17.10.2023 02:00
Ա. Ս. Պուշկինը մի ժամանակ գրել է Նաշչոկինին. «Դու ինձ գրում եւ ինչ-որ քննադատական ասուլիսի մասին, որ դեռ չեմ կարդացել։ Եթե դու կարդայիր մեր ամսագրերը, ապա կտեսնեիր, որ այն ամենը, ինչ մեզանում կոչում են քննադատություն, հավասարապես հիմար ու ծիծաղելի է: Ես իմովսանն - ձեռ եմ քաշել դրանից. լրջորեն առարկելն անկարելի է, իսկ հասարակության առաջ խեղկատակելու մտադիր չեմ»։
Կային ժամանակներ, մեր երկրի համար ծանր մի ժամանակաշրջան, երբ պուշկինյան այս խոսքերը կարող էին տարածվել մեր էլ քննադատության այն մասի վրա, որ նույնիսկ ոչ այնքան հավելված կամ ծանոթագրություն էր գրական երկի, որքան համապատասխան առաջնորդող հոդվածի կամ հրահանգի, մանավանդ որ համարյա իսպառ բացառված էր բանավեճի հնարավորությունը:
Եվ կտրվելով այս դառն հիշողություններից՝ այժմ չի կարելի անկեղծորեն չուրախանալ՝ որ վերջին տարիներս մեր քննադատական միտքն ունեցել է նկատելի առաջընթաց: Ամենից առաջ՝ փոխվել են հենց առաջնորդող հոդվածներն ու հրահանգները։ Քննադատությունն այլևս հավելված չէ, այլ կենդանի օրգանիզմ։ Ուղեղի ծալքավոր լինելը այլևս հազվագյուտ մարդկանց մեջ է - վախ հարուցում, ընդհակառակը՝ բոլորն են սկսել հասկանալ, որ լ աշխարհում ամենավտանգավոր բանը ուղեղի արդուկվածությունն է։
Եվ այս ուրախալի երևույթը նկատելի է ոչ միայն երկրի կենտրոնում, այլև տեղական գրական կազմակերպություններում: Ինչքան պատկառելի քննադատների գործունեության, առավել վերջերս հանդես եկած երիտասարդների մտածողության մեջ։ Լուրջ, հմուտ, բանիմաց քննադատական հոդվածներն ու գրախոսություններն այլևս «տոնական ճաշեր» չեն կենտրոնական «ստվար» ամսագրերում. լույս են ընծայվել գրականագիտական շատ աշխատություններ, որոնք այնպես հետաքրքրական են վերլուծում ամենազանազան գրական խնդիրներ, որ ակամա ցանկություն են հա-րուցում վերընթեռնելու և՛ Դոստոևսկուն, և՛ Շեքսպիրին, և՛ Սալտիկով Շչեդրինին, և՛ Ռաբլեին, և՛ հունական ու հռոմեական գրողներին...
Բայց պատասխանելով «Վոպրոսի լիտերատուրի» հանդեսի հարցերին՝ ես ուզում եմ ոչ այնքան գովել ու դրվատել (քանի որ քննադատությունը մարդու տալու աղջիկ չէ), որքան բարձրաձայն մտորել քննադատության այն դերի մասին, որ պիտի որակվի ոչ թե «օգտակար» - ածականով, այլ «վսեմ» մակդիրով։
Ամենից առաջ ուզում եմ ցավս հայտնել այն առթիվ, որ գրական գիտությամբ զբաղվողներից շատ–շատերը (համենայն դեպս, գոնե Հայաստանում) բավականին որոշակի չեն տարբերակում բանասիրությունը, գրականագիտությունը և քննադատությունը: Սրանք սահմանակից, բայց տարբեր գիտաճյուղեր են: Սրանք բոլորն էլ զբաղվում են գրականությամբ, բայց պիտի գրականությանը նայեն տարբեր կողմերից: Ու եթե բանասիրական աշխատությունը կարող է գրվել «զուտ գիտական» լեզվով, ապա այս նույնն անկարելի է հանդուրժել գրականագիտական գրքում, այլևս չխոսելով քննադատական աշխատանքների մասին։ Չի կարելի մոռանալ, որ գրականագիտությունը ոչ թե ինչ-որ գիտություն է ընդհանրապես, այլ գրականագիտություն է։ Եվ արվեստի հարցերից խոսողը պարտավոր է նախ և առաջ խոսել արվեստով, ոճի մասին դատողը պիտի ոճ ունենա: Մարդկանց գեղագիտական հաճույք պատճառելը եթե առաջնահերթ պարտքն է գրողի, ապա պիտի պարտադիր պարտականությունը լինի նաև գրականագետի:
Կան շատ գրողներ, որոնք առհասարակ չեն կարդում գրականագիտական ու քննադատական երկեր: Անձամբ ես կարող եմ այսպիսի գրողին սիրել, բայց չհարգել: Ես նույն ներքին մղումով ու նույն հաճույքով կարդում եմ որքան Էրենբուրգին՝ նույնքան Շկլովսկուն, որքան Լեոնովին՝ նույնքան Բախտինին, որքան Վինոկուրովին ու Վոզնեսենսկուն՝ նույնքան Օգնևին և Վիգոտսկուն: Բայց հաճախ դժբախտաբար, շա՜տ հաճախ) ստվարածավալ մենագրության ընթերցումը դեռ նոր սկսած՝ իսկույն էլ ձեռ ես քաշում դրանից, որովհետև քեզ տիրապետում է միևնույն միտքը. «Աստվա՜ծ իմ, ինչի՞ և ո՞ւմ համար է գրված այս ամենը»։ Իսկ երբ այսօրինակ գրականագետը դեռ ճղճղան ու անձնապաստան ձևով պարսավում և հայհոյում է գրական կենդանի երևույթը, ապա ակամա հիշում ես կաղնու, կաղինի և հանրածանոթ առակի երրորդ «հերոսի» մասին...
Կան ոչ սակավ գրողներ, որոնք առհասարակ տարակուսում են քննադատական գրականության հենց սեռի ու տեսակի` օրինականության վրա: Ես նրանց շարքում չեմ: Բայց ինչի՞ համար է քննադատն ընդհանրապես: Պե՞տք է նա: Ի՞նչն է նրա գործի էությունը։
Չեմ հիշում, ցավոք սրտի, թե ո՞վ է քննադատին նմանեցրել աստվածաշնչյան – Ահարոնին։ Սա, ինչպես գիտեք, եղբայրն էր Մովսեսի՝ աստծուց սիրվածի։ Բայց Մովսեսը ծանրալեզու էր և կակազ, այս պատճառով էլ չէր կարող ժողուվրդին հասցնել Աստծո կամքն ու պատ վիրանները։
Ահարոնն, ընդհակառակը, ուներ ճարտար լեզու, ուստի և Աստծո թույլտվությամբ ինքն էլ էր մասնակցում Աստծո հայտնություններին, որպեսզի տարածի մեկնաբանի Աստծո պատվիրանները՝ ժողովրդի մեջ։
Այս համեմատության մեջ, ըստ իս, համարյա ամեն ինչ ճիշտ է: Ուրեմն՝ քննադատ - Ահարոնի գործը նույնպես «Աստծո թույլտվությամբ է»: Բայց նա (այդ քննադատ Ահարոնը) պարտավոր է հիշել, որ ինքն ընդամենը Մովսեսի թարգմանն է և ոչ թե Մովսեսը: Նա աստվածային զրույցի ունկնդիրն է և ոչ թե զրուցող: Նա միջնորդի օգնականն է և ոչ թե միջնորդը Աստծո և ժողովրդի միջև։ Ու եթե այս ամենը ճիշտ է, ապա ենթադրվում է երկու նախապայման. Ահարոն լինելու համար պետք է, նախ և առաջ չլինել կակազ և ապա՝ լինել Մովսեսի հարազատն արյամբ։ Մինչդեռ մեր քննադատները հաճախ կակազում են շատ ավելի սաստիկ, քան իրենց «ծանրալեզու» եղբայրը գրողը: Բայց այս էլ դժբախտության կեսն է: Դժբախտությունը լրիվանում է, երբ հաճախ առանց մանրադիտակային վերլուծության էլ, պարզապես «չզինված աչքով» անկարելի է չնկատել, որ «Ահարոնը» ոչ միայն «Մովսեսի» եղբայրը չէ արյամբ, այլև խաչեղբայրն էլ չէ, ոչ էլ բախտակիցն ըստ կոչման, այլ ընդամենը համակուրսեցին է, ընկերն՝ ըստ ուսումնական վկայագիր-դիպլոմի։
Այսպիսի դեպքերում արտահայտվում են քննադատի այլևս ոչ թե բնածին հակումներն ու հոտառությունը, այլ ստացական-եկամուտ-ձեռքբերովի գիտելիքները չոր ու ցամաք: Իսկ երբ դիպլոմանտի խելքին միանում է նաև ցածրաստիճան դիպլոմատի կարողությունը, ապա ստացվում ճաշակի` փայլի փոխարեն ճաղատի փայլ, թափի փոխարեն՝ ձեռքերի թավահարում, հոգու և ոգու շռայլության փոխարեն` սովորական փնթիություն, փիլիսոփայական հայացքի փոխարեն՝ հասարակ ու սխալական նայվածք և սկզբունքային կուսակիցության փոխարեն՝ պատեհապաշտական կողմնորոշություն:
Քննադատները հաճախ այն միտքն են արտահայտում, թե գրողները չեն հասկանում իրենց իբր թե այն պատճառով միայն, որ քննադատվում են։ Այս կարծիքի մեջ, հարկավ, կամ ճշմարտության մի պճեղ, որովհետև մարդը մարդ է մնում, եթե նույնիսկ նա Լև Տոլստոյ է: Բայց չէ՞ որ գրողներին քննադատում են (գրավոր և բանավոր), նրանց դասեր են տալիս ու խրատներ կարդում ոչ միայն քննադատները, այլև գրողներն իրենք, ըստ որում՝ գրողի խրատն խորհուրդը գրողն, իբրև օրենք, ոչ միայն ընկալում է, այլև ընդունում երախտագիտությամբ։ Ուրեմն՝ բանն այն չէ, որ քննադատում են. նայած թե ինչի՞ համար և ինչպե՞ս են քննաղատում:
Ավելին, իսկական քննաղատը ճանաչվում է ոչ այնքան այն բանով, թե ինչպե՛ս և ինչի համար է քննադատում, այլ այն բանով, թե ինչպե՛ս և ինչի համար է գովաբանում։ Գայթակղության քարը հենց այստեղ է։ Ահավասիկ գովել են քեզ, պարզապես երկինք հանել, բայց դու աքլորավարի քայլելու փոխարեն շրջում ես գլխահակ մոլորաքայլ, ու որովհետև տեսնում ես, որ Աստծուն Աստվածատուր են կոչել, այսինքն՝ գովել են այն, ինչ գովել չարժեր, և չեն նկատել (իսկ հաճախ էլ ջարդուփշուր են արել) այն, ինչը չէր կարելի չնկատել ու չգովել, եթե քննադատը լիներ ի բնե և ի ծնե «ձայնեղ» և ոչ թե ընդամենը «կոնսերվատորիա ավարտած»։ Ու եթե քեզ գովաբանող քննադատին չես հավատում, էլ ինչպե՛ս վստահես նրան, ու իր կարծիքներին, այլևս չխոսելով նրա հեղինակավորության մասին, առանց որի քննադատական ողջ բազմաբարբառությունը այլ բան չէ, քան սովորական «ձայն բարբառոյ յանապատի»: Իսկ հեղինակավորության հասնելն անկարելի է ո՛չ հաստափոր հատորների քանակով, ո՛չ էլ գիտական տիտղոսների ու կոչումների կուտակմամբ, այլ միայն ու միայն ապացուցելով, որ զգում ես գրականությունը մաշկովդ և ոչ թե դեղատոմսով, գրականության զարգացման օրենքները հասկանում նյարդային բարձրագույն համակարգով և ոչ թե դասագրքային ճշմարտություններով։
Քննադատը, իմ խորին համոզմամբ, պիտի գրողից հասակով լինի, եթե ոչ բարձր, ապա գոնե նրա չափ: Չէ՞ որ ճշմարիտ արվեստագետը միշտ էլ նայում է այնտեղ, ուր «հատվում է մարդկանց հայացքը պոչատ» (Վ. Մայակովսկու խոսքով ասած) և ձգտում է ընթերցողի առջև բաց անել այդ հեռուներն ու հեռուների հեռանկարը: Տերմինների քղամիդը, եթե անգամ դա լինի կախարդական, այսուհանդերձ չի կարող մեզանից ծածկել գրական կենդանի ընթացքի չհասկացվելը քննադատի կողմից, սերտած ֆորմուլներով գրական կյանքի մշտապես փոփոխվող ու զարգացող երեվույթները բացատրելու անկարողությունն ու անկարելիությունը:
Մեր քննադատական մտքի զարգացման ճանապարհին, իմ կարծիքով, մեծ խոչընդոտ է և այն, որ քննադատներից շատերը իրավամբ իրենց պարտքը համարելով «առա՜ջ» կանչելը, իրենք չգիտեն, թե որտե՞ղ և ո՞րն է այդ «առաջը»: Այսպես է ստացվում, ըստ իս, այն պատճառով, որ նմանօրինակ գրականագետներն արդի գրական հոսանքին ու ընթացքին նայում են ոչ թե աչքերով, այլ ծոծրակով, որովհետև դեմքով դարձած են դեպի անցյալը: Այսպես է համենայնդեպս գոնե Հայաստանում (և ոչ միայն այստեղ) : Ինչքան էլ լուսավոր ու լուսեղեն լինի անցյալի գրականությունը, չի կարելի կուրանալ այդ լույսով, եթե չես ուզում աղոթել մթնած աչքերով, այլ պարտավորված ես զգում ընթանալ առաջ՝ ոչ թե հակառակ, այլ հենց հանուն այդ լույսի և ի սեր այն բանի, որ նույն այդ լույսը հարատևի - վերապայ- ծառանալով։ Հանրահայտնի օրենքների կրկնությունը գործ է աշակերտական: Նոր օրենքներ հայտնաբերել գրական նոր երևույթների մեջ, - ահա՛ գրականագետների և քննադատների գործը: Ու եթե ոչ օրենքներ, ապա գոնե օրինաչափություններ: Եվ առանց վախի, առանց աչքակալի: Այո՛, անհայտը վախեցնում է։ Բայց քննադատը, ինչպես որ հետախույզը, չպիտի լինի երկչոտ ու վեհերոտ: Քննադատությամբ զբաղվել չի նշանակում իրեն համար «հարսնացու ընտրել» - ըստ անձնական ճաշակի և (հաշվենկատության) : Ինձ թվում է, թե հենց այստեղ է մեր քննադատությունն անտեսում այն պահանջը, ինչ առաջադրում էր դեռ Դոբրոլյուբովը. «Եթե երկն ունի ինչ-որ բան, ապա ցույց տվեք մեզ, թե ինչ ունի. սա առավել լավ է, քան ընկնել կշռադատությունների ետևից, թե ինչ չկա և ինչ պետք է որ լինի այնտեղ»: Չէ՞ որ հենց կրիտիկա բառը նշանակում է քննադատություն և ոչ թե դատաքննություն։ Այս պատճառով էլ հազար անգամ իրավ էր Դոբրոլյուբովը, երբ ասում էր, որ քննադատը «առավել դատապաշտպան է, քան դատավոր»: Բոլորս գիտենք դատավորի անունը՝ ժամանակ։ Ճիշտ այսպես էլ ծանոթ են նաև ատենակալները: Նրանց կարելի է անվանել ընթերցողներ: Ուրեմն՝ դատապաշտպանը պիտի զբաղվի իր ազնիվ ու վսեմ գործով՝ ոչ մի վայրկյան չմոռանալով, որ դրա համար պետք է ունենալ մեծ սիրտ ու նույնքան էլ լայն մտահորիզոն, որքան նրբին ճաշակ, նույնքան էլ ամուր պահանջկոտություն, որ ամենևին էլ չի նշանակում քարոզ կարդալ ու տալ խրատներ, ինչ ամենից հաջող անում են մեր տատիկներն ու պապիկները:
Այդ ազնիվ ու վսեմ ծառայության ճանապարհին, իմ կարծիքով, արգելք է հանդիսանում և այն, որ մեր քննադատներից շատերը գրականության դռները բացելու համար ունեն մեկ ու միակ բանալի։ Բայց բանաստեղծական-գրական «տունը» բնավ էլ «տիպային» միանման-նույնանմուշ շենք չէ, որի բոլոր դռներին գցված լինի միանման նույնանմուշ կողպեք: Գրողի «տունը» ավելի նման է հինավուրց ամրոցի, որի ամեն դուռն ունի ի՛ր փակն ու փականը, ի՛ր կողպեքն ու նիգը: Ուստի և քննադատն իր պաշտոնով նման պետք է լինի ոչ թե նորօրյս հավաքարարի՝ հսակայական ողջ շենքի բոլոր դռները բացող իր մեկ ու միակ բանալիով, այլ հինավուրց փակակալի՝ բանալիների այն ծանր կապոցով, որ պիտի կախված լինի նրա նույնիսկ ոչ կողքից, այլ վզից (որպեսզի ամեն վայրկյան առավել սուր զգա դրանց անհրաժեշտ ծանրությունը) ...
Ուզում եմ վերջում մի երկու խոսք էլ ավելացնել այն քննադատության մասին, որ հասցեագրվել է անձամբ ինձ, իմ ստեղծագործական աշխատանքին:
Քննադատների մեջ, դժբախտաբար, կան պարզապես չկամ ու չարակամ մարդիկ, որոնք ղեկավարվում են ոչ միայն հոռի ճաշակով, այլ նաև անձնական հաշիվներով։ Սրանք մարդիկ են, որոնց համար դատարկ խոսք է վաղնջական ու սրբազան այն առածը, թե «Թանաքը արյունից պակաս թանկ չէ»։ Նրանց աստվածը հավուր պատշաճությունն է, դավանանքը՝ պատեհապաշտությունը, կուռքը՝ օրացույցը։ Բայց նրանց թիվը, բարեբախտաբար, մեծ չէ: Քննադատները մեծամասնաբար բարյացակամ, ազնիվ ու սկզբունքային մարդիկ են։ Բայց հակառակ այս ամենի էլ, հաճախ մեր ասուլիսը նմանվում է երկու խուլի խոսակցության, որովհետև մեր զրույցին միջամտում է մի երրորդ անձ էլ, որի անունն է ոչ թե Անձնական ճաշակ, այլ արդի գրականության վրա սևեռված Հայացք:
Համենայն դեպս, այսօր ոչ պակաս, քան 136 տարի առաջ, տեղին են հնչում պուշկինյան խոսքերն այն մասին, որ «փքուն հորջորջումները, առանց պատճառի գովքերը, փծուն կոչականները այլևս չեն կարող գոհացնել ողջամիտ մարդկանց»։ Եվ այսօր ոչ պակաս, քան 112 տարի առաջ, հարկավոր է ունկնդրել մեծ քննադատի խոսքը. «Քննադատությունը, - պահանջում էր Չերնիշևսկին, - եթե արժանի է իր անվանը, գրվում է ոչ թե այն բանի համար, որ պարոն քննադատը ցուցամոլություն անի սրամտությամբ, ոչ այն բանի համար, որ քննադատին բերի հասարակությանը իր բառախաղերով զվարճացնող վոդևիլային կուպլետասացի փառք: Սրամտությունը, կծվությունը, մաղձը, եթե այս ամենի տերն է քննադատը, պիտի նրան ծառայեն իբրև զենք հասնելու լուրջ նպատակի՝ ընթերցողների մեծամասնության մեջ զարգացնելու և մաքրելու ճաշակ, պիտի նրան միջոց տան՝ համապատասխանաբար արտահայտելու կարծիքները հանրության լավագույն մասի»։
ՊԱՐՈՒՅՐ Սևակ
Նյութի աղբյուրը՝ Պարույր Սևակ, Հրապարակախոսություն և քննադատություն, Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 3, Երևան -1983