայմաններ, որոնք հեշտությամբ կարելի էր պետական ընդհանուր քաղաքականության դեմ նկատել: Մեզ մոտ իր ամբողջ էությամբ թատրոնական մարդը, որպես ղեկավար, պակասում է, բոլորն էլ թատրոնի համար անփորձ մարդիկ են և երբ փորձառու մարդը կարող պիտի լիներ երկու քաղցր խոսքով, անսահման բարյացակամությամբ, մեծի մեծահոգությամբ ամեն տեսակի կապրիսները հանդարտեցնել մեզ մոտ ընդհակառակն է լինում, ամենաչնչին հարցը սրվում է ու սրվում, մարդիկ սկսում են խռովել, քեն պահել և նույնիսկ տեղը եկած ժամանակ էլ վրեժխնդիր լինել:
Այս բոլորը գրում եմ քեզ, որպեսզի քեզ համար էլ պարզվի, թե ինչո՞ւ քո հանդեպ հաճախ կիրառվում է ինչ-որ աննշմարելի քաղաքականություն։ Շատ ճիշտ և արդար կերպով` քո նախորդ նամակներիցդ մեկում զարմանք էիր հայտնում, թե «ո՞ր մեղքիս համար»։ Սիրելի Վահրամ, մեղք չպետք է փնտրել, այլ պիտի փնտրել թատրոնական մեծահոգությամբ և բաարոնական - յուրահատուկ խառնվածքով ղեկավարություն: Չէ՞ որ ես շատ անգամ անհա- ճո եմ թվում` իմ հանդուգն ճշմարտախոսությամբ, ճշմարտախոսություն, որ բխում է բացառապես մեր թատրոնի ընդհանուր շահերից: Բաց աչքերով տեսնում եք չէ՞, թե ինչպես թատրոնի հետ օրգանական ոչ մի կապ չունեցող պատահական մարդուկներ, հետզհետե դուրս են գցում թատրոնի լավագույն աշխատավորներին: Ի դեպ, խակությունը պաճուճում են զանազան փքուն սկզբունքներով և, դժբախտաբար, հավատք ներշնչում վերևում նստած մարդկանց սկսվում է խաչակրաց արշավանք այնպիսիների դեմ, որոնք անմեղ-անմեղ են շատ խնդիրներում: Վահրամ, պրոլետարական արվեստ, պրոլետարական գաղափարախոսություն, այս բոլորը ինձ համար վերին աստիճանի հարազատ են, բայց արվեստը պահանջում է անկեղծություն և ոգևորություն, իսկ դժբախտաբար չեն հասկանում, որ անկեղծության և ոգևորության ընթացքը արվեստի մեջ բազմապիսի զիգզագներով է արտահայտվում:
Արվեստագետը գավազան կուլ տված բողոքական- պատվելի չէ. նրա հոգին նման է հղի կնկան, որի միտքը հաճախ տարօրինակ բաներ կուզե և եթև մտքին ուզածը չտաս՝ երեխան կարող է վիժել: Սա բնության մեջ ստեղծագործության օրենքն է՝ անթափանցելի կամ դժվարաթափանց մթին խորքերով ու խորհուրդներով: Ինչպիսի արվեստ էլ ուզենաս կերտել, չես կարող խուսափել ստեղծագործության բնական օրենքներից։ Իսկ ով որ ցանկանում է անկեղծորեն ստեղծել առողջ և ներույժ ժամանակակից արվեստ, իրավունք չունի ստեղծագործական օրենքների դեմ կովելու:
Այժմ մոդա է խոսիլ մեծ-մեծ անուններից. Ստանիլավսկի, Վախթանգով, Մեյերխոլդ և այլն: Բայց «ասիկան գյուղացու» սահմանափակ հորիզոնով մերոնք չեն կարողանում հասկանալ, որ թատրոնական այդ մեծ գլոխները ինչպիսի ուղղության էլ պատկանեն, ինչպիսի գաղափարախոսության էլ հետևեն, այնուամենայնիվ ստեղծագործության ազատ պայմանների բացարձակ կուսակիցներ են, իհարկե ազատ՝ ստեղծագործության համար, ոչ թե անձնական հիմարությունների և անարխիստական բնազդների բավարարման: Ուրեմն դարձյալ շեշտվում է անհրաժեշտությունը այնպիսի մարդու, որը թատրոնական փորձված աչքով իսկոյն զանազանի թե ո՛ր տարօրինակությունը բխում է ստեղծագործումից և ո՞ր տարօրինակությունը հիմարությունից կամ ամբարտավանությունից: Երկարեց: Ավելի կարևոր ասելիքներին անցնենք: Ընկերները որոշեցին մնալ Պետթատրոնի դիրքերում և շարունակել գաղափարական կոիվը: Ասում են «ձայն բազմաց ձայն աստծո»։ Լավ, կմնանք: Այսպիսի որոշման մեջ, իհարկե, մեծ չափով ազդեցություն ունի այն հանգամանքը, որ Պետթատրոնից կամ Երևանից դուրս եկողը համարվում է բոլոր կապերը խզած: Անշուշտ, դա սխալ է. երբեմն լինում են նահանջներ, որոնք հաղթանական են ապահովում, նույնպես, լինում են ժամանակավոր հեռացումներ, որոնք Պետթատրոնի օգուտն են երաշխավորում։ Բայց արի ու այդ բանը հասկացրու մեր պետական մարդկանց։ Շատ-շատերը, թվում է, հարկ եղածին չափով չեն կարողանում հասկանալ, թե մենք ինչքա՜ն շատ ենք սիրում մեր թատրոնը և ոչ մի ժամանակավոր հեռացում չի կարող մեր օրգանիզմից անջատել նրան։ Բայց սիրտն այնպիսի բան է, որ ռենտգենով էլ չես կարող ցույց տալ: Այդ է պատճառը, որ հրաժարականի խոսքը հենց որ անում ես, սկսում են ալապուճակ ցույց տալ: Մնացի՛նք, Վահրամ ջան, մնացի՛նք: Գործերը դեռ անպատրաստ են, Բուրջալյանը, ըստ երևույթին, չի էլ գա Երևան, քանի որ Թիֆլիսում մեծ գործեր է ձեռնարկել. «երկուքը մեկ պիտի ընէ»: Երևի նրա հոդվածը կարդացիր «Մարտակոչում»։ Իրեն հայ թատրոնի վերանորոգիչ է երեվակայում: Խոսում է Ստանիսլավսկու տոներով, առանց անուններ տալու հայհոյում է քեզ ու մեզ, շատերին, և ուզում է հայ թատրոնի ոսկեդար ստեղծել Անահիտ Ղուկասյանով, Վեներայով, Թամարայով, Սպիրիդոն Մելիքյանի կնոջով, Գր. Ավագյանով և այլն: Մեր ժողովուրդն ասում է՝ «նամուսն էլ լավ բան է», իսկ Քալանթարը շարունակում է կոկետությունը, պայմաններ է դնում: Էգուց աշխատանքները պիտի սկսվեն, և դեռ հայտնի չէ, մնում է, թե ոչ: Ծո՛, իսկական կոմեդիա է: Խումբը ամբողջությամբ դեռ չէ կազմված։ Սրա եզրակացությունը ինձ թվում է կլինի այն, որ դեկտեմբերի կեսին թատրոնը նորից կընկնի նյութական կրիզի մեջ, թերևս կրկնվի՝ անցյալ տարվա պատմությունը։
Գալով ղազի ձուի գեղեցիկ նմանությանդ, այդ ողբերգությունը թող թաղվի մեր հոգու խորքում և արտահայտվի արվեստի բուռն ու մոլեգին կատարումներով: Ինձ թվում է, որ Շայլոկի արդարությունը ոչ-ոք չի կարող այդքան ճշգրիտ հասկանալ, որքան մենք: Ի դեպ, խոսենք մի քիչ Շայլոկի մասին։ Թույլ տուր, սիրելի Վահրամ, ասել, որ այդ պիեսան ես համարում եմ Շեքսպիրի լավագույն գործերից մին և ուրախ եմ, որ քեզ պես արվեստագետը ձեռնարկում է նրա կատարմանը: Անհամեստություն չէ, եթե ասեմ, որ այդ պիեսայով ես շատ եմ զբաղվել, նույնիսկ ուզեցել եմ խաղալ ինքս, հաճախ կատաղելով այդ պիեսայի և դերի հիմնովին սխալ հասկացողության դեմ: Հիմի որ դու ձեռնարկում ես այդ դերին, առանձնապես հրճվում եմ, որովհետև դա ինձ թերևս հնարավորություն տա վերջերս սրտիցս բխած մի բուռն ցանկություն իրագործելու: Դա պիեսայի բեմադրությունն է: Իմ մեջ ցանկություն չկա պրոֆեսիոնալ ռեժիսոր դառնալու, ես սիրում եմ խաղալը, բայց ցանկություն կա մեկ-մեկ սիրած պիեսան բեմադրելու: Ես գիտեմ, շատ դժվար է քո բարձրության դերասանին բավարարող բեմադրություն տալ, բայց թվում է, որ եթե մենք ընդհանուր մոտեցումների մասին համաձայնության գանք, քո վարպետությունը և իմ ոգևորությունը կարող կլինեն լավագույն դաշնակիցներ դառնալ: Ուրեմն ես տալիս եմ պիեսայի իմ մոտեցման գլխավոր գծերը. առայժմ շատ կարճ և շատ կոպիտ:
1. «Վենետիկի վաճառականը» սոցիալական պիեսա է, որտեղ պետք է պարզ կերպով երևի առևտրական կապիատլի և փողային կապիտալի պարարը, ընդհանուր ֆոն ունենալով իր ժամանակի հասարակական փոխհարաբերությունների տնտեսական հիմունքը։
2. Պարզ կերպով պետք է երևի հակահրեականության տնտեսական պատճառները:
3. Իշխանության և նոր աճող առևտրական կապիտալի փոխհարաբերությունները:
4. Անխնա կերպով հալածվող հրեան և նրա անմեղության բողոքը:
5. Մարդիկ ոճրագործ չեն ծնվում, այլ հասարակական պայմաններն են, որ մարդկանց ոճրագործության են մղում:
6. Հասարակությանը ցույց տալ հալածված մարդը հրեայի մեջ և բացասական տրամադրություն ստեղծել դեպի «ազնիվ» վենետիկցիները և վենետիկյան «արդար» դատարանը:
7. Տեքստի մեջ կատարել որոշ կրճատումներ և անհրաժեշտ հավելումներ, վայել Շեքսպիրի բարձրության և ոգուն:
8. Բեմադրության մեջ կիրառել հեղափոխական ռեալիզմի կոնստրուկցիան:
9. Վերոհիշյալ կետերի կիրառումը հնարավորություն կուտա «Վենետիկի վաճառականը» դարձնել ժամանակակից հասարակության համար ընկալելի:
Եթե համաձայն ես կամ ունես որոշ առարկություններ, գրիր: Իսկ ինչ վերաբերում է, թե որտեղ կբեմադրվի, ապա այդ արդեն պետք է թողնել մոտավոր ապագայի դեպքերի դասավորման: Ոչ դու, ոչ էլ ես արվեստի հանդեպ թեթևորեն մտածողներ չենք. մենք կը պատրաստվենք և կը հասունացնենք պայմաններ մեր նպատակի իրագործման համար։ Բավական է, որ մենք ներքին համաձայնության գանք:
Երեկ Բաքվից մի նամակ ստացա, ինձ հրավիրում են պետդրամայի համար իբրև ռեժիսոր և իբրև դերասան։ Որտեղի՞ց է ծագում նրանց մեջ իբրև ռեժիսոր ինձ հրավիրելը, ես չեմ հասկանում: Քանի որ այստեղ ստորագրած եմ, անշուշտ, պետք է մերժեմ, բայց եթե համաձայնվեն հաճույքով կգնամ երկու բեմադրություն կդնեմ: Իմ այս թեքումի մասին կուզենայի քո անկեղծ կարծիքը:
Լենինական հիանալի թատրոն է, ասում են. արդյոք որտե՞ղ պիտի լինի քո աշխատանքը: Ինչքան կուզենայի, որ ձմեռը նորից լինեիր մեզ մոտ կամ գոնե մոտիկ տեղ, ուր հնարավոր լիներ մեկ-մեկ փախուստ տալ և քեզ տեսնել:
Երևանից հեռագրեցին Ժասմենին Արուսի փոխարեն պատասխանել էր, որ կարիք է զգում 15 օր մտածելու, անցավ 15 օրը և դեռ ոչ մի պատասխան չկա: Պիտի գա՞ այն երանելի օրը, որ Հայ թատրոնի բոլոր ուժերը միանան և անդրկովկասյան շուկան միացնեն, շրջեն, շփվեն նոր հասարակության հետ:
Վահրամ, Երևան եղած ժամանակդ խոսում էիր Մոսկվայում Թաիրովի հետ ռուսական խմբերով ներկայացումներ տալու մասին, ի՞նչ եղավ:
Գրի՛ր, գրի՛ր, գրի՛ր: Քո պատրաստած մյուս դերերից և պիեսաներիդ մասին կը գրենք ուրիշ անգամ։ Այս նամակ առանց այն էլ կոնդակի չափ երկարեց: Զանց եմ առնում իմ մասնավոր կյանքի մասին գրել, որը զուրկ չէ արկածներով, ուրիշ անգամ:
Բարևիր սիրով Դինային համբուրում եմ աղջկանդ աչուկները, համբուրում եմ քեզ:
Հ. Գ. Վահանը և ընկերներդ բարևում են քեզ շատ-շատ։
Մ. Ջանան
25. 06. Երևան
Սիրելի Վահրամ
Սրանից առաջ քեզ մի նամակ էի գրում լիքը լավատեսությամբ: Անցան օրեր, և փոխվեց շատ բան: Պարզ նախանշաններ են երևում, որ մեր պայքարը ուրիշ բան չի եղել, եթե ոչ ջուր ծեծել: Գիտես, որ թատրոնի բարեկարգման համար մեր արած առաջադրությունները պաշտպանվում էին թե թատրոնի ղեկավար կուսակցականների և թե պրոֆմիության կողմից: Այնուամենայնիվ, անբացատրելի պատճառներով լուսժողկոմը պնդում է Մամիկոնի և նրա սիստեմ շարունակության մասին: Նրա քայքայիչ սիստեմի դեմ բողոքողների խնդրին նա տալիս է անձնական բնույթ և ստանձնելով նրա անձի պաշտպանությունը, սեփական արժանապատվության հարց է դարձնում: Ի՞նչ ասես: Դժվար է հակառակը համոզել, եթե մարդը մեր վրա (երևի) վստահություն չունի: Կուսակցական մարդիկ եկան, աշխատեցին, տեսան, ստուգեցին մեր ասածները, բայց այդ բոլորը դեռևս անբավարար է լինում մի մարդուց ձեռք քաշելու համար: Ներկա դեպքում հարցը ավելի պարզ պետք է դնել. ուրեմն, այսինքն կամ մենք սխալվում ենք և պնդելով մեր խաչի վրա, ստեղծում ենք անիմաստ պայքար, որը վնասում է թատրոնի և կամ մենք իրավացի ենք և պետք է գլուխ բերենք այնպիսի դրություն, որ ամեն ինչ լինի բեմի համար և դերասանի ազատ ստեղծագործումին ծառայի: Ինչ էլ որ լինի, թատրոնի շահերի տեսակետից մնում է կողմերից մեկն ու մեկին քաշվել-հեռանալ: Մենք թատրոնին կապված ենք անշահախնդրորեն, ուրեմն առաքինությունը պետք է ունենանք և կունենանք քաշվելու, ցանկանալով, որ մենք սխալված լինենք, և թատրոնը ավելի առողջանա, թարմանա, հառաջադիմի, մեն չենք ուզենա պետթատրոնը սիրելուց խեղդել: Կը քաշվենք:
Թե ո՞ւր կլինի մեր ապագա աշխատանքի վայրը, առայժմ անորոշ է։ Ովքե՞ր կլինեն մեզ հետ՝ այդ էլ չգիտենք, բայց արժանապատվություն ունեցողներ կգտնվեն, որոնք ընդունակ կլինեն որևէ տեղ մի գեղեցիկ գործ կազմակերպելու։ Ամեն մի գործի գրավականը շնորքով, աշխատանքով և ջերմ ընկերակցությամբ է պայմանավորվում։ Բուրջալյանը, ինչպես գրած էի, փոխադրված է Թիֆլիս, Լուսժողկոմը նորից ետ կանչեց նրան Երևան եկավ, բանակցեցին, հանձն առավ Թիֆլիսից սեզոնի ընթացքում մի երկու անգամ գալ և 1-2 պիես բեմադրել: Քալանթարը նույնպես հրաժարական էր տված և բանակցությունների մեջ էր Բաքվի հետ: Գիտես, որ նա ևս մեզ «ճիհատ» հայտարարած էր: Հիմի չգիտենք, թե նրա Բաքու գնալու գործը որքա՞ն է լուրջ: Նրա բանը ո՞վ կհասկանա, նրա ամեն ինչը պոլիշինելի գաղտնիք է։ Լուսժողկումը աշխատում է ամեն կերպ նրան պահել: Երևի նա էլ մի շարք պայմաններ կդնի, ավելի ապահովելու համար թե՛ իր դիրքը և թե՛ նյութական պայմանները։ Կարող է նաև պատահել Ստյոպաներով և այլն Բաքու փոխադրվի, իր ով գիտե:
Այս բոլորից հետո մի խնդիր մեր տղաների հոգու վրա ծանր նստած է, դա Արուսի խնդիրն է: Արուսին մենք միշտ սիրել, փայփայել և պաշտպանել ենք: Նրա դեմ միշտ պրովոկացիաների հեղեղ է եղել. այդ վիժանուտին դեմ, իբրև պատվար մենք մեր կուրծքն ենք դրել։ Երբ Հասմիկին ուզում էին վաստակավոր դարձնել, իսկ Արուսին զրկել այդ կոչումից, մենք ջանք չմնաց, որ չթափենը և հաջողեցինք: Այդ բոլորը մեր պարտականությունն է եղել մեր տաղանդավոր ընկերուհու հանդեպ և մենք արել ենք. ասելն անգամ ամոթ է: Բայց վերջերս նրա գլխին չգիտեմ ի՞նչ քամի փչեց: Նա իր խնդիրը բաժանեց մեր ընդհանուր խնդիրներից: Բռնեց անձնական պահանջները դնելու ճանապարհը, իսկ այդ պահանջներն էլ չկարողացավ լավ ձևակերպել: Նրա գլխավոր առարկությունն է իր ֆիզիկապես` քայքայված լինելը: Նա պայման էր դնում, որ կաշխատի հունվարից հետո, այն էլ Հասմիկից ավելի ռոճիկով և այլն։ Բայց նա հիվանդության ժամանակ Իսահակ Ալիխանյանի հետ միացած խումբ կազմեց և պատրաստվեց բաց անել Լենինականում ամառային սեզոնը: Մենք երկար աշխատեցինք նրան համոզել, որպեսզի հետ կանգնի իրեն խոսքի տակ գցող գործից, բայց իզուր. մի բան էլ նեղացավ մեզանից: Էհ, այդ էլ իր խղճի գորն է:
Մի բան պարզ է, որ Արուսի անջատողական գիծը և Ալխանյանական օրիենտացիան մեզ իրավունք է տալի խորապես ցավելու: Սակայն հույս ունենք, որ լավ գործի ցանկությունը նրա մեջ չի մեռած և շուտով կընտրի մեր սերտ և սիրով աշխատանքը: Թատրոնի ղեկավարության մեջ գտնվող կուսակցականներից Գյուլիքևխյանը հրաժարվեց, Դզնունին և Կարո Ղազարյանը նույնպես քաշվելու մտադրություն ունեն: Թեմզան հայտարարում է, որ թատրոնի վերջնական բարեկարգումը եթե չլինի կը քաշվի գեղաշխից: Կարող է գործը կուսակցական ժողովում վճռվի: Աշոտ Հովհաննիսյանը կուսակցական քարտուղարութունից հրաժարվեց:
Ահավասիկ տեղեկություններ, որոնք հետաքրքրում էին քեզ:
Վաղարշյանը կիսլովոդսկում է, գրելու եմ, որպեսզի վերադարձին զանազան տեղերում բանակցություններ վարի մեզ համար:
Երևի շուտով կինոյում կխաղամ: Իսկ Ռոստոմիս կուղարկեմ հանքային ջրերը՝ Արզնի:
Գրիր քո ապագա ծրագրերիդ մասին: Մեզ համար շատ հետաքրքիր են:
Օհ... (անընթեռնելի է) կերած ատենդ ինծի միտքդ բեր, ծո Վահրամ։ Ադրիկը, Ռոստոմիկը և ես համբուրում ենք քեզ, Դինային, աչուլիկիդ և պարագաներին: Ավետը և մյուս տղաները՝ նույնպես:
Համբույրներով Մ. ՋԱՆԱՆ
1928 թ. օգոստոսի 2-ին ներթատրոնական պայքարը լուծվեց ղեկավարության փոփոխությամբ. դիրեկտոր նշանակվեց Գ. Աբովը, որը թատրոն հրավիրեց Ա. Ոսկանյանին: Կարծես բոլոր պայմանները կային խաղաղ ու արդյունավետ գործունեության համար, սակայն... Նոր, ծանր ժամանակներ էին գալիս, ստալինյան բռնապետության շունչն էր մոտենում իր բոլոր տագնապալի ու աղետալի հետևանքի ներով, որի զոհերից մեկն էլ եղավ Ջանանը...
Նյութի աղբյուրը՝ «Արվեստ»., 1991, № 8-9