16.05.2023 3:34
Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն հրավիրված ռեժիսոր Օլեգ Գալիցկին անդրադարձել է խորհրդային հանդիսատեսին հայտնի Ալլա Սոկոլովայի «Ֆարյատևի ֆանտազիաները» պիեսին, որի առաջնախաղը տեղի ունեցավ մայիսի 2-ին: Երկը 1976 թվականին առաջին անգամ բեմադրել և գլխավոր դերում խաղացել է Սերգեյ Յուրսկին։ Պիեսը 1979 թվականին հայտնի է դարձել Իլյա Ավերբախի համանուն ֆիլմով, որտեղ գլխավոր դերակատարներն են Անդրեյ Միրոնովը և Մարինա Նեյոլովան:
Դրամատիկական երկն երջանիկ բեմական պատմություն ունի, և բեմադրվել է Ռուսաստանի և արտերկրի բազմաթիվ թատրոններում։ Պատմության կենտրոնում երկու ընտանիք է` Պավել Ֆարյատևն իր մորաքրոջ հետ, և երաժշտության ուսուցչուհի Ալեքսանդրան, քրոջ Լյուբայի և մոր հետ: Նրանք ապրում են փոքրիկ մոխրագույն գավառական քաղաքում, որտեղ պատուհանից դուրս միշտ անձրեւ է: Անհույս կյանքի նեղ շրջանակով սեղմված հերոսները փորձում են երջանկություն գտնել։ Բոլորը կարծես թե ընդունակ են սիրելու, ձգտում են սիրո, բայց փոխադարձ չեն ոչ մեկի զգացմունքները: Երևակայական անթերի կյանքի ձախողումը հիշեցնում է Չեխովի «Երեք քույրերը», որտեղ բոլորը սպասում են սիրո և ձգտում են իդալական կյանքի, պարզապես, այստեղ քույրերն երկուսն են, երրորդի փոխարեն մայրն է: Չեխովյան քույրերը երազում են Մոսկվայի մասին, այստեղ ուզում են տեղափոխվել Կիև կամ Օդեսա: Առկա է հուսահատության մթնոլորտ: Գլխավոր հերոսուհին` Ալեքսանդրան անհույս սիրահարված է Բեդխուդովին, որից նոր է բաժանվել:
Նա գումար է վաստակում դաշնամուրի մասնավոր պարապմունքներով: Ուսուցչուհու կյանքում հայտնվում է մի նոր երկրպագու` Ֆարյատևը, ով միջին տարիքի մարդ է, մասնագիտությամբ ատամնաբույժ, տարված աստղերով ու տիեզերքով, սիրում է խոսել մարդկության այլմոլորակային ծագման մասին: Նոր երկրպագուի հանդեպ Ալեքսանդրան մեծ համակրանք չի տածում, բայց քրոջ և մոր խորհրդով չի էլ հրաժարվում Բեդխուդովի այլընտրանքային տարբերակից: Նա գրեթե համաձայնում է ամուսնանալ Ֆարյատևի հետ, բայց առաջին իսկ կանչից, փախչում է իր հետևից եկած տղամարդու հետ: Հյուր եկած Պավելը հայտնվում է բարդ իրավիճակում: Ստիպված է Ալեքսանդրայի քրոջ` Լյուբայի հետ ստել մորը, որ դուստրը շուտով կգա, քանի որ մայրը հիվանդ սիրտ ունի: Ֆարյատևի փխրուն աշխարհը փլուզվում է անպատասխան զգացմունքից: Նա նույնիսկ չի էլ նկատում, որ իր կողքին քանդվում են փոքր քրոջ` Լյուբայի երազները, ով այդ պահին իրեն սեր է խոստովանում:
Ռուսական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմը առաջարկում է հայտնի սյուժեի սեփական տարբերակը՝ հիմքում դնելով ռուսական մշակույթի համար ավանդական «փոքր մարդու» թեման: Փոքր բեմում են Սերգեյ Գրիգորյանը (Ֆարյատև), Հայարփի Զուռնաչյանը (Ալեքսանդրա), Լալիտա Բուկիան (Ալեքսանդրայի մայրը), Յանա Թուրգունյանը, Նատալի Հարությունովան (Լյուբա), Լիանա Սևումյանը (Ֆարյատևի մորաքույրը):
Բեմադրությունն արված է փոքր կամերային տարածքում, առանց բեմահարթակի: Առաջին գործողության ընթացքում գործող անձանց տեսնելու ենք հետնապաստառի վրա պատկերված ամպերի հետևից, որոնք երկրորդ գործողության ժամանակ հայտնվելու են հանդիսատեսի հետ նույն հարթության վրա:
Կարծում ենք, բեմադրության հեղինակի միտումն է եղել հակադրել երկու տարբեր աշխարհներ. ամպերի հետևում` երազանքների, երևակայության աշխարհը և հատակին` իրական կյանքը: Իհարկե ամեն մարդ իր երազանքներն ունի և երազանքներում իր բաժին երկինքը: Բայց բեմադրության արժեքը պակասում է, երբ բեմանկարչական լուծումը ճակատային է` պատրանքներով ապրող հերոսին խոսեցնել ամպերի միջից: Տարածություն չկա, ամպերը փչակների են նման, որտեղ անշարժության են դատապարտված դերասանները: Մինիմումի են հասցված ֆիզիկական գործողությունները, որոնք, ինչպես գիտենք, մասնակից են դերասանի ներաշխարհում կատարվող շարժմանը: Դերասանները զրկված են պլաստիկ արտահայտչականությունից: Խոսքն ուղղված է հանդիսատեսին ուղիղ, դիմահայաց, աչքերն ուղղված դեպի անվերջություն կամ ավելի ստույգ հանդիսասրահի հետնապատին: Սուր երկխոսությունները, որ դերասաններին առատ հնարավորություններ են տալիս կերպարները այլ շերտերով բացելու, կառուցված են միապաղաղ, ստատիկ բանտարկության մեջ:
Գիտենք, որ բեմում գործող անձանց միմյանց ուղղված խոսքը միշտ ունի երկրորդ պլան: Նրանք զրուցում են նաև հանդիսատեսի համար, կարող է ավելանալ ևս մի գիծ՝ երրորդ գործող անձի համար: Այս բեմադրության մեջ երկխոսությունը, որ պետք է վարվի երկու կամ երեք անձի նկատի ունենալով միաժամանակ, մեկ ամբողջ գործողություն վերածված է «մենախոսության»: Կերպարները միմյանց հետ չեն շփվում: Ընթերցողին հիշեցնենք, որ գրական հենքը աբսուրդի ժանրից չէ, որտեղ սյուժեն քայքայված է, հերոսների խոսքն ու վարքագիծը չեն ենթարկվում տրամաբանության, և հաճախ է ընտրվում անշփում խաղի եղանակը: Եթե նույնիսկ ընդունենք ընտրված պայմանական խաղակերպը, որտեղ չկա փոխշփում, բեմական գործողությունը զարգանալու է միայն խոսքի օգնությամբ, ռեժիսորը պետք է գտնի հանդիսատեսի միտքն ու զգացմունքները տիրելու ձևը: Ելնելով ընտրված ձևից, դերասանները իհարկե կարող են չձգտել արտաքին գործողության, բայց մեկ երկու ժեստով, շարժումով պե՞տք է տեսանելի դարձնեն թիկունքում գտնվող աշխարհը, այդ աշխարհում ապրող գործող անձանց վարքագիծը: Բեմադրական նման մտահղացումը կարող է ներկայացման մեջ մեկ-երկու տեսարան զբաղեցնել, բայց մեկ գործողությունը առավել քան չարաշահում է հանդիսատեսի համբերությունը: Դերասանական արվեստի տեսանկյունից, դերասանին մղում է մասնագիտական աղքատացման: Երկրորդ գործողության մեջ ռեժիսորը բեմական տարածքի և դերասանական խաղի հնարավորություններն ընդլայնել է: Հանդիսատեսի առաջ մի նստարան (որն առաջին գործողությունից է բեմատարածքում) է, որի տակ դրված են կանացի կոշիկներ: Այն ծառայում է մեկ որպես սեղան, մեկ զրուցարան, մեկ պահարան… դերասանների խաղարկման մեջ, ամեն ինչ շատ համոզիչ է:
Խոսենք դերասանների խաղից: Ալեքսանդրայի դերակատարուհին ունի բեմական խոսքի կուլտուրա, տեսարաններում, որտեղ նրա խոսքը պետք է հնչի բարձր, նախորդող խոսքն ասում է ցածր տոնայնության մեջ, որպեսզի հաջորդող տեսարանը գոռգոռոցի չվերածի, բայց հնչի բարձր: Հուզմունքի գագաթնակետին, ամենակարևոր խոսքն ասում է շշուկով, դրանով ավելի կարևորելով ասվածը: Եզակի հմտություն, որ քչերի մոտ կհանդիպես: Դերասանուհու ձայնն ունի զսպված նյարդային երանգ, կիսամռայլ, թեթև ժպիտով, խոցելի թվացող: Առաջին պահին անհուսության, միապաղաղության մթնոլորտի ստեղծումը թվում է գտնված, բայց երբ դերասանուհին նույն կերպ, նույն տոնայնության մեջ է շփվում նաև քրոջ հետ, գտնվածը սկսում է ձանձրացնել, ապա անհեթեթ թվալ: Հնարավոր չէ գտնված տոնը, հոգեկան նույն վիճակը կրել ներկայացման գրեթե ողջ ընթացքում: Երկրորդ գործողության մեջ, երբ խաղային պայմանները և կերպը փոխված է, դերասանները շփվում են միմյանց հետ, այն տեսարանում, երբ քույրերը վիճում են իրար հետ, իրար ուղղված ասված և ավելի շատ չասված խոսքեր կան, տեսարանը դառնում է դինամիկ, նոր ռիթմ ու տեմպ է ստանում: Ալեքսանդրան հանկարծ խզում է շփումը քրոջ հետ և իր պատասխան խոսքն ուղղում է դահլիճին, վերագտնում իր առաջին գործողության խոսքի տոնն ու միապաղաղությունը, որն իբրև էսթետիկ լուծում հատուկ էր առաջին գործողությանը: Կա բախում, բայց տեսարան հանգչում է առանց հանգուցալուծման: Հետաքրքիր է խաղարկվում «Грусть моя ты покинь меня» երգը: Ալեքսանդրան այն երգում է, որպես հոգեվիճակի արտահայտություն, իսկ հետագայում քրոջ կողմից երգի կրկնությունն ընկալվում է որպես մեծ քրոջ ճակատագրի կրկնություն:
Այն տեսարաններում, որտեղ դերասաններին խաղալու հնարավորություն է տրված, հետաքրքիր է: Հանդիպում են Պավլիկի մորաքույրն ու Ալեքսանդրայի մայրը: Մայրը պետք է պարզի, թե արդյո՞ք փեսան ունի գենետիկ հիվանդություններ, առողջ բանականություն, խենթության նշաններ: Զուգահեռ քննարկվում է նաև, թե ամուսնությունից հետո ու՞մ տանը պետք է ապրեն նորապսակները: Մոր տարօրինակ հարցերը նախ անհանգստացնում են մորաքրոջը, ապա դնում մեղավորի վիճակում, որ գուցե կա նման բան, իսկ ինքը անուշադիր է գտնվել: Խեղճացնում է, հոգեբանորեն ընկճվում և այն պնդմանը, որ նորապսակները պետք է ապրեն իր տանը, կարողանում է հարցնել միայն ինչո՞ւ: Մորաքրոջն ընկճված տեսնելով, մայրը դառնում է ավելի ինքնավստահ, իր կամքը թելադրող: Ներս է մտնում Պավլիկը, գրոհն ավարտվում է: Զոքանչը հեռանում է, մնում են երկուսով: Մորաքույրը զգուշորեն փորձում է քրոջորդուն հասկացնել, որ քիչ իրեն ծանարբեռնի, առողջությանը հետևի (զրույցի ընթացքում զննում է թե արդյոք թրթռու՞մ է Պավլիկի աչքը), ապա հայտնում, որ իր հետաքրքրությունները մարդիկ կարող են սխալ ընկալել, խենթի տեղ դնել: Սերգեյ Գրիգորյան-Ֆարյատևը մորաքրոջ խոսքի ավարտի հետ նայում է հեռացած զոքանչի ուղղությամբ, ընդգծելով, որ հասկացել է թե միտքն ումն է:
Հետաքրքիր է կառուցված նաև քրոջ (դերակատար՝ Նատալի Հարությունովա) մահափորձի տեսարանը: Լյուբան շանտաժի լեզվով է խոսում քրոջ հետ: Ալեքսանդրան քրոջը լավ է ճանաչում, լավ գիտի, որ ինքնասպանություն չի լինելու և չի էլ կանգնեցնում, քույրն ուզում է վճռական երևալ, սպառնում է, որ իրեն կգցի պատուհանից, կրկին անտարբերություն, Լյուբան խնդրող հայացքով նայում է քրոջը, որ կանգնեցնի իրեն, բայց քույրը սպասում է, որ Լյուբան հանձնվի, ինքն էլ իր համար ճշտի, որ կյանքը թանկ է: Լյուբան հանձնվում է:
Ի տարբերություն ներկայացման ողջ ընթացքին, ավարտը զարգանում է շատ արագ: Հայտնվում է Բեդխուդովը, որին այդպես էլ չենք տեսնում, մնում է կուլիսների հետևում: Ալեքսանդրան ինքնամոռաց փախչում է նրա հետ, արագ հագնելով ներկայացման սկզբից իրեն սպասող կոշիկները: Հրաշեժտի պահին, հանկարծ հասկանում է, որ քույրը սիրահարված է իր նախկին փեսացուին: Շտապում է, բացատրվելու ժամանակ չկա, րոպեներ հետո գալու է Ֆարյատևը, տեսարանի լարվածությունն աճում է: Ալեքսանդրայի գնալուց հետո գալիս է երջանիկ փեսացուն, Լյուբան քրոջ փոխարեն պիտի պատասխան տա նրան: Դրամատիկական առումով հետաքրքիր վիճակ է: Սիրահարված քույրը այդ լուրը հայտնում է ցավ պատճառելու դիտավորությամբ, նա ցավ է ապրում, որ այդ տղամարդը իրեն չի սիրում, իսկ ում սիրում է փախել է: Փախչողը քույրն է, իր ընտանիքի անդամը: Լարվածությունը աճում է, որովհետև լուրը չպիտի հայտնեն մորը, ով հիվանդ է: Փեասացուն շփոթված է, իր մեջ է փնտրում սխալը, թվում է ոչինչ չի լսում: Քույրը պատմում է, որ Ալեքսանդրային Բեդխուդովը Սանյոկ էր անվանում, իսկ երբ Ֆարյատևը հարցնում է, թե որտեղ է հիմա Սանյոկը, պարզ է դառնում, որ նա հասկացել է, Ալեքսանդրան չկա, հիմա նա արդեն Սանյոկ է, ու գնացել է իրեն այդպես կանչողի հետ: Երկար լռություն է, Գրիգորյան-Ֆարյատևը դրությունը կրում է ներսից: Հայացքն ուղղված է դեպի ներս: Առաջին գործողությունում դերասանը իր տեսարանները հետաքրքիր էր դարձնում խոսքի իմաստի և իր ինտոնացիոն հակադրություններով: Օրինակ. իր սիրելի աղջկա մասին պատմում է մորաքրոջը, նա դա անում է այնպես, կարծես սեր խոստովանի Ալեքսանդրային, խոսքի մեջ կա զսպված թախիծ, մի քիչ մերժման վախ և զգացմունքի հրճվանք:
Տպավորիչ էր ներկայացման ավարտը: Մայրը կարդում է հարազատներից ստացած նամակը, որի սկիզբը ավելի վաղ էր ընթերցել: Առաջին մասում գրողը պատմում է, որ գուցե ուրիշ տեղ այլ կերպ է, բայց իրենց կյանքն անցնում է միապաղաղ, առանձնապես բան չի փոխվել, նկարագրում է գրեթե նույն կյանքն, ինչ ապրում են մեզ ծանոթ հերոսները: Վերջին տեսարանում, երբ Ալեքսանդրան հեռացել է տնից, մայրը տեղյակ չէ ու կարդում է նամակի շարունակությունը, որ նամակն ուղարկողի ամուսինը ծեծում է իրեն, միշտ արբած է… հանդիսատեսն այս ժամանակ լսածն ընկալում է որպես Ալեքսանդրայի հնարավոր ճակատագիր, նման կյանքի կրկնություն:
Նշված տեսարանակարգը կառուցել է դրամատուրգը, բայց ռեժիսորն ու դերասանները այն նրբորեն փոխանցում են հանդիսատեսին: