19.07.2023 04:15
Ծնողներն իրենց երեխաներին ամենաքիչը ներում են այն արատների համար,
որոնք իրենք են սերմանել նրանց մեջ:
Ֆ.Շիլլեր
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Игры королей» բեմադրությունը սկսել էր լուսահոգի Վահե Շահվերդյանը: Վարպետը չհասցրեց ավարտել այն, բայց բեմադրությանն այնուամենայնիվ ապրելու հնարավորություն տրվեց: Սուրեն Շահվերդյանը հանձն առավ և ավարտեց: Բեմադրության հենքում ամերիկացի դրամատուրգ Ջեյմս Գոլդմենի «Առյուծը ձմռանը» (անգլ. The Lion in Winter) պիեսն է: Սյուժետային պայմանաձևում հայրերի և որդիների լավածանոթ կոնֆլիկտն է դրված (Տուրգենևի, Շեքսպիրի, Դոստոևսկու գրականության առանցքային դրույթներից բխող), խճճված հարաբերությունների և հավակնությունների անհամար հանգույցներով:
Յուրաքանչյուր սերունդ ունի իր արժեհամակարգը, կյանքի հանդեպ հայացքը, աշխարհընկալումը, որը ոչ հաճախ է ընդունելի ավագների համար: Այս հակադրությունից ծնունդ են առնում ընդդիմանալու, ագրեսիվ մեթոդներով սեփական տեսակետը հաստատելու, անզիջում պայքարի դուրս գալու երիտասարդների մղումները: Կախված դրանց համակցման հմտությունից նրանք կամ հաղթում կամ պարտվում են՝ հանդիպելով ավագ սերնդի փորձառու դիմադրությանը:
Ստեղծագործությունն առանձնանում է սյուժետային անչափ հետաքրքրիր պերիպետիաներով, դրամատիկական վիճակների լարվածությամբ, հոգեբնական խաղի անսահման հնարավորություններով: Անշուշտ դերասանական առանձնաշնորհների դրսևորման, կատարման տեխնիկական և մտավոր թափն ու կշիռն ի ցույց դնելու լավ հնարավորություն է: Հայ ժամանակակից թատրոնում ուրույն էսթետիկական դավանանքով առանձնացող Սուրեն Շահվերդյանը մասնագիտական հեռատեսությամբ այս ամենը բավականին մանրազննին դիտարկել և հաշվի էր առել: Դա առաջին հերթին երևաց դերակատարների հետ աշխատանքի, բեմադրական հնարքների, ռեժիսորական զուսպ, բայց միևնույն ժամանակ դիպուկ ու բազմախոս վիճակների պատկերումների ընթացքում: Բեմական գորշ մթնոլորտում՝ մշուշի ու կիսամութի մեջ կառուցված տեսարանները, լավագույնս բացահայտում էին այն չարագույժ սպասումը, որն առաջ է եկել թագավորի իշխանությունը որդիներից մեկին փոխանցելու որոշման հետևանքով:
Դերակատարներից յուրաքանչյուրն իր խնդիրն ունի, որը բնականաբար, կերպարի հոգեկերտվածքի առանձնահատկություններից է բխում: Թեև բոլորի մտքում գահին իշխելու նպատակակետն է նշմարվում, այնունամենայնիվ ռեժիսորը փորձել է առաջին պլան բերել մարդկային հարաբերությունները՝ անկախ հասարակարգում նրանց զբաղեցրած սոցիալ-բարոյական դիրքից: Ինչքան էլ թվա, թե որդիներին միայն ծնողի թողած ժառանգությունն է հուզում, հորը՝ անարժան զավակներին և կնոջը դաս տալու ձգտումը, Էլիսին՝ իր զբաղեցրած հասարակական դիրքը, այնուամենայնիվ կիսատված, անառողջ հարաբերություններից սեփական դժբախտության զգացումը ներկայացման առաջնային և գլխավոր գիծն է: Հենրիխը՝ նախ որպես հայր, ապա միայն որպես թագավոր: Որդիների վարքագիծն էլ արդարացված է՝ ծնողների անտարբերության և ատելության համատեքստում:
Հենրիխ II-ի դերկատարը՝ Ռոբերտ Հակոբյանի խաղային որակների փոփոխություններն այս անգամ ակնհայտ և զարմանալիորեն համոզիչ էին: Դերն ինքնին բավականին ծանր է իր խաղային նրբություններով, բնավորության պատկերման առնաձնակի դժվարություններով: Ռոբերտ Հակոբյանը կարողացավ փոխանցել սահմանային վիճակներում կռիվ տվող թագավորի բնավորության գրեթե բոլոր գույները, դետալները, սիրո, ատելության, անելանելիության անընդհատ փոփոխվող չափաբաժինները: Սա նաև ռեժիսորի նվաճումն է, թերևս, որովետև նրա տված խնդիրների արդյունքն էր աշխատանքի այսչափ մշակված ու մտածված լինելու պատճառը:
Իշխանատենչ արքան մի խաղ է սկսել, որի կոնֆլիկտը Լիր արքայի թնջուկն է հիշեցնում, թեև, ինքը՝ արքան,, հերքում է դա՝ շեշտելով, որ Լիրի նման անհեռատես չէ, որպեսզի հեշտ ու հանգիստ հրաժարվի իշխանությունից: Լիր արքայի դեպքում երեք քույր, այս դեպքում՝ երեք եղբայր, երեքն էլ անզիջում պայքարի մեջ են միմյանց դեմ: Թեպետ, իրավիճակը կերպարների հոգեկան առանձնահատկությունների բազմազանության տեսանկյունից ավելի մոտ է Դոստոևսկու ‹‹Կարամազով եղբայրներ›› վեպին: Շեքսպիրյան տարբերակում երկու քույրերը բարոյահոգեբանական նկարագրով նույնական չեն, բայց նման են և միայն կրստերն է, որ արժեհամակարգով նրանցից տարբերվում է: Իսկ Դոստոևսկու տվյալ ստեղծագործության չորս եղբայրները մեկը մեկից տարբեր են՝ իրենց հետաքրքրություններով, վարքագծով ու այլ գործոններով: Եվ ռուսական թատրոնի բեմում էլ ի դեմս Հենրիխի երեք տղաների՝ տեսնում ենք մտքի, հույզի և ֆիզիկական ուժ-կամքի մարմանվորում կերպարներին:
Ավագ որդին՝ Առյուծասիրտ Ռիչարդը I-ը (դերակատար՝ Արման Մեջլումյան), թագուհու՝ Էլեանորա Աքվիտանացու սիրելին, ներկայանում է անհողդողդ բնավորությամբ, իրեն հասանելիքին տեր լինելու ձգտումով: Արման Մեջլումյանի Ռիչարդը դաժան է, իշխանատենչ, անսիրտ: Հոր և իր հարաբերություններում անզգացմունք սառնություն է խաղում: Իռլանդական արտաքինով այս դերակատարը առավել քան համոզիչ էր, իր հավասարակշիռ, ծանրաքայլ խաղով: Ինչ խոսք ուրախացնող է այն հանգամանքը, որ բեմադրիչ-ռեժիսորին հաջողվել է այս դերասանին սկոմորոխային արտահայտչականության նմանող արտաքին խաղակերպից զերծ պահել և քիչ թե շատ մտածելու առիթ տվող կերպարաստեղծման գնալ:
Զարմանալի կերպարանափոխության էր ենթարկվել Ջոն Անհողիի դերակատար՝ Գոռ Համբարձումյանը: Հետաքրքիր դերասանական խառնվածքով երիատասարդ դերակատարին, թվում է՝ սիրահար-հերոսի ամպլուայից դուրս դժվար է պատկերացնել: Բայց, արի ու տես, Գոռ Համբարձումյանի դերասնական զինանոցն այդքան էլ միապլան չէ: Ի տարբերություն եղբորը՝ Ռիչարդի, Ջոնը թուլակամ է, հուզախռիվ, ու քծնող, ներգործուն ազդեցությունից զուրկ բնավորություն ունի, ինչը կերպարին որոշակի արտաքին նշաններով պատկերելու պայման է առաջադրում: Գոռ Համբարձումյանի Ջոնը վտանգավոր է անզորության և դրանից ցայտող իր տխեղծության մեջ, որն արտահայտվում է անկանխատեսելի վաքագծով: Այսպիսին է դերասանի և ռեժիսորի գաղափարահուզական մեկնությունը:
Ջեֆրի II-ը (դերակատար՝ Արմեն Առնաուտով), անդամալույծի սայլակին հենված ոչ միայն ֆիզիկապես է հաշմանդամ, այլև հոգով: Այս դերասանի կատարողական վարպետությանը նոր չենք ծանոթ: Նրա նման տրամաբանված և ինքնուրույն վարքագծի, խաղային բարձր մշակույթի, հուզակամային և միմիկապլաստիկական հարուստ զինանոցին տիրապետող ստեղծագործողներ շատ հազվադեպ են հանդիպում: Ներկայացումից ներկայացում էլ ավելի հղկվող արտիստը, այս բեմադրության մեջ, կրկին անճանաչելի, այլ խաղային որակ էր թելադրում: Անվասայլակին գամված թագաժառանգն իր ներսի նենգությունը, դավադիր հոգու ցանկություններն ի ցույց էր դնում ոչ թե դիմածռիկ այլայլումներով, արտաքին խաղային շեշտված շտրխներով, այլև կամային նշան հուշող մեկ երկու մտածված ու դիպուկ ժեստով: Երբ որևէ վճռորոշ պահի սպասելիս աջ ձեռքի դողն անհանգիստ հոգու և չարագույժ մտքերի կուտակումներն էր ի ցույց դնում: Սուր մտքի տեր լինելով հանդերձ՝ նրան որևիցե մեկը չի պատկերացնում աջ ձեռքի կարգավիճակից ավելի բարձր դիրքում, ինչը վերջինի համար նվաստացուցիչ է և լատենտային բարդույթների հանգեցնող:
Բեմադրության առանցքային կերպարներից էր թագուհին՝ Էլեանորա Աքվիտանացին (Թեհմինե Խաչատրյան): Ֆրանսիական նրբաճաշակ նիստ ու կացով, վեհաշուք գոռոզամտությամբ ներկայացող թագուհին, դերասանուհու կատարմամբ ներս է մտնում հովերբորդի վրա, ոչ թե թագուհուն հատուկ շենշող քայլքով, այլ սահելով, օձի նման, թեև զգեստի, գրիմի և սանրվածքի ոճային ուղղվածությունը գիշանգղի ասոցիացիաներ էր առաջացնում: Բնավորության որոշ գծերով Լեդի Մակբեթի ու Մեդեայի բնավորության հատկանիշներին մերձեցող այս կնոջ կերպարը դերասնուհին գիշատչին հատուկ դաժան մեկնությամբ էր խաղարկել: Չնայած աքսորյալի կարգավիճակին, նա վստահ է և անկոտրում: Իր և թագավորի հարաբերություններում սիրո և ատելության սահմանը նրբահմուտ անցումներով էր ճեպագծում ռեժիսորը, իսկ վերջին տեսարանում դիպուկ ավարտում. մեկ ժեստով՝ հրելով բեմից դուրս վռնդելով նրան:
Էլիսը (Հռիփսիմե Նահապետյան) թագավորի սիրուհին, թեպետ իր արտաքուստ մեղմահեզ խառնվածքին, որոշ դետալներով պարզորոշ ակնարկում էր իր դիվական խորամանկությունը: Նա ևս թագուհուց պակաս վտանգավոր չէ: Թագավորի սերն ու քնքշանքը վայելող կինն ավելին էր ուզում. հասարակական դիրքի, տեղի հստակ սահմանում, այսինքն՝ գրավել թագուհու տեղը:
Բեմադրական և ռեժիսորական աշխատանքի բազմախոս համապատկերի առանձնակի նրբաշուք դետալներից էին դերակատների զգեստները: Բարձրաճաշակ էլեգանտությամբ աչքի ընկնող Մերի Սարգսյանի հեղինակած հագուստները ամբողջովին լրացնում էին ներկայացման և՛ թեմատիկ, և՛ գաղափարական պատկերը: Սևի և մոխրագույնի տարբեր երանգների խաղրակումը ոչ միայն հագուստների, բեմական ձևավորման (նկարիչ՝ Արթուր Հարությունյան) բաղադրատարրերն էին, այլև հարաբերությունների խորհրդապատկերը: Թերևս նման երանգներով կարելի է բնորոշել այս ընտանիքի փոխհարաբերություններն ու միմյանց հանդեպ զգացմունքները:
Բեմական ձևավորման գորշության, մռայլության մեջ միակ լուսավոր կերպարը Ֆիլիպ 2-ն է (դերակատար՝ Արմեն Մարգարյան) Ֆրանսիայի թագավորը, ի դեպ նա միակն է, ով սպիտակ հագուստով է ներկայանում: Ասել է թե՝ դուրս էր նրանց ինտրիգային վիճակներից, որովհետև իր խնդիրն այլ նպատակներ է հետապնդում: Նրան քրոջ ճակատագրից առավել էլ իր երկրի տարածքային պահանջատիրությունն է հետաքրքրում: Ներկայումս, հավանաբար, կրտսեր Շահվերդյանի քաղաքացիական դիրքորոշման համաձայն, սա հիմքերի հիմքն է, որ արքայազնատիպ թագավորին դրականության գունանշանով հրամցնի: Այդ կերպ ենթադրել տալով, որ ներկայացման գաղափարական հաղորդագրությունը հետևյալն է նաև. երբ երկրի ներսում քաղաքական գզվռտոց է, տվյալ բնակավայրի տարածքային անվտանգությունը…
Ինչևէ, ռեժիսորը, բեմադրության գերխնդիրը հոր և որդիների իշխանությունը բաժանելու կռիվը դարձնելով, փորձել էր այն պատճառահետևանքային շղթայի համապատկերում ներկայացնել: Իշխանության պայքարում անհոգի գազանի վերածվելու ընթացքի հետ զուգահեռ՝ որպես ճակատագրի բաղկացուցիչ մաս ծնողների անսերության, բարդ ու կեղծ հարաբերությունների ծնունդ ճիվաղանման որդիների բողոքը պատկերել: Իհարկե, նաև այդ վիճակից չարացած այս իշխանասերների վրեժխնդրությունը: Դա բեմադրության գաղափարադրույթը հանում էր մասնավոր-ընտանեկան կոնֆլիկտի վիճակից՝ վերածելով այն համամարդկային խնդրի: Այս գիծը ակնհայտորեն և առավել ընդգծաված է դառնում Գոռ Համաբարձումյանի խաղում, Արմեն Առնաուտովի ճիվաղային շարժ ու ձևի մեջ, Արման Մեջլումյանի սառնասիրտ ու հաշվենկատ պահվածքում:
Ռեժիսորական աշխատանքը գալիս ամբողջանում էր ինչպես դերակատարների խաղի դետալային մշակումներով, այնպես էլ՝ տեսարանապատկերի սյուրռելաիստական գեղագիտությանը հարող լուծումներով: Կիսամութի խորհրդավորությունն ասես գործող անձերի մշուշված միտքը, պղտոր հարաբերություններն է խորհրդանշում, որոնք այդպես էլ մինչև վերջ չեն պարզաջրվում: Միևնույն ժամանակ "Post Malone" , "21 Savage" Rockstar երգով երաժշտական ձևավորումը, հաջողությամբ համադրվել էր բեմադրության ռիթմական ընթացքին ոչ թե երգում հնչող «այլաբան» ձևույթներով, այլև իր ռիթմամեղեդային պարիտիտուրով:
Այս բեմադրությունն անխոս իր էսթետիկական կշիռն ունի հայ ժամանակակից թատրոնում, այն աշխարհում կատարվող նորարար միտումների տեղային պրոյեկցիան է, ինչ որ չափով, որակ և ճաշակ թելադրողներից մեկը: