19.04.2023 3:13
Կոնստանտին Ստանիսլավսկին և հայ թատերական գործիչները
Այս տարի հունվարի 17-ին լրացավ ռուս ռեժիսոր և դերասան, թատրոնի տեսաբան, Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի հիմնադիրներից մեկի` Կոնստանտին Սերգեևիչ Ստանիսլավսկու ծննդյան 160-ամյակը: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ նա կարողացավ գլխիվայր փոխել թատրոնը, և «ստիպեց» դերասաններին այլ կերպ խաղալ: Ռեժիսուրայի կամ դերասանական արվեստի մասին հազվագյուտ զրույցներ կարող են սկսել և ավարտվել առանց նրա անունը տալու: Ստանիսլավսկու արվեստի և սիստեմի մասին բազմաթիվ գրքեր և հոդվածներ են գրվել, նրա աշխատանքի եղանակը քննադատվել կամ ընդունվել է անվերապահորեն: Թատերական նորարարի հոբելյանները մշտապես նշվում են, կազմակերպվում են գիտաժողովներ, նկարահանվում են նոր հաղորդումներ և ֆիլմեր, կազմակերպվում են թեմատիկ ցուցադրություններ, վերահրատարակվում և տարբեր լեզուներով թարգմանվում են արվեստագետի գրքերը: Շատ ներկայացումներ են նվիրվել նրա հիշատակին, գրվել են ստեղծագործություններ` հիմնված վավերագրական նյութերի, նամակների և ժամանակակիցների հուշերի վրա: Նրա անձի և արվեստի շուրջ ստեղծված ահռելի գրականությունը շարունակաբար հարստանում է, ամեն տարի արխիվներից շրջանառության մեջ են դրվում նոր փատեր, նոր մեկնաբանություններ: Մեծ թատերական գործչի հոբելյանի առթիվ, ընթերցողին ենք ներկայացնում հայ թատերական գործիչների և Ստանիսլավսկու ստեղծագործական շփումների, համագործակցության և դրանց առնչվող քիչ հայտնի կամ բոլորովին անտեսված փաստերը:
Քչերին է հայտնի, որ Լազարյան ճեմարանի աշակերտները անվճար մուտք են ունեցել Մոսկվայի գեղարվեստական թատրոն: Այս ավանդույթը սկսել էր դեռ Ֆյոդոր Ադամովիչ Կորշից, ով 1866-1870 թվականները եղել է ճեմարանի աշակերտը և ի նշան երախտագիտության իր ուսումնական հաստատությանն ամեն կիրակի և տոն օրերին ուղարկել է 30-40 անվճար տոմս: Այդ ավանդույթը շարունակել է նաև Կոնստանտին Ստանիսլավսկին, ով նույնպես սովորել է Լազարյան ճեմարանում` 1878-1881 թթ.: Աշակերտները ապրել են փակ կյանքով: Ստանալով սնունդ, հագուստ, ուսում, աշակերտությունը կտրված է եղել հասարակական կյանքից: Օրվա ընթացքում զբոսանքի համար ունեցել են ընդամենը մեկ ժամ: Ծանրաբեռնված ուսումնական շաբաթից հետո, աշակերտության համար մեծ մխիթարանք է եղել տոն կամ կիրակի օրերին այցելել թատրոն: 1858 թվականին ճեմարանի և Մոսկվայի համալսարանի հայ, ռուս, վրացի ուսանողների մասնակցությամբ լազարյանցիները ստեղծել են իրենց թատրոնը: Հիմնադիրներն են եղել Վաղարշակ Շահխաթունյանը (դերասան, թատերական գործիչ), Միքայել Տեր-Գրիգորյանը (դրամատուրգ), Սեդրակ Մանդինյանը (դերասան, թատերական գործիչ), Սմբատ Շահազիզը (բանաստեղծ և մանկավարժ) և այլք: Առանձին ուսումնասիրության նյութ է այն, թե որքան հայազգի թատերական դեմքեր են դուրս եկել այս հաստատությունից: Վերը նշած արվեստագետներից բացի` Միքայել Պատկանյան (թատերագիր, հայ թատրոնի հիմնադիրներից մեկը), Ամիրան Մանդինյան (դերասան և թարգմանիչ), Ստեփան Քափանակյան (թատերական գործիչ), Արշակ Մամիկոնյան (դերասան), Գևորգ Պետրոսյան (դերասան), Ռուբեն Սիմոնով (դերասան, ռեժիսոր) և այլք: Ճեմարանում սովորելու տարիներին ուսումնական հաստատության թատերական կյանքին ակտիվորեն մասնակցել է Կ. Ս. Ալեքսեևը` Կ.Ս. Ստանիսլավսկին: Ներկայացումները տեղի են ունեցել ճեմարանի դահլիճում, Սեկրետարյովի թատրոնում, ինչպես և մասնավոր տներում: Ուսանելու տարիներին, նա օրագիր է պահել, որտեղ նշումներ է արել այդ շրջանում իր ունեցած մտքերը: Հայ ուսանողները մասնակցել են նաև ռուսերեն ներկայացումներին: XIX դ. 80-ական թվականներից սկսած նրանք ակտիվորեն մասնակցել են նաև Պետրոս Ադամյանի, Գևորգ Պետրոսյանի, Արամ Վրույրի, Օվի Սևումյանի հյուրախաղերի կազմակերպմանը:
Հիշատակելով Գևորգ Պետրոսյանի անունը, չենք կարող չհիշել նրա եղբորը` Քրիստափոր Պետրոսյանին, ով եղել է Ստանիսլավսկու Օթելլոյի Յագոն: Ստանիսլավսկին «Իմ կյանքն արվեստում» գրքում անդրադառնալով իր այդ ներկայացմանը, դժգոհություններ է ունեցել և´ իր, և´ մյուս դրեակատարների խաղից: Թատերագետ Բախտիար Հովակիմյանը իր «Դերասան Քրիստափոր Պետրոսյան» գրքում հանգամանալից ներկայացնում է այս համագործակցության ճանապարհը: 1895-1896 թատերաշրջանում Պետրոսյանը աշխատել է Միխայիլ Լենտովսկու թատրոնում: Նա այնտեղ կատարել է վարչական աշխատանք, և եղել է Լենտովսկու դերերի դերափոխնակը(դուբլյոր): 1895 թվականին Լենտովսկին ձեռք է բերել Ն. Սոլոդովնիկովի թատրոնը, որտեղ ընթացել են Մոսկվայի Արվեստի և գրականության ընկերության թատերախմբի փորձերը: Լենտովսկու հետ համագործակցելուց հետո, Ստանիսլավսկին դերասանական կազմի մեջ փոփոխություններ է մտցրել: Յագոյի դերակատար Ի.Ս. Պրոկոֆևին փոխարինել է Քրիստափոր Պետրոսյանը[1]: «Իմ կյանքն արվեստում» գրքում Ստանիսլավսկին պատմում է իր «Օթելլոյի» բեմադրության մասին: Նա գրում է. «Պիեսը մեր խմբի անդամների մեջ բաժանելը հնարավոր չեղավ: Յագո չկար, թեպետ բոլորը, ովքեր կային ընկերության մեջ, փորձվեցին: Հարկ եղավ դրսից փորձառու դերասան հրավիրել: Նա, Դեզդեմոնայի նման, միայն արտաքինով հարմար եղավ դերին` լավ դեմք, չարագույժ ձայն, աչքեր: Բայց նա հուսահատության աստիճան քիչ ճկուն էր և բոլորովին զուրկ էր միմիկայից, մի բան, որը նրա դեմքին մեռածի տեսք էր տալիս»[2]:
Ներկայացումը տեղի է ունեցել 1896 թվականի հունվարի 19-ին: Դերակատարների անունները իմանում ենք այս ներկայացման մասին գրված թատերախոսականից: Հովակիմյանը դիտավորություն է տեսնում Պետրոսյանի անունը չհրապարակելու մեջ, նա գտնում է, որ Ստանիսլավսկին իր խմբի միակ պրոֆեսիոնալ դերասանի մեջ մրցակից է տեսել: Բայց չենք կարող համաձայնել հեղինակի հետ, քանի որ համադրելով որոշ փաստեր, հասկանալի է դառնում, որ Պետրոսյանը իր դերասանի արվեստի ըմբռնումներով հակառակ է եղել Ստանիսլավսկու որոնումներին: Ռոսսի սուր աչքը անմիջապես նկատել է, որ Յագոյի դերակատարը այդ թատրոնից չէ: Բեմադրիչն ինքն էլ գրում է, որ դերակատարը հարմար է եղել միայն արտաքինով, Մոսկվինը երիտասարդներին պատմել է, որ Պետրոսյանը Յագոյին ներկայացրել է սկզբից ևեթ որպես սրիկայի, չարագործի: Դեռ 1895 թվականին Թիֆլիսում խաղացած Յագոյի մասին գրել են, որ նա խաղացել է «ինչ-որ մելոդարամային չարագործի»[3], «զգացողական պատճառների ուժով, այդ դերի կատարումը չբավարարեց հանդիսատեսին»[4]: Այս հղումները հեղինակը բերում է իր գրքում, բայց եզրակացնում է, որ չարամտորեն չի տրվել Գևորգ Պետրոսյանի անունը: Ամենևին չփորձելով թերագնահատել դերասան-ռեժիսորի տաղանդը (նա իր շատ դերերով արժանացել է քննադատության դրվատանքին, աշխատել է Թիֆլիսի, Մոսկվայի, Պետերբուրգի, Աստրախանի, Բաքվի և այլ քաղաքների ռուսական թատրոններում), պարզ է դառնում, որ Պետրոսյան-Յագոն եղել է ռեժիսորի սկզբունքներին հակառակ ստեղծագործող դերասան: Ստանիսլավսկին նշված աշխատության մեջ բերելով այս ներկայացման օրինակը որպես անհաջող արված աշխատանք, որի վրա աշխատելիս ուշադրությունը սևեռված է եղել ներկայացման ձևավորման և արտաքին էֆեկտների վրա, չի հիշատակել որևէ դերասանի անուն` էթիկայից ելնելով:
Նշված «Օթելլոյում» Պետրոսյանից բացի ներկայացմանը մասնակցել է հայազգի մեկ ուրիշ դերասան: Խոսքը Գեորգի Բուրջալովի (Գևորգ Բուրջալյանի) մասին է, ով եղել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի հիմնադիրներից մեկը, նա Արշակ Բուրջալյանի ավագ եղբայրն է: Բուրջալովը կատարել է ծաղրածուի և սևամորթ սուրհանդակի դերը[5]: 1921 թվականից Գեորգին եղել է թատրոնի չորրորդ ստուդիայի ղեկավարը: Մեծ է եղել նրա ներդրումը թատրոնի պատմության հավաքագրման և ՄԳԹ-ի թանգարանի ստեղծման գործում:
Նշանակալից իրադարձություն է եղել նաև հայկական դրամատիկական ստուդիայի կազմակերպումը Մոսկվայում` Սուրեն Խաչատրյանի ղեկավորությամբ: Նա բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի համալսարանում: 1910 թվականին քննություն է հանձնել և ընդունվել Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ռեժիսորական խումբ: Ուսմանը զուգահեռ ռեժիսորի օգնական է աշխատել Կոնստանտին Ստանիսլավսկու, Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի, Լեոպոլդ Սուլերժիցկու մոտ, շփումներ է ունեցել Եվգենի Վախթանգովի և Միխայիլ Չեխովի հետ: Դեռ 1918 թվականին Սուրեն Խաչատրյանը Ռուբեն Մամուլյանի և Լևոն Քալանթարի հետ փորձել էր հայկական դերասանական ստուդիա հիմնել, բայց փորձը ձախողվել էր: Սուրենի ջանքերով 1919 թվականի մարտի 13-ին Մոսկվայում բացվել է Պետական Հայկական դրամատիկական ստուդիա, որին հատկացվել է տարածք: Ստուդիան գործել է ՄԳԱԹ-2 թատրոնին կից: Ուսանելու են եկել Մոսկվայի, Երևանի, Բաքվի, Ախալցխայի, Ագուլիսի, Կիրովաբադի հայ երիտասարդները: Ուսուցումը եղել է անվճար, տաղանդավոր և կարիքավոր ուսանողները ստացել են թոշակ: Ստուդիայում դասավանդել են Վահան Տերյանը, Վալերի Բրյուսովը, Հովսեփ Օրբելին, Նիկողայոս Մառը, Գեորգի Յակուլովը և այլք: 1920 թվականից դասավանդողների ցանկում տեսնում ենք նաև Կոնստանտին Ստանիսլավսկուն և Եվգենի Վախթանգովին: Ստանիսլավսկին մեկ տարի դասավանդել է տեսական կուրս` ըստ իր սիստեմի: Գրականության և արվեստի թանգարանի Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայի ֆոնդում պահպանվում են ստուդիայի ուսուցման ծրագրերին առնչվող փաստաթղթեր, Ստանիսլավսկու, Նեմիրովիչ-Դանչենկոյի, Եվգենի Վախթանգովի, Ռուբեն Սիմոնովի ձեռագիր նշումներով ու դիտողություններով տետրեր, ներկայացումների վերաբերյալ դիտողություններ, որոնք կարող են նոր լույս սփռել վերը նշված անձանց մանկավարժական գործունեության, մեթոդների, ստուդիաների հետ տարվող աշխատանքների կազմակերպչական ու ստեղծագործական հարցերի շուրջ: Ուսումնասիրողների աշխատանքները կարող են հարստանալ նոր տվյալներով, փաստերով:
Պահպանվում է Սուրեն Խաչատրյանի օրագրերը, որտեղ գրանցված են իրենց ամենօրյա աշխատանքները, որ օրը, որ ժամին է սկսել և ավարտվել դասը, թեման, ինչ է անհրաժեշտ աշխատանքները կազմակերպելու համար: Բացի նրանից, որ երևում են բեմադրությունների ցանկը և դերասանների անունները, գրի է առնված դիտողությունները իրենց կատարած աշխատանքների, էթիկական հարցերի շուրջ: Հետաքրքիր է այն փաստը, որ որոշ էջերում Ստանիսլավսկին բեմադրական աշխատանքների շուրջ ինքնագիր դիտողություններ է թողել: Կան նաև ցուցակներ, դիմումներ, նախահաշվարկներ, հաշվետվություններ, գրառումներ: Օրինակ, պահպանվում է Ստանիսլավսկու ստորագրությամբ դիմումը ուղղված Փոքր Պետ. Օպերայի դիրեկցիային` դահլիճը ստուդիային տրամադրելու մասին: Սուրեն Խաչատրյանի նամակներից երևում է, որ Ստանիսլավսկուն երբեմն դիմել են նաև անձնական հարցերով, բուժման համար պարտքով փող են խնդրել: Ցավոք չկան պատասխան նամակները: Պահպանվել է Նեմիրովիչ-Դանչենկոյի ստորագրությամբ վկայականը, որը տրվել է Խաչատրյանին առողջարանում բուժում իրականացնելու համար:
Այս բոլոր փաստերը կարևոր և հետաքրքրական են հայ թատրոնի պատմությունն ուումնասիրողների համար, դրանք արժանի են նոր ուսումնասիրությունների, քանի որ մի ամբողջ սերնդի (Արմեն Գուլակյան, Սուրեն Քոչարյան, Արշավիր Կորկոտյան, Արամ Խաչատրյան, Հայկուհի Գարագաշ, Տիգրան Շամիրխանյան...) մասնագիտական նկարագիրը ձևավորվել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում` Գեղարվեստական թատրոնի սկզբունքների հիման վրա:
Ստանիսլավսկու հայ աշակերտները (Եվգենի Վախթանգով, Ռուբեն Սիմոնով, չմոռանանք նաև, որ Նեմիրովիչ-Դանչենկոյի մայրը հայուհի էր) նույնպես մեծ դեր են ունեցել հայկական թատերարվեստի զարգացման գործում: Նրանք առնչվել են հայ թատերական գործիչների հետ: Վախթանգովը դիտել է Սիրանույշի և Հովհաննես Աբելյանի խաղը: 1910-ական թվականներին ծանոթացել է Հովհաննես Զարիֆյանի, Օվի Սևումյանի, Արշավիր Շահխաթունու, Համո Բեկնազարյանի, Ռուբեն Մամուլյանի հետ: Ռուբեն Սիմոնովը ստեղծագործական վաղ տարիքից կապված է եղել հայ թատրոնին: Նա դասավանդել է Մոսկվայի Հայկական դրամատիկական ստուդիայում, բեմադրություններ արել Սունդուկյանի և Լենինականի թատրոններում: Նեմիրովիչ-Դանչենկոյի փորձերին ներկա են եղել Ամո Խարազյանը, Սուրեն Խաչատրյանը, Օվի Սևումյանը, Ժասմենը, Արշավիր Շահխաթունին և էլի շատերը: Այս շփումներն ու համատեղ գործունեությունը մեծ նշանակություն են ունեցել հայկական բեմարվեստի զարգացման համար:
Օգտագործված գրականության ցանկ
[1] Տե´ս Հովակիմյան Բ., Դերասան Քրիստափոր Պետրոսյան, Եր., Լիմուշ, 2016, էջ 27-28:
[2] Ստանիսլավսկի Կ.Ս., Իմ կյանքն արվեստում, Հայպետհրատ. Երևան, 1954թ., էջ 214-215:
[3] Новое обозрение, 1895, № 3914.
[4] Кавказ, 1895, № 134.
[5] Նույն տեղում:
Լսնկ. ԳԱԹ արխիվից