Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

27.06.2023  23:17

.ներարավ ըրերջրջանկրե գորոնանտղագ

 ինոձենիգ կավրտապնա բրԵ

.նեթրեթ ըթրեջղո նայթունապս ծավնապս

վողածիծ նյաձատյափ ըրենղավիճ իլառադնա վԵ

:մուկրգ իկումղա ծաթղագ ցիքռափ

ըրեննույթուռլ նեջննկ մաժդյԱ

Մոտավորապես այսպիսին էր Բաբելոն թատրոնում մեզ հանդիպած, կարելվույն չափ համանուն, շոուի ձևային բովանդակությունը: Բաբելոնյան խառնաշփոթի հանգույն արտաքուստ շրջադարձված, ներքուստ՝ տրոհված ինտերդիալոգի նորընթաց վեկտորների միստիկ-էպիկական ռիթմախաղը, որը պոստմոդեռնիստական միֆականությունից դույզն ինչ չշեղվելու համար սրբորեն պահապանում էր ինդուստրիալ ծիսապատշաճությունը: Եվ ահա, քաոսի համատարած դավանումի հույսով պահածոյացումից ազատագրված, կրքի կրակահերթով ալոգիզմի տեղատվության բոթն է կարծես ավետվում: Անվերջության տպավորության ստեղծման միտումով աշխարհաստեղծման անցքերը թվարկվում (ով՝ ում ծնեց ու…) մինչև ճամարտակման եզերքին հասնելը, և անմիջապես անցում կատարվում ներքին երկրոդ գործողության: Վերացումի ոչ այնքան փիլիսոփայությանը, որքան դրա դրդապատճառների հոգեբանական ըբռնողականությանը: Հին ու բարի «Մոցարտ և Սալիերի» փոխհարաբերությունների, այսպես ասած, էմպաթիկ մեկնությանը, որտեղ տարածաժամանակային պայմանաձևն իբրև արարման ու վերացման միջնահարկ է ծառայում:

Սա ժամանակային մի ձևվածք է, որտեղ զվարճատենչ ապագան անիրական է, տրտմալից ներկան՝ տրամախոս անցյալի թույլտվությամբ՝ հավանական: Ու կիսաանորոշության այս ողջ ընթացքում, երբ կիսամերկությունը «բաժակի կիսով չափ լցված և դատարկ լինելու» դիլեման է հառաչում, քիչ թե շատ Քրիստոսակերպ Անդրանիկ Միքայելյանը և Լյուցիֆերյան հմայքով Հարություն Հովհաննիսյանը համալիր անկախության (Վոլֆգանգն առաջիններից մեկն էր, ով ֆրիլանսային կարգավիճակին հավակնել հանդգնեց) ինքնարժեքի մտակշռումն էին սադրում: Լռության մեջ թաքնված աղմուկների որոնումով գրեթե տրանսային վիճակին հարող այս պայմանականները փորձում էին բացակա ներկաների համատեղ ուժերով պարզել, թե ո՞րտեղ է սկսվում հանպատրաստից աբսոլյուտիզացված ազատության ինքնավնասման սահմանը: Եթե ոչ հասկանալ, ապա գոնե զգալ, թե հատկապես ո՞ր պահից է արարման նախապայման ինքնագո ազատամտությունը սկսում այլոց մեջ անարդարության հանցավոր զգացումը սաղմանվորել: Զարգացնել այն տարբերության հանդեպ եղած տգիտության ձեռբերովի բնազդով, որն օրերից մի օր իր գագաթնակետին հասնելով՝ ատելության պայթյունի է հանգեցնելու: Իսկ խավարամիտ (կատարողների խաղային հենքը, որի համատեքստում ելակետայինը «դու չե՞ս սիրում լինել մութ սենյակում մենակ» դավ հուշող մեղմաձայն հարցադրումն է) նեգատիվի բեկորները, որպես կանոն չեն խնայում որևէ մեկին. կլինի դա Վիսոցկին, Չարենցը, Ցոյը, Սևակը, թե հումանիզմով ի խորոց սրտե տառապող մեկ այլ համամարդկային «խելագար»:

