13.07.2023 02:36
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նշում է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի հոբելյանը, ով շուրջ 10 տարի եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը, իսկ այժմ հանդիսանում է գեղարվեստական խորհրդատուն: Միջոցառումների շարքը բացվեց հոկտեմբերի 27-ին՝ Ն. Ծատուրյանի նոր ներկայացման առաջնախաղով: Հիմքում Կրասնագորովի «Երեք գեղեցկուհիներ» կատակերգությունն էր, իսկ բեմում այն ստացել էր «Սիրո CASTING» խորագիրը: Գյումրու թատրոնում կարծես արդեն ավանդույթի ուժ էր ստանում այն փաստը, որ «երիտասարդ հանդիսատեսին թատրոն կանչող» ազատ բառապաշարով, աշխույժ ռիթմական ընթացքով ներկայացումները կառուցվում են թատրոնի երիտասարդ սերնդի ջանքերով: Ավանդույթը այս բեմադրությամբ հաճելիորեն խախտվեց: Ներկայացման հեղինակը վաստակաշատ ռեժիսոր է, իսկ բեմում փորձառու արտիստուհիներ. Անահիտ Հարությունյան, Սուսաննա Բաղդասարյան, Գոհար Խաչատրյան: Վերջին տարիներին նրանք հիմնականում մարմնավորում էին հասուն կանանց՝ պատկառելի կենսագրությամբ եւ բարոյախրատական ենթատեքստ կրող էությամբ (առավելապես Անահիտ Հարությունյանի կերպարների մասին է նկատառումը):
Այս ներկայացումը հանդիսատեսին հնարավորություն է ընձեռում նորովի բացահայտելու իր սիրելի դերասանուհիներին: Բեմում՝ երեք կին, երեք էություն, երեք ծայրահեղ տարբեր բնավորություններ եւ արդյունքում՝ ամուր մտերմություն: Նրանց միավորողը անձնական կյանքի մենությունն է. չկա տղամարդ՝ կա կանացի ընկերություն: Կողակցի բացակայությունը նրանք փորձում էին լրացնել մասնագիտական ձեռքբերումներով, սակայն այստեղ էլ թիկունքում ունեցած տարիներն են թշնամի դարձել: Միակ հետաքրքրությունը մնացել է ամենշաբաթյա հանդիպումները, պոկերն ու կենացները: «Եվան Ադամի կողից է, եւ ոչինչ չի լրացնում կողակցի բացակայությունից գոյացած դատարկությունը»: Սա բոլորին է հայտնի, սական մեր հերոսուհիները գերադասում էին չխոսելով շրջանցել ու չբորբոքել ցավը եւ անգամ ձեւացնել, թե հպարտ են մենությամբ: Նրանք վաղուց հաշտվել էին իրենց կենսաձեւի հետ, բայց մի սխալմունք՝ պատահական հեռախոսազանգ, նրանց մեջ արթնացրեց «Ադամի կողից ստեղծվածին…»: -Ալո, ո՞վ է…տղամարդ է: -Տղամա՞րդ, բարձրախոսը միացրու: Դժբախտ կանանց մասին դրամա՞…
Ո՛չ, բոլորովին: Ի հեճուկս իրենց դժբախտության, աշխույժ ու ակտիվ կանանց մասին կատակերգություն: Հերոսուհիների ներքին դրաման շատ խորն է թաքնված: Յուրաքանչյուրն ունի ընդամենը մի տեսարան, երբ հոգու վերքերից չխոսելն այլեւս անհնար է: Տարիքին անհամապատասխան հագնվող դերասանուհի Մայան (Անահիտ Հարությունյան) մի ամբողջ տարի թաքցրել է ընկերուհիներից, որ այլեւս թատրոնում չի աշխատում, որ ապրում է մատնահարդարի աշխատանք կատարելով: Ամբողջ ներկայացման ընթացքում ակտիվ, թեթեւ խոսքով ու անկաշկանդ շարժուձեւով (բացառությամբ մեջքի սուր ցավի տեսարանները) Մայա - Անահիտ Հարությունյանը «ես այլեւս թատրոնում չեմ աշխատում» նախադասությունն արտասանում է բեմի անկյունում կանգնած, ձայնի ցածր ռեգիստրով, հստակ, հայացքը՝ հանդիսասրահ: Բայց տեսարանի վերջում, վերադառնալով ձայնի թեթեւ հնչերանգին, դեռ ինքն է հանգստացնում ընկերուհիներին:
Լառա-Սուսաննա Բաղդասարյանը, ինքնաբացահայտման տեսարանում, նույնպես խոսքն ուղղում է դեպի դահլիճ, սակայն նա բեմի կենտրոնում է, հարմարավետ նստած, ընկերուհիներով շրջապատված: Խոսքը թախծոտ է, կարծես իմիջիայլոց հիշեցում լինի մշտական բթացած ցավի մասին: Ինա-Գոհար Խաչատրյանն այդպես էլ ամբողջությամբ չի բացահայտում իր վերքի արմատները, միայն մանր դետալներով ենք պատկերացում կազմում կերպարի ներաշխարհի մասին: Համակարգչով տղամարդկանց հայտեր աչքի անցկացնելու տեսարանում, զննող հայացքին ու թեթեւ ժպիտին հաջորդում է «Սա Մայային դուր կգա» նախադասությունը, որպես սեփական ցանկությունների հավելյալ վերահսկողություն: Մի քանի այլ տեսարաններում էլ հնչում է՝ «ինձ այսպես էլ է լավ», նկատելի է դերասանուհու փոքր-ինչ առաջ թեքված գլուխը, իսկ արտասանությունը հստակ է եւ արագ՝ խոսքն ուղղված չէ որեւէ մեկին՝ դասախոսական կարգապահությամբ ինքնավերահսկող համակարգ է: Այս դետալներն իրենց բացահայտող նշանակությունն են ստանում Լառայի եւ Մայայի երկխոսության տեսարանում, Ինայի անցյալի մասին հանդիսատեսը տեղեկանում է երրորդ դեմքից:
Կարեւոր է, երբ ներկայացումը սիմվոլիկ դետալներ ունի, բայց եւ սիմվոլների գլուխկոտրուկ հիշեցնող համակարգ չէ: Մայայի ականջօղերի մասին խոսվում է առաջին տեսարանում, հետո այն դառնում է նրանց ընկերության խորհրդանիշը. ճակատագրական հանդիպումից առաջ հայտնվում է Լառայի, ապա Ինայի ականջներին: Սիմվոլացաված է նաեւ թղթախաղը, բառախաղի ձեւով է մատուցվում «դուռակ խաղալ» բառակապակցությունը: Եվ ի վերջո ներկայացման լեյտմոտիվ հնչյունը…սա տեսնել է պետք: Մինչ վարագույրի բացվելը Նիկոլայ Ծատուրյանը կեսկատակ նշեց՝ «ով չհավանեց՝ վաղվանից ինձ չբարեւի»: Ներկայացման ավարտին երկարատեւ, բուռն ծափահարությունները, իսկ հետնաբեմում արդեն շնորհավորանքները փաստում են. Գյումրիում ներկայացումն ընդունվեց ու դեռ երկար է մնալու խաղացանկում:
Նյութի աղբյուրը՝ ԱՌԱՎՈՏ 09.11.2017