Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

29.09.2020     01:42

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվում է Սիրանույշի մատանին, որը թանգարանին է հանձնել Վահրամ Փափազյանը: Զարդն իր պատմությունն ունի, և այն պատմում է հայ թատրոնում դերասանական արվեստի լավագույն ավանդույթների փոխանցման մասին…

Գաղտնիք չէ, որ Փափազյանին իր կենդանության օրոք արդեն լեգենդ են համարել: Նրան համեմատել են շեքսպիրյան դերերի մեծագույն արտիստների հետ. խաղը դերասանական արվեստի ըմբռնման չափանիշ է եղել, ինքը՝ համաեվրոպական երևույթ: Փափազյանը ժառանգելով իտալական, ֆրանսիական և ռուսական դերասանական դպրոցների հարուստ ավանդույթները, միաժամանակ յուրացրել է նաև հայ դերասանապետերի կուտակած փորձն ու զարգացրել այն:

            Փարիզում նրա արվեստի մասին գրել են, որ դերասանի հմտությունն իր մեջ ներառում է իտալական, ֆրանսիական և ռուսական դպրոցները, բայց նրա մեջ կա մի բան, որ հայտնի չէ, թե որտեղից է գալիս: Հենրիկ Հովհաննիսյանն այդ անհայտ առավելությունը համարում է արտիստի անձը, նրա վերաբերմունքը իր լեզվին ու պատմությանը, ազգային պաթոսը: Նա իտալական դպրոցից վերցրել է զգացմունքայնությունը, կենտրոնացել է հուզական կետերի վրա, ֆրանսիական դպրոցից սովորել է ուշադրություն դարձնել խոսքին, ռուսական դպրոցից սովորել է կարևորել դրությունները՝ խոսքերը, բառերը դրությունների արդյունք դարձնելով1: Նրա խաղացանկը հատուկ է եղել համաշխարհային ողբերգակներին: Փափազյանը միակն է եղել Ադամյանից հետո, ում հաջողվել է ռուսական թատերախմբերում հանդես գալ ու արժանանալ աղմկալի հաջողությունների, բարձր գնահատականների: Նրան համեմատել են եվրոպացի մեծերի հետ, որոշ դեպքերում առավելություն տվել:

Շատերն են Փափազյանի մուտքը թատրոն Ադամյանի վերածնությունը համարել: Գտել են, որ նա Ադամյանն է արդիական տեսակետով: Բայց Փափազյանն Ադամյանին չէր տեսել: Նրա ուսուցիչները հայ բեմում եղել էին Մարտիրոս Մնակյանն ու Սիրանույշը: Մարտիրոս Մնակյանին Փափազյանն ընտրյալներից ընտրյալ է համարել: Հենրիկ Հովհաննիսյանն իր «Հայ թատրոնի պատմություն XIX դար» գրքում պատմում է Մարտիրոս Մնակյանի և Փափազյանի հանդիպումների մասին, որոնցից մեկի ժամանակ Մնակյանը Փափազյանին խորհուրդ է տվել ներքին շարժման խնդիրը հստակել՝ գտնելով պատճառը2: Այս կերպ էին խաղացել արևմտահայ դերասաններ Ադամյանն ու Մնակյանը: Գործողությունների պատճառը գտնելու մասին, հետագայում, խոսելու էր նաև Կ.Ստանիսլավսկին՝ պատճառի փոխարեն օգտագործելով խնդիր բառը: Սակայն. «Ստանիսլավսկուց անկախ, արևմտահայ բեմի նահապետը նույն խրատն է տվել երիտասարդ Փափազյանին, դարձրել նրա Օթելլոյի ականջի օղը»3,- գրում է Հովհաննիսյանը: Եթե Մնակյանի խորհուրդը դարձել է Փափազյանի «Օթելլոյի ականջի օղը», ապա Սիրանույշի մատանին պատմում է Փափազյանին Ադամյանի հետ կապող օղի մասին, անուղղակի, բայց շատ կարևոր մի կապ՝ պայմանավորված բացառապես Սիրանույշի անձով ու դերասանական վարպետությամբ:

Փափազյանը Սիրանույշի խաղընկերն էր եղել, նրա Համլետի կողքին խաղացել Լաերտ. «Ինքը՝ Սիրանույշը, թեև իր կանացիությամբ լրիվ ու բավարար տպավորություն չէր թողնում, այնուամենայնիվ բոլորովին ինքնուրույն դրոշմով դրսևորում էր ու բացատրում դանիացու ներքնաշխարհը և անվերապահ կերպով համոզիչ էր: <…> Չունենալով ինձ համար հատուկ կարված զգեստավորում՝ հագա Սիրանույշի զգեստները, ծածկեցի նրա կեղծամը և այդ օրվանից դանիացին բնակվեց իմ մեջ, տեղավորվեց, ուռճացավ, հասունացավ և տարիներ ամբողջ, անհամար գիշերներ ապրեցի ես նրա ճակատագրական պայքարն իր շրջապատի հետ…»4: Իհարկե, խնդիրն այստեղ զգեստը չէ, և պետք չէ խոսքն ուղիղ իմաստով հասկանալ: Ուշագրավն այն է, որ Սիրանույշի Համլետը ներշնչել է Փափազյանին: Իսկ Սիրանույշն Ադամյան-Համլետի հետ Օֆելիա էր խաղացել և ինքն էլ կրել Ադամյանի ազդեցությունը: Պահպանվել են Սիրանույշի լուսանկարները այդ դերում: Նրա անձնավորած դանիացու հագուստը շատ նման է Ադամյանի Համլետի բեմական զգեստին, որն այժմ գտնվում է Գրականության և արվեստի թանգարանում:

Կա մի հետաքրքիր փաստ ևս: Ռուբեն Մամուլայնն իր հուշերում պատմում է, որ Փափազյանը մասունքի նման իր մոտ էր պահում Ադամյանի Համլետի զգեստը5: Նա գրում է, որ դպրոցական դիմակահանդեսի համար հարմար հագուստ չի ունեցել: Իսկ Փափազյանը, ով իրենց տան մշտական հյուրերից էր, խոստացել է լուծել այդ հարցը:  Մի օր իրենց տուն է բերել մի տուփ, որից հանել է Ադամյանի Համլետի զգեստը և առաջարկել է հագնել դիմակահանդեսին: Մամուլյանը պատվով կրել է այն ու վերադարձրել դերասանին: Փափազյանի ակնածանքը Ադամյանի հանդեպ պատահական չէր: Ադամյանը հռչակավոր արտիստի համբավ էր ձեռք բերել նախ և առաջ շեքսպիրյան խաղացանկով: Իսկ Շեքսպիրով էր տարված նաև ինքը՝ Փափազյանը:

            Հայտնի է, որ 1908 թվին, երբ Պոլսի «Օդեոն» թատրոնում նա առաջին անգամ Օթելլո է խաղացել, ներկայացումից հետո թատերախոս Ենովք Արմենը հայտարարել է. «Փափազյանով հարույթուն կառնե Ադամյան»6: Իսկ արձակագիր Լևոն Բաշալյանը, որ Ադամյանի ժամանակակիցն էր և տեսել էր նրան բեմում գրել է. «Ադամյան մեր մեջ նորեն ծնավ»: Սիրանույշին են հարցրել, թե հայ իրականության մեջ կհայտնվի մի երկրորդ Ադամյան, ասել է. «Այո, մեկ մարդ կա, այս երիտասարդը, (Փափազյանը-Ն.Շ) բայց մեկ պայմանով, եթե նա մի քիչ լուրջ լինի»7: Դժվար է ասել, թե Փափազյանը, որ հարցում էր անլուրջ թվացել Սիրանույշին, բայց հայտնի է, որ ներկայացումներից մեկի միջնարարին, նա Մարգարիտ Գոթիեի հմայքներին, թե Մեդեայի սարսռեցնող ցասմանը տրված, մտել է դերասանուհու գրիմանոց, գողացել Սիրանույշի բեմական զարդերից  մեկը որպես հուշ, և տարիներ անց փոխանցել թանգարանին:

 Թատերական արվեստի անցողիկության միտքը դերասանին մղել է իր և ընկերների խաղացած դերերից հագուստներ ու բեմական իրեր պահել տանը, առարկաներ, որ նրանց խոսուն արվեստի համր վկաներն են: Անընդմեջ հյուրախաղերը, քաղաքից քաղաք, ծանոթ ու մասնակից են դարձրել Փափազյանին համաշխարհային թատերական կյանքին: Սակայն նրա հղկված աչքը նկատել է, որ իր հայ վարպետները չեն զիջել եվրոպական մեծերին: Փորձել է հասկանալ, յուրացնել նրանց փորձը: Սիրանույշի մատանին այդ փորձի փոխանակման, հայ թատեական ավանդություների հերթագայության մասին է պատմում: Զարդը երեք անվանի արտիստներին միմյանց կապող այն օղն է, այն համր վկան, որը բացահայտում է թե Փափազյանն իր գոյությամբ ու գործով ինչպես վերաիմաստավորեց մեկ այլ մեծ ողբերգակի՝ Պետրոս Ադամյանի արվեստը:

Օգտագործված աղբյուրներ

1. Տե´ս,  Հ. Հովհաննիսյանի Վահրամ Փափազյանին նվիրված հեռուստահաղորդում:                                                                                                                                                       

2. Հ. Հովհաննիսյան, Հայ թատրոնի պատմություն XIXդ., Երևան, «Նաիրի», 2010, էջ682:

3.Նույն տեղում:

4.Վ.Փափազյան, Հետադարձ հայացք, հ1, Երևան, «Սովետական գրող», 1979, էջ 272-273:

5.Ռ.Մամաուլյան, Վահրամ Փափազյանի հիշատակինՇեքսպիրական, հ.4, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1974, էջ 37:

6. Հ. Հովհաննիսյան, նշվ. աշխ., էջ 680:

7. Նշվ. հեռուստահաղորդում:

ՆԱԻՐԱ Շահվալադյան

1371 հոգի