Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

15.05.2023  23:52

Մալյանի անվան թատրոնի նոր ներկայացումը սկսվում է բեմի մի փոքր հատվածում, երբ վարագույրը դեռ փակ է ու գրեթե չկա դեկորացիա։ Մենք ծանոթանում ենք թուլակամ, հարբեցող, ոչ շատ խելացի, բայց համակրելի գեղջուկ Եփփեի ու նրա կրքոտ կնոջ հետ, որը ոչ մի լավ բան չի ակնկալում իր ամուսնուց և այդ պատճառով էլ իր խորին պարտքն է համարում նրան պարբերաբար հայհոյելն ու մտրակելը։ Որ գոնե մի բան տեղից շարժվի՝ կամ Եփփեն, կամ էլ իր մեջ արթնացող վիրավորված ու հոգնած կինը։

Իսկ Եփփեն երազում է միայն ալկոհոլի գրկում մոռացության մասին ու որ կինն իրեն քիչ ծեծի։ Այդ մտքերով նա խմում է ու անգիտակից վիճակում քնում աղբանոցում։

Հետո բացվում է վարագույրն ու բեմ է լցվում դիսկո շրջանի հայտնի երաժշտական հիթ «Vogue»-ը, որը փոփի թագուհի Մադոննայի շնորհիվ ստեղծեց մի մեծ ալիք՝ գրեթե սրբադասելով սնդուսափայլ հանդեսների ու աստղերի ինդուստրիայի ներգործությունը։ «Vogue»-ը գլամուրի դարի մանիֆեստն է, ավելի ճիշտ դրա ավարտ-կիզակետը, երբ նորաձևության դերն ու ուռճացված պարային շարժումներով ոճը ձեռք բերեցին զանգվածային ուժ և հետևաբար՝ հեգնական երանգ։ Երբ պարում ես այնպես, որ ամեն շարժում դառնա ֆոտոկադր, մոդայիկ հանդեսի էջ, փայլատակող դրվագ։ Եվ անպայման լինի շատ կանացի։ Իսկ եթե դա արհեստական կանացիություն է, ավելի լավ։ Vogue, մի խոսքով։ Ընդունիր կեցվածքը, որը պետք է մտնի մեդիա, դառնա ձև, դիմակով դիմանկար։

«Բլրեցի Եփփեն» ներկայացումը անսպասելիորեն միահյուսում է երկու տարբեր դարաշրջաններ՝ 18-րդ դարի լուսավորության ալիքի խրատական դրամատուրգիան և 20-րդ դարի վերջի խոշոր երաժշտական ակորդը։ Այո, այս ներկայացման մեջ երաժշտությունը նույնքան մեծ ուղերձ ունի, որքան բուն դրամատուրգիական տեքստը։

Դանիացի փիլիսոփա ու դրամատուրգ Լյուդվիգ Հոլբերգի պիեսը ինչպես թերևս բոլոր նման խրատական գործեր ունի պարզ դասավորում՝ երբ սպառողական բուրգի ամենաստորին մասում ես ու հանկարծ մի օր քեզ համոզում են, որ իրականում արքա ես (կոմս, բարոն, նախագահ, գերագույն հրամանատար կամ ցանկացած մեկը, ով ունի գրեթե անսահմանափակ իշխանություն), դու չես դադարում լինել ստորին հատվածում, այլ ընդհակառակը՝ ավելի ներքև ես գահավիժում։ Այն պարզ բացատրությամբ, որ իշխանությունը փոխում է մարդուն՝ հաճախ ի ցույց դնելով նրա մեջի ամենավատ ու ստոր հատկանիշները։

Իշխանության բեռին դիմանալու համար պիտի պատրաստ լինել դիմադրել։ Կամ ավելի ճիշտ՝ պարզապես պատրաստ լինել։

«Բլրեցի Եփփեում» մի խումբ իշխանավորներ՝ դուքսն ու նրա շքախումբը, որոշում են զվարճանալ, քանի որ 18 դարի կալվածքներում պարապ միջավայր է ու զվարճանքը պիտի ինքդ ստեղծես։ Եվ նրանք ստեղծում են։ Բեմադրում են գլխիվայր շրջած պատում, երբ աղքատը դառնում է հարուստ, Մոխրոտը՝ արքայադուստր կամ խեղճ Եփփեն՝ պալատում ապրող բարոն։

Եվ այս նոր դերաբաշխումը բարի, անհաջողակ ու մեծ հաշվով միամիտ Եփփեին տալիս է շանս՝ վերափոխվելու։ Ընդ որում՝ բարոնին ու նրա գլամուրային շքախմբին նույնպես։ Ճնշվածը դառնում է ճնշող, իսկ ճնշելու սովորը առնվազն մտորում է իշխանության ֆենոմենի մասին։ Կատակից ծագում է փոխհարաբերություն։ Այլ կերպ բարդ է պատկերացնել, թե ինչպես պետք է իրար հանդիպեին ու ճանաչեին ազնվականն ու գյուղացին, ընչազուրկն ու հարուստը։ Բլրեցի Եփփեն ու դուքսը։

