16. 10. 2023 03:38
«Խորեն Աբրահամյան-Թատերական միջավայր։
Ես շատ մեծ նշանակություն եմ տալիս միջավայրին։
Միջավայրն է նաև թատրոն ստեղծում։
Նկատի ունեմ հանդիսատեսին ու քննադատությանը։
Խոսենք այդ մասին»։
«Գարուն», թիվ 6, 1981, «Խնջույք»
Թատրոնն արվեստագործություն է։ Վտարեք բեմից արվեստագործությունը և կմնա թատրոնի մեռած երևույթը, որովհետև կվտարվի արվեստագործը։ Նկատի ունեմ դերասանին ու ռեժիսորին։ Քանի որ դերասանն ու ռեժիսորն են առաջին հերթին թատրոն ստեղծում։ Ուրեմն՝ նաև թատերական միջավայր։
Ջոն Բոյնթոն Փրիսթլիի «Ջեննի Վիլյերս» վիպակում տարեց դերասաններից մեկն ասում է հետևյալը. «Այո, իրոք թատրոնը թատրո´ն էր այն ժամանակ...Կար թատրոն, այնպիսի թատրոն, ինչպիսին վայել էր լինել։ Հավատացեք ինձ, պարոն, Թատրոնը մեռնում է... և պիեսներն այն չեն և դերասաններն այն չեն...»։
Եվ քանի որ խոսքերն այս ասված են 19-րդ դարի թատրոնի մասին, ավելացնենք. և «ռեժիսորներն այն չեն» խոսքը՝ ամբողջացնելու համար թատերական միջավայրի այսօրվա բաղադրակազմը, պարզաբանելու համար նույն միջավայրին բնորոշ այսօրվա տրամադրությունը, որով պայմանավորված է նաև այսօրվա թատերական մթնոլորտը։
Գաղտնիք չէ, բավական երկար ժամանակ թատերական մթնոլորտը ոչնչով չի զիջում երևանյան օդային մթնոլորտին իր գոյապահպանման վիճակով։ Ես փոխառնում եմ այս տերմինն ընդգծելու համար մի նույնանման տարօրինակ հանգամանք: Այնպես, ինչպես օդավազանի վիճակը սպառնում է և՛ շարքային և՛ դրա համար պատասխանատու մարդկանց, ճիշտ նույն կերպ էլ թատերական մթնոլորտի ներկայիս վիճակը սպառնում է ոչ միայն միջավայրին, այլև թատերական այն գործիչներին, որոնց բարի կամ չար կամքից է կախված թատրոնի հետագա վիճակը։
Յուրաքանչյուր խնդրի լուծման համար անհրաժեշտ է նախ ըմբռնել նրա էությունը։ Այս դեպքում առավել նպատակահարմար է «հետադարձ հայացքի» կամ ժամանակագրական մոտեցման մեթոդը, որը պահանջում է մեկ բան՝ թերթել անցյալի մամուլը։ Իմ և ձեր խնդիրը պարզեցնելու համար, պայմանավորվենք որպես քննարկման օբյեկտ ընդունել Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնը, նախ, թատերախմբում առկա «բարոյաէթիկական ծանր մթնոլորտի» («Սովետական Հայաստան», 01. 08. 87.), և երկրորդ, նույն թատրոնի շուրջ թատերական գործիչների միջև լարված փոխհարաբերությունների պատճառով։ Ու քանի որ բոլորս գիտենք, որ թատրոնը համադրական արվեստ է, ապա կփորձենք ներկայացնել մի որոշակի ժամանակահատված՝ տարանջատելով թատերարվեստի կարևոր բաղադրիչները՝ ըստ անցյալի թատերախոսականներից ընտրված տիպական հատվածների, ընթերցողներին թողնելով բերված մտքեր-փաստերը համադրելու, հակադրելու, վերլուծելու ազահությունը։
«Պիեսներն այն չեն»
- «Հայաստանի Արվեստի աշխատողների տանը կայացած (20.5.63.) խորհրդակցություն, Ա.Ավետիսյան. «...չկան լավ պիեսներ, դրամատուրգները վատ են կապված թատրոնի հետ։ Պիեսները նրանց կողմից գրվում են հապճեպ և նույնպիսի արագությամբ մոռացվում։ Կերպարները մնում են հոգեբանորեն չբացահայտված...»։ («Կոմունիստ», 22. 05. 1963)։
- «Ինձ անհանգստացնում են միջակ գրված պիեսները, այսպես ասած, պիես սարքողը, ով կարողանում է խոսել բեմի լեզվով, բայց ով, ընդհանուր առմամբ, ոչինչ չունի ասելու մարդկանց...Վաղն ինձ մոտ կգա մեր հին, լավ ծանոթ թատերագիրը և ես կսկսեմ աշխատել նրա հետ... և՛ ես և՛ թատերախումբը կսկսենք աշխատել հափշտակությամբ, այրվելով խաղացանկը օրիգինալ պիեսով համալրելու ցանկությամբ։ Բայց, ավաղ... կհայտնվի հերթական միջակ ներկայացումը»։ («Театр», № 6, 1972, Հ. Ղափլանյան «Ռեժիսորի մտորումները»)։
- «Գրական դրամատուրգիական արժեք չներկայացնող պիեսը պետք է մերժել, այլ ոչ փրկել՝ դիմելով «տրյուկաչության»։ («Սովետական արվեստ», թիվ 11, 1980, «Խոհեր հոբելյանի օրերին»)։
«Դերասաններն այն չեն»
- «Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասանախմբում ավելի քան 60 մարդ է։ Միայն դերասանների մի փոքր խումբ է մշտապես զբաղված ներկայացումներում ու որքան էլ տարօրինակ թվա, միայն քչերին, հաճախ միևնույն անձանց են առաջարկվում դերեր նոր ներկայացումներում։ Իսկ թատերախմբի հիմնական մասը պլանաչափ աշխատանքի բացակայության պատճառով անգործության վիճակում է։ Անցնում են տարիներ... և դերասանը չստեղծելով նշանակալից ոչինչ հասնում է թոշակառուի տարիքին...»։ («Կոմունիստ», 24.10.1964, «Երբ կորսված են ավանդույթները»)։
- «Փորձերը սեղանի շուրջ, ինչպես միշտ, ընթանում են միջարկումներով։ Բոլորը վստահ են, որ գործին կկպչեն բեմի վրա։ Անցնում են բեմ։ Բայց տեքստը յուրացված չէ, դերասանները ձգվում են դեպի հուշարարը։ Ներկայացումը ժամկետին չեն հասցնում։ Հետաձգում են մեկ, երկու անգամ...Միևնույն է, պատրաստ չէ։ Ի՞նչ անել։ Հանձնում են»։ («Կոմունիստ», 24.11.1967, Վ. Մելիքսեթյան «Սուր վիճաբանություն կուլիսներում»)։
«Ռեժիսորներն այն չեն»
- «Որքան էլ դա պարադոքսալ է, բայց Գ. Սունդուկյանի անվան թատրոնում ամենից ավելի հենց Սունդուկյանի պիեսների բախտը չի բերել, որոնց բեմադրումները համարյա մոնոպոլիզացվել են ռեժիսոր Ա.Գուլակյանի կողմից, որը մեկնաբանումներում թույլ է տվել կոպիտ գաղափարական սխալներ... Ա.Գուլակյանի արատավոր ռեժիսորական պրակտիկան ծայր աստիճան անբարենպաստ ազդեցություն է ունեցել թատրոնի ստեղծագործական զարգացման վրա»։ («Կոմունիստ», 07.05. 1954, Ն. Կագրամանով «Գ. Սունդուկյանի անվան թատրոնը և հայկական դասական ժառանգությունը»)։
- «Գ. Սունդուկյանի անվան թատրոնը վերջին տարիներին զիջել է երկրի լավագույն թատրոններից մեկի դիրքերը։ Տարօրինակ չէ՞, որ թատրոնն իր խաղացանկում ունի մեծ դրամատուրգի ընդամենը մեկ ստեղծագործություն... Կուսկազմակերպության բյուրոյի հաշվետու զեկուցմամբ սուր քննադատության ենթարկվեց թատրոնի ղեկավարությունը, մատնանշվեց գլխավոր ռեժիսոր Վ. Աճեմյանի գործունեության ընթացքում թույլ տրված լուրջ սխալները, անկարողությունը ստեղծել կոլեկտիվում իսկական ստեղծագործական մթնոլորտ, ճիշտ վարել խաղացանկային քաղաքականություն»։ («Կոմունիստ», 24. 10. 1964)։
Կարելի էր այստեղ վերջակետ դնել ու ավարտել, եթե սա լիներ փաստերի պատահական զուգադիպում։ Կարելի էր ավարտել բազմակետով, եթե հոդվածի նպատակը լիներ միայն հիշեցնել անցյալը՝ ընդդեմ հավերժական նոստալգիայի անցյալի հանդեպ։ Ցավոք, զուգադրումը, ներկան մեզ ասում է, որ այս երևույթները պետք է դիտել որպես օրինաչափություն։ Օրինաչափություն, որն ունի իր հիմքը, նախասկիզբը։ Հետևաբար, այլևս կիրառելի է ոչ թե «ո՞վ է մեղավոր» հարց-մարտակոչը, այլ «ի՞նչն է պատճառը» հարց-մտորումը։ Հիմնահարց, որին միանշանակ պատասխանելն անհնար է։ Գուցե պատճառը ներկայիս թատրո՞նն է, թատրոնին պարտադրված գերատեսչական ապարա՞տն ու սնող օղակնե՞րը, մեթո՞դը, համակա՞րգը։ Գուցե պատճառը ժամանակնե՞րն են։
Վերջին հարցը հիշեցրեց Փրիսթլիի վիպակի առանցքային միտքը. «Թատրոնը միշտ մահացել է հին սերնդի համար։ Եվ միշտ ծնվել է նորից նրանց համար, ովքեր եկել են փոխարինելու։ Դրանում է ոչ թե թատրոնի թուլությունը, այլ ուժը։ Թատրոնն ապրում է, ոչ միայն գոյատևում, այլ ապրում, ինչպես ապրում է մարդկությունը հենց այն պատճառով, որ անընդհատ մեռնում է ու ծնվում և միշտ ծնվում նորացած»։
Կարծում եմ, ճիշտ է ասված։ Եվ եթե երկար, շատ երկար է տևում Թատրոնի հոգևարքը, նորացումը հետաձգվում է տասնամյակներով, մշտապես նույն ախտանիշներով (ապացույց անցյալի ու ներկայիս մամուլը), ուրեմն խաթարվել է կյանքի բնականոն ընթացքը, ուրեմն թատրոնի համար կորչում-մեռնում են սերունդներ՝ դրամատուրգ, դերասան, ռեժիսոր, թատերագետ։ Սերունդներ, որոնցից խլված է հավատը անցյալի, ներկայի ու ապագայի նկատմամբ: Պարզապես՝ խլված է հավատը։
Ոչ, մենք չենք փորձում թատրոնի այսօրվա երևույթը, թատերական մթնոլորտի վիճակը մասնավորապես, բացատրել սերունդների հակադրման հարցով, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ ակնարկում ենք մի խնդրի՝ իր էությամբ հին ու բարդ աշխարհի չափ։
Որոմների առակում պատմվում է, թե ինչպես մի մարդ իր արտում բարի սերմ է ցանում և ինչպես թշնամին նրա քնած պահին ցորենի վրա որոմ է սերմանում։ Ցորենն աճում է, երևում է և որոմը։ Բայց արտի տերը չի քաղում որոմը՝ վախենալով արմատախիլ անել ցորենը, այլ հնձի ժամանակ առանձնացնում է ցորենը՝ շտեմարանի, որոմը՝ այրելու համար։
Ինձ միշտ հիացրել են առակները, որոնցում կան պատմություն և խորհուրդ, կենսափորձ ու նախազգուշացում, ավանդ ու մարգարեություն։
Ինձ միշտ զարմացրել է, որ իմաստությունն այդ հաճախ զանց է առնվում և արժանանում անարժան մոռացության։
Այսպե՞ս չի հյուսվում կորուստների պատճառահետևանքային շղթան. պատմական հիշողության կորուստ-գաղափարաբարոյական արժեքների ու չափանիշների կորուստ, իդեալի և հավատի կորուստ։ Թերթեք մարդկության պատմության տարեգիրքը և կհամոզվեք, որ հավատի կորստյան հարազատ զավակն է երկպառակությունը։
Ասում են, թե ամեն ժողովրդի հասարակական մտքի վիճակի մասին կարելի է դատել ըստ նրա թատրոնի։ Մեր թատերական միջավայրում առկա է պառակտում։ Ասել է, թե կան խմբավորումներ։ Ասել է, թե տարածվում են ասեկոսեներ, որոնք հասարակությանը, այն է՝ հանդիսատեսին են հրամցվում և, ըստ որոնց, ձևավորվում է հանդիսատեսի վերաբերմունքը թատրոնի հանդեպ։
Քննադատությունը լռում է։ Ստեղծվում է «թատերական» միջավայր։ Անառողջ մթնոլորտի պատճառներից մեկն է սա, բայց ընդամենը մեկը, մինչդեռ անհրաժեշտ է, ուզենք թե չուզենք, վերհանել բոլոր հիմնախնդիրները՝ հարակից հարցերով։ Ժամանակն է զատել ցորենը որոմից, հիշել ու վերհիշել։ Հիշողության մեջ է մեր «եսի» ինքնագիտակցումը, ինքնագիտակցման մեջ՝ մեր հավաքականությունը։ Այլապես կստացվի փակ շրջան։
Խոսենք ա՛յս մասին։
1987թ., անտիպ