18.10. 2023 02:22
ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ
Այսօր ինչո՞վ է ապրում իմ սերնդի մարդը։ Չէ՞ որ հոգու աշխարհ կա, մտքի աշխարհ, ապրած կյանք, կա կենսափորձ, ճիշտ ու սխալ կա, չար ու բարի է եղել, հազար ու հազար բան մի խոսքով շատ երկար կյանք... Եվ մի տեսակ ուզում ես ի մի բերել արածդ՝ ընտրածդ մասնագիտությունը, քո աշխատանքը, քո նշանակությունը էս կյանքում: Արվեստագետներիս առավելությունն էլ հենց այն է, որ նման հարցերի պատասխանները փնտրում ենք մեր գործի մեջ ներկայացում լինի, գրականություն, թե խաղացած դեր...
Ի՞նչը մղեց ինձ ստեղծել այս Թատրոնը... Նախ ասեմ, որ դուրս եկա Սունդուկյան թատրոնից, որովհետև այնտեղ արդեն ոչինչ չէի անում: Եթե մի հետադարձ հայացք եմ նետում ինչպես Փափազյանը կասեր, տեսնում եմ, որ իմ կյանքը թատրոնում անցել է չընդհատվող պայքարի մեջ, պայքար հանուն աշխատանքի, հանուն դերի: Այդ տարիներս կորան-գնացին իզուր տեղը, որ հանցագործություն է։ Ի վերջո ամենաթանկ բանը կյանքի ժամանակն է և էդ ժամանակը փուչ է անցել: Հետաքրքիր է, որ շատ դերեր ստացել եմ, երբ մեկ ուրիշը մերժել է խաղալ։ Կարող եմ ասել, որ ես Զիմզիմովի դերի վեցերորդ հավակնորդն էի: Ոչ մեկի մտքով էլ չէր անցնում հենց սկզրից ինձ տալ այդ դերը: Այդպես էր մինչև անգամ Ջոն արքան՝ նախ առաջարկվեց բազմահիշատակ Բաբկեն Ներսիսյանին, ապա Ֆրունզիկ Մկրտչյանին և միայն ինձ։ Վերջին տարիները՝ մեկ-երկու դեր այնուամենայնիվ խաղացի՝ «Հացավանում», «Ջոն արքայում»։ Ոչինչ չունեմ ասելու՝ խաղս նկատվեց ու գնահատվեց: Սակայն հիմնական զբաղմունք, մնաց պարապությունը։ Ես արդեն պայքարելու ուժ էլ չունեի: Այդպես աստիճանաբար կտրվեցի իմ թատրոնից, հետո էլ սկսվեց ղարաբաղյան շարժումը...
Այս շարժման ընթաքում փախստականների հետ կապված ինչ-որ գործեր արեցի, որ քաղաքացիական պարտքի պես բան էր: Ինչ կատարվում է իմ երկրում, իմ ժողովրդի հետ ինձ համար կարևոր է ավելի, քան իմ կյանքը: Սակայն թատրոնը թողեցի ոչ թե այն պատճառով, որ քաղաքական կամ հասարակական գործունեությամբ էի տարված, այլ պարզապես իմ թատրոնում ինձ համար տեղ չկար, ես արդեն ոչինչ չէի անում, էլ չասեմ, որ կամաց-կամաց մոռացվում էին նաև Սունդուկյան թատրոնի ավանդույթները… Իմ թատրոնում աշխատելը դարձավ տառապանք ու տանջանք, մթնոլորտը՝ գորշ: Մինչդեռ դերասանությունը՝ զվարթ գործ է, դերասանը պիտի գա թատրոն սիրելով իր ղեկավարին, իր ընկերոջը և ամենից առաջ իր գործը։ Բայց ինչպես Ստանիսլավսկին է ասել՝ ամեն թատրոն ունի ապրելու իր ժամանակը։ Փոք աստծո, Սունդուկյան թատրոնն իր քառասուն տարին ապրեց փայլուն...
Հարգում եմ նոր թատրոնները, երիտասարդական թատրոնները, ստուդիա-թատրոնները, այսեպես ասած նորարար թատրոնները, որոնք բոլորն էլ թատերական արվեստի հարստությունն են և պետք է լինեն: Ինձ համար ուշ է արդեն զբաղվել ստուդիական թատրոնի նորարարությամբ: Նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհով մեկ Բեկետն, Իոնեսկոն էին թնդում, ես առանձնապես չէի տարվում, դրանք իմը չէին: Հիմա էլ իր ներքին տառապանքն այն է, որ ինչ տեսել ու ապրել էի Սունդուկյան թատրոնում չմնաց...
Մեր թատրոնն իրականացավ որպես Սունդուկյան թատրոնից պոկված մի բեկոր։ Ես ուզեցի փրկել ու փախցնել այն, ինչը ինձ հարազատ էր ու գեղեցիկ: Այսօր դեռ չեմ համարձակվում, բայց ի՞նչ հաճույքով կվերականգնեի և գրիմը, և՛ կեղխամը, և գոնգը, որ խփում էինք ու հետո միայն բացում վարագույրը։ Եթե ունենայինք մեր սեփական թատերաշենքը հնից շատ բան կվերականգնեի...
Նոր թատրոնի ստեղծումը, կարծում եմ, պիտի ուրախացնի բոլորիս: Երևանը հսկայական քաղաք էլ մայրաքաղաք: Աշխարհի խոշոր մայրաքաղաքներում քանի՞ քանի թատրոն կա: Թատրոնը եկել է մարդկային գոյության հետ ու ասես դարձել հավիտենական երևույթ: Ինչո՞ւ չուրախանանք, որ էլի մի նոր թատրոն բացվեց: Եվ ոչ մի դերասանի չեմ համոզել, որ գան, բայց զարմանալիորեն եկան նրանք, ովքեր ինձ համար առանձնապես գնահատելի էին ու փաստորեն նույն ճակատագրով էին ապրում, ինչպես ես...
Այսօր կարող եմ հպարտությամբ, նաև հաստատ ու վստահ ասել, որ մեր խումբն ունակ է լուծել ստեղծագործական ամենաբարդ խնդիրներ: Խումբն ունի և՛ ավագ, և՛ միջին սերնդի ներկայացուցիչներ. Կարեն Ջանիբեկյան, Նոնա Պետրոսյան, Մայիս Կարագյոզյան... Իդեպ, վերջինիս պաշտել եմ դեռ երիտասարդ տարիներից: Մեծ հմայքի տեր են նաև մեր այսօրվա ջահելները։ Մի խուքով հավաքված դերասանախումբը դարձել է միաձույլ կոլեկտիվ, ունակ լուծելու ստեղծագործական լուրջ խնդիրներ:
Հենրիկ Մալյանը երբ հավաքում էր նկարահանվող խումբ՝ հիմնական խնդիրներից մեկը համարում էր դերասաններին իրար հետ բարեկամացնելը: Սա շատ գնահատելի բան է: Իրար ատելով ու նախանձելով, իրար չընդունելով ու քննադատելով թատրոն չի ստեղծվի: Թատրոնը համախոհների ինստիտուտ է և համախոհ լինելով կարելի է ամեն բանի հասնել։ Մարդը եթե նախանձում էլ է, համենայն դեպս վնաս չպիտի տա դիմացինին, պիտի կարողանա զսպել իր մեջ չարը և ընկերոջը չտրորի, չխանգարի ու ամենակարևորը՝ կարողանա ուրախանալ նրա հաջողությամբ։ Թատրոնը ստեղծվում է միմյանց հարգելով, համախոհ դառնալով։ Հիմա ժամանակները փոխվել են, այլևս խաբել չկա, յոլա տանել չկա: Եթե այսօր դերասանն ապրում է իր մասնագիտությամբ, սակայն սեփական աշխատանքի հանդեպ ունի հին վերաբերմունքը՝ չի կարող երկար ապրել թատրոնում։ Ես ուզում եմ ներարկել իմ խմբին, որ մեր պրոֆեսիոնալիզմից է կախված մեր ապրուստը, մեր բարձր որակից է գալիս մեր աշխատավարձը և վերջապես՝ մեր ձեռք բերած անունից է կախված մեր լինել-չլինելը:
Այսօր բոլորս պիտի ձգտենք ճշմարիտի՝ ոչ թե փոխարինող, ոչ թե հարմարվող, այլ՝ հսկայական աշխատանք, լարվածություն և ուշադրություն պահանջող ճշմարիտին: Կիսածույլ կյանքը, յոլա գնալը պարզապես սովի կդատապարտի բոլորիս: Կարծում եմ, որ իմ խումբը աշխատանքային ռիթմի մեջ է: Խնդրեմ՝ էս ցուրտ, էս զարհուրելի ձմռան ամիսներին առանց տրտունջի, մթության մեջ խարխափելով, անհավատալի ցուրտ դահլիճում այնուամենայնիվ կարողացանք բեմադրել երկու պիես. երիտասարդ թատերագիր Հայկ Հակոբյանի` չեխովյան նրբությամբ գրված «Լեռնային կակաչները» և Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը»: Երկուսն էլ հանդիսատեսի դատին հանձնեցինք մայիսի առաջին չորս օրերին՝ մեր թատրոնի հանդիսավոր բացմանը: Դրանից բավական հետո մեր անդրանիկ հյուրախաղերն են Ղարաբաղում: Եվ խումբը կմնա այնտեղ այնքան, որքան անհրաժեշտ լինի բնիկ հանդիսատեսին:
Մեր թատրոնի բացման փաստը՝ հասարակությունը կայունացնող ներքին խնդիր ունի, մանավանդ, երբ չորսբոլորը տեսնում ես փակվող գործարաններ, ֆաբրիկաներ, զանազան ինստիտուտներ, նույնիսկ մեր կինոստուդիան: Ահա թե ինչու թատրոն բացելը այսօր դառնում իրադարձություն։ Մարդը միշտ էլ ուզում է ապրել ու ստեղծագործել, քարը դնել քարի վրա... «Առանց թատրոնի պետականություն չի ստեղծվի» մի օր ասաց Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահ Գեորգի Պետրոսյանը: Այո, չի կարող լինել միայն առևտրով տարված ազգ: Մեր ազգը իրավունք չունի կորցնելու իր հոգևոր արժեքներն ու հոգևոր կյանքը:
ՍՈՍ Սարգսյան
Զրույցը վարեց՝ Գ. Բաղդասարյանը
Նյութի աղբյուրը՝ «Արվեստ», 1993, # 5-6