Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

05.07.2023  03:16

Նիկոլայ Ծատուրյանի հոբելյանի շրջանակներում Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոյեմբերին եռօրյա հյուրախաղերով կլինի Երևանում: Հատկանշական է, որ առաջին բեմադրությունը, որ կներկայացվի թատերասեր երևանցիների դատին, աճեմյանական բեմում որպես գեղարվեստական ղեկավար Ն. Ծատուրյանի առաջին բեմադրությունն է՝ Ռիչարդ Կալինովսկու «Հրեշը լուսնի վրա» դրաման: Ներկայացում, որ արդեն մեկ տասնամյակից ավելի երկար է ապրում: Ռիչարդ Կալինովսկու «Հրեշը լուսնի վրա» դրաման բազմաթիվ ռեժիսորների ուշադրություն է իր վրա սևեռել, բազմիցս բեմադրվել է ինչպես երևանյան և մարզային թատրոններում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: Առավել հայտնի բեմադրություններից է Իրինա Բրուկի  մեկնաբանությունը:

Գենետիկ կոդով ամեն հայի մեջ ապրող ցավ ու գոյապայքար կա, որը բազմիցս արտացոլվել է հայ արվեստագետների ստեղծագործություններում: Սակայն, երբ հայի պատմության էջը հուզում է օտարին, անցնում նրա ստեղծագործական պրիզմայի միջով և վերադառնում որպես դրամա երկուսի ու մի ամբողջ ազգի մասին` վերաիմաստավորվում է, գնահատվելիս էլ դառնում առավել արժեքավոր: Դրաման ներկայացնում է տեր և տիկին Թովմասյանների համատեղ կյանքը ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Միլուաքի քաղաքում, 1921-1927թթ.` ծանոթությունից մինչ…և այս ամենը տասնմեկամյա իտալացի Վենսանի մեկնաբանությամբ, ով հանդիսատեսին ներկայանում է որպես հայի ճակատագրին ծանոթ մի ծերունի, իսկ պատմությունը՝ իր մանկությունից հիշարժան դիպված:

Աճեմյանական բեմում ներկայացումը խաղացվել է մի քանի կազմով. Արամ Թովմասյան - Հովհաննես Հովհաննիսյան, Բաբկեն Չոբանյան, Սեդա Թովմասյան - Դիանա Մացոյան, Հասմիկ Վիրաբյան, Ծերունի - Կարեն Ջանիբեկյան, Ֆրունզիկ Ամիրխանյան: Ներկայացումն առավելապես ռեժիսորական է՝ հստակ գծագրված ծատուրյանական ձեռագրով, երբ դերասանները ստեղծագործում են ընդհանուր կոմպոզիցիոն կտավին նրբերանգներ հաղորդելով: Բայց և կան տեսարաններ, որտեղ դերասաններն ինքնաարտահայտվելու հնարավորություն են ստանում: Բեմն օգտագործվում է ամբողջությամբ, անկախ այն հանգամանքից, որ Ծերունի Վենսանը «ճեղքում է ժամանակի պատը», ժամանակը տարածությամբ բաժանված չէ:

Ծերունին հիմնականում առաջնաբեմի ձախ հատվածում է, սակայն չի կարելի ասել, թե այդ հատվածն առանձնացված է բեմական տարածության մեջ որպես «ներկա»:Ներկայացման ժամանակ նա հանգիստ քայլում է ամբողջ բեմով՝ հայտնվելով նաև «ինքն իր կողքին»: Գործողությունների վայրն անփոփոխ է՝ Արամ Թովմասյանի բնակարանը: Խորհրդանշական է բուխարու վերևի հատվածում կախված «ընտանեկան լուսանկարը». գլուխներ չկան, միայն Արամի հոր գլխի փոխարեն Արամինն է փակցված և առաջին հայացքից անհասկանալի ճնշող պատկեր է: Առաջնաբեմի ձախ հատվածում լուսանկարվելու համար նախատեսված բազկաթոռն ու լուսանկարչական սարքն է դրված, իսկ աջ մասում  կարի մեքենա. Արամի լուսանկարչական սարքն ու Սեդայի կարի մեքենան: Մի կին ու մի տղամարդ, որ այնքան ուզում էին հայկական ընտանիք դառնալ, շարունակվել, բայց… «Հայու տխուր դեմքին վերջ» չպիտի գար:

Ներկայացումը սկսվում է ծերունու պատմությամբ, որն ասես նրա կյանքի պատանեկության շրջանի հիշողության արտացոլքն է: Նա, թերթելով էջերը, հանդիսատեսին ներկայացնում է այն ժամանակահատվածը, երբ իր կյանքը շաղկապված էր Թովմասյան ամուսինների ընտանեկան դրամային: Տեսարանը սկսվում է Սեդայի մուտքով Արամի բնակարան ու կյանք: Կենսուրախ, չարաճճի, փոքր-ինչ մանկամիտ Սեդա-Դիանա Մացոյանի կերպարին հակադրվում է Արամ - Հովհաննես Հովհաննիսյանի հստակ, կոնկրետ խոսելաոճն ու շագանակագույնի ու մոխրագույնի մուգ երանգներով մռայլ բեմանկարչությունը: Նուրբ, բայց դիպուկ ազդակներով գծագրվում է Սեդայի և Արամի կերպարային բնահատուկ գծերը: Պարզ է դառնում, թե ով ինչ է փնտրում այս միասնության մեջ. Սեդան՝ ապահովություն, Արամը՝ ընտանիք և երեխաներ՝ կյանք, որ պիտի շարունակություն ունենա, սակայն «սայլակը դեռ երեխա չի նշանակում»…

Այս ընտանիքում «օտարված միասնություն» է: Կին, որ ամուսնուն «դուք»-ով է դիմում, սակայն չի կարելի ասել, թե այդպես էլ սեր չի ծնվում: Նրանց տրամադրությունները շղթայաբար փոփոխվում էին և փոխազդում. լիահույս Արամը գրկում և մխիթարում է հուսալքված կնոջը, կենսուրախ Սեդան, փորձում է խզել «տխրության լեռ» դարձած ամուսնու լռությունը: Հայ ընտանիքի ամրության առանցքը երեխան է, հատկապես, երբ նպատակ է տոհմածառի կտրված ճյուղերի փոխարեն նոր շյուղեր տնկելը՝ շարունակվելը, ապրելը: Թովմասյան ամուսինների կողքին հայտնվում է Վենսանը՝ տասնմեկամյա իտալացի որբ տղա, ում մասին Սեդան հետևողաբար հոգ էր տանում: Ուրիշի երեխա չկա… Ամուսնու հարցին, թե ո՞վ է այս տղան Սեդան պատասխանում է «Արա՛մ, որբ է»: Արամը չի խրախուսում կնոջ քայլը, բայց չի էլ արգելում: Վենսանը դառնում է ներկայացման ռիթմիկ հավասարակշռությունն ապահովող կշռաքարը: Եթե առաջին գործողության մեջ Սեդան իր կենսուրախությամբ շոգեքարշի նշանակություն ուներ, ապա երկրորդ գործողության մեջ նա կայացած հասուն կին է: Նուրբ գծով անցնում է նաև հայի աշխատասեր, ստեղծագործ և տաղանդավոր լինելը, կայանալու զարմանալի կարողությունը. Արամը՝ որպես լուսանկարիչ, Սեդան՝ որպես հրուշակագործ:

Ի՞նչպես է իրը դուրս գալիս զուտ ֆիզիկական երևույթ լինելու սահմաններից և վերածվում ինչ-որ այլ, մի շատ թանկ ու կարևոր երևույթի: Սեդայի տիկնիկը, Արամի վերարկուն և Վենսանի մետաղադրամը: Նրանք փայփայում են այս իրերը, որպես մասունք, հավատարմության խորհրդանիշ: Ներկայացման կուլմինացիան ամուսինների վերջին երկխոսությունն ու Արամի մենախոսության տեսարանում է, Հովհաննիսյան-Արամը իր ցավի մասին սկսում է խոսել օտարված, թվում է առանց ներքին վայրիվերումների, սակայն ամեն հաջորդ ֆրազն արտաբերելիս ալեկոծվում ու ալեկոծում էր նաև ամբողջ հանդիսասրահը, ապա ներքին կենտրոնացումով կրկին խաղաղվում, հաստատուն ու հստակ ձայնի տոնով եզրափակում պատմությունը: Անգամ մեկ թատերաշրջան խաղացանկում նշանակալի տեղ զբաղեցնելու դեպքում, արդեն ներկայացումը շտապում ենք ստացված որակել, իսկ այս դեպքո՞ւմ: Նիկոլայ Ծատուրյանի «Հրեշը լուսնի վրա» հոգեբանական դրաման մեր իրականության լավագույն ներկայացումներից է: …«Արամի և Սեդայի պատմությունը կոնկրետ տեղից և ժամանակից է սկսվում: Ես այդ ժամանակն եմ փնտրում»…

ՎԱՆՈւՀԻ Սեթոյան

Նյութի աղբյուրը՝ Առավոտ 10 22 2017

697 հոգի