Ժողովուրդն ու նրա ղեկավարը։

Մալյանի թատրոնի այս ներկայացումն այնքան էլ պարզունակ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Իհարկե, այս թատրոնի ուժն ու գանձարանը դերասաններն են, և նրանք միշտ լավն են, ցանկացած ժանրում ու դերի ծավալով։ Բայց սա թերևս այն դեպքն է, երբ թատերական էքսպերիմենտ է արվում, և դա բավականին վախվորած էքսպերիմենտ է։ Գլխիվայր շրջված պատումների (որոնք միշտ ունեն բալագանային նախասկիզբ ու մեղմում են անարդարության զգացումը) հսկայական հոսքում, Մալյանի անվան թատրոնը ընտրել է զուսպ լինելու մոտեցումը։

Երաժշտությանն է հանձնել ենթատեքստը, մի քիչ սրել է իշխանությամբ գայթակղվելու մարդկային տենչը, բեռնաթափել է ու թեթևացրել պիեսի լեզուն՝ այն ավելի արդիական դարձնելով և պատրաստել նուրբ ակնարկով ֆինալ։ Խրատը հո՞ միայն մի կողմին չէ ուղղված, այլ մի քանի։

Ի վերջո, եթե մարդուն «ռեժիմով» մտրակում են, բնական է, որ հնարավորության դեպքում նա էլ կսկսի մտրակել մյուսներին։ Միայն թե ձեռքը մտրակ ընկնի։ Կամ էլ՝ եթե սովոր ես մարդկային ճակատագրերի հետ խաղալ, քանի որ կյանքդ ձանձրալի է, ինքդ կընկնես քո կառուցած ու բեմադրած ծուղակը։

Կարելի է ենթադրել, որ ներկայացումը ընթացքում կհղկվի ու մի քանի դրվագ կգտնեն իրենց ռիթմը, որը երբեմն կաղում է (օրինակ, դատարանի դրվագում), բայց մի բան հաստատ է՝ դերասաններն իրենց գործից ստանում են հաճույք։ Եվ այդ հաճույքն է, որ օժտում է Մալյանի անվան թատրոնը ձգողական ուժով։

Ներկայացման բեմադրիչ Նարինե Մալյանը (բեմանկարիչ՝ Արսեն Նավասարդի, զզգեստների նկարիչ՝ Տաթև Մելքումյան, լուսային ռեժիսոր՝ Կարեն Վարդանյան) մեծ ծավալի դերերը վստահել է թատրոնի կազմում վերջերս ընդգրկված դերասաններ Վահագն Գասպարյանին, որի Եփփեն գրեթե չի իջնում բեմից ու հսկայական ու բարդ աշխատանք է անում, և Արման Մաթևոսյանին, որի դուքսը գեղեցկագույն կերպար է՝ բարոկկո ու դիսկո միջավայրի ճկուն հետևորդ: Թվում է, մի քիչ էլ ու նա իր շուրջ կկառուցի միզանսցեն՝ սելֆիի համար։

Ի վերջո, Vogue է, ընդունենք դիրքն ու հագնենք դիմակը, որ հարմար տեղավորվենք մեդիա մեյնսթրիմում, արդեն՝ սոցիալական (այդքան հեռու գնացող էքսպերիմենտի թատրոնը չի դիմում, բայց տրամաբանորեն հանգեցնում է մեր օրերին)։

Մալյանի անվան թատրոնի համար այս երկու դերասանները հրաշալի ձեռքբերում են։ Ներքին ճկունությունն ու ինքնահեգնանքը միշտ եղել են թատրոնի դերասանների այցեքարտը։ Դա թանկարժեք այցեքարտ է, որը խստագույն ճաշակ ունեցող Նարինե Մալյանը հազար անգամ մտածելուց հետո միայն կտրամադրի նորեկներին։

«Բլրեցի Եփփեում» գրեթե ամեն կերպար (թեկուզ շատ փոքր) հնարավորություն է տալիս դերասաններին սարքել իսկական բենեֆիս (թեկուզ էպիզոդիկ)։ Այդպիսին է բարեհամբույր ու խորամանկ գինեվաճառը՝ զրնգուն ձայնով ու պատկառելի տարիքի Լևոն Ղազարյանի կատարմամբ։ Եփփեի կնոջ դերակատար Քրիստինե Հովակիմյանը, որը թեև մի քիչ մակերեսային է մոտենում իր կերպարին, բայց հաստատ հետագայում կանի ավելին։ Կամ դքսի շքախմբի մի քանի անդամները՝ Լևոն Մելոյանի ու Սամվել Թոփալյանի կատարմամբ, որոնցից յուրաքանչյուրը նոր երանգ է ներմուծում, որպեսզի շքախումբը լինի բազմագույն։

Եվ թող մի քիչ վերամբարձ հնչի, բայց հերթական անգամ երևում է ներքին համեստությունն ու խոհեմությունը սեփական մասնագիտության նկատմամբ։ Այսպիսին են Մալյանի թատրոնի դերասանները։ Եվ այս նոր ներկայացումը դրա ապացույց է։

Ուրախ խառնուրդ է՝ ժանրերի ու դարաշրջանների, երաժշտական ու տեխնիկական հնարքների, հնչերանգների ու հանդերձանքի։ Ու նաև՝ քաղաքական ակնարկների։ Մի խոսքով, Vogue, պար-խրատ, կադր-դիմակ։

ՆՈւՆԵ Հախվերդյան

1169 հոգի