Սեղմիր
ԴՐԱՄԱՏՈւՐԳԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

03.06.2023   23:47

Բանալի բառեր. գրականություն, ժամանակակից դրամատուրգիա, աբսուրդի դրամա, թատրոն

Ներածություն

Երկու համաշխարհային պատերազմների ու տեղի ունեցած հեղափոխությունների արդյունքում եվրոպական թատրոնում և դրամատուրգիայում ձևավորվեց աբսուրդիստական ուղղությունը՝ մարդկային կյանքի արժեքների ու չափանիշների առանձնահատուկ ընկալում առաջ բերելով և նոր փիլիսոփայություն ձևավորելով այդ ժամանակաշրջանում: Աբսուրդի դրաման ներկայացավ որպես կյանքի անհեթեթ երևույթների, իրականության մեջ տեղի ունեցող անորոշ, անիմաստ, անտրամաբանական խոսքի, գործի ու արարքների արտահայտություն: Դրանք հաճախ հասնում են զավեշտների, և կարծես ունեն մեկ գլխավոր նպատակ՝ հասարակության կողմից «ընկալվող և ընդունվող» կյանքի միտումնավոր արմատական քանդումն ու դրանով  մարդկանց մեջ  անհանգստություն առաջացնելը: «Այսօր գրականության տեսաբանները հակված են աբսուրդի դրամայի ակունքը տեսնել Վիլյամ Սարոյանի դրամատուրգիայում»[1]: Հայ իրականության մեջ լինելով խորը չուսումնասիրված ուղղություն՝ աբսուրդի դրամայի ազդեցության մասին հստակ եզրակացություններ անելը դժվար է, որոշ դեպքերում էլ՝ ոչ նպատակային:

Աբսուրդի դրաման, որը ձևավորվել է անցյալ դարի 50-60-ականներին,  կառուցվածքային տարատեսակ ձևերով է ներկայանում և եզակի դեպքերում  հայտնվում թատրոնի բեմում: Սա պայմանավորված է դրամայի թեմատիկ, գաղափարական հիմնանյութով և կառուցվածքով: Գուցեև անընկալելի է այսօրվա հանդիսատեսին աբսուրդի թատրոնը, սակայն փաստն այն է, որ 2000-ականներին նույնպես գրվել, բեմադրվել են աբսուրդի դրամաներ, սիրվել և ընդունվել թատերասերների կողմից: Ընդհանրապես «դրամայում հերոսի խոսքի դերը բացառիկ մեծ է, քանի որ նրա օգնությամբ պիտի առաջ շարժվի գործողությունը»[2], և այս առումով աբսուրդի դրամայում նույնպես գործող անձի խոսքի դերը մեծ է, բայց դրան գերազանցում են դադարները, շրջադարձային պահերը, որոնք կարող են ստեղծել մթնոլորտ, որտեղ ամեն ինչ խառնված է, բայց նպատակային՝ վեր հանելով այնպիսի խնդիրներ, որոնք գուցե տեսադաշտից դուրս են կամ չունեն հստակ պատասխաններ: Իսկ լեզուն աբսուրդի դրամայում կարևորվում է որպես հաղորդակցման միջոցի անօգուտության գաղափար: Այս ամենի հետ հարկ է նշել, որ աբսուրդիստներն ունեն լեզուն օգտագործելու լիակատար ազատություն:

Աբսուրդի դրամայի հերոսներն ունեն  ներքին «ես»-ի երկակիություն: Նրանք նաև շատ դեպքերում նաև տարօրինակ անուններ են ունենում  և միահյուսում են այն հիմնական շեշտադրումները, որոնք դրամատուրգն է հիմքում ունեցել: Այս մոտեցումները չեն մղում եզրակացնելու, որ աբսուրդի դրաման չունի գեղագիտական հենք: Ընդհակառակը՝ այն առանձնանում է իր կառուցվածքային տարրերով, նպատակային հարցադրումներով, որոնք վերծանում է մարդը:

20-րդ դարի թատրոնի ականավոր գործիչներից ֆրանսիացի դրամատուրգ, պոետ և դերասան Անտոնեն Արտոն «Դաժանության թատրոն» ուսումնասիրության մեջ գրել է, որ «Հրաժարվելով մարդու հոգեբանությունը, բնավորությունը և վառ ընդգծված զգացմունքներն արտահայտելուց՝ թատրոնը կդիմի նաև համապարփակ մարդուն և ոչ թե օրենքներին հնազանդ, կրոններից և պարտադրանքներից խեղված սոցիալական մարդուն»[3]: Անտոնեն Արտոյի այս տողերը  հաստատում են, որ աբսուրդի թեմատիկ և բովանդակային տարրերը ժամանակի ընթացքում են ձևավորվել և ձևավորվում՝ կյանքի և մարդու բանականության շուրջ ընթացող փոփոխությունների ընթացքում (ընդգծումը մերն է- Վ.Ա.): Այդ փոփոխությունները երբեմն-երբեմն բախումներ են առաջացնում մարդու և աշխարհի միջև, ստեղծում անհամաձայնության մթնոլորտ և դրանից ելքեր փնտրելու տարբերակներ առաջարկում: Ընտրությունը հենց մարդն է՝ իր հոգեվիճակով, քայլերով, մտքի ու ներքին ապրումների ամբողջականության մեջ: Սակայն ինչպես նկատում ենք, հայ արդի դրամատուրգիայում շատ պիեսներ կան, որոնք կառուցվում են էկլեկտիկ տարրերով և ներկայանում են որպես աբսուրդի դրամա, ինչը խառնաշփոթ է առաջացնում այս ուղղությունը հստակ պատկերացնելու համար:

Ինչպես հայտնի է աբսուրդի գրականությունը սկիզբ է առել էքզիստենցիալիզմից, «իր ներքին փիլիսոփայական տիրույթներում ձևավորվում և ինչ-որ չափով առանձնանում է վերջինիցս: Էքզիստենցիալիզմի փիլիսոփայությունը կյանքի ընկալման ու մեկնաբանման տարբեր տեսակետներ, մոտեցումներ է առաջ քաշում, և այդ մոտեցումներից մեկը՝ աբսուրդն իր կենսափիլիսոփայական ըմբռնումների զանազան դրսևորումների և ձևերի մեջ հստակորեն տարբերվում է»[4]: Այս ամենին զուգահեռ նշենք, որ դրամատուրգները բացի հիմնական կառուցվածքային չափանիշներից, հնարավորություն ունեն իրենց տեսանկյունից նորարար ձևապատումներ անել՝ սեփական դրամատուրգիական երկը զարգացման աստիճանակարգով հասցնելով գաղափարական նոր փուլ՝ հեղինակային նորարարություն: Այդ պարագայում սյուժեն ինքնատիպ հղացք կունենա, որը կարևոր նախապայման է և՛ ընթերցանության նյութի, և՛ ներկայացում բեմադրելու համար, քանի որ «բեմում փնտրում ենք մի բան, որ չի տալիս իրական գործերի ու գործնական գաղափարների աշխարհը: Այստեղ են մղվում իրականությանը ներհակ հոգիները, ոմանք ոգու քաղցից ու նպատակի անորոշությունից, ոմանք էլ մի տեղից պետք է կյանք մտնեն և թվում է՝ ամենաթույլ դիմադրությունը այդտեղ է ի փրկություն նրանց, «ովքեր դավաճանել են իրենց, փախչում են կյանքի բարդ խնդիրներից և ջանում են ինքնախաբեության ու պատրանքների մեջ գտնել սեփական անօգնականության ու թուլության արդարացումը» (Ժան-Լուի Բարրո): Այսպես է մտածում մի իմաստուն արտիստ, որ շատերի կյանքում է տեսնում այս ինքնավտարանդի վիճակը»[5]:

Հայ ժամանակակից դրամատուրգներն ու աբսուրդի դրաման

Հայ արդի աբսուրդի դրաման քննելիս նախ ուշադրություն ենք դարձնում դրա կառուցվածքին ու հիմնական առանձնահատկություններին: Հիմնականում աբսուրդի դրամայում գործող անձն առարկայացվելուց բացի նաև մասնակիանում է: Այս համատեքստում ճիշտ կլինի ընդգծել, որ երևույթների հետ տեղի է ունենում ճիշտ հակառակը: Սակայն, բացի այս գործոններից, անհատականության առանձնակի փոփոխություններ են ի հայտ գալիս, այսինքն գործող անձը շատ դեպքերում ներկայանում և գործում է իր զբաղմունքով, այլ ոչ թե անունով: Եվ սա կարևոր նախապայման լինելով լուրջ ազդեցություն է ունենում ասելիքի խորության տեսանկյունից:  Աբսուրդի դրաման նաև պետք է ունենա համապատասխան միջավայր և մթնոլորտ, հավատից զուրկ հերոսներ, իմաստազուրկ իրավիճակներ, որոնք տրամաբանական հնարավորություններ են ստեղծում՝  իրավիճակն աստիճանաբար զարգացնելու մտածված մեթոդներով և դրանք հանգուցալուծման հասցնելու սուբյեկտիվ մեկնաբանությամբ:

Պերճ Զեյթունցյանն իր «Մի նայիր հայելուն»[6] դրամայի առաջաբանում մեջբերել է Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպից մի հատված, որը կարծես հուշում է դրամայի կարևոր ասելիքի մասին: Թյուրըմբռնում կա, որ զավեշտալի դեպքերը չեն կարող աբսուրդի հիմնական տարրերը լինել, սակայն այս դրաման այդօրինակ մոտեցմամբ է կառուցված: Դրամայի հերոսը բանկի աշխատող Վիգենն է, որն ապահով կյանք է վայելում՝ հավատալով ամեն ինչի, որն էլ շարունակականություն է հաղորդում դրամայի զարգացման ընթացքին և զավեշտալի նոր պահեր ստեղծում:

ԱՆԾԱՆՈԹ - Ո՞վ ես դու։

ՎԻԳԵՆ - Ես հարցնելու փոխարեն, դո՞ւ ես հարցնում։

ԱՆԾԱՆՈԹ - Ասա, ո՞վ ես։

ՎԻԳԵՆ - Ե՞ս… Վիգեն Աստվածատրյանն եմ։

ԱՆԾԱՆՈԹ - Բայց ես եմ և՛ Վիգենը, և՛ Աստվածատրյանը։ Դու ինչո՞ւ ես խլել իմ անուն-ազգանունը:

ՎԻԳԵՆ - Ցույց տուր անձնագիրդ։

ԱՆԾԱՆՈԹ - Առավոտ շուտ ի՞նչ անձնա­գիր։ Այնտեղ, դարակի մեջ է։

ՎԻԳԵՆ - Գնա բեր։

ԱՆԾԱՆՈԹ - Ո՞նց բերեմ… Եթե դու հայե­լու մեջ ես, ես ինչպե՞ս առանձնանամ։ Պետք է միասին անհետանանք։ Կարծեմ դա է հայելու օրենքը։

ՎԻԳԵՆ - Սպասիր… ո՞վ է հայելու մեջ։ Ե՞ս…

ԱՆԾԱՆՈԹ - Չէ, բա ես… Իհարկե, դու։

Այս դրաման հետաքրքիր կառուցվածք ունի այն առումով, որ հերոսը հայելու մեջ իր արտացոլանքի միջոցով է սկսում գործողություններն ու հայելու ազդեցությունից կարծես կործանման և մտավոր քայքայման ճանապարհով գնում: Այն, որ «այս պիեսի խնդիրը մարդու ֆիզիկական գոյության և ներքին՝ հոգևոր տարածքի կապն է»[7], անառարկելի է, սակայն դրամատուրգը մեկ այլ կարևոր խնդիր է դրել՝ մարդու ինքնադիտումը սեփական մտքերի հորձանուտում, չէ՞ որ մարդն իր էության հետ զրուցելիս նոր բացահայտումներ է անում, որը կարող է հասնել վախի աստիճանի: Եվ այդ տրամադրություններն են գործողություններին ինքնատիպ ընթացք հաղորդում «Մի նայիր հայելուն» դրամայում:

Աղասի Այվազյանի դրամատուրգիան հուշում է, որ աբսուրդի գեղագիտությունը զուտ բանաձևում չէ, և ժամանակաշրջանը կարևոր նշանակություն ունի հեղինակի մտածական աշխարհի և անձի ներաշխարհի զուգորդման առումով: Աբսուրդի գեղագիտության հստակ տարրերն Աղասի Այվազյանի դրամատուրգիայում նկատելի էին դեռևս 1985 թվականին գրված «Առլեզ» և 1995 թվականին՝ «Կրեսոսի թագավորությունը», «Ժանգառք» դրամաներում: Թվարկածներս թե՛ կառուցվածքային առանձնահատկություններով, թե՛ այլաբանական ենթաշերտերով ազատորեն կարող են դասակարգվել աբսուրդի դրամաների շարքին: Այս ամենին զուգահեռ, 2000 թվականից հետո, Աղասի Այվազյանի դրամատուրգիան նոր փուլ մտավ հատկապես աբսուրդի յուրատիպ մի գեղագիտությամբ, որտեղ փիլիսոփայությունն ու իրականությունը ներկայանում են զուգորդված և արտացոլում են հաճախ վարագույրի հետևում հայտնվող կյանքի այնպիսի երևույթներ, որոնք տագնապների առիթ են դառնում՝ սեփական անձը ճանաչելու, գնահատելու և այլն:

Այվազյանի «Ինքնասպան նավը», «Դեկորներ» (2002), «Համակարգիչ» (2003), «Շնաձկի ստամոքսը» (2006), «Գոյություն» (2007) պիեսներում հստակ երևում է ժամանակաշրջանի փոփոխությունն ու ազդեցությունը, ինչ-որ տեղ էլ՝ անորոշությունը: Դիտարկենք «Ինքնասպան նավը» պիեսից մի հատված.

ՆԱՎԱՊԵՏ - (նայում է լուսանցույցի մեջ: Ուժ տալու համար դալկացած Երգչուհուն): Տեսնո՞ւմ ես այն լույսը… Նա մեծանում է, փարթամանում, սրբագործվում: Դա հավեժությունն է: Դու գիտեի՞ր այդ…

ԵՐԳՉՈԻՀԻ - Մինչև հիմա հավերժությունը վերացական հասկացություն էր ինձ համար:

ՆԱՎԱՊԵՏ - Ոչ, դա առարկայական է: Դա մեծագույն առարկան է: Մնացածը նրա փոշին է… Եվ նա անխուսափելի է…

ԵՐԳՉՈԻՀԻ - (համերաշխության եզր ունենալու միտումով: Բռնաձիգ աշխուժությամբ): Քիչ հետո ես այլ մարդ կդառնամ… Եթե կարողանամ միջանկյալ վիճակներից խուսափել:

ՆԱՎԱՊԵՏ - Դու մեղք չե՞ս… Անընդհատ ցավերի մեջ լինել:

ԵՐԳՉՈՒՀԻ - Դա կհեշտացներ իմ վճռի կայացումը: (Սրբում է աչքերը):

ՆԱՎԱՊԵՏ - Մենք երկուսով ենք:

ԵՐԳՉՈՒՀԻ - (ուշացումով): Երկուսով ենք: Որը և…

ՆԱՎԱՊԵՏ - Ի՞նչ՝ որը և…

ԵՐԳՉՈՒՀԻ - Եթե ես չհամաձայնեի, էլի նո՞ւյնը պիտի լիներ քո պարագայում:

ՆԱՎԱՊԵՏ - Նո՛ւյնը, անպայման նույնը:

ԵՐԳՉՈՒՀԻ - (դանդաղ, ձգելով): Իհարկե, միտքը քո մեջ է հղացել, վիճակը քո մեջ է հասունացել:

ՆԱՎԱՊԵՏ - Մենք նույն վիճակն ենք ապրել:

ԵՐԳՉՈՒՀԻ - Նման վճիռ միայն մի հոգու մեջ կարող էր առաջանալ:

ՆԱՎԱՊԵՏ - Մի՞թե քո մեջ էլ նույնը չի կատարվել… Պարզապես դու միայն մի թևի վրա ես գտնվել:

ԵՐԳՉՈՒՀԻ - Իմ մեջ երբեք չի առաջացել այդ միտքը, և երբեք չեմ հասունացրել այն: Ես պարտադրված եմ: Մենք շատ տարբեր ենք: Մեր սերն է ընդհանուր:

ՆԱՎԱՊԵՏ - (համբուրում է Երգչուհու ձեռքը: Մտերմիկ): Տարբե՞ր ենք… Մի՞թե վերջը տարբեր է: Բոլորս մեկնում ենք դեպի այդ երանելի գոյությունը, կամ՝ բոլորս հեռանում ենք այս անտրամաբան, նսեմացուցիչ գոյությունից, այս վախվորած գոյությունից, այս խեղկատակի վիճակից, որը մեզ պարտադրել է չգիտես, թե ով:

ԵՐԳՉՈՒՀԻ - Ես կուզենայի դեռ այդ խաղի մեջ մնալ՝ թող որ նսեմացուցիչ, թող որ վախվորած… Ուրախ էր, հաճելի, քաղցր… (Ձայնը խզվում է: Բռնում է կոկորդը և չի կարողանում ոտքի վրա մնալ: Նավապետը վերցնում է նրան ձեռքերի վրա և տանում, զգուշորեն պառկեցնում բազմոցին: )

ՆԱՎԱՊԵՏ - Ջո՞ւր տամ… Խմի՞չք…

ԵՐԳՉՈՒՀԻ - (սղաձայն, խեղդվելով): Մորֆի:

Հատկանշական է, որ գաղափարն այս ամենից արագորեն վերաճում և հասնում է լայն տարածքներ, որտեղ իշխում է մարդկային տրամաբանությունը, երևույթներին այլ տեսանկյունից նայելու խնդիրը:

«Գոյարարը մեծ առևտրական է… Նա ոչինչ ձրի չի տալիս… Հանճարը, երջանկությունը, գեղեցկությունը Աստծո անշահախնդիր ողորմածությունը չէ, դրա դիմաց հատուցում է պահանջվում»[8],-կարդում ենք «Ինքնասպան նավը» պիեսում, որտեղ նույնպես կարևոր ճշմարտություն են փնտրում հերոսները, որոնք նույնպես կյանքի ճանապարհ են անցել և կարծես սեփական փորձից են վստահ խոսում: Այվազյանի աբսուրդը ինչ-որ չափով երևակայական լուրջ խնդիրներ է առաջ բերում՝ այդպիսով նաև համընդհանուր թեմաներ քննելով իր պիեսի հերոսների խոսքի և գործողությունների  միջոցով. «ժանրային առանձնահատկություններին համաձայն՝ այն է տրագիֆարս, հեղինակն այլ ընթացք է տալիս գործողու­թյուն­ներին»[9]:

Այս համատեքստում նշենք նաև գոյության իմաստը, որն այդպես էլ չեն հասկանում «Դեկորներ» պիեսի հերոսները՝ Առաջին մարդը, Երկրորդ մարդը, Երրորդ մարդը: Վերջիններս անհաս­կանալի նպատակներով են հայտնվել նույնչափ անկողմնորոշելի պայմաններում:

Աբսուրդի գեղարվեստական տարածության մեջ նշանավորվում է նաև Դավիթ Մուրադյանի «Ցույց տվեք ձեր տոմսակը»[10] պիեսը, որը բաժանված է երկու հատվածի՝ I-III-V և II-IV-VI պատկերների հաջորդականությամբ: Պայմանական գործողությունները մղում են հետաքրքիր կառուցվածքային ընթաց­քով: Պատկերների տրամաբանական զարգացմանը զուգընթաց պիեսի գործող անձինք կարծես հասնում են իրենց «ուզածին» (Այս դեպքում՝ հասնում են այն կայարանին, որտեղ նստում են գնացք): Պատկերները կարծես փոխլրացնում են իրար և «ստեղծվում է կյանքի կարուսելը, որն անընդհատ նույն պտույտն է կատարում»[11]: Դավիթ Մուրադյանը կարծես ընդգծում է մարդու՝ կյանքի շրջապտույտում հայտնվելն ու կարծես դրանով դրամատուրգը հերքում է կյանքում ինչ-որ բան փոխելն այդ կյանքի անխուսափելի ու անկանխատեսելի պտույտի մեջ.

ՊԵՏԵՐ - Չվախենա՛ք, ես ահաբեկիչ չեմ, ընդհակառակը, չափից ավելի բարի մարդ եմ։

ԱՆՆԱ - (ետ է քաշվում՝ նրան ճամփա տալով)։ Ուրեմն, ձեզ սպասում են բոլոր հնարավոր դժբախտությունները։

ՊԵՏԵՐ - Իսկապե՞ս… Բայց նախ և առաջ ինձ սպասում է փառքը։ Թույլ տվեք։ (Անցնում է։) Շնորհակալություն… (Ուսից իջեցնում է պայուսակը։) Իսկ դուք որտե՞ղ եք նստում։

ԱՆՆԱ - Ինչպես տեսնում եք, ես կանգնած եմ։

ՊԵՏԵՐ - (արտասանում է)։ «Աչքերը հա­ճախ են խաբում, սակայն սիրտը, որպես կա­նոն՝ երբե՛ք»։ Ավա՜ղ, սրանք իմ խոսքերը չեն, բայց ես հաճախ եմ կրկնում։ Այս բառերից հե­տո վարագույրը դանդաղ իջնում է, ու պայթում են բուռն ծափահարություններ։ (Օսկարին.) Կարո՞ղ եմ ձեր կողքին նստել։

ՕՍԿԱՐ - Իհարկե, եթե ուզում եք։

ՊԵՏԵՐ - Շնորհակալ եմ։

Իսկ Գուրգեն Խանջյանի «Պահմտոցի» միստիկ փոքր պիեսը կարծես ամբողջությամբ պայմանականության սկզբունքներով է կառուցված: Ե՛վ գործող անձինք, և՛ բեմական առաջարկվող լուծումները նույնպես պայմանական են: Սա ունի հիմնավորում՝ ամբողջության մեջ ցույց տալ երևույթների խորհրդանշական կերպը: Այս պիեսում նույնպես հեղինակն ամեն բան իմաստավորում է՝ տղամարդուն, որը խորհրդանշում է մարդկությանը, շենքը՝ աշխար­հը, Մանվելը կամ Էմանուելը՝ Աստծո որդին ու բարին: Սակայն, լինելով աբսուրդի տարրերին համապատասխանող պիես, փնտրողը չգիտի՝ ում է փնտրում և ինչու: Բայց փնտրում է անվերջ, որովհետև «պետք է»: Գրականագետ Արմեն Ավանեսյանը գրում է. «Մարդն այսօր հայտնվել է դեպի կործանումը տանող իրականության մեջ և ակամա փնտրում է բարին՝ դրանից կառչելու և փրկվելու համար»[12], սակայն հատկանշական է, որ դրամատուրգը միանշանակ լուծում չի տալիս և այս իրավիճակը կարծես թողնում է առանց հանգուցա­լուծման, որը կրկին ապացուցում է ժամանակի փոփոխման, փոփոխությունների և մարդու գոյության ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների կարևորության մասին: Եվ պատահական չէ, որ պիեսի ավարտը փիլիսոփայական ենթատեքստով է առանձ­նանում:

Կարինե Խոդիկյանի «Մեծ եռագրություն» պիեսների երկհատոր ժողովածուի առաջին բաժինը կրում է «Աբսուրդ խա­ղեր» խորագիրը: «Դրամատուրգը հարազատ է աբսուրդի դրամայի իռացիոնալ-միստիկ առաջադրույթներին, այն կողմնորոշմանը, ըստ որի` հասարակական կյանքում բացակայում են արժեքները»[13] և այս ամենին զուգահեռ Կարինե Խոդիկյանը իր դրամատուրգիայում գեղագիտական նոր նշաձող սահմանելով, աբսուրդի դրամայում ինչ-որ տեղ իր մոտեցումները թելադրեց: «Դարպասներ», «Քաղաք», «Կայարան» («Այն, որ չկար» ընդհանուր խորագրով), «Խաղի ժամանակը», «Այստեղից հետո», «Հրեշտակ՝ ցպահանջ» և այլն. այս պիեսներն են ամբողջացնում Խոդիկյանի աբսուրդի թատերագրու­թյունը: Դրամատուրգի համար կյանքը խաղ է, ինչպես հստակորեն ընդգծված է «Խաղի ժամանակը» պիեսում, որտեղ գործող անձինք են՝ քաղաքի տիրակալը, առաջին դիմակի տակ գաղտնի խորհրդականը, երկրորդ դիմակի տակ քարտուղարը, քաղաքի ճարտարապետը, պատմիչը, բանաստեղծը, սևազգեստ կինը, տղա և աղջիկ: Սա դիմակավորների թղթախաղ է կյանքում, որն աբսուրդային է:

ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ - Դու շատ հետաքրքիր աշխատություն ես գրում: Վերնագիրն էլ գիտեմ` «Ճշմարտության գաղտնիքը»: Չե՞մ սխալվում: (Տղան շփոթված գլխով է անում): Բայց երրորդ գլխում, որտեղ խոսվում է մեր քաղաքի մասին, անճշտություններ կան:

ՏՂԱ - (վիրավորված): Դրանք անճշտություններ չեն, այլ տեղեկատվության պակաս: Մի քանի գիրք ոչ մի տեղ չգտա: Կեղծ բաներ չգրելու համար այդ մասերում բազմակետ եմ դրել:

ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ - Եթե չեմ սխալվում, այդ գլխում բազմակետերը բառերից շատ են:

ՏՂԱ - Լավ է բազմակետ լինի, քան` կեղծիք:

Դրամատուրգը կարևորում է մարդու մտածողությունը և  այն մշտապես լույսի տակ է պահում: Հատկանշական է, որ Նորայր Ադալյանը գրելով Խոդիկյանի դրամատուրգիայի մասին, նշում է՝ չնայած նա որպես գլխավոր նպատակ առաջին պլան է մղում հերոսի անձնական կյանքն ու ճակատագիրը, սակայն «գրողը չի օտարանում հասարակականին, այլ ոչ առերես, թատերակ «խաղով» է հարաբերում, որը նրա գեղարվեստական մտածողությամբ է պայմանավորված»[14]:

Ժամանակի մեջ մարդկային մտածողության ու տարածության չափումները Կարինե Խոդիկյանի աբսուրդի դրամայում արտա­հայտվում են գոյաբանական և  աշխարհայացքային նորահայտու­թյուն­ներով: Բոլոր պիեսներում խորը հոգեբանությամբ ընթացող կյանքն է՝ իր խնդիրներով, մարդկային շեղված ճանապարհներով և այլն: Աբսուրդը հաճախ այն աստիճանի է հասնում, որ հերոսների նպատակներն ու ցանկությունները անհետանում են և միայն առաջ են գալիս խնդիրները, որոնք իրենց հերթին նոր խնդիրներ են առաջ բերում: Խոդիկյանի պիեսներում «նկատելի է հակումը պարադոքսի, ինտուիտիվիզմի, ակնարկի նկատմամբ: Պիեսներում, որպես կանոն, բացակայում է նախադրությունը. հերոսների խոսքը սյուժեն մղում է ոչ կանոնիկ ուղեգիծ»[15]:

Էլֆիք Զոհրաբյանի «Սմբակներ»[16] երկու գործողությամբ աբսուրդի դրաման ցույց է տալիս դրամատուրգի համարձակությունը գաղափարների ու տեսակետների, ներկա իրողությունների ու մարդկ­ային մտածելակերպի բախման կիզակետում: Այս պիեսում հեղինակն անհատական մոտեցումը վերափոխում է մասսայականի, քանզի ընտրված թեման ժամանակակից աշխարհում արդիական հնչեղություն ունի:

Մարդու ներսն ու դուրսը պատկերելու խորը գիտակցումով է դրամատուրգն այսչափ ճիշտ դասավորել գործողությունները, որոնք ընթանում են մեր օրերում և մեզ մոտ: Սա պիես չէ, որտեղից կարելի է գեղեցիկ տողեր մեջբերել, կրկնել և մոռանալ: Այստեղ կարևոր խնդիր է դրամատուրգն առաջ բերել. միջավայրի ու մարդկային կյանքի փոխներգործության խնդիրը, որը խտացված է պարզ ու հասկանալի չափանիշներով ու բովանդակությամբ: Կյանքի բովանդա­կությունը մանրակրկիտ ուսումնասիրման նյութ է «Սմբակ­ներ» աբսուրդի բազմաշերտ դրամայում, որը ոչ մի գեղարվեստա­կան շղարշ չունի: «Սմբակները» տագնապներից ծնված ու մարդուն ցույց տալու պատրաստ աբսուրդի դրամա է: Սա ինքնին բարդ է հատկապես, երբ գործող անձինք երեքն են, որոնցից յուրաքանչյուրը գլխավոր հերոսի հոգեկերտվածք է ստացել:

ՏՂԱՄԱՐԴ - (հռհռալով): Դու ճանաչո՞ւմ ես նրան:

ԿԻՆ - Վերջ: Խաղն ավարտվեց: Մեզ էլ ոչ ոք չի հսկում:

ՏՂԱՄԱՐԴ - Մարդը միշտ փորձում է Մարդու դեր խաղալ, բայց չի ստացվում: Ո՞ւր գնաց ծախու արարածը: Տեսնո՞ւմ ես՝ փողին տիրանալու պատճառով ինչերի է պատրաստ…

ԿԻՆ - Երևի գնաց կոտոշավորի մոտ, բայց վտանգավոր է… Կփորփրի, թե այս տրցակը որտեղից հայտնվեց: Հենց այնպես ոչինչ չի լինում, չէ՞…

ՏՂԱՄԱՐԴ - Չէ՛, գնալ է պետք էստեղից:

ԿԻՆ - Եթե մեր մեջ կփոխվի ինչ-որ բան, արժե գնալ…

ՏՂԱՄԱՐԴ - Էն էլ ո՜նց կփոխվի: Երբ հարուստ լինես, կյանքը քեզ էնպես կժպտա…

ԿԻՆ - Հարուստ էիր, ամեն ինչ ունեիր, բայց ավելի դժբախտ էիր, քան հիմա:

ՏՂԱՄԱՐԴ - Քո պատճառով թողեցի ընտանիքս, կնոջս… Իսկ դու անցնում ես Գրիգի կողմը: Երդվում եմ. եթե ինձ տրվի էդ գումարը, էլի քեզ վրա եմ ծախսելու: Հավատա՛, սիրո՛ւնս:

ԿԻՆ - Ձեռք չտաս: Գուցե ծուղա՞կ է… Ազնիվ չէ՝ ուրիշի փողերին տիրանալ:

ՏՂԱՄԱՐԴ - Երևի ազնիվ կլիներ, որ միայն դու տիրանայիր, չէ՞: Չես գնահատում իմ արածը:

ԿԻՆ - Անընդհատ երեսով ես տալիս: Չգիտեմ՝ ինչ է պակասում քո մեջ: Դու կնոջդ չէիր սիրում… ու մի օր խոստովանեցիր, որ նրա հետ երջանիկ չէիր:

ՏՂԱՄԱՐԴ - Քե՛զ հետ երջանիկ եմ:

Պատահական ոչինչ չկա:  Ինչպես կյանքում, այնպես էլ աբսուրդում՝ մարդը սիրում է իրեն, այս դեպքում՝ մարմինն ու որովայնը, որոնց պահանջները չբավարարելը, մեղմ ասած, հիասթափության են հանգեցնում: Սակայն հաճախ ենք մոռանում կամ շփոթվում՝ արդյոք որտե՞ղ փնտրենք կյանքի ու ապրելու գեղագիտությունը, մեր մե՞ջ, թե՞ մեզանից դուրս: Էլֆիք Զոհրաբյանի աբսուրդի դրամայում ամեն ինչի հիմքում մարդն է ու մարդկային մտածողությունը, որը հաճախ օտարանում է իրա­կանությունից, ձգտում այլ տարածքներ, որտեղ բնազդային հաճույքն առաջին տեղում է: Այստեղ նույնպես հերոսները փոխում են բնակության վայրը, սակայն իրենց էությունը չի փոխվում:  Դրամատուրգը պատահական թեմա չի շոշափել: Նա գտել է բանալին և բացում է կյանքում հանդիպող տարբեր դռներ, որոնց հետևում մարդկային բացասական արարքներն են: Սակայն սրանով ոչ թե մարդու ապրելակերպն ու մտածողությունը քննադատելու միտում ունի դրամատուրգը, այլ այս ամենով մարդու ներքին աշխարհում կյանքի ու ապրելու ներդաշնակության ուղիներ փնտրելը, սեփական անձին չհակասվելը: Եվ ինչքան էլ զարմանալի թվա, կյանքի «ազատության» մի շերտում մարդը դառնում է սմբակավոր: Այսօրինակ մարդկանց մտքերը կառավարելը սովորական երևույթ է մեր օրերում:

«Չկա՛ անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակերպ»[17],-կարդում ենք աբսուրդի դրամայում ու հետ նայում՝ տեսնելու աշ­խարհն ու մարդկանց, ինքներս մեզ, ներաշխարհային նոր հարցեր առաջ քաշում՝ ո՞վ ենք, ո՞ւր ենք գնում…

 

Եզրակացություն

Փոխվում են ժամանակները, փոխվում է նաև մարդը: Եվ այդ փոփոխություններն են հաճախ մղում ասելու այն խոսքը, որը կարող է հասարակությանն ազդել, ինչ-որ չափով նաև ազատություն տալ: Սխալ չէր լինի, որ աբսուրդի դրաման դիտարկենք ոչ միայն այս կամ այն երևույթներից «զայրացած մարդու» տրամադրության արդյունք, այլև ազատության, ազատ խոսքի ու գործողության մի յուրատեսակ արտահայտություն, որը դեռևս նոր բացահայտումների ճանապարհ ունի:

Աբսուրդի դրաման այսօրվա բեմադրիչների համար կարող է ազատ մեկնաբանությունների հնարավորություն տալ, քանզի այն, ինչ մարդկային  երևակայության արդյունքում կարող է մի նոր անսահմանություն ստեղծել,  կհետաքրքրի նաև հանդիսատեսին: 

Այս ամենը հուշում են այն մասին, որ «ժամանակակից հայ դրամատուրգիան ամենևին էլ գրականության խորթ զավակը չէ և արժանի է նույնքան ուշադրության, որքան գրականության մյուս սեռերը, և այս բնագավառում ևս ստեղծվում են արժեքավոր գործեր»[18]:​​ Հայ դրամատուրգիայի զարգացումը մեծապես որոշիչ է նաև ազգային թատրոնի համար: Իսկ թատրոնն, այո, ճշմարտություն է սիրում: Ինչպես ֆրանսիացի գրող Ալբեր Կամյուն է փաստել՝ անհեթեթությունը ծնվում է մարդկային մտքի բախումից և աշխարհի անխոհեմ լռությունից: Ասել է թե՝ լռությունն էլ է գործիք…

 

Օգտագործված գրականություն

[1] Ա. Ավանեսյան, Արդի հայ դրամատուրգիան 1991-2008 թթ., Երևան, «Գրական էտալոն» հրատ., 2011, էջ 67:

[2] Ա. Ասլիբեկյան, Վ. Գասպարյան, «Սցենարադրամատուրգիական արվեստ. Գրական վարպետություն», Երևան, «Ղիշա» հրատ., 2022, էջ 13:

[3] Тайнен Кеннет, На сцене и в кино, Москва, 1969, страница 68.

[4] Ա. Ավանեսյան, Արդի հայ դրամատուրգիան 1991-2008 թթ., Երևան, «Գրական էտալոն» հրատ., 2011, էջ 70:

[5] Հ. Հովհաննիսյան, Դերասանի արվեստի բնույթը, Երևան, «Սարգիս Խաչենց» հրատ., 2002, էջ 307:

[6] «Դրամատուրգիա» հանդես, 2006 թ., թիվ 11-12, էջ 5:

[7] Ա. Ավանեսյան, Արդի հայ դրամատուրգիան 1991-2008 թթ., Երևան, «Գրական էտալոն» հրատ., 2011, էջ 79:

[8] Ա. Այվազյան, «Ինքնասպան նավը», tatron-drama.am, 20.02.2019:

[9] Ա. Ասլիբեկյան, Աբսուրդը և այլաբանությունը Աղասի Այվազյանի դրամատուրգիայում, ԵԹԿՊԻ «Հանդես» գիտամեթոդական հոդվածների ժողովածու, Երևան, 2010, էջ 76:

[10] Դ. Մուրադյան, «Մեր տան հին դաշնամուրը», Երևան, 2003:

[11] Ա. Ավանեսյան, Արդի հայ դրամատուրգիան 1991-2008 թթ., Երևան, «Գրական էտալոն» հրատ., 2011, էջ 83:

[12] Ա. Ավանեսյան, Արդի հայ դրամատուրգիան 1991-2008 թթ., Երևան, «Գրական էտալոն» հրատ., 2011, էջ 85:

[13] Ն. Ղազարյան, Գոյաբանական խնդիրները «Աբսուրդի խաղերում», «Գրական թերթ», grakantert.am, 07.06.2019:

[14] Ն. Ադալյան, Կարինե Խոդիկյանի աբսուրդի թատրոնը, tatron-drama.am, 22.03.2018:

[15] Ն. Ղազարյան, Գոյաբանական խնդիրները «Աբսուրդի խաղերում», «Գրական թերթ», grakantert.am, 07.06.2019:

[16] Է. Զոհրաբյան, «Թեթև տարեք», Երևան, «Անտարես» հրատ., 2019, էջ 73-98:

[17] Է. Զոհրաբյան, «Թեթև տարեք», Երևան, «Անտարես» հրատ., 2019, էջ 79:

[18] Ժ. Քալանթարյան, Խոհեր հայ արդի դրամատուրգիայի շուրջ, tatron-drama.am, 07.09.2019:

ՎՈՎԱ Արզումանյան

Նյութի աղղբյուրը՝ ԵԹԿՊԻ-ի «Հանդես» գիտամեթոդական հոդվածների ժողովածու, Ν-23Երևան, 2022

874 հոգի