Չենք խուսափի նաև իր տեսակի մեջ նրանց մետաֆիզիկական հոգեհայրը համարել աղերսամատյանի միջնադարյան հեղինակին: Աստվածամարտ Նարեկացուն, ում հոգևոր և նյութական իրականությունների միջև խլվլացող խզումները հակաուտոպիստական ենթազգացողությունների են մղում, ինչպես որ համլետյան ոգու կրող Վիսոցկուն բարոյահոգեբնական հակամիասնությունները ինքնության հիմնում դրդում են էկզիստենցիալ հիասթափությամբ կրկներգել, թե «ամենն այնպես չէ, ինչպես, որ պետք է լիներ»: Ի դեպ մտատանջողական այս երևույթի, ոչ նույնական, բայց համանմնան դրսևորումն է կյանքի ժամանակը ևս գոյաբանական զգացողություններով մեկնող բիթլիսցի խենթի «ինչ որ տեղ, ինչ որ բան այնպես չէ» եզրահանգման հարակրկնությունը: Այսինքն, Սարոյանի մասնավորից ընդհանուրին գնացող, ու երգահան-հանճարի համընդհանուրով մեկ առ մեկ մատնանշողը տարբերակները մեկը մյուսի իմաստաբանական դարձերեսն են դառնում:

Ստացվում է, համաշխարհային նշանակության անձանց գիտակցած համամարդկային ողբերգություններից հակաուտոպիստական զգացողությունների դրաման է այստեղ հյուսվում: Ասել կուզի՝ մահվան և ծնունդի հավերժական պտույտի առեղծվածի ֆենոմենը քննել փորձում, եթե անգամ այն կրոնափիլիսոփայական ոգորումների համծիրում չէ, այլ ստեղծագործական կեցության և կենցաղի բեկբեկումներում: Սա է կենսափիլսոփայական այսպես ասած զվարճահանդեսը համահեղինակող երկու կատարողներին խաղային վիճակի տրամադրողը, ինչն իրենց պարագայում օրինաչափ է: Նրանք երկուսն էլ Զարուհի Անտոնյանի հայտնի «The best of Shekspeare» ներկայացման դերակատարներ են, իսկ շեքսպիրյան նմանօրինակ ներկայացումների առնվազն ենթագիտակցական թիկունքում դանեմարքայի համանշանակ մտարկումներն են:

Ասել է թե Անդրանիկ Միքայելյանի և Հարություն Հովհաննիսյանի զգայական փորձառությանը խորթ չէ մտապատկերի մոտավորության և իրականի ճշգրտության արանքում վերոգրյալ հոգեվիճակների համադրողական հաջորդականությունը: Այլապես փղոսկրյա աշտարակից դասալքված ու կարծեցյալ ուսումնատենչության աշտարակում պատսպարվածի կեղծ բարեպաշտության կվերածվեին նարեկացիական մեջբերումները: Յագոյի ատելությանը ցեղակցող ստեղծագործական նախանձում էլ սալոնային հերոսի լիմոնադային զեղումներ կփրփրեին դիվադավ հայացքում թևածող հարցահալած հեծկլտոցի փոխարեն: Ուրեմն նրանց ստեղծածն ամենևին էլ մտահոգեկան մկանուտքի ցուցադրմանը միտված ինքնանպատակ ակտ չէ, այլ սովորական անհանգստության չկաշկանդված բարձրաձայնում, ինչը հպանցիկ շնորհավորանքը մի տեսակ անհրաժեշտություն է դարձնում: Իհարկե, մտածելու, այլ ոչ ոմանց արածի պես մտատաչարչարվելու առիթ տվող հաջորդ ստեղծագործության պարտադիր սպասումով:

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

1769 հոգի