ՍԻՐՈ ՓՐԿՈւԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ՝ ԲՐԵՆԴԱՎՈՐՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՄԻՋԱՎԱՅՐՈւՄ
Սիրո թեման անմահ և անսպառ է: Թերեւս ճիշտ է: Սակայն եթե անգամ հպանցիկ հայացքով դիտենք թեւանցուկ քայլող զույգերին, կթվա, որ սիրո դրսեւորման միակ միջավայրն արվեստի ստեղծագործություններն են, իսկ իրականը բրենդավորված հարաբերություններն են՝ անարժեք ու թանկագին: Սա՞ է իրականությունը… Եթե ոչ, ապա ո՞ւր են իրական սիրո թևերով ճախրողները, եթե այո, ապա ինչո՞ւ է սիրո թեման այսքան կենսական ու իրական արվեստում: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը «երկու դերասանի թատրոն» ձևաչափն է ընտրել իր ստեղծագործական որոնումներում եւ հանդիսատեսի դատին հանձնել երկու ներկայացում՝ բևեռային տարբեր լուծումներով, բայց առանցքում սիրո փրկության թեման է: Մի դեպքում երևակայական երազային իրականությունում ապրող սերն է, երբ սիրահարները փրկություն են փնտրում իրականում իրար գտնելու մեջ, մյուս դեպքում՝ սիրո փրկությունը իրականությունից փախուստն է, դեպի երևակայական կերպավորմամբ փոխհարաբերութունների տիրույթ:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պատմվածքը Արսեն Միքայելյանի բեմականացմամբ դարձավ երիտասարդական փորձարարական ներկայացման նյութ՝ երազ-իրականություն հրավիրելով ամբողջ Գյումրիին: Հարոլդ Փինթերի «Սիրեկանները» Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճի բեմում արտացոլվել էր «Սիրային խաղեր» խորագրով: Բեմում փորձառու, բայց երիտասարդ դերասաններ Տիգրան Գաբոյանն ու Դիաննա Մացոյանն են: Բեմանկարչական ձեւավորումն առաջին հայացքից պարզ կենցաղային է՝ սովորական ամուսնական զույգի ննջասենյակ, սակայն սիմվոլ է յուրաքանչյուր դետալ: Բեմի կենտրոնում դրված է շրջանաձեւ մահճակալ, որը զույգի փոխհարաբերությունների արտացոլքն է՝ կիսվելով ու աստիճանաբար հեռանալով վիզուալ ներկայացնում է հերոսների ներաշխարհը: Կիսալուսնաձև 2 սուրճի սեղաններն էլ են միավորվում ու հեռանում՝ շրջան կազմելով խորհրդանշում ընտանիքը, իսկ բաժանվելով՝ օտար անհատների, որոնք թեև ամուր կանգնած են, բայց եւ կիսատ են առանց մեկը մյուսի:
Կատակերգականի լույսի ներքո ներկայացված է մի ընտանիքի պատմություն, որը նույնպես ինչ-որ իմաստով նմանատիպ հարաբերությունների պայմանական արտացոլքն է: Քիչ չեն զույգերը, որոնց սիրո պատմությունն ավարտվում է, երբ կենցաղը առաջնային նշանակություն է ստանում, «բարի լույս, սուրճ, աշխատանքի, տուն» ցիկլը մարդկանց վերածում է անիվի մեջ վազող սկյուռի, միանման օրերի շրջափուլը նաև այս զույգի սիրո կործանման համար էր պարարտ հող դարձել: Սակայն կանացի հնարամտությունը կենցաղային գորշությունը գունավորելու ճանապարհը գտավ, դեղին բարձրակրունկները դարձան խաղային իրականության մուտքի խորհրդանիշը՝ փրկելով սերն ու ընտանիքը: Երազն է սիրո տունը, աննյութեղեն ու անգին իրականությունը: Ու երանի բրենդների մրցավազքում մարդը չկորցնի երազելու շնորհը, ու սերը միայն անմահ թեմա չլինի, այլ ապրի յուրաքանչյուրի կյանքում:
02.07.2023 1:48
Նյութի աղյուրը՝ Առավոտ