24.04.2023 02: 04
... հետմահու մի խորհրդավոր հոգեհանգիստ լուսավոր հոգիների համար մեր ազգային մեծ արժանիքներից մի քանիսի, որոնք ամեն ինչ ունեցան իրենց կարճ անցումի միջոցին մեր մոլորակի վրայով, բայց գերեզման չունեցան
Վահրամ Փափազյան[1]
1915 թ. ապրիլի 11-ին (24-ին) թուրքական կառավարությունը ձեռնարկել է Կ.Պոլսի հայ մտավորականների առաջին խմբի ձերբակալության գործը: Ապրիլի 24-ից մինչև ապրիլի 29-ը ձերբակալվել, ապա խումբ-խումբ Անատոլիայի խորքերն են աքսորվել հայ անվանի մտավորականներ, իրավաբաններ, հասարակական գործիչներ: Ձևավորել են երկու հիմնական խմբեր. «Ա. խումբ` շատ վտանգավորն էր, Բ. խումբը` անվնաս մարդիկ կամ նվազ վտանգավորներ: Վտանգավորներու խումբին մեջ էին դաշնակցականները` Ակնուի, Սիամանթո, Զարդարյան, Շահրիկյան, Խաժակ, դերասան Ենովք Շահեն, Կիկոյի խմբագիր Գր. Թորոսյանը և այլն: Անվնասներու խումբին մեջ էի ես, ինչպես նաև բանաստեղծներ Դանիել Վարուժան, Ռ. Սևակ, ժուռնալիստ Բ. Քեչյան, Կոմիտաս Վարդապետ, հրապարակագիր հայտնի ռամկավար Տիրան Քելեկյան, բանասեր տոքդ. Վ. Թորգոմյան, ընկերաբան-Փիլիսոփա Միք. Շամտանճյան...»[2],- գրում է Երվանդ Թոլայանը (երգիծաբան, խմբագիր, դերասան):
Նրա վկայությամբ, շաբաթ գիշերը Պոլսից և շրջակա գյուղերից ու արվարձաններից ձերբակալվել են 270 մարդ և հաջորդ օրը` կիրակի (որն հայտնի է որպես Կարմիր կիրակի) առաջին հոսքը տեղափոխվել է համակենտրանացման վայրեր: Մոտ մեկ ամիս անց, ԱՄՆ դեսպան Մորգենթաուի և այլ ազդեցիկ մարդկանց ճնշումների արդյունքում 12 մտավորակնի թույլ են տվել վերադառնալ Կոստանդնուպոլիս: Ազատ արձակվածների մեջ են եղել Կոմիտասը, Բյուզանդ Քեչյանը, Վահրամ Թորգոմյանը, Բարսեղ Դինանյանը, Երվանդ Թոլայանը, Վրթանես Փափազյանը (ով ձերբակալվել էր գրող Վրթանես Փափազյանի փոխարեն): Տեղահանության մասին օրենքից հետո. «Հայ ժողովուրդը հետիոտն աքսորվելով, կես ճամբան մասամբ կը մեռներ և մեծ մասամբ կը հնձվեր` պատերազմի առթիվ թուրքիո բանտերեն ազատ արձակված չարագործներու կողմեն Իթթիհատի վերին հրամանով և գերմանացի մեղսակից լռությամբ ու քաջալերանքով, Պոլսո մեջ ևս առանձին ձերբակալությունները կը շարունակվեին անընդհատ»[3]: Ձերբակալություններն ու աքսորները շարունակվել են օրեր շարունակ: Իսկ հետո... դրա մասին գիտեն բոլորը...
Նահատակների ու ցեղասպանությունը վերապրածների մեջ կան թատերական գործիչներ, որոնց մասին քիչ է խոսվել: Հայ ժողովրդի քաղաքականապես կասկածելի դառնալը, և նրա դեմ սկսած հալածանքը, բնականաբար իր արձագանքը պիտի գտներ նաև թատերական միջավայում: Հայ բեմը չի հանդիսացել լոկ ժամանցի վայր, այն երբեմն վերածվել է ազգային-ազատագրական գաղափարներ հնչեցնելու ամբիոնի: Բայց հեռվից եկող վատ լուրերը լռեցրել են բոլորին: «Ի՞նչ կընեին հայ դերասանները այս ղալմաղալին մեջ»,- հարցնում է Թոլայանը: Ապա պատասխանում է ինքն իրեն`«գրեթե անոթի ծարավ էին բոլորն ալ»: Հայ և թուրք դերասանների միջև փոքրիկ բախումներ են առաջացել: Հայերը հանցավոր են համարել թուրքերին, իսկ թուրքերը մեղքը գցել են հայերի վրա: Թուրք «զավեշտախմբերը» խեղճացել են, որովհետև իրենց բարձրաստիճան հանդիսատեսը թատրոնով հետաքրքրված չէր այլևս, նրանք իրենց «թատերաբեմն» ունեին` արյունալի պատմություններով: Ավելի տխուր է եղել օսմանյան թատրոնի հայ դերասանների վիճակը: Նրանք երես չեն ունեցել թուրքերեն ներկայացումներ խաղալու և դիտվել են առնվազն պետության թշնամի: «Եթե խնդային, թուրքերը կըսեին թե «մեր դժբաղդության վրա կը խնդան ահա:» Իսկ եթե լուռ մնային «ո՞վ գիտի մեզի դեմ ինչ դավաճանություն կը լարեն նորեն»[4]:
Դադարել են հյուրախաղերը, փարիզյան և իտալական թատերախմբերը հեռացել են: Եթե նույնիսկ ինչ-որ կարճատև շրջաններ ներկայացումներ խաղացվել են, ապա. «Ներկայացման ընթացքին կը կոխվեր հայտնի և անհայտ ոստիկաններու և լրտեսներու կողմե, ժողովուրդին մեջ և կամ գուլիսներում թագնված փախստական զինվորները ձերբակալելու և զինվորական զգեստներ հագցնելով ղրկելու համար ճակատ: Բայց մեր տղաքը շարունակ կը փախչեին և կուգային ետ` մեր թատրոնի բարեկամ սպաներու կողմե պաշտպանված:» Եղել են նաև չպաշտպանվածները. «Հրաչյա Ներսիսիյանի կենսագրության մեջ կա մի չորս տարի` 1915-18 թթ., որ մթության քողով է ծածկված` պատմված կամ գրված չէ: Նա զորակոչվել է թուրքական բանակ, ծառայել որպես թարգմանիչ և այդ վիճակը տարել է նրան ճակատագրի խաչմերուկներով, երբեմն հասցրել ծայրահեղ հուսահատության ու տագնապի: Ինչերի է բախվել, չգիտենք»[5],- գրում է Հենրիկ Հովհաննիսյանը, ապա պատմում, որ Արմեն Գուլակյանի տանը ուսանողների հետ արտիստը անկեղծացել է և պատմել, որ երիտասարդ տարիքում, պատերազմի ժամանակ, երբ հագին զինվորի զգեստ է եղել, ինքնասպանություն գործելու միտք է ունեցել... Բարեբախտություն համարենք, որ նրա նման շատերը ուժ են գտել ապրելու:
Ցեղասպանությունից փրկվածների մի մասի համար ապրելն անհնար է դարձել, նրանք չեն կարողացել հաղթահարել իրենց լինելը` տանջվելով այն գիտակցությունից, թե ինչու չընկան իրենց ընկերների, հարազատների հետ, նույն ճանապարհին: Հասարակական գործիչ, գրաքննադատ Հրանտ Ասատուրը իր կյանքի վերջին տասնամյակում զբաղվել է արևմտահայ թատրոնի պատմությամբ: Նա թատրոնի մասին հոդվածներ է հրապարակել «Ազգային հիվանդանոցի ընդարձակ տարեցույցներում»: Իր ժամանակի արտիստների կենսագրությանն առնչվող շատ տվյալներ և փաստեր ճշտվում են նրա հոդվածների շնորհիվ: Գրել է նաև «Դիմաստվերներ» գիրքը, որտեղ ներկայացված են մի շարք գրողների և հասարակական գործիչների դիմանկարներ: Վահրամ Փափազյանը նկարագրում է նրան. «հարյուր տոկոսով ազգայնորեն տոհմական և իր հետագա արդյունքներով անհունորեն բազմաբեղուն մի կուլտուրայի ուշացած, բայց և այնպես հարազատ այն հազվագույտ ներկայացուցիչներից մեկը»: Հեղինակի 1915 թվականից հետո տպագրված աշխատանքները մեզ թույլ կտային մտածել, որ նա կարողացել է ուժ գտնել ցեղասպանությունից հետո, աշխատել, ստեղծագործել, եթե չլինեին Փափազյանի հուշերը նրա մասին, որտեղ նա Ասատուրին տեսնում է նահատակների թանգարանում. «Նահատակ այնպես, ինչպես եղան Զոհրապն ու Սիամանթոն` Հրանտը չեղավ: <...