1.10.2020 22:02
Մինչեւ ե՞րբ. մեր հարազատ, մեր վստահելի վարչապետ
Չափազանցություն չկա. մենք իսկապես Ձեզ հավատալ շարունակում ենք, դրա համար էլ մեզ վրդովեցնող հարցերի մասին իրազեկում ենք: Թանկագինս. մինչեւ ե՞րբ պիտի շաքարավազի հետ կապված անակնկալները շարունակվեն: Կյանքը չի՞ փաստել, որ մանրավաճառից մենաշնորհ-տնտես չի՛ դուրս գա: Շաքարավազի գնաճին նույնիսկ ձմեռային ամիսներին, երբ ոչ մուրաբա եւ ոչ էլ որեւէ օշարակ կամ այլ բան է պատրաստվում, մի-ի՜ կերպ դիմացանք, կուլ տվինք, հիմա էլ այնպիսի խաբեության են անցել, որ սահմռկել կարելի է: Ինչի՞ մասին է խոսքը: Մինչեւ օրս մենք գիտեինք, որ երկու տիպի շաքարավազ է բերվում. մեկըՙ խոշոր ու ճերմակՙ նվազ քաղցր, մյուսըՙ մանր, մի քիչ դեղնավուն եւ քաղցր: Գնով էլ էին տարբերվում եւ յուրաքանչյուր գնորդ իրենն էր ընտրում: Բայց վերջերս դրանք «խառնված» են տրվում մեծածախ գնորդներին եւ միասնական գնով: Ինչո՞ւ: Սա ի՞նչ խաբեություն է եւ մեկը պիտի բռնի՞ շառլատանի ձեռքը, թե ոչ: Մի՞թե պարզ չէ, որ այդ ամենը պատահում է, երբ մրցակցություն չկա, եւ մեկն է տնօրինում դաշտը: Իսկ երբ այդ տնօրինողը ոչ միայն չի փայլում իր մարդկային բարեմասնություններով, ուր մնացՙ մարդասիրությամբ, ազգասիրությամբ, արժանապատվությամբ, ինչպե՞ս կարելի է մի ամբողջ ժողովրդի սնուցման կարեւոր աղբյուրը նրան վստահել: Միսը, կարագը թանկ են, բայց ինչո՞վ պիտի մեծանա-հասունանա-ամրանա երեխան, եթե նույնիսկ շաքարավազի պակասություն ունի: Կարճ. գեթ մի երկուսը պետք է զբաղվե՞ն, որ մրցակցություն լինի, շահագրգռությո՛ւն լինի:
Ուզում եմ Ձեզ մի տվյալ հաղորդել: Մի քանի ամիս առաջ, բարձրաստիճան մի հյուրի առիթով, Բաղրամյան փողոցը փակ էր, եւ մեր երթուղայինը ստիպված եղավ «Բարեկամություն» մետրոյից շեղվել, Զեյթունով շրջանցելով կենտրոն իջնել: Բավականին երկար տեւեց, փակուղիներ կային եւ մենքՙ 5-6 հոգի ուղեւորներս համարյա բարեկամացանք: Երկու տղամարդ խոսում էին, եւ ակամա մենք էլ լսում էինք ասվածը:
Նրանցից մեկը, ինչպես մենք զգացինք, Իսպանիայի Մադրիդ քաղաքում էր հաստատվել, երեւանցի բարեկամին ասում էր.
- Չեմ հասկանում, ինչո՞ւ ես առարկում: Ես քեզ նավով շաքարավազ կուղարկեմ, դու դիր վաճառիր-ապրիր: Դրանից հեշտ բա՞ն:
- Ուզում ես տուն-տեղս վառե՞ն,- պատասխանեց մյուսը կիսաձայն...
Ի՞նչ էր նշանակում դա... Կարիք կա՞ մեկնաբանելու: Տես թե այսօրվա մեր պետության, մեր աչքի լույս Հայաստանի ժողովրդի կեցությունն ինչպիսի՜ մարդիկ են տնօրինում... Գիտե՞ք, թե՞ չգիտեք... Ի՞նչ եք մտածում: Առայժմ մենք դիմանում ենք, քանզի Ձեզ հավատում ենք, որ մի բան կանեք, իսկ եթե սպառվի մեր հավատըՙ մենք չենք լռի. որքան զոհեր տվինք մեր վերջին պատերազմում... որ մեր պետությունը կայանա: Չենք լռի ու կգրենք աշխարհի բոլոր առեւտրական գերմիավորումներին եւ կիրազեկենք Հայաստանի վիճակը: Ափսո՛ս, այն դեպքումՙ մնաս բարով ազգային անկախության ու պետականության գաղափար, մնաս բարով դարավոր ազգային երազանք, որ մի քանի հելուզակների պատճառով խորտակվեց... Համոզված ենք. Դուք դա չեք ուզում. Դուք իսկական հայ եք. դժվարանո՞ւմ եքՙ Ձեր մյուս ազգանվանակցինՙ նախագահին օգնության կանչեք եւ ինչ-որ բան տեղից շարժե՜ք: Այ, հիմա Համազգային թատրոնում մի հրաշալի ներկայացում են խաղումՙ Բրեխտի «Երեքգրոշանոց օպերան». հենց այդ մասին է. ժողովրդի մոտ իրենց իսկական անուն-ազգանունը կորցրած եւ միայն ածական անունով հայտնի գործարարների մասին, որոնք ավերում են երկիրն ու ամենայն մարդկայինը... Գնացեք տեսեք:
Հույս ունենա՞նք, որ սա (նյութը) Ձեզ կհասնի եւ ինչ-որ բան կանեք:
Հ. Գ. Մերձավորներս զգուշացրին անունս չգրել... Գիտեքՙ ինչ են ակնարկում... Բայց ես գրում եմ:
Զարմանալի «պնդերեսն» է ժամանակը. կարող է «մաղել-խոտանել» արժեքներ, որ մի ժամանակ ամենատիրականն ու հավերժականն էին թվում: Գերմանացի մեծ մտածող, գրող, հակաֆաշիստ ու կոմունիստ Բերտոլդ Բրեխտին, որ խաղաղության առաջին մարտիկներից էրՙ Լենինյան մրցանակի արժանացած եւ նրա բոլոր գործերը խաղացվում էին բոլոր թատրոններում, այսօր քչերն են հիշում եւ թատրոնների բեմահարթակ են բարձրանում միայն որոշ գործեր: Գործել է գեղարվեստական ստեղծագործության հո՛ւյժ ժամանակային գործոնը եւ իր հետ էլ տարել իրենը...
Այսօր նախապատվելին այն գործերն են, որոնք առավել գեղարվեստական ձեւի մեջ են արտահայտում Բրեխտի հավերժական ցավըՙ ծնված մարդու բնական գեղեցկության եւ դաժան իրականության պարտադրանքի հակասությունից: Ցավն ու ցայրույթը արտահայտելու համար Բրեխտին չբավարարեց դասական դրաման եւ նա ստեղծեց իրենըՙ 20-րդ դարի «Էպիկական, օտարման, քաղաքական թատրոնը», հաստատեց ոչ միայն իր պիեսներով, այլեւ տեսական աշխատություններով, գրականության եւ ողբերգականի հանդեպ հեգնալից վերաբերմունքը, որն առանձնակի տաղանդով շարունակեցին դարի գրողները, իսկ հատկապես Ջ. Պրիստլին եւ Ֆ. Դյուրենմաթը: Հեգնանքըՙ էակա՛ն փիլիսոփայությամբ, որտեղ ծաղրն ու զավեշտը դույզով իսկ չեն նվազեցնում իրականության ողբերգականությունը: Սաՙ իբրեւ վերին օրենք:
Հենց այս առումով էլ բնութագրվում է Բրեխտի «Երեքգրոշանոց օպերան», եւ բացատրվում նրա ե՛ւ բեմական կենսունակությունը, ե՛ւ ժողովրդականությունը: Շատ սուր է կոնֆլիկտը: Լոնդոնյան արքաների որսատեղինՙ Սոհոն, գրավել ու կավածեփ շինություններով իր բնակատեղին է դարձրել հասարակության աղքատ մասը եւ օրեցօր աճում ու ընդարձակվում է հասարակության տականքների հաշվին: Մի գործարար Ջոնաթան Փիչըմ պետության մեջ իր պետությունն է ստեղծել, օրենքներ սահմանել, որի համաձայն նրանք ոչ թե գողանում, թալանում ու սպանում են, այլ... մուրում:
Օրավուր աճում է տականքների բանակըՙ իշխանության համար լուրջ սպառնալիք դառնալով: Հանկարծ ու մերկ ու քրջոտ զանգվածը արշավի եւ ... փչացնի թագուհու թագադրությունը եւ ընդհանրապես ամեն հանդիսություն: Շերիֆ Բրաունն է հսկում, բայց ահա նրա դեմ իր անձնական բողոքն ունի Փիչըմը. հռչակավոր ավազակ «Դաշույն Մեքին» գայթակղել է նրա միակ դստերըՙ Փոլիին... Փիչըմը պահանջում է նաեւ իր անբարո վարքով հռչակված ավազակին ձերբակալել... Բայց Բրաունն էլ իր հաշիվներն ունի. մտերիմ է Մեքիի հետ եւ բորոր վտանգներից զգուշացնում է նրան: Հետո Բրաունն իմանում է, որ Մեքին չի խնայել նույնիսկ իր պատիվը, դուստրը հղի է նրանից... Փոլին հակառակ ծնողների կամքին գնում է Մեքիի մոտ եւ զայրացած Փիչըմը Բրաունին ստիպում է ձերբակալել Մեքիին: Համբավավոր ավազակի մեղքերը շատ են, եւ Բրաունը ձերբակալում է ընկերոջը: Մեքիին կախաղան է սպասվում, սակայն հենց այդ պահին հայտնվում է Թագուհու համբավաբերը եւ ներում բերում ավազակին...
Այս ամենըՙ սոցիալական սուր շեշտերով ու բրեխտյան զոնգերով (երգեր), որոնք միմիայն նրանը եղան. եզակի ու անկրկնելի: Մինչ ամբողջ գործողությունը լի է տգեղ բախումներով ու գայլային արարքներով, հարկավոր տեղում միջարկում է երգը եւ բեմական աշխարհը ողողում բարությամբ ու քնքշանքով: Երկատվա՜ծ են գործող անձինք եւ հենց դա է արտասովոր բարդ խնդիրներ պարտադրում դերակատարներին:
Նախապես ասենք, որ Համազգային թատրոնում հաճույքով դիտելի ու վարակիչ ուրախությամբ լի բեմադրություն է ստեղծվել: Նրա հեղինակը Արմեն Մելիքսեթյանն է, որ կրթությամբ ջութակահար էր, սակայն հետո ռեժիսորական դասընթաց անցավ Լինինգրադում եւ այնտեղ ու մեզ մոտ ստեղծած երաժշտական բեմադրություններով հաստատեց նրբարվեստ ու խելացի բեմադրիչի իր համբավը: Այս անգամ նա իրեն «թույլ է տվել» խմբագրել Բրեխտի համահեղինակՙ կոմպոզիտոր Կուրտ Վայլի երաժշտության ռիթմոտեմպային համակարգը եւ դանդաղ, խոհական ու հայեցող պատումը վերածել հախուռն, ժամանակակից հանդիսատեսի «արագացված» ռիթմին համահունչ ու գերող մի պատումի, որն ամառային տապին իր դյութանքի տակ է պահում երկու ժամ եւ 15 րոպե ու վերջում ստիպում ծափուծիծաղով լքել դահլիճը: Շա՛տ նշելի որակ: Եվ այս պատումի հմայքը նրա իրարամերժ հատվածների ու տրամադրությունների մտածված հերթագայությունն է, որ թույլ չի տալիս պահ իսկ կտրվել բեմիցՙ մնալ մշտապես նրա բուռն դիտորդը: Եվս մի նշելի որակ:
Տեսեք, թե մերկուքրջոտ զանգվածի կոշտուկոպիտ դրվագներից հետո ինչպես են աղջիկները բոլորվում Փիչըմի շուրջը եւ թատրոնի կամարների տակ սփռում արտասովոր մեղմանուշ ու թախծոտ մի երգՙ մարդկային խղճի, բարության եւ կարեկցանքի մասին... Բեմադրիչը քեզ մի ուրիշ աշխարհ է նետում, ավելին, սթափեցնում է եւ ուղղորդում ավելի լուրջ հանդիսանքի: «Տվողինՙ ի վերուստ է տրվում». այս լոզունգը շարունակ ուղղում ու աչքդ է կոխում Փիչըմը. դա է նրա հաստատության տարբերությունը ավազակ Մաքհիտի տիրույթից:
Պարզվում է, որ յուրայիններին խնամքով Մեքիի գայլային տիրույթից պաշտպանող Փիչըմը չի կարողացել պաշտպանել միակ դստերը: Փոլին ինքնամոռաց սիրահարվել է նրան... Եվ սկսում են օրհասական դառնալ Փիչըմի ջանքերը: Ի վերջո Մաքհիտը ձերբակալվում ու դատապարտվում է կախաղանի: Վերջակետում է հեղինակի հոմերյան քրքի՞ջը թե շառաչուն ապտակըՙ իշխանությանը: Հայտնվող Թագուհու պատգամաբերը ներում է բերում ավազակին եւ նույնիսկ պատվո նշան ամրացնում նրա կրծքին... Ինչպես ասում ենՙ «շատ դառըՙ ծիծաղելու եւ շատ ծիծաղելիՙ լալու համար»:
Ահա այս բեմադրությունը բրեխտյան հակասական գաղափարաբանության գեղարվեստական վերացարկումն է, որ անտարբեր չի թողնում ոչ ոքի: Պատումն առանձնակի լարումով է ընթանում, քանզի հեղինակ-վարող Սմիթի (Կարապետ Բալյան) խոսքից զատ մեջընդմեջ հյուսված է մի քանի ժանրային հետաքրքրական ու հագեցած տեսարաններով: Դրանցից մեկը Փոլիի եւ Մաքհիտի հարսանեկան արարողությունն է: Իսկական արարողությունՙ գետնամերձից մինչեւ եթերայինը: Խալաթյան-Մաքհիտն իրեն պահում է հեքիաթային արքայազնի պես, եւ Փոլին շատ երջանիկ է: Հերթով մոտենում են ընկեր ավազակները եւ մատուցում ընծաները: Հավուր պատշաճի սեղան էլ է դրված: Փոլին իսկույն վրան է քաշում հարսանեկան ձյունափայլ զգեստը, հետոՙ գիշերանոցը:
Տեսարանի բարձրակետը ամուսնական առագաստն է: Պայմանականի զորությամբ սանդղահարթակը մահճակալ է դառնում եւ ներքնակին իջնում է ձյունաճերմակ, փայլփլուն սավանը: Այն իջնում է դանդաղ. երկու անգամ թափահարելով-լողալով օդումՙ բերելով մի թափանցիկ, գեղեցիկ սարսուռ... (Բեմում ու դահլիճում հարուցված զուգորդությունն ինչ ասես արժե):
Գրոտեսկով ու հեգնալից է եւ լուծված Փոլիին ավազակների կապիտան կարգելու տեսարանը: Ձերբակալությունից առաջ Մաքհիտը ցանկանում է իր փոխարեն մեկին կապիտան կարգել: Հակառակ նրա չորս զինակիցների սպասումների, Մաքհիտը (նույնՙ դաշույն Մեքին) կապիտան է կարգում... նորահարսին: Եվ Մաքհիտի յուրաքանչյուր քարոզը միջարկվում է ավազակներիՙ զկրտոցի՞ թե՞ քրթմնջոցի ծիծաղելի՜ ձայնարկությամբ... Ոմանց աչքերը յուղոտ փայլ են ստանում. փերեզակները մտովի արդեն վայելում են նորահարսի հետ լինելու հաճույքը... Փոլիի աչքից ոչինչ չի վրիպում: Մի պահ փոխակերպված Փոլին մոտենում է ամենից չարաճճի Ջեյքոբին (Անդրանիկ Էքեմեզյան) եւ աքացու հարվածովՙ նրա անհարմար տեղինՙ գետին է փռում... Մաքհիտը գոհ է. Փոլին այն է, ինչ պետք է:
Բեմական լուծումների մեջ ամենաարժեքավորն այն է, որ խինդուպարի շարանում Մելիքսեթյանը չի մոռանում բրեխտյան սոցիալական բողոքի թեման, որի համար նա արտասովոր թանձրացման ու արտահայտչականության է հասցնում խմբերգի ու խմբապարի հատվածը, ուր հանկերգվում է. «Նախ հաց, հետոՙ քարոզ ու ճառ»: Եվ զանգվածը քանդվում է ու սելավի պես հոսում դահլիճ... Անհնար է դիմանալ աղջիկների համառ, աղեկտուր աղերսին ու մեկնված ձեռքերին... Դահլիճում ոմանք իրենց պայուսակներում ինչ-որ բան էին պրպտում ու դնում «մուրացկանների» ձեռքը... Իրոք, որ աներեւակայելի տեսարան...
Ասացինք Բրեխտյան նկարագրերի երկատվածության մասին: Ամենացայտունը տիկ. Փիչըմն է: Մի քիչ կլորիկ Արմինե Պողոսյանի Սելին կյանքի հատակն իջած, ալկոհոլից ու սեքսից զատ ոչինչ չընկալող արարած է, որ հենց ամուսնուն տեսնում էՙ անպարկեշտ ձեւով վազում-փակչում է նրան... Բայց ահա նա լսում է դստեր ընտրության մասին եւ ասես փլվում է... Հետո սկսում է մայրական վշտի սքանչելի զոնգը, ու տակնուվրա է անում քեզ: Հրաշալի է երգում Պողոսյանը: Նրա յուրաքանչյուր ֆրազից արցունք է կաթումՙ աներեւակայելի դրամատիզմ հաղորդելով պատումին:
Ավո Խալաթյանի Մաքհիտը ուշագրավ անհատականություն է. արքայազնի պես էլեգանտ, երբ Փոլին կամ թագուհին են առջեւը, իսկ մնացյալի եւ հատկապես իր գործընկերների հետՙ ինչպես հարկն է: Նրբագեղ հագուկապով ու սալոնային գեղեցկությամբ Մաքհիտի էությունը արտիստը բացահայտում է բանտախցի տեսարանում: Նա մերժում է շերիֆ Բրաունին ու նետում նրա բերած ուտելիքը... Բեմական է արտիստը, լավ երգում է, պարում եւ ժանրի լավ զգացողություն ունի:
Ալլա Սահակյանի Փոլին հմայիչ աղջիկ է, վճռական: Արտիստուհին օժտված է երգային ու պարային շնորհներով, ինչպես եւ մի ազատությամբ, որ ժանրի պահանջն է: Նարինե Գրիգորյանը իր հերթական հերոսուհուն է քանդակելՙ վառ, գրոտեսկային, նաեւ շատ տպավորիչ: Ալ հագուստով, որովայնի տեղում դրած հսկայական փուչիկը մի ձեռքով պահելով, մյուսով բարձրանում է ելարանին ու ոտքով գամում է Մաքհիտի ձեռքը աստիճանին եւ գիշատչի պես հետեւում իր զոհի գալարումին: Շատ ծիծաղելի պատկեր է: Սանդուղքի հակառակ կողմում հայտնվող Փոլիից Մաքհիտը ջանում է աննկատ պահել Լյուսիին եւ իր ծիծաղելի վիճակը, բայց ի վերջո ամեն ինչ ի դերեւ է ելնում ու կանայք բախվում են... Տեսարանն ավարտվում է փուչիկի աղմկալի պայթյունով... Միանգամայն այլ նկարագիր է Ջենի-Մորին: Արմինե Անդրեասյանի Ջենին ավելի լուրջ աղջիկ է ու թեեւ նա եւս հատակն է ընկել, սակայն պահպանել է կնոջ համար ամենաթանկը. սիրո ու հավատարմության զգացումը: Հարգանքով ու ծաղիկներով եկել է Մելիի մոտՙ հույս ունենալով օգնության, սակայն մերժվելով երգով բացահայտում է իր թախիծը, փշրված երազանքը:
Տղամարդկանց մեջ Փիչըմը բարդ ու դժվարին դեր էՙ ոչ միայն ժանրային հակասական սայրերով, այլեւ երգի, բեմական շարժման յուրօրինակ հյուսվածքով: Բնական է ու անսեթեւեթ Կարեն Խաչատրյանը, եւ նրա ստեղծած կերպարի կյանքն էլ անբռնազբոս հոսում է պատումի իրադարձություններին համընթացՙ երբեմն յուրօրինակ կամերտոն դառնալով: Պայքարի եւ իր տիրույթը ամրակայելու մի կիրք կա նրա մեջ, որը կարծես փոխանցվում է նաեւ իր տիրույթի մարդկանց: Զուսպ ու որոշակի հստակություն կա նրա փոխհարաբերություններում. կնոջ, դստեր, նորեկների, Բրաունի հանդեպ: Վերջինիս դեմ նա այնքան խելացի ու հիմնավորված է պայքարում, որ հաղթում է: Բեմական կերպարն ունի մի չորություն, բիրտություն, որ բնութագրում է թե՛ նրան, եւ թե՛ միջավայրը:
Մաքհիտի չորս զինակիցները «նույն սանդերքի կտավ են», սակայն յուրաքանչյուրն ինչ-որ կողմով առանձնանում է: Եթե Կորյուն Բուդուրյանի Քիմբթլը ավելի հեռատես է, ապա Ստեփան Ղամբարյանի Ուոլտերըՙ ավելի զգուշավոր, Արթուր Նազարյանի Մաթիասըՙ պատրաստակամ, միայն Ջեյքոբն է առավել իմպուլսիվ ու հումորով: Արտիստ Անդրանիկ Էքեմեզյանը ճկուն է ու առանձնանում է պարային շնորհով: Ի դեպ, որքան իմացա, ամբողջ խմբում երկու պրոֆեսիոնալ պարող կա (Գագիկ Մադոյան եւ Ա. Էքմեջյան), սակայն պարուսույց Աննա Կարապետյանն այնպես է նրանցով «համեմում» պարային հատվածները եւ, իհարկե, որոշակի մակարդակի հասցնելով եւ մյուսներին, որ մասնագետ հյուրերը հարցնում էին. «պրոֆեսիոնա՞լ պարողներ են»:
Սա, իհարկե, մեծ պլյուս է: Ես պարերգող աղջիկներից առանձնացնում եմ Հասմիկ Բաբայանին, Տաթեւիկ Ղարիբյանին եւ Քրիստինե Ալիխանյանին, սակայն սիրով կտայի բոլոր անխոս մասնակիցների անունները, քանզի այն նվիրումը, այն եռանդը, բեմադրիչին գեղարվեստական հղացումներում օգնելու տենչն ու պատրաստակամությունն ինչ ասես արժեր: Հիշենք նաեւ նկարիչ Դավիթ Մինասյանին, ում համախոհությունը բեմադրիչի հետ զգացվում է բոլոր մեծումանրուքում: Ես դեռ չէի տեսել, որ այս բեմը նման տարողունակությամբ օգտագործվեր. բեմի բոլոր անկյուններն այդքան բեռնված ու իմաստավորված լինեին: Սա եւս նշելի որակ է:
Ուզում եմ խոսքը ավարտել պատումի ցնցող ավարտով... Բոլորը հավաքվել են. փոքր մարդ չի. համբավավոր ավազակն ու կանանց սրտերի տիրակալն է դատապարտվելու, բայց... հանկարծ ձախակողմյան վերին հարթակից իր ծղրտոցով ու աճապարանքով հայտնվում է... Նորին մեծություն Թագուհին... Նա սուրում է սնդիկի պես, ուղղակի թառում Մաքհիտի ուսին, ով եւ կնամեծար մի շրջան է անում հիացմունքի աղաղակների տակ եւ իջեցնում իր թանկ բեռը: Ընդամենը մի մուտքով Տաթեւիկ Ղազարյանը մի կոթող եւս ավելացրեց իր արտիստական կենսագրությանը: Համարյա խոսք չունի, բայց ոչ մի վայրկյան չի լռում. բլբլոցից միայն մի բառ է անգլերեն հասկանալի. «Սիրելի՜ս»... ճիչ-ծղրտոցով ներկայացումը վարող Սմիթի հագից հանում է տոնական հագուստը, հագցնում Մաքհիտին, ապա կրծքին ամրացնում պետության պատվանշանը... Բոլորը գոռում-գոչում են, իսկ թագուհին այնպիսի էկզալտացիայի մեջ է, որ բլբլում, համբույրներ բախշելով հեռանում էՙ մոռացած արծաթափայլ պայուսակը... Ա՛յ թատրոն, այ տո՛ն... ու խնդություն:
***
Ներկայացման ծրագրին կցված սեղմ ծանուցման մեջ բեմադրիչը չի էլ հիշում լոնդոնյան Սոհոն, խորհուրդ է տալիս անցքը պատկերացնել ուզած երկրում, ուզած տարածաշրջանում, ուր գլխիվայր են եկել արժեքները, եւ երկիրը կառավարում է լավ կազմակերպված հանցախումբը. գող ու պոռնիկ, անհայտ կերպով հարստացած բանկիրներ, ծախված ոստիկաններ... Ահա թե որտեղի՜ց սկսեց եւ ո՜ւր հասավ Բրեխտը, նրա հետ էլ թատրոնը: Չմոռանանք պիեսը թարգմանողներինՙ Մարիկա Բերոյանին (խոսակցական տեքստը) եւ Պարույր Միքայելյանին (երգերի թարգմանությունը):
Ինչ-որ տեղ Բրեխտն էլ փորձություն է թատրոնի համար, որը պետք է առանցքում պահի բրեխտյան ասելիքը եւ նրա վրա լծորդի ժամանակակից խոհեր ու զուգորդություններ եւ հանդիսատեսին հիշեցնի, որ թատրոնը տոն է, իսկակա՛ն տոն:
Նյութի աղբյուրը` ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ – ՄՇԱԿՈՒՅԹ #14
25.09.2010
ՎԱՐՍԻԿ Գրիգորյան