Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Երեկ ուրախությամբ գիտակցեցի, որ սկսում եմ սիրել հայկական թատրոնը։ Մտքովս չէր անցնի, որ 1600-ականներին գրված դասական տրագիկոմեդիան կարող է այն աստիճան արդիական լինել, որ թվա, թե նոր-նոր է գրվել, և հենց մեր հասարակությանն ուղիղ ասելիք ունի։ Պիեռ Կոռնեյլի «Սիդ»-ն իր ողջ շքեղությամբ առաջին անգամ մտավ հայակական թատրոն։

Հավանաբար ռեժիսորը՝ Gerald Papasian -ը, շատ խիստ է և մեծ հաճախականությամբ է աշխատում դերասանների հետ, որովհետև ահռելի չափածո տեքստերը՝ մաքրամաքուր հայերենով, արտասանվում էին առանց վրիպակների ու մեծ համոզչականությամբ։ Մտածված էր ամեն մի դետալը, նկատվում էին նույնիսկ ամենանուրբ զարդանախշերը՝ դերակատարների մետաղական, ակնահաճո գոտիների վրա։

Առաջին անգամ էի բեմում տեսնում իրական սուսերամարտ՝ իրական, ծանր, վտանգավոր զենքով։ Շլացնում էր ամեն ինչ՝ բեմական ձևավորումը, երաժշտական ձևավորումը, հագուստների ձևավորումը, դերասանական խաղը, գրագետ միզանսցենները, պիեսի որակյալ թարգմանությունը․․․ Չեմ կարող չնշել գլխավոր դերակատարին՝ Sash Suqiasyan -ին, որն ինձ համար իսկական բացահայտում էր։

Պիեռ Կոռնեյլի «Սիդ»-ն եկել է մեզ հիշեցնելու շատ կարևոր ու անհրաժեշտ արժեքների մասին՝ պատիվ, արժանապատվություն, վրեժ, հպարտություն, բարի համբավի վերականգնում, հաղթանակների ուժ, լավատեսություն։ Իսկական արվեստն ամենաուժեղ զենքն է բոլոր ժամանակներում։

07.04.2023

ԱՆԻ Հակոբյան

1225 հոգի