> Հրանտն ապրեց իրեն բաժին հասած մութ տարիները, սրդողած իր ժամանակից, իր կնոջ`Սիպիլի անանուն անձնազոհության ու գուրգուրանքի մեջ գտնելով հոգեկան հիվանդի արցունքոտ սփոփանքը... ենթարկելով իրեն կամավոր կալանքի ամենափոքրիկ սենյակներից մեկում`իր տանը, որտեղից դուրս չելավ նա մինչև սևազգեստ հուղարկավորներ եկան ու նրան տարան, մերժելով ողջունել արևի լույսը, կրկնելով անընդհատ միշտ նույն հանգերգը, ինչպես ասացին` «Ինչու՞ բոլորն ալ տարին, ինծի թողեցին...»[6]: Գրեթ նույն հոգեվիճակում է եղել Թեոդիկը:
Նա հայտնի է «Ամենուն Տարեցույց» տարեգիրք ժողովածուներով, որոնք շարունակել է տպագրել մինչև իր կյանքի վերջը` 1928 թ., վերջին հատորի տպագրության ընթացքում մահացել է կաթվածից: Նրա գրչին է պատկանում «Հուշարձան ապրիլ տասնմեկի» ժողովածուն, որտեղ կենսագրական տեղեկություններով և լուսանկարներով ներկայացված են ապրիլի 24-ի ձերբակալությունների զոհ մոտ հազար հայ մտավորական: Փափազյանը գրում է. «Գուցե ոչ ոք մեզանում իր ժամանակի պատմագիրը չի եղել, որքան նա, և ոչ ոք ուրիշին պատմելիս այնքան հարազատ ինքն իրեն չի պատմել <...> ուրիշի վերքը միայն դարմանեց իր ծեր հասակում և օտարության մեջ հանգանակությամբ թաղվելու պատիվը միայն իր հետը տարավ: <...> նրան տեսնելիս, կարծում էիր, թե գործ ունես քեզ հետ խոսող, ճիշտ է, բայց մի այլ աշխարհում ապրող հոգու հետ, <...> աչքերի խորքում պարզ երևում էր արյուն սառեցնող դեպքերի ցոլացումը...»[7]:
Տարբեր տարիներին ջարդերից փրկված փախստականների մեջ են եղել Հովհաննես Աբելյանը, Սուրաբյանները, Ժորժ Շահպարոնյանը, Միշա Ազնավուրյանը, շնորհիվ իրենց ռուերենի իմացության. «ռուս ձևանալով մի կերպ կարողացան զիրենք նետել շոգենավի մը մեջ, որ Հունաստան տարավ զիրենք»[8]:
Ժամանակի թատերական կյանքում առանձնացել են երկու արտիստ` Ենովք Շահենը և Վահրամ Փափազյանը, իրարից շատ տարբեր ճակատագրերով: Գառնիկ Ստեփանյանը գրում է, որ. «Նրանք կարծեք մոգական ուժով պոկվում են մյուսներից, ազդարարելով թե մարդիկ պարտավոր են զբաղվել իրենցով <...>Սկզբում կարծեք Ե. Շահենի աստղն ավելի է փայլել...» Քանի որ հայերենն արգելվել էր բեմում, նա հնարավորություն չի ունեցել հայերեն ներկայացումներ դիտելու: Հաճախել է Մնակյանի թատրոն, դարձել նրա աշակերտը: Վահրամ Փափազյանի հուշերից իմանում ենք, որ նրանք եղել են ընկերներ: Կանաչաչյա, կոկիկ, միշտ սափրված այս տղային, Փափազյանը ներկայացնում է կյանքի անարդարությունների սփոփանքը արվեստում փնտրող: Մնակյանի թատրոնում բեմադրել է Հյուգոյի «Արքան զվարճանում է» մելոդրաման, որտեղ խաղացել է Տրիբուլեի դերը: Խաղացել է նաև Արամ Վրույրի «Հայ դրամատիկ դերասանական ընկերությունում», Զարիֆյանի և այլ թատերախմբերում: Իսկ երբ կազմավորվել է Վահրամ Փափազյանի նորակազմ հայ դրամատիկ թատրոնը, Ենովքը տեղափոխվել է այդ խումբ: Այսօր չենք խոսելու նրա դերասանական կենսագրության և դիմանակրի մասին: Բայց պիտի նշենք, որ ունեցել է խենթության հասնող անհանդուրժողականություն անարդարությունների հանդեպ, նրա ձեռքից չեն ազատվել «որբերի իրավունքները յուրացնող վաճառականները», «ազգատյաց սրիկաները»..., չեն հանդգնել ծեծի համար ոստիկանությանը բողոքել, որովհետև բողոքի համար կրկին ծեծվելու էին:
«Նա`իր կռվազան աքլորի նման բազմաբեղուն կյանքում երբեմն ունենում էր անգործ ժամեր, և այդ անգործ ժամերին ահա, որևէ փառահեղ ծեծկռտուքի ի խնդիր, իջնում էր քաղաքի այդ ներքին խավերը և մեզ` դերասան ընկերներին, հրապուում, տանում իր հետ»[9]: Փափազյանը, երբ մեկնել է Կովկաս, առաջարկել է Ենովքին միասին գնալ, բայց մայրը թույլ չի տվել. «Դուն օյինճի ես, օյինճի ալ մնացիր, ամա Ենովքս հեղափոխական է: Անիկա պատնեշին վրա պիտի մնա. եթե քեզ հետ Ռուսիա երթա, այսքան անարդարության վրեժը ո՞վ պիտի հանե. դուն բանիդ գնա´, օղու´լ»[10]: Երիտասարդ Վահրամը մեկնում է առանց ընկերոջ: Երկու տարի անց, նրան տեսնում են մահվան ճանապարհին. «անհանգրվան ու անջրդի ճանապարհներով, հետիոտն ու մտրակի տակ, ասում են, գազանացավ ու պոկելով ձեռնակապերը, հովազի ոստյուններով հարձակվեց նավակայքի առաջ խռնված դատապարտյալները տեսնել ցանկացող վայրագոշ ամբոխի վրա, և բռունցքով ու ատամներով խեղդեց, տրորեց ու պատառոտեց այնքան, մինչև անակնկալ հարձակումից շփոթված շնագայլերի ոռնոցով ամբոխը առավ նրան իր օղակի մեջ և մի րոպեում, մի կարմիր ու թաց ճապաղիք մնաց Ենովքից սալաքարերին, խոնավ փողոցին, և նրա գլուխն ու հոշոտված անդամները մեղավոր քաղաքի քաղցած շների բաժինը եղան»[11]:
Տոհմիկ տարազով Պոլսի «ուլտրա-եվրոպական» թաղամասով շրջող Ենովքի մայրը, երբ լսել է մահվան գույժը, որոշել է վրեժխնդիր լինել: Մի գիշեր, թուրք ոստիկանության մի պաշտոնյա, ով եղել է Թալիաթի աջ ձեռքն ու հայ մտավորականության ջնջման ծրագրի մասնակիցը, գինարբուք է կազմակերպում մի գողտրիկ շենքի երկրորդ հարկում: Ենովքի մայրը շենքի շուրջբոլորը չոր ցախի կույտեր է շարում, և մի րոպեյում մոխիր դարձնում տունն էլ, ոստիկանին էլ: Եվ երբ ամեն ինչ մոխրացել է, մայրը իրեն կախել է մի ծառից «Ենովքի ամենօրյա գործածած և արդեն հնամաշ սև վերարկուից կտրած շերտերից հյուսած պարանով»: Այս մասին իմանում ենք Փափազյանի հուշերից: Նա «պարտականություն և անհրաժեշտություն» է համարել գրել իր անգերեզման մնացած ընկերների մասին, քանի որ հասկացել է, որ շատ քչերն են մնացել նրանց տեսնողներից, և այդ քչերից մեկն էլ ինքն է. «Ահավոր բան է մենակ մնալ և անընդհատ իր հոգու խորքում լսել գնացողների կանչը, մենակ ժամերիդ տեսնել նրանց կերպարանքները սենյակիդ մութ անկյուններում, երբեմն նույնիսկ զգալ նրանց բարեկամ հպումը...»[12]:
Ցեղասպանությունից փրկվածներից ոմանք գրեցին հուշեր և ստեղծագործություններ իրենց տեսածի և ապրածի մասին: Դրանք բոլորն ողղված են հատկապես երիտասարդ սերնդին, քանի որ նրանք իրավական սեփականատերն ու ժառանգներն են իրենց փառահեղ պապերի:
Օգտագործված գրականության ցանկ
[1] Փափազյան Վ., Սրտիս պարտքը, Հայպետ հրատ, Երևան, 1959 թ, էջ 171:
[2] ԳԱԹ, Թոլայան Երվանդ, 35 տարուայ թատերա-խմբագրական յիշողություններ, Ձեռագիր աշխատություններ, հուշերի ֆոնդ, էջ 476:
[3] Նույն տեղում, էջ 480:
[4] նույն տեղում, էջ 483:
[5] Հովհաննիսյան Հ., Թատրոն և թատերախոսություն, Եր, Սարգիս Խաչենց, 2004թ., էջ 111:
[6] Փափազյան Վ., նշվ. աշխ., էջ 166-167:
[7] նույն տեղում, էջ 120:
[8] ԳԱԹ, Թոլայան Երվանդ, նշվ. աշխ., էջ 517:
[9] Փափազյան Վ., նշվ. աշխ., էջ 33:
[10] նույն տեղում, էջ 19:
[11] Նույն տեղում, էջ 42:
[12] նույն տեղում, էջ 170: