Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

01.10.2020  02:22

Շատ երևույթների մասին իհարկե տղամարդիկ նախընտրում են միայն ընկերական շրջապատում՝ կանանց ‹ուշադիր› ականջներից հեռու խոսել: Բայց կա մի հարց, որը նրանք տղայամտական միջավայրում էլ գրեթե չեն բարձրաձայնում, լավագույն դեպքում փոխանակվում են բազմանշանակ հայացքներով, երբ գործը վիրավորված կանանց կողմից իրենց ‹‹սեռային›› տեսակին տրվող գնահատականին է հասնում: ԱՐՄՄՈՆՈ միջազգային թատրեական փառատոնի տասնութերորդ թատերաշրջանում Տաթև Ղազարյանի և Նարեկ Բաղդասարայի ներկայացրած մենախաղի դրամատուրգիական հենքը միջանձնային նման և այլ փոխհարաբերությունների վերաբերյալ տղամարդկային մտորումն էր կազմում, իսկ այդ հենքը 1988-1991 թվականների ընթացքում, ամերիկացի կոմիկ, ընտանեկան հոգեբան Ռոբ Բեքերի հեղինակած «Քարանձավի մարդը» (բնօրինակով Defending the Caveman («Ի պաշտպանություն քարանձավի մարդու»)) իրավիճակային կատակերգությունն էր: Անշուշտ կհարցնեն՝ ինչի՞ մասին է աշխարհում ոչ թե դրամատուրգիական հյուսվածքի վարպետությամբ, այլ բեմադրելիության երկարակեցությամբ հռչակված, տասնյակից ավել լեզուներով թարգմանաված թատերական ռեկորդների ցանկում գրանցված այս պիեսը:1

Զարմանալի կթվա, թե ոչ, բայց Բրոդվեյի թատերական ռեկորդակիրը թեմատիկ նորարարությամբ չէ վերոնշյալ հեռանկարային հաջողությունը գրանցել: Այլ կին-տղամարդ հակամարտության հավերժական թեման արծարծելով, որի ընթացքում լեյթմոտիվային կեցության է հավակնում «տղամարդիկ անասուն են» գենդերային ասույթ-պիտակավորումը: Կարճ ասած. վեճեր, սեր, հիասթափություն, ափսոսանք, ներում այսպես մի քանի հազարամյակ՝ քարանձավից մինչև ֆեյսբուք: Կնոջ և տղամարդու փոխհարաբերությունները՝ առօրյա հոգսերով ծանրաբեռնված, հաճախ սրվում են՝ դառնալով անտանելի, ստիպում իրար հանդեպ ատելությամբ լցվել, երբեմն էլ դառնում քնքուշ, ռոմանտիկ: Իսկ իրականում սա կյանքն է, իր բոլոր վայրիվերումներով, դժվարություններով ու սիրով: Ու այս ամենը տեղի թատերական ուժերը փորձել էին որոշ տեղայնացումներով վերարտադրել: Սակայն չմոռանալով, որ տվյալ պիեսը էթնոգրաֆիկ պատկանելությամբ՝ «one man show»  է, որպես համապատասխանող  ձևաչափ էին ընտրել սրճարանային թատրոնի սկզբունքը: Եվ իրոք բացօթյա սրճարանի ինտերիերի (ներքնաձևի) հնարավորությունները, ծավալա-տարածական լուծումներն ու կոնստրուկտիվ հենքը օրգանիկ էին բեմադրության կոմպոզիցիոն կառույցին, բովանդակությանը, և թույլ էին տալիս բեմական պայմանականության տպավորություն ստանալ: Գլխավոր մուտքի շրջանակը բեմական տուփի պայմանական ալեգորիան էր, մեջտեղում դրված սեղանի կողքին, բազկաթոռի վրա թիկն էր տվել քարանձավցին՝ հագին ժամանակակից վանդակավոր բաճկոն, կոկիկ սանրված, խնամված, սակայն մտախոհ: Դանդաղ վեր է կենում, մոտենում պայմանական բեմառաջքին ու սկսում բարձրաձայն մտորել: Ինչի՞ մասին է խորհում. պատկերացրեք, որ անցյալի ու ապագայի, կյանքի քարանձավային պարզության և ժամանակակից կնոջ պահանջկոտության մասին: Փորձում համեմատել հազարամյակներ առաջ ապրող տղամարդու և կնոջ կյանքը ժամանակակից կյանքի հետ, քննում, քննադատում, ծաղրում, բողոքում, դժգոհում և վերջում հաշտվում՝ առանց կնոջ ապրելու անհնարինության, կիսատության գիտակցությամբ:

   Բնորոշումները տրվում են ժանրաձևին հատուկ թեթևությամբ, հումորով, փոխադարձ հակադարձումների աբսուրդով հանդիսականից անհոգ ծիծաղ կորզելով: Նա պատմում է, թե տղամարդու համար որքան հեշտ է եղել ապրելը քարանձավում, որս անել, զբաղվել հավաքչությամբ, հոգալ միայն սննդի հայթայթման կարիքները, ապրել գոհ ու երջանիկ; Հետո միանգամից, որպես հակակշիռ բերում է այսօրվա փոխհարաբերությունները, պատմում, թե որքան դժվար է այսօր, քանի որ  կանայք ավելի պահանջոտ ու կամակոր են դարձել, իսկ տղամարդիկ ավելի հնազանդ:

Այդուհանդերձ, թատերական ներկայացումների ժանրային բաժանման համակարգում մոնոներկայացումն իր տեսակով թերևս ամենաբարդն է: Այն դերասանից պահանջում է ուժերի գերլարում, իրավիճակի և խոսքի ներկայացման ամբողջականություն,  լարվածություն՝ դեմ հանդիման հանդես գալու գիտակցումից: Նարեկ Բաղդասարյանը, ինչ խոսք, թվարկվածից բացի մեկ այլ բարդ խնդրի առջև էլ էր կանգնած. լինելով դրամատիկական թատրոնի դերասան՝ այսինքն անձնավորմանը դավանող, զվարճահանդեսային դերապատկերման փորձառություն և հմտություններ այնքան էլ չուներ: Ուստի, հեշտ չէր լինելու գտնել հանդիսականի հետ երկխոսության բանալին, հասցնել խոսքը և խաղը գեղարվեստական կոնկրետ չափելիության աստիճանի, չտրվել չափազանցության, չկրկնվել և այս ամենը թատրոնի տարածական հարթությունից դուրս՝ փողոցի աղմուկով ուղեկցված: Թեպետ, նորություն չէ ներկայացման հրապարակային ցույցը, քանզի թատրոնն իր ծագումնաբանական նախասկզբով այդպիսին է եղել:  Ինչևիցէ, Համազգային թատրոնի դերասանը կարողացել էր նմաօրինակ պայմանաձևով շահեկան դարձնել իր խաղային պարտիտուրը: Կերպարային պատկերաշարի ընթացքում ցուցաբերելով իրեն հատուկ ճկունակությունը՝ մի վիճակից մյուսին, մի պատկերից մյուսին նուրբ և ուշագրավ անցումներ էր կատարում: Մերթ զվարճաբան էր, մերթ դրամատիկ երանգներով գունավորվող կերպար: Պակաս հետաքրքիր չէր նաև պիեսի տեղայանցումը: Սովորաբար նմանօրինակ գործերն անպայմանորեն տեղայանցում են պահանջում՝ ոճի, բառաչափերի, շեշտադրումների առումով: Հատկապես գտնված էին հայական իրականությանը հարիր արտահայտություններն ու իրավիճակաները, կանացի ծանոթ պատկերների  նկարագրություններն ու սրամիտ բնորոշումները: Ներկայացված կերպարները՝ կին թե տղամարդ անմիջապես ճանաչելի էին, իրավիճակները բոլորիս ծանոթ: Ասել թե՝ միով բանիվ տիպական, քանզի բեմադրիչը անցյալի պատառիկները հին լուսանկարի նման հավքել և իբրև սրճարանային փսիխոդելիկատես էր մատուցում: Իսկ հանդիսատեսը՝ դիտում, ժպտում, նեղսրտում, համաձայնվում կամ առարկում էր: Վերջում՝ անձնական հարաբերությունների կծիկին վերաբերվում ավելի ներողամիտ ու հանդուրժող:

Ներկայացվածի կազմակերպվածքը քննելիս, որպես արժանիք կարելի է որակել իրավիճակների ներքին հյուսքերի հմուտ անցումները, ամրացված խոսքի և իրավիճակի պայմանաձևերը կապող նուրբ հանգույցներով: Դրա արդյունքում ստեղծվում էր պատկերաշարի ռիթմիկ էֆեկտայնություն: Թեև գրական նյութը տեղ-տեղ կրճատման ցանկության էր տարամադրում: Իսկ ինչ վերաբերվում է մոնոներկայացման ժանրի բեմադրություններին հատուկ ինտերակտիվությանը թերևս տպավորություն կարող է ստեղծվել, թե ինչու էր ներկայացման կոմպոզիցիոն կառույցում բացակայում stand up-ին հատուկ ինտերակտիվությունը: Փորձեցի կապել դա համավարակի հետ, այսինքն բեմադրիչը փորձել է չխախտել սոցիալայկան հեռավորությունը, սակայն դժվար չէր գլխի ընկնել, որ Տաթև Ղազարյանն, այնուամենայնիվ, հետևել է ներկայացման բրոդվեյան ձևաչափին, որտեղ այցելող հանդիսատեսն աշխատանքային օրվա ավարտին փորձում է զվարճանալ, հանգիստ ընթրել կամ մեկ բաժակ խմիչքի ուղեկցությամբ թոթափել լարվածությունը, շփվել միմիյանց հետ: Այդուամենայնիվ, հարկ է նշել, որ զվարճահանդեսային այս ներկայացումը այդքան էլ հարուստ չէր ռեժիսորական հնարքների օգնությամբ տրվող նշանային արդուզարդով, չուներ շոու կոչված անշքությունից զերծ պահող կարևորագույն արտհայտչականությունը, որն այս պարագայում որևէ պայմանաձևով չի պատճառաբանվում կամ արդարացվում: : Եթե գրական հիմքի վերնագրում, ինչ-որ առումով նաև գաղափարահուզական տիրույթում քարանձավ բառն է ներկա, դա բնավ չի նշանակում, որ պետք է տուրք տալ նախաձևային արվեստի պարզունակությանը(խոսքն ամենևին պրիմիտվիզմի մասին չէ): Արդյունքում հարաբերականացված հարցի ուղեծրում անպատասխան թողնել կնոջ և տղամարդու հավերժական «հակամարտության» պայմանական փոխաձևումը:

Ի դեպ, ռեժիսորին խորհուրդ կտայինք սրճարանի դիմացի շենքի պատշգամբից ներկայացման կուլմինացիոն պահերից մեկի ընթացքում հանպատրաստից հնչած փռշտոցը հետագայում օգտագործել՝ ընդլայնելով դրա տարաժանրային խաղարկման ձևերը, քանի որ դրամատուրգիական կոնֆլիկտը տալիս է ժանրային նման բացվածքի հնարավորությունը:

Առաջին անգամ 1995 թվականին Բրոդվեյի Hayes Theater թատրոնում բեմադրված այդ պիեսն այնպիսի հաջողություն է ունեցել, որ Նյու-Յորքի քաղաքապետը հուլիսի 18-ը նշանակել է Քարանձավի մարդու օր, իսկ քաղաքի արևմուտքում գտնվող 44-րդ փողոցը վերանվանվել է «Քարանձավի մարդու ճանապարհ»: 

ՍՈւՍԱՆՆԱ Բրիկյան

1294 հոգի