Սեղմիր
ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ ՔՆՆԱՐԿՈւՄ

10. 18. 2023   04:07

Անսպասելի ու միանգամից է հայտնվում շնորհալին և թատերական երկնակամարում իսկույն գրավում իրեն հատկացված տեղը: Լևոն Հարությունյան: 26-ամյա երիտասարդ, որ կարողացավ իր առաջին իսկ կերպավորումներով գերել թատերասերների մի ստվար բանակ։ Նոր նոր հավաքվող նրա դերացանկում մեկտեղվել են բարի, հակասական ներաշխարքով ապրող հոգեբանություններ՝ ուսումնասիրված լրջորեն և հանդիսատեսին ներկայացված ամբողջական ու ավարտուն։ Իր հերոսների ապրումները բացվում են հենց հանդիսատեսի աչքի առաջ, բեմում ծավալվող համապատասխան մթնոլորտի ազդեցությամբ: Եվ հույզերով հագեցած իր անկեղծ ու անմիջական խաղն ունի զարմամալի նրբությամբ մշակված դերասանական տեխնիկա: Նույնքան զարմանալի է և ողբերգականի նրա ճշմարիտ զգացողությունը: Դերասանը ուզում է կատարելագործել բեմական խոսքի սեփական հնչերանգները, թատրոնական մեր արվեստում ձգտելով գտնել իր իսկ հայտնաբերած բեմական անցուղիները... Բայց ավելի լավ է, որ Լևոնն ինքը ներկայանա ընթերցողին, իսկ հետո գործընկերները կպատմեն իրենց տպավորությունները նրա խաղարվեստից:

ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. - Ես այն երջանիկ դերասաններից եմ, որ իր ուսուցչին գտավ՝ միանգամից: Իսկապես ճակատագրական շրջադարձ էր Նիկողայոս Ծատուրյանի հետ հանդիպել։ Ես գտա իմ ուսուցչին ու մեջս կարծես արթնացավ վամպիրային ագահություն, հիմա միայն իրենից եմ սնվում: Եվ նույնացան, կողք-կողքի եկան «թատրոն» ու «Ծատուրյան» գաղափարները: Իսկապես քաղցած եմ՝ ուզում եմ տեսնել ու լսել, լսել ու տեսնել...

Մեծացել եմ Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղում, ծնողներս գյումրեցի են, հողի հետ կռիվ տվող ռանչպար մարդիկ: Ահավոր չարաճճի էի, ինձ հափշտակել էր գողության ռոմանտիկան, չգիտես ինչու գողանում էի ասենք կոճի թելեր ու պահում, վստահ, որ ոչ ոք չի կարողանա ինձ բռնել: Բարեբախտաբար հանցանքի վայրում բռնողը մայրս եղավ և մեջս՝ իսկույն մարեց գողության արկածախնդրությունը...

Իմ հաջորդ հաճույքներից մեկն էլ սիրողական մեր թատրոնի փորձեր խանգարելն էր: Նստում էի վերջում ու շվշվացնում: Մի օր էլ ռեժիսոր Համլետը չդիմացավ. «արի տեսնեմ խաղալ կարո՞ղ ես, թե՞ միայն խանգարել գիտես»: Բարձրացա բեմ: Խնդիր տվեց՝ «Հլա խեղդվիր»: Հակույն գործի անցա ու հանկարծ զգացի, որ նստածները կարծես կենտրոնացան, հետո սկսեցին հռհռալ, նույնիսկ ոգևորված ծափեր լսեցի: Տուն դարձա զարմացած՝ինչո՞ւ ռեժիսորը դուրս չարեց, ինչո՞ւ կանչեց հաջորդ փորձին։ Այսպես թատրոնը մտավ իմ մեջ: Եվ համարյա ամեն օր մեր դահլիճում էի։ Գյուղի կանայք համոզված էին, որ դերասան եմ դառնալու։ Երկու անգամ փորձեցի ընդունվել Սունդուկյանի թատրոնի ստուդիան, սակայն երկու անգամ էլ չանցա: Ոտքս խանգարում էր։ Հասկացա, որ պիտի մեկնեմ բուժվելու: Ու մի օր էլ բռնեցի Կուրգան-Իվանովո Ճանապարհը: Մենակ։ Սակայն բուժվելու համար փող էր հարկավոր և այն- տեղ - 7 ամիս հաց թխեցի, մայրս ընտիր լավաշ թխող էր ու ինձ էլ էր փոխանցվել խմորի լեզուն: Հավաքվեց անհրաժեշտ գումարը։ Հռչակավոր Իլիզարովն ու իր ուսուցիչը քանի՜ մարդու են երջանկացրել։ Երջանիկներից մեկն էլ ես դարձա։ Դեռ մանկությունից եմ համոզվել՝ ինչ շատ ես ուզում անպայման կատարվում է: Վերն աստված կա...

Ծատուրյան ինձ ուսումնասիրում էր կողքից, աննկատ: Մի օր էլ նստած փորձն եմ դիտում, հանկարծ զգացի իր ուշադիր, սևեռուն հայացքը։ Ժպտացինք: Շատ հարազատ մի ջերմություն ասես քաշեց, քաշեց ու ինձ տարավ իր ետևից: Երկու օր անց մոտեցավ ու ասաց. վաղը դու ես փորձելու: Ու վերջապես կայացավ մեր առաջին հաղորդակցումը: Սկսվեցին այդքան ցանկալի մեր փորձերը: Անմիջապես սենյակ վարձեցի հենց Երևանում: Մասնագիտական դպրոց չեմ անցել, սակայն աշխատելը, հղկվելն ու կատարելագործվելը ինձ համար դարձան իդեա-ֆիքս։ Եվ ինստիտուտում սովորելիքը փորձեցի հաղթահարել հենց մեր թատրոնում։ Ինձ հատկապես խեղճացնում է խոսքս: Թույլ է և՛ հնչողականությունը, և՛ բնականությունը, երբեմն շեշտադրությունս էլ ականջ է ծակում: Շատ կուզենայի, որ խոսք բնական ու ճկուն դարձնելու հարցում ինձ օգնի մեր թատրոնի շնորհալի դերասանուհի Լալա Մնացականյանը:

Մեր հանդիսատեսը լավ է ընդունում «Եվ երեքն էլ մի աղջիկ» ներկայացումը, սակայն չեմ սիրում դուրս գալ ծափահարող դահլիճի առաջ: Մանավանդ որ դեռ չեմ հասել ուզածս մակարդակին: Արածիս մեջ դեռ կիսատություն կա: Իմ Թոմը պիտի՛ «հարստանա», խորանա: Մի հանդիսատես ասաց, որ ապշում է նատուրալիզմի մատույցներին այդպես հմտորեն մոտենալու և բնավ նատուրալիստական չլինելու իմ պահվածքից, ո՞նց չգռեհկացրիք և դեռ կարողացաք պահպանել ձեր խաղի ճշմարիտ չափը... Այո, թվում է, թե քայլում ես բարակ լարի վրայով և փոքրիկ մի շեղումից կարող ես գլորվել ներքև: Մի օր Ծատուրյանն էլ հարցրեց «Ո՛նց գլուխ հանեցիր դերից»։ Պատասխանեցի, առհասարակ սիրում եմ խենթուկներին: Մեր գյուղում մի երկու այդպիսի մարդ կա՝ տեսնելուն պես բարև եմ տալիս։ Նրանց մեջ, ճիշտ, բայց և անըմբռնելի մի բան կա: Նույնիսկ փորձել եմ իսկական գիժ խաղալ՝ Հանրապետության հրապարակից հասնելով մինչև Աշտարակի ավտոբուսային կանգառը։ Մարդիկ նայում էին մարդասերի խղճահարությամբ, բայց և շատ բնական ընդունում իմ ներկայությունը: Նման հոգերանություն կերպավորելու փափագս, փառք աստծո, կարողացա իրականացնել բեմում...

ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ. «Մետրո» թատրոնին տնօրեն Լևոնը հարուստ ու բարի հոգի ունի: Բնությունը նեղացրել էր նրան, սակայն չէր թունավորել հոգին և դեռ տվել էր դժվարությունները հաղթահարելու ուժ: Նա կարողացավ ապացուցել, որ այս խառը ժամանակներում, երբ մարդիկ գնում են միայն շահի ետևից, հարստացնողը հոգին է: Լևոնը ամեն ինչի հասավ իր ուժերով, իր կամքով ու համառությամբ:

Մեջս տպավորվել է նրա ընդունվելը մեր թատրոն-ստուդիա։ Եկել էր առանց դիմումի ու ասաց, որ շատ է ուզում դերասան դառնալ։ Որևէ բանաստեղծություն անգիր չգիտեր, ոչ էլ առակ պատ-մել, «էտյուդ» ասվածից էլ գալափար չուներ: «Բա ինչո՞ւ ես եկել, գուցե երգե՞լ գիտես…» Եվ երգեց: Կոշտ ու կոպիտ բան կար իր պահվածքի մեջ, բայց երգի հետ ամեն ինչ տեղն ընկավ։ Նրա երգը և էտյուդ էր, և ասմունք, և՛ ամեն ինչ։ Պատկերա- վոր ու հուզիչ: Ինքը ներշնչվում էր իր երգով ու բացում իր գողտրիկ աշխարհը.,, Բնությունն էր իրեն մաքրություն տվել։ Համոզված եմ՝ նրան մեծ ապագա է սպասում։ Հայ բեմ եկավ մի նոր ու շնորհալի արվեստագետ։

ԱՆԱՀԻՏ ԱՂԱՍԱՐՅԱՆ. «Մետրո» թատրոնի գրական մասի վարիչ:

Լևոն Հարությունյանը մեր երիտասարդ, սկսնակ դերասանների ֆոնի վրա շատ մեծ հույս է ներշնչում: Արվեստում իր անդրանիկ քայլերն անողին պիտի նայել կոնկրետ ժամանակի մեջ, և անպայման օրինաչափություն տեսնել իսկապես դերասան ծնված մարդու համար: Առանց չափազանցություն- ների մեջ ընկնելու և առամց համեմատությունների փորձեմ բացատրել Լևոնի հայտնվելը մեր ժամանակներում:

Ռոմանտիզմից ռեալիզմին անցնելու շրջանը հայ թատրոնին տվեց Ավետ Ավետիսյան, Հրաչյա Ներսիսյան և Գուրգեն Ջանիբեկյան: Վահրամ Փափազյանը ժամանակավրեպ էր և ահռելի մեծ՝ ժամանակային որևէ շրջանակի մեջ տեղավորելու համար: Սոցիալիզմի վերջնական ու լիակատար հաղթանակի տասնամյակներում մեր մեծերին դարձյալ եռյակով փոխարինելու եկամ Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը ու Սոս Սարգսյանը: Սա օրինաչափ էր և տարիքային իմաստով էլ՝ բնական: Այս օրինաչափությունից ելնելով առանց վախենալու ուզում եմ մարգարեություն անել, մարգա- րեություն, որի ճիշտ լինելը միշտ էլ հարաբերական է։ Ուրեմն առանց սխալվելու վախի կարող եմ ասել, որ Լևոն Հարությունյանը և Տիգրան Ոսկանյանը մեր վաղվա դերասանական եռյակի կայացած մասերն են։ Ո՞վ կլինի երրորդը՝ դեռ չեմ տեսնում: Կանանց սերնդափոխությունը չգիտես ինչու միշտ ընթացել է «դուետով», Հասմիկ և Արուս Ոսկանյան, Վարդուհի Վարդերեսյան և Մետաքսյա Սիմոնյան: Ինձ թվում է, որ Լալա Մնացականյանն ու Աննա Էլբակյանը այսօրվա մեր թատրոնում շարունակում են նույն գիծը: Դժվար է մեկ, երկու կամ երեք դեր խաղալուց հետո ասել, թե Լևոնը հայ թատրոնում հատկապես որ թեմայի կրողը պիտի լինի: Գուցե նա ստեղծելու է շփոթված, մոլորված, խղճահարություն ու կարեկցանք արթնացնող, հասարակ ու փոքր մարդու կերպա՞րը:

Գուցե դեռ վաղ է ասել, բայց հմուտ ռեժիսորի ձեռքի տակ նրա շնորհքը հղկվելով ու մշակվելով թատերական հրաշալի պահեր կպարգևի մեր հանդիսատեսին: Այսօր արդեն երևում են նրա օժտվածության և՛ կումիկական, և դրամատիկական կողմերը: Ու եթե իր տեսակը ճիշտ օգտագործվի ու շարունակի զարգանալ, չեմ կասկածում, որ կբացվեն նրա ստեղծագործական էության այլևայլ կողմերը: Ուզում եմ ողջունել Լևոն Հարությունյանի մուտքը արվեստ...

Զրույցը վարեց՝ Գ. Բաղդասարյանը

Նյութի աղբյուրը՝ «Արվեստ», 1993, # 5-6

566 հոգի