19.10.2023 22:56
Գրական տարբեր նախասիրություններ, փորձ ու վաստակ ունեցող շատ գրողներ իրենց ուժերը փորձել են դերասանական արվեստում: Վիթխարի գրական տաղանդի տեր Հովհաննես Թումանյանն անգամ իր ուժերը փորձել է բեմական արվեստում: Գիտենք, որ նրա Շեքսպիրի հանդեպ հետաքրքրությունը սկսկել է Թիֆլիսում Պետրոս Ադամյանին Համլետի դերում տեսնելով: Բացահայտելով թատրոնն ու Շեքսպիրին, նույնիսկ դրամաներ գրելու փորձեր է արել, որոնք ոչնչացրել է, որովհետև «Շեքսպիրի գրածների նման չէին դուրս եկել: Սակայն էնքան ուժեղ էր կախարդանքը, որ մինչև օրս էլ ես ինձ ավելի դրամատուրգ եմ համարում քան ուրիշ մի բան»[1]: Այդ մասին նա պատմում է արտիստի մահվան 25-ամյակին նվիրված հոդվածում: Սա այն շրջանն է, երբ «ռուս գեներալներն ու բարձր շրջանները իրենց ընտանիքներով լցվում էին հայոց թատրոնի օթյակները…»[2]: Հմայված այդ մթնոլորտով ու սիրելի արտիստի խաղով, Ներսիսյան դպրոցի աշակերտ Հովհաննեսը մտել է թատրոն: Նրա մուտքը եղել է «Վարդան Մամիկոնյան» ներկայացումով, խաղացել է զինվորի դեր: Վարդան Մամիկոնյանի դերակատարը եղել է Հովհաննես Կյուրեղյանը, Սաթենիկ` Գոհարիկ Շիրինյանը, Եղիշե` Պետրոս Ադամյանը: Գրողը թատրոն է գնացել ներկայացումից մի քանի ժամ առաջ: Զինվորներին (որոնք պետք է հանդես գային որպես Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկներ) տարել են բեմ, ցույց տվել նրանց տեղերը բեմի վրա, բացատրել իրենց անելիքը: Երբ Թումանյանը, ինքն իրեն հայելու առաջ տեսել է գույնզգույն լանջապանակը հագին, ոսկեզօծ ստվարաթղթե սաղավարտով, արծաթագույն թղթով պատած փայտից սուրը կողքից կախ, գործի հանդեպ լրջությամբ է լցվել: Թումանյանի մուտքը թատրոն աննկատ չի մնացել հանդիսատեսի համար, աղմկալից է եղել բառիս բուն իմաստով:
Նա ինքն է պատմում. «Տարան պառկեցրին զանազան տեղեր` թե դաշտում, թե լեռան լանջերին, իբրև սպանված ու թափված զինվորներ: Ես ընկա մի լեռնալանջ: Բանն էն է, որ էդ լեռնալանջ ասածդ կտավի վրա նկարված լեռներ ու ժայռեր են, ետևից տեղ-տեղ արանք-արանք տախտակներով շինած: Էդ տախտակներին պառկեցինք` իբրև լեռնալանջերին»: Ապա, իրեն հատուկ հումորով ընթերցողին նախապատրաստում է պատմության կուլմինացիային. «Ահա եկավ Սաթենիկը, մի բաժակ գինի ձեռքին, որ Վարդանի համար է բերում Հայաստանից: Ոտներս ինձ քաշեցի, սրան ճանապարհ տվի<…> գլխիս վերև հայտնվեց Եղիշեն` Ադամյանը ծեր Ծառուկին հենված: - Ծո´, ճանապարհ տուր… Ոտքերս դարձյալ ինձ քաշեցի, սա էլ անցավ: - Վարդան, իմ Վարդան,- մրմնջալով Ավարայրի դաշտն իջավ»[3]: Թումանյանն Ադամյանի խաղը դիտելու համար «պատմական մեծ ողբերգությանը վայել մի դիրք» է ընդունել, որ կարողանա բեմից տեսնել իր սիրելի արտիստին. «վիզս որ ծռեցի, թեքեցի դեպի ներքև, անկանոն դիրքի պատճառով՝ թուքս կատիկս թռավ թե ինչ` հանկարծ մի հազ բռնեց ինձ: Ես ցնցվում եմ ամբողջ մարմնով, ինձ հետ շարժվում ու ճռճռում է ամբողջ դեկորացիան, բոլոր տախտակներն ու կտավները` այսինքն բոլոր սարերն ու ժայռերը, և հակառակի նման էն ամենահանդիսավոր րոպեին, թատրոնի խորին լռության մեջ: Թատրոնում ընդհանուր ծիծաղ բարձրացավ, գալերեան սկսեց աղմկել ու աղաղակել - բրավո՛ ... բիս..., կեցցեն հայոց քաջերը... և այլն, և այլն»: Ադամյանը մնացել է քարացած, մեջտեղում կանգնած: Սպասել է ժողովուրդը հանդարտվի, ապա իր տեսարանը ավարտին է հասցրել: Վարագույրն իջնելուն պես, մեռելների մեջ փնտրել է «չզոհված» զինվորին: Թումանյանն ազատվել է զինվորական հագուստից ու փախել դեպի պարտեր: Երկու օր անց միայն պարզելով, որ Ադամյանն այլևս բարկացած չէ, ուզում է իրեն տեսնել, մոտեցել է արտիստին. «Ես գնացի, զարմանալի սիրով ու քաղաքավարությամբ ընդունեց, մանավանդ, երբ իմացավ Ներսիսյան դպրոցի աշակերտ եմ և ինչ պատճառով էի գնացել, իրեն գրքերից մինն էլ նվիրեց ի հիշատակ Վարդանանց պատերազմի ներկայացմանը և իմ կարճատև` բայց աղմկալի բեմական գործունեության»[4]:
Բեմին մոտ լինելու գրողի հաջորդ փորձը եղել է որպես հուշարար` Գրիգոր Արծրունու գրական գործունեության 25-ամյակին նվիրված Միքայել Տեր-Գրիգորյանի «Նինոյի նշնվիլը» դրամայի ներկայացման ժամանակ:
Սրան հաջորդել են Գևորգ Չմշկյանի և Գևորգ Պետրոսյանի թատերախմբերի ներկայացումները:
1891 թ. Գ. Պետրոսյանը խաղացել է Ուրիել Ակոստա, Թումանյանն եղել է ծառա Սիլվայի դերում[5]: Ազդագրում նշված է Օհանեսով կեղծանունով: Ներկայացման մասնակիցների հիմնական մասն եղել են սիրողներ: Հյուրախաղերի ժամանակ, Բաքվում կրկին խաղացել են «Ուրիել Ակոստա», որտեղ Հովհաննեսը հանդես է եկել Հոբելի դերով (ազդագրում արդեն նշված է Թումանյան ազգանունով): Այս ազդագրում Դը Սիլվայի ծառայի դերակատար նշված է` N: Ըստ Բախտիար Հովակիմյանի, հնարավոր է, որ այս դերը նույնպես Թումանյանն է կատարել[6]: 1895 թվականի ազդագիրը մեր ուշադրությունը գրավեց այլ փաստով: Դը Սիլվայի դերում հանդես է եկել Ալեքսանդր Շիրվանզադեն, իսկ Արամ Վրույրի փոխարեն Բեն Ակիբայի դերում` Ղազարոս Աղայանը: Փոխված է նաև Թումանյանի դերը` Վանդերեմբդեն: Գրողի նամակներից իմանում ենք նաև, որ խաղացել է Շիլլերի «Ավազակներում» (դերը հայտնի չէ): Ավելի ուշ Հ. Կարինյանի «Վարդանանց պատերազմում», Գևորգ Չմշկյանի Վարդան Մամիկոնյանի կողքին խաղացել է Վահան Ամատունու դերը:
Ղազարոս Աղայանի մասնակցությամբ ծրագիր կա պահպանված Վրաստանի թատրոնի, կինոյի, պարարվեստի, երաժշտության պետական թանգարան-արվեստի պալատում: 1900 թվականի ապրիլի 22-ին Թիֆլիսի արտիստական ընկերության դահլիճում կայացել է Թոմաս Բրանդոնի «Չարլիի մորաքույրը» ներկայացումը, որտեղ Ամիրան Մանդինյանի(Ստեֆն) և Գեդեոն Միրաղյանի(լորդ Ֆրենկերտ) կողքին, գնդապետ Ֆրենսիս Չեսնեյի դերում հանդես է եկել Ղազարոս Աղայանը:
Միայն Թումանյանը չէր հմայված Ադամյանի խաղով: Գրողներից Դերենիկ Դեմիրճյանն էլ իր հիշողություններն ունի արտիստի արվեստի հետքերով գնացող երեխաների մասին: Նա գրում է, որ 80-ական թվականներին օդը ներծծված է եղել Ադամյանով, մեծ է եղել նրա ազդեցությունը Թիֆլիսում, Ախալքալաքում և այլ գավառներում: Մեծ ողբերգակի խաղացած պատմական ողբերգությունները ներթափանցել են մինչև երեխաների բակային խաղեր, տնային թատրոններ:
Դեմիրճյանի «դերասանական կենսագրությունը» սկսել է դեռ վաղ մանկությունից: Թատերական ամենավաղ տպավորությունը ստացել է սրճարանում «Ղարագյոզներին» տեսնելով: Սակայն շատ շուտով, մասնակից է դարձել ընտանեկան ներկայացումներին, որոնք կազմակերպվել են հորեղբոր տանը` հորեղբորորդու և նրանց տանը ապրող աշուղների մասնակցությամբ: Ներկայացումներից առաջ և ընդմիջումներին աշուղները նվագել և երգել են հանդիսատեսի առաջ: Խաղացել են «Արշակ Բ», «Վարդան Մամիկոնյան», «Օսկան Պետրովիչը դժոխքում» և այլն: «Գունավոր թղթերը, կարտոնը, մուրը և յուղը իրենց գործը տեսնում էին այս կարտոնե նախարարներին և թագավորներին ներկայացնելու»[7],- գրում է Դեմիրճյանը: «Արշակ Բ»-ն ներկայացումը հագեցած է եղել երգերով, հնչել է.
Իզուր են, իզո՜ւր բռնավոր,
Սպառնալիք քո ամենայն,
Ո´չ, քո շղթայք չեն զորավոր,
Ընկճել զհոգիս մեր հայկական,
Ո´չ, քո շղթայք չեն զորավոր,
Ընկճել զհոգիս մեր հայկական:
Մանկահասակ Դերենիկին վստահվել է «Վարդան Մամիկոնյանում» նույն դերը, ինչ Թումանյանին` «պատերազմի դաշտում սպանված և բեմի վրա պառկած զինվորի դերը: Գրիմ արած, նիզակը կողքիս, դեմքս դեպի հանդիսականները դարձրած` ավանսցենայում ընկել էի և աչքերս ամուր խփել` լսողությամբ հետևում էի ներկայացման»[8]: Դերի ճակատագիրն էլ գրեթե նունն է: Այն տեսարանում, երբ Վարդան Մամիկոնյանը Ավարայրի դաշտում վիրավոր ընկած արտասանել է իր մենախոսությունը` «Օ՜հ Հայաստան, Հայաստան», ներս է մտել Եղիշեի դերակատար Վարդգեսը, ով թլվատ է եղել, և «Ո՞վ է ընկած այս դաշտավայրում» խոսքերն արտասանել է իրեն հատուկ հնչողությամբ. «Օ՞յվ է ընկած հայս թեաշթավեայրում» ու սկսել է հեկեկալ «Հյո՜ւ, հյո՜ւ, հյո՜ւ, հյո՜ւ»: Դեմիրճյանը համակվել է անզուսպ ծիծաղով, չի կարողացել իրեն զսպել: Սկսել է ամբողջ մարմնով ցնցվել: Ականատեսները պատմել են, որ կատակերգականն այն չէր միայն, որ զոհված զինվորը ծիծաղել է, այլ այն, որ բարձրաձայն ծիծաղել է շարունակելով ամուր փակած պահել աչքերը:
Մեկ ուրիշ անգամ, հանդիսատեսին զվարճացրել է Վարդգես-Սադայելի դերակատարումը «Օսկան Պետրովիչը դժոխքում» բեմադրության մեջ: Հեղինակը պատմում է. «Երբ թվում էին Օսկան Պետրովիչի մեղքերը, նա հարցնում էր` «ուրի՞շ», և արտասանում էր` «իյուրիյո՞ւշ»: Հասարակությունն ու մասնակիցները սկսեցին միահամուռ մի ծիծաղ: Այդ ժամանակ հենց նրա հետևում բենգալյան կրակով կասկարային ինչ-որ մեկը դիպա՞վ, թե՞ սատանաներն իրար խառնվեցին և Վարդգեսին բոթեցին: Նա ընկավ կասկարայի վրա, նստեց վառած բենգալյան կրակի վրա ու սկսեց ճղճղալ: Այդ ճղղոցին ընկերացավ հոմերական ծիծաղը»[9]:
Ինը տարեկանում Դեմիրճյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Արտահան, որտեղ մասնակցել է տեղի դպրոցական ներկայացումներին:
Մանկական այս ներկայացումների մասին, իհարկե, չենք կարող լուրջ խոսել, սակայն դրանց փորձերը Դեմիրճյանի ճիշտ դիտարկմամբ, ձևավորել են եկող սերնդի թատերական միտքը:
Չպետք է մոռանանք ևս մի փաստ: Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» առաջին անգամ բեմադրվել է Գևորգյան ճեմարանում, հեղինակի մահից ամիսներ անց` 1891 թվականին: Գրողի հուշերից պարզ է դառնում, որ վիպակի բեմականացումն արվել է եղբոր` Վահագնի ձեռքով: Աշխատանքներին մասնակից է եղել նաև ինքը: Ապա պիեսը տարել են ճեմարան, որտեղ սովորում էին երկուսն էլ. «Ճեմարանում ավելի մշակվեց պիեսը ուսանողների ձեռքով և ներկայացվեց»[10]:
«Քաջ Նազարի» հեղինակի դերասանական հաջորդ փորձն եղել է 1890-ական թվականներին, գրեթե ստիպողաբար: Արամ Վրույրը հաճախ է տեղական սիրողների հետ ներկայացումներ կազմակերպել տարբեր գավառներում: Արտահանում էլ մի անգամ բեմադրել է «Պաղտասար աղբարը» և Դեմիրճյանին մեծ դժվարությամբ համոզել, որ խաղա դատաստանական խորհրդի նախագահի դերը: Վրույր ինքն է աշխատել Դեմիրճյանի հետ, ցույց է տվել «ինչպես արտասանի և ինչ միմիկա ցույց տա»: Ներկայացման երեկոյին գրողը նույնությամբ կրկնել է Վրույրի արտասանությունն ու միմիկան: «Բանից դուրս եկավ, որ իմ դեբյուտը ներքուստ զվարճացնելիս է եղել Վրույրին, որովհետև, իմ բացակայությանը, նա ներկայացրել է ուրիշներին իմ խաղը և տնազել իմ խաղը, որ իր խաղի տնազն էր» [11],- պատմում է գրողը :
Հետաքրքիր հիշատակություն կա Երվանդ Շահազիզի «Հիշողություններ և դիմաստվերներ» գրքի ծանոթագրություններում: Նա գրում է, որ Ադամյանը Մոսկվայում ծանոթացել է մի շարք հայ մտավորականների հետ, որոնց թվում է եղել Մոսկվայի համալսարանի ուսանող, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: Երիտասարդ գրողը փոքրիկ դերով մասնակից է դարձել Ադամյանի «Քին» ներկայացմանը: Ցավոք, չի նշվում դերի անունը[12]:
Չափազանց խոշոր դեր է կատարել Պռոշյանը թատրոնի բնագավառում: Մանկավարժական աշխատանքներին զուգընթաց նա ձեռնակրկել է Թբիլիսիում մշտական հայկական թատրոն ստեղծելու գործը: 1863 թվականին բեմադրվել է Պռոշյանի ձեռքով արարատյան բարբառի վերածած Խորեն Գալֆայանի «Արշակ Բ» ողբերգությունը: Նա հանդես է եկել և´ որպես դերասան, և´ դրամատուրգ: Գրողը թատրոնի ծախսերը հոգալու համար նույնիսկ զբաղվել է տոմսավաճառությամբ:
1920 թվականին, Երևանում, Աբովյանի անվան դպրոցի նախկին շենքում, Եղիշե Չարենցի ներկայությամբ որբերի ուժերով ներկայացվել է «Պաղտասար աղբարը»: Այստեղ Նաիրի Զարյանը խաղացել է Պաղտասարի դերը, Գուրգեն Մահարին` փաստաբան Օգսենինը, իսկ տասնհինգամյա Վարդան Աճեմյանը հուշարար է եղել: Բնական է, որ լուրջ ներկայացման մասին չենք կարող խոսել: Տվյալները կցկտուր են, հայտնի չէ թե ինչպես է անցել ներկայացումը: Չգիտենք նաև, թե Նաիրի Զարյանը և Գուրգեն Մահարին արդյոք այլ ներկայացումների մասնակցել են, թե` ոչ: «Խորհրդային Հայաստան» թերթից իմանում ենք միայն, որ Վարդան Աճեմյանը երեք տարի անց, Երևանում, սիրողական մի ներկայացման մեջ խաղացել է Պաղտասարի դերը (Սրանով իհարկե չի սահմանափակվել Աճեմյանի դերասանական կարիերան: Մոսկվայի Հայկական դրամատիկական ստուդիայում Ռուբեն Սիմոնովի ռեժիսորությամբ խաղացել է քահանայի դերը «Մեծապատիվ Մուրացկաններում», ապա մի քանի տարի անց Լենինականի թատրոնում «Ատամնաբույժն արևելյանի» բեմադրության մեջ)[13]:
Արվեստագիտության տեսանկյունից հետաքրքրականը գրողների դերասանական ունակության ու տաղանդի չափը չէ, այլ ձգտումը դեպի բեմ: Ի՞նչն է դրդել, ինչ են փնտրել սյուժեներ, պատումներ հորինող ստեղծագործողները խաղային տարածության մեջ, որտեղ ժամանակը և տարածությունը պայմանական ու իրական են նույնքան, որքան կյանքում լսած կամ տեսած պատմության գեղարվեստականացումը: Թերթելով գրողների ստեղծագործական կյանքի տարեգրությունն առերեսվում ենք ուշագրավ մի փաստի: Այն պոետները, վիպասաններն ու դրամատուրգները, ովքեր մանուկ կամ երիտասարդ տարիքում բեմական փորձառություն են ունեցել, հետագայում այդ փորձը հարստացրել է հեղինակների գրական-գեղարվեստական աշխարհը: Պատկերը կառուցել են խաղային տարածության ընկալումով ու զգացողությամբ: Նրանց երկերը լինեն դրամաներ, նովելներ, էպիկական այլ ստեղծագործություններ, թատերային են, հեշտ են բեմականացվել և այսօր էլ քիչ չեն բեմադրվում: Երևույթը ինքնաճանաչման, թե ստեղծագործական եսի փնտրտուքների արդյունք է, դժվար է ասել, բայց, որ հիշյալ արվեստագետների խոսքը շատ էջերում ավելի իրադրային է, քան նկարագրական, ակնհայտ է:
Օգտագործված գրականություն
[1] Թումանյան Հ., Ադամյանի օրերից, Երկերի լիակատար ժողովածու, ՀՀԳԱԱ «Գիտություն» հրատ., հ. 7, Եր., 1995, էջ 255
[2] Նույն տեղում:
[3] Նույն տեղում, էջ 257-258:
[4] Նույն տեղում, էջ 259:
[5] Տե´ս Հովակիմյան Բ, Թումանյանը և թատրոնը, Եր., Նոր-Դար, 1999, էջ 31:
[6] Նույն տեղում, էջ 36:
[7] Դեմիրճյան Դ., Երկերի ժողովածու: 14 հատորով, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., հ. 14, 1987, էջ 70:
[8] Նույն տեղում, էջ 71:
[9] Նույն տեղում, էջ 72:
[10] Նույն տեղում, էջ 75
[11] Նույն տեղում, էջ 197:
[12] Տե´ս Շահազիզ Ե., Հիշողություններ և դիմաստվերներ, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1980, էջ 279:
[13] Տես Հախվերդյան Լ., Կլասիկան և մեր օրերը, Եր., ՀՍՍՌ ԳԱ հրատ, 1962, էջ 11: