Ռուս. - если бы
հայ. – իցէ թե, իցիվ թե
Դերասանի հոգետեխնիկայի հենաքարային սկզբունք՝ Ստանիսլավսկու ‹‹Սիստեմում››, որը հիմք է հանդիսանում վերապրման և վերամարմնավորման արվեստի համար: Անձնավորման արվեստի այն միջոցը, որի շնորհիվ դերի վարքագիծը, խոսքը, զգացմունքները, դերասանը դարձնում է իր սեփականը (եթե իրոք ինքն այդ մարդու տեղը լիներ): Մոգական «Եթե իրոք»-ի օգնությամբ՝ դերի և կերպարի նյութը դառնում է դերասանի անձնական, մարդկային զգացմունքների տիրույթը, որը և կերպարի հետ միաձուլման բանալին է: Սիստեմում դերասանական խաղի լիարժեք հոգեբանական արժանահավատությանը հասնելու նկատառումով՝ ընդգված է այն պահի կարևորությունը, երբ դերասանը գիտակցում է, որ բեմում ստեղծվում է իրական կյանքի մի հատված։ Ուստի խիստ կարևոր է դառնում այդ ամենը որպես ճշմարտություն ընկալելն ու խաղային ոգեշնչումից ծագող ներշնչանքի շնորհիվ դրան հավատալը, տվյալ ճշմարիտ վիճակը ոչ մի կերպ բաց չթողնելը:
‹‹Սիստեմին›› վերաբերող Ստանիսլավսկու գրքերում օգտագործված տերմինները, այդ թվում նաև՝ ‹‹Եթե իրոքը›› իր հորինածը չեն, այլ վերցվել են աշխատանքի ընթացքում հենց աշակերտներից և սկսնակ դերասաններից: Նրանք պարապմունքի ժամանակ բառանուններ էին գտնում իրենց ստեղծագործական զգացողությունների համար։ Թատերական բառապաշարն ու դերասանական ժարգոնը ձևավորող այս ‹‹տերմինաբանությունը›› չուներ գիտական հավակնություններ, բայց արժեքավոր էր այնքանով, որ մոտ ու հասկանալի էր սկսնակներին: Այսպիսով «Եթե իրոքը» ոչ թե հորինված այլ ստեղծագործական աշխատանքի ընթացքում ըստ անհրաժեշտության ստեղծված տերմին է:
«Եթե իրոք»-ին Ստանիսլավսկին հատկացրել է մեկ ամբողջ գլուխ «Դերասանի աշխատանքն իր վրա վերապրումի ստեղծագործական ընթացքում» գրքի երրորդ գլխում: Գլուխը կոչվում է «Գործողություն: «Եթե իրոք», «Առաջադրվող հանգամանքներ»»:
Դերը ճշմարտացիորեն անձնավորելու համար, դերասանը երևակայության ուժով պատկերացնում է գործող անձի բնավորությունը, միջավայրը, ուրիշ գործող անձանց հետ ունեցած հարաբերությունները, նրա վարքագիծը պայմանավորող այլևայլ հանգամանքները (տե՛ս Առաջադրված հանգամանքներ)։ Այդ դեպքում միայն նա ի վիճակի կլինի պատասխանելու այն հարցին, թե ինքն իրեն ինչպես կպահեր, եթե իրոք հայտնվեր նույն այդ հանգամանքներում, եթե իրոք նա լիներ Պեպոն, այդ բնավորության տեր մարդը, երբ ստիպված է, դժվարին կացությունից ելք գտնել։ Առաջադրված հանգամանքները տրված են նախ և առաջ պիեսում, ապա դրանք ճշտվում, առարկայանում, զարգանում են բեմադրիչի և դերասանի համատեղ աշխատանքի՝ փորձերի ընթացքում։ «Եթե իրոք» հարցումը ամեն մի դերակատարման առիթով նորից ու վերստին ծագելով, պահանջում է խաղի կոնկրետություն (այսօ՛ր, այստե՛ղ, այս պահին, այս պարագաներում, ա՛յս մարդը), դերասանին հեռու է պահում «դերասանություն անելուց» և նպաստում է դերի ու դերասանի ստեղծագործական միասնությանը, դերի զգացմունքներն անկեղծորեն՝ «իր սեփականի պես» ապրելուն:
«Եթե իրոքը»-ը զարմանալի արտահայտություն է, որն ասելու դեպքում, մարդու մոտ սկսում է ակտիվանալ մտածողությունը և հուզական ոլորտը, նրա ուղեղում, սրտում և ընդհանրապես նրա մեջ ուրվագծվում է այն իրավիճակը որում նա կցանկանար իրեն դնել, բայց որն իրականում գոյություն չունի: Այս իրավիճակը մարդը պատկերացնում, զգում, ապրում ու կորցնում է իր ներսում՝ գործնականում արտաքինից ոչինչ ցույց չտալով։ Կարող է փոխվել միայն նրա դեմքը, կամ կարող են առաջանալ թեթև ինքնաբերաբար շարժումներ։ Բուն այս իրավիճակը կյանք չի փոխադրվում, այլ մնում է երևակայության մեջ: Այդ պատճառով «եթե իրոք» արտահայտությունը կյանքում, հետևաբար նաև բեմի վրա նախևառաջ կապված է երևակայության հետ: Այս բառերը մտովի արտասանելուց հետո մարդն իր գլխում ստեղծում է այն հանգամանքները, որոնք տեսնում է կոնկրետ հարցի լուծման համար։ «Եթե ես տնօրեն լինեի...», «եթե ինձ ինչ-որ բան որոշելու հնարավորություն տրվեր...» և այլն: Սրանք այն հանգամանքներն են, որոնց մեջ մարդն ինքն իրեն դնում է, և որից հետո նա մտովի, ներքին հուզականությամբ գործում է այն տեսարանում, որը ուրվագծում է սեփական երևակայության մեջ:
Վերլուծելով էտյուդը՝ Ստանիսլավսկին իր ուսանողներին ասում էր.« «եթե իրոք» արտահայտության մեջ ինչ-որ հատկություն, կամ ուժ կա թաքնված, որը ձեր ներսում ակնթարթային վերադասավորումներ է առաջացնում, և դա շատ աննկատելիորեն է տեղի ունենում»»:
Բեմում պետք է գործել նպատակային, արդյունավետ, հիմնավորված, և ըստ Ստանիսլավսկու, դերասանին այս ամենը հասանելի է դառնում միայն «եթե իրոք» հասկացության միջոցով։ Օրինակ՝ եթե ես հյուրերի սպասեի, ուրեմն կանեի այս ու այս գործողությունները, կամ Եթե դուք քայլեիք անտառում, ի՞նչ կանեիք այնտեղ: Այս հարցերին՝ կախված տարբեր առաջադրվող հանգամանքներից, մենք գտնում ենք տարբեր լուծումներ։
1.Լուծում №1.
Նա քայլում է անտառով՝ այս ու այն կողմ տանելով երևակայական ծառերի ճյուղերը։ Դուրս է գալիս բացատ. Նայում է շուրջը և որոշում է հաստատվել այդտեղ՝ հանգստանալու։ Զննում է բացատը՝ փորձելով ստվերում մեկուսի տեղ գտնել: Նկատում է հոսող առվակ, գնում է նրա մոտ։ Նա ուտելիքի կապոցը դնում է գետնին, թևքերը վերև է ծալում, հարմար տեղավորվում և լվանում է ձեռքերը։ Հետո նա թարմացնում է դեմքը ջրով ու սկսում խմել։ Ջրից հագենալով՝ նա տեղավորվում է ծառի տակ՝ հողը մաքրելով ճյուղերից ու կոներից։ Նա արձակում է կապոցի հանգույցը, սկսում է ուտել՝ հետևելով թռչունին, և սուլում է ի պատասխան նրա դայլայլին։ Հանկարծ ինչ-որ մեկը խայթում է նրան։ Նա քորում է այդ տեղը կարևորություն չտալով խայթոցին։ Նա պառկում է կողքի վրա, որոշում է նիրհել՝ ևս մեկ խայթոց... Վեր է կենում, նայում այն տեղը ուր պառկած էր, պարզվում է, որ մրջնանոցի վրա էր: Որոշում է այլ տեղ փնտրել։ Շուրջը նայելով, նոր տեղ փնտրելով հեռանում է բացատից:
2. Լուծում №2.
Նա քայլում էր անտառով, և սունկ էր փնտրում եղևնիների ցածր ճյուղերի տակ, մամուռը ցրիվ տալով։ Սունկ գտնելով՝ նա դանակով զգուշորեն կտրում է այն, հետո զգուշությամբ դնում զամբյուղի մեջ։ Բավականաչափ սունկ կուտակելուց հետո, նա նստում է ծառի տակ՝ խոտերի վրա։ Զամբյուղից հանում է սնկերը, շարում և սկսում է մաքրել սնկերի ոտիկների ծայրերը։ Բոլոր սնկերը նորից դնում է զամբյուղի մեջ, ծառից պոկում մի քանի փոքրիկ ճյուղեր, և դրանցով ծածկելով սնկերը, գնում է տուն։ « - Կատարումների միակ տարբերությունն այն է,- վերլուծում է Տորցով- Ստանիսլավսկին,- որ առաջին մասնակցի «եթե իրոքն»-ն ավելի շատ երևակայություն է արթնացրել, քան երկրորդինը: Առաջինի գործողություններն ավելի բազմազան ու հետաքրքիր էին։ Բայց երկուսն էլ գործել են տրամաբանորեն ու ճշմարիտ՝ գործողության շղթայից ոչ մի օղակ բաց չթողնելով»։
Ստանիսլավսկին ցանկացել է իր սիստեմում ընդգրկել նաև առանձին վարժությունների ժողովածու, սակայն չի հասցրել, բայց «Դերասանի աշխատանքն իր վրա» գրքում կան նմանատիպ շատ վարժություններ. օրինակ «եթե իրոք» -արտահայտությանը վերաբերող.
Վերցնելով 5-6 առարկաներ՝ ուսուցիչը հերթով ուսանողների մեկնած ձեռքերի մեջ է դնում այդ առարկաներից մեկը՝ արագ ասելով.
1. Թաշկինակը տալով - «Ահա քեզ մուկ»:
2. Տուփ տալով - «այստեղ գորտ է»:
3. Փաթեթ տալով - «դրա մեջ որդեր կան ...»:
4. Նայելով աշակերտի գլխին՝ «Օ՜, օ՜, քո վրայով մի հսկայական սարդ է քայլում...»:
5. շշով ջուր է տալիս` ասելով - «փորձեք...», - երբ աշակերտը սկսում է խմել, ասում է «այնտեղ նավթ է... ...» և այլն:
«Եթե իրոք»-ը չի խոսում իրական փաստի մասին, այն մասին ինչը կա, այլ միայն այն մասին ինչը կարող է լինել «Եթե իրոք»-ը ոչինչ չի հաստատում, այլ միայն ենթադրում է լուծմանը սպասող առաջադրված հարցեր: Այդ խոսքերի օգնությամբ դերասանի որոշումներն ու շարժումները կայանում են առանց կեղծիքի: Այսինքն «եթե իրոք»-ի միջոցով՝ ինքնաբերաբար, բնականոն կերպով, առաջանում են ներքին և արտաքին գործողություններ։ Ըստ Ստանիսլավսկու «եթե իրոքի»-ի ազդեցության գաղտնիքը կայանում է նրանում, որ դրա շնորհիվ դերասանի գիտակցության նկատմամբ բռնություն չի գործադրվում։ Պարտադիր չէ, որ արտիստն իրեն ստիպի լրջորեն հավատալ, որ ինքն այլ միջավայրում է։ «Եթե իրոքի»-ի օգնությամբ միայն առաջարկ է արվում՝ «ի՞նչ կլիներ, եթե ես լինեի…»: Այսինքն հարցը դրվում է լուծման, որին դերասանը փորձում է պատասխանել իր գեղարվեստական մտածողությամբ երևակայությամբ կամ բնույթով, նա պատասխանում է ոչ թե բանավոր, այլ գործողությունների միջոցով՝ սեփական վարքագծով՝ ինքնազգացողությամբ և ողջ էությամբ: Նրանում առաջանում է ներքին և արտաքին ակտիվություն: Այն ամենը ինչը մարդը կյանքում խաղարկում է իր երևակայության մեջ՝ կատարում է արարքներ, մենախոսություններ է ասում, դերասանն իրագործում է դերի մեջ, բեմի վրա, արտաքուստ:
«Եթե իրոք»-ի հատկանիշների հետագա ուսումնասիրման ընթացքում հարկ է ուշադրություն դարձնել այն փաստին, որ գոյություն ունեն, այսպես ասած, միահարկ և բազմահարկ «Եթե իրոք»-ներ: Բարդ պիեսներում միահյուսվում են մեծ քանակությամբ հեղինակային և հերոսների այս կամ այն վարքագիծը` այս կամ այն արարքը արդարացնող բազմապիսի «եթե իրոք»-ներ: Նման դեպքերում մենք գործ ունենք ոչ թե միահարկ, այլ բազմահարկ «եթե իրոք»-ների հետ, այսինքն` մեծաքանակ ենթադրությունների ու դրանց հնարամտորեն միահյուսվող, լրացուցիչ հնարանքների հետ: Այդտեղ հեղինակը, պիես ստեղծելով, ասում է. «եթե իրոք գործողությունը կատարվեր այսինչ դարաշրջանում, այսինչ պատմության մեջ, այսինչ տեղում կամ տանը, եթե իրոք այնտեղ ապրեին այս ու այս մադիկ՝ հոգեկան այս ու այս հակումներով, այս ու այս մտքերով ու զգացմունքներով, եթե իրոք նրանք բախվեին այս ու այս հանգամանքներում…» և այլն:
Պիեսը բեմադրող ռեժիսորը հեղինակի ճշմարտանման մտահղացումը լրացնում է իր «եթե իրոք»- ներով ու ասում. «եթե իրոք գործող անձանց միջև լինեին այս ու այս փոխհարաբերությունները, եթե իրոք նրանք ունենային այս ու այս իրենց բնորոշ պահվածքը, եթե իրոք նրանք ապրեին այս ու այս հանգամանքներում և այլն, ապա այդ բոլոր պայմաններում ինչպե՞ս կվարվեր իրեն նրանց տեղը դնող արտիստը։ Իր հերթին նաև նկարիչը, որը պիեսի գործողության վայրն է պատկերում, կամ էլեկտրատեխնիկը, որն այս կամ այն լուսավորությունն է տալիս, և ներկայացման մյուս ստեղծողները ովքեր գեղարվեստական հնարքներով լրացնում են պիեսին կենդանություն տալու պայմանները: Այնուհետն, գնահատեք նաև այն ինչ-որ առանձնահատուկը, այն թաքնված ուժը, որը դուք զգում էիք «եթե իրոք»-ի մեջ»:
«Եթե իրոք», «առաջադրվող հանգամանքներ», «երևակայություն», «ուշադրություն», «ճշմարտացիության զգացողություն», «խնդիրներ», «բեմական տվյալներ» և այլն, սրանք դերասանական աշխատանքի շատ կարևոր գործոններ են, որոնց Ստանիսլավսկին պայմանականորեն կոչում է տարրեր:
«Եթե իրոք»-ը, «առաջադրվող հանգամանքներ»-ը և վերոնշյալ տարրերը շատ կարևոր են, բայց դրանց հետ մեկտեղ դերասանին դեռ պետք են գալու մասնագիտական, արտիստական, ստեղծագործական շատ ու շատ այլ ունակություններ, հատկանիշներ և ձիրքեր։ Երբ խոսքը վերաբերում է դերասանի ստեղծագործական աշխատանքը նկարագրելուն, կարող ենք տեսնել, որ այստեղ գերիշխում է որոշակի հոգեֆիզիկական վիճակ, որը դերասանից պահանջում է հոգեկան, մտավոր և ֆիզիկական ուժերի կենտրոնացում։ Առաջին իսկ քայլերից աշակերտին տրվում է առաջադրանք՝ կախարդական սկսվածքով՝ «Եթե իրոք» կամ «Ես առաջադրված հանգամանքում եմ», եթե դերասանը կարողանա տիրապետել այս հմտությանը, ապա դերի վրա աշխատելն ավելի հեշտ կլինի, և վերջապես դերի մեջ մտնելն ավելի բնականոն կերպով կստացվի։ Առաջադրվող հանգամանքներին հավատալը բնական կարողություն է, և այն կարելի է զարգացնել, բայց չի կարելի սովորեցնել։
Քննադատները հաճախ թիրախավորում են Ստանիսլավսկու սիստեմի հիմնարար սկզբունքը՝ «մոգական եթե իրոքը», նրանք կարծում են, որ այն անտեսում է դասական կերպարների գեղարվեստական ընդհանրացման մասշտաբները, դրանք հասցնելով կոնկրետ անձի՝ դերասանի մեկնաբանության չափերին։ Մինչդեռ Ստանիսլավսկու սիստեմում խոսքը, արվեստագետի հոգու կողմից, դերի նյութի օրգանական, բնականոն յուրացման մասին է։ «Եթե իրոք»-ը, արվեստագետի հոգին դարձնում է ճկուն, բաց «կերպարի» ամեն տեսակ մոդուլյացիաների համար։
Օգտագործված գրականության ցանկ
1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան, Երևան «Հայաստան» 1986թ.,
2. Նարինե Սարգսյան., Հայացք Ստանիսլավսկու սիտեմին, ԵԹԿՊԻ, ‹‹Հանդես ››, № 14, Երևան 2013
3. Կ.Ստանիսլավսկի, «Դերասանի աշխատանքն իր վրա», մասն 1, աշխատանքն իր վրա վերապրումի ստեղծագործական ընթացքում: Թարգմ. Ռ. Ջրբաշյան: Երևան 1996թ.
4. Станиславский К.С. , «Работа актера над собой» часть 1., Москва- Ленинград. 1948г.
5. Театральная энциклопедия, под ред. П.А. Марков, т 2, ГНИ СЭ, Москва-1963.
6. Театральные термины и понятия: Материалы к словарю / Сост. С. К. Бушуева, А. П. Варламова, Н. А. Таршис, ред. А. П. Варламова, А. В. Сергеев. СПб., 2005. Вып. 1.
7. https://cyberleninka.ru/article/n/protsess-perevoploscheniya-i-sozdanie-obraza/viewer
8. Психология. Словарь, Под. Общ.ред. А.В. Петровсково, М.Г. Ярошевского, Москва - 1990
9. Н. А. Зверева, Д. Г. Ливнев. Словарь Театральных Терминов. Создание актерского образа. «ГИТИС» ─ СТУДЕНТАМ Учебное пособие. Российская академия театрального искусства. Москва, 2007г.,
10. https://vk.com/@-170295909-predlagaemye-obstoyatelstva-esli-by-voobrazhenie
11. http://teatr-aleksandria.narod.ru/index/0-30
Համահավաքող՝ ԳԱՅԱՆԵ Թովմասյան
Խմբագրելի
16. 10. 2023 13:47