Սեղմիր
ԾԱՎԱԼՈւՆ ՎԵՐԼՈւԾՈՒԹՅՈւՆ

31.03.2023  21:36

Օվկիանոսներից, բարձր սարերից ու լեռներից, հզոր ու թույլ երկրներից, կեղտոտ ու մաքուր ջրերից, փակուղիներից ու շրջափակումներից այն կողմ մի փոքր քաղաք կա, Կանաչ անունով ու կանաչ կտուրներով, ժպտացող խատուտիկներով, այնտեղ արևը քամու պես սուրում է ծառերի ճյուղերի ու տերևների արանքով... Եթե ուզում ես գտնել մանկությունդ, մտի´ր Համազգային թատրոն, այնտեղ քեզ կհյուրասիրեն արևի գինի` խատուտիկաբույր, երակներումդ խլվլացող մի ումպը մանկությունն այնքան շոշափելի կդարձնի,  մոռացվածն այնքան հավերժական կթվա, բույրերն այնքան բան կպատմեն, կարտասվեն բոլոր այն մեծերը, որոնք մանկություն են ունեցել, և չարաճճի կժպտան այն փոքրերը, որ դեռ մեծ չեն եղել...

2023 թվականի մարտի 18. Համազգային թատրոնի բեմում Ռեյ Բրեդբըրիի «Խատուտիկի գինին»  է, առանձնահատուկ ստեղծագործություն, որի իրադարձությունները տեղի են ունենում ամռանը, հորինված մի քաղաքում: Սա պատմություն է փոքրիկ գյուղաքաղաքում ապրող մի ընտանիքի, նրանց հարևանների, ընկերների մասին: Գլխավոր հերոսը տասներկուամյա տղա է, նրա ընկերները մի քանի տարի փոքր կամ մեծ են իրենից: Ընթերցողը պատանիների հետ ապրում է նրանց բոլոր հույզերն ու հոգեվիճակները, մանկության վախերը, որոնք կապված են հիմնականում աշխարհի ճանաչողության հետ: Երջանիկ ակնթարթների հետ առաջին անգամ ունենում են կորուստներ, տեսնում են ոչ մեկին չխնայող մահվան դեմքը: Ստեղծագործությունը հարուստ է այլաբանություններով ու սիմվոլներով: Ընտանեկան ավանդույթի համաձայն` Սփոլդինգների ընտանիքը ամեն ամառ խատուտիկներից գինի է պատրաստում, երտասարդություն և ուժ տվող օշարակ, որը լցնում են շշերի մեջ ու բացում անհրաժեշտ պահին: Վիպակի թարգմանությունը Զավեն Բոյաջյանինն է, ով հմտորեն փոխանցել է հեղինակի պոետական լեզուն, բեմադրության հեղինակը՝ Նարինե Գրիգորյանը: Գրական երկը կազմված է պատմությունների շարանից, որոնք բեմականացվել են  ոչ դրամատիկական սկզբունքների համաձայն: Դեպքերի հաջորդական ընթացքը չունի զարգացնում, գագաթնակետ և հանգուցալուծում: Հերոսը երկու անգամ (ներկայացման սկզբնամասում` վերհիշելով մանկությունը և ավարտին` վերագտնելով կյանքի հանդեպ հետաքրքրությունը) իրեն ողջ է համարում:  Ընդհանուր սյուժեն` կառուցված առանձին պատմություններից, իրենց ներսում զարգացող գործողությունների բարձրակետերով,  ընկած է «ողջ եմ» տեսարանների արանքում: Գրական երկը իր բեմադրական լեզուն է թելադրել: Ռեժիսորն իր առաջ փորձարարական խնդիրներ է դրել. առանձին պատկերներից ու դրանց առաջացրած հույզերից հանդիսատեսի զգայական դաշտում կառուցել մանկությունը հիշեցնող ընդհանուր կտավ: Ռեժիսորի բեմադրությունն ամբողջապես խաղ է  հանդիսատեսի զգայական ընկալման հետ: Ներկայացման ձևավորման անբաժանելի մասն են  կազմում  մուլտիմեդիոն միջամտությունները, որոնք ոչ միայն բեմանկարչական լուծումների, այլև գործողությունների ակտիվ մասնակից են:

Նարինե Գրիգորյանը և բեմանկարիչը` Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը կառուցել են Բրեդբըրիի մտացածին Գրինթաուն քաղաքը: Ձևավորումն արված է գլխավոր հերոսի`Դագլասի մտածողության տրամաբանությամբ. եթե նա փակեր աչքերն ու հիշեր երեք պատկեր մանկության քաղաքից` բարձր տանիքները, որտեղից երևում էին հեռուները, տատիկի խոհանոցը, որտեղից միշտ տաք ուտեստների բույր էր տարածվում և գրքերի պահարանը, որ իր գլուխը լցնում էր իրական ու անիրական պատմություններով:  Հերոսի աշխարհը կառուցված է բառով ու գրքով, դրա ակնարկը կա, երբ դեռ ներկայացումը սկսված չէ, բեմն իրենից ներկայացնում է գրքի մի մեծ էջ: Ահա, երբ հանդիսատեսը եկել է տեսնելու տղայի կառուցած հիշողության քաղաքը, կենտրոնում հայտնվում է  ինքը` Դագլասը (դերակատար` Նարեկ Բաղդասարյան) և հիշապատկեր է մտցնում քաղաքի բնակիչներին: Նոր կերպարները բեմ են մտնում դանդաղեցրած կինոկադրի էֆեկտով: Զբաղեցնելով իրենց տեղերը, պատկերը կենդանանում է, ընկնում սովորական ընթացքի մեջ: Մեկ ուրիշ տեսարանում Թոմին` փոքր եղբորն ու պապին հիշելով, Դագլասը կարծես բեմ է հրավիրում նրանց և հիշողությունը վերածվում գործողության: Նա քթի տակ, ցածրաձայն մրմնջում է եղբոր հարցերը, որին զուգերգի նման կուլիսներից միանում է Թոմը, նրանք հավասար կրկնում են նույն տեքստը, դանդաղ անցնելով հիշողության և իրականության սահմանը: Դագլասի ձայնը գնալով իջնում է, մարում, կրտսեր եղբոր ձայնն ավելի կենդանի է դառնում, ասես պոկվում է դեպի բեմ քաշող անիրական թելը, և պատկերը դառնում է կենդանի, իրական:  Տղան իրեն ողջ է զգում, նա արթնացրել է իր միջի երեխային, ով փորձում է տեսնել մանկության տեսածը, զգալ կերածի նույն համը: Խատուտիկի բերքահավաքը և գինու պատրաստումը բեմադրված է որպես ընտանեկան արարողակարգ, որին մասնակցում են ընտանիքի բոլոր անդամները: Արևի ուժի հետ խառնված է ընտանիքի համախմբվածության, սիրո, նվիրվածության ուժը: Նարինե Գրիգորյանը հեքիաթի տարրեր է ներմուծել որոշ տեսարաններում: Գինին, երբ նկուղ են իջեցնում, մայր մտնող արևի պես նկուղից լույս է ճառագում, իսկ երբ բաժակներն են լցնում՝ կենարար լույսի շողերը բոցկլտում են տան անդամների ափերի մեջ:  Խատուտիկի գինին մարդկանց ջերմություն ու լույս է բերում: Դա մանկության ջերմությունն է, որ գինու պես որքան հնեցվում, այնքան թանձրանում է որպես հուշ, անկրկնելի համ ու հոտ ձեռք բերում: Դագլասի ընկերները գյուղի տղաներն ու հարևան ընտանիքի աղջիկները են: Նա խաղում է երեխաների հետ, վազվզում կտուրների վրայով, մանկանում է ու մանուկ չէ, քանի որ այս ամենն անցյալում է արդեն, իսկ ներկան խաղային իրադրության վերածված հուշապատկեր է լոկ: Բոլորը երեխա են, ինքը` ոչ: Ընկերներին նա այդ տարիքում է հիշում:

 

Դագլասի մտքերը հասուն են, զգացողություններն են երեխայի: Շատ նուրբ է մտածված: Նարինե Գրիգորյանն ու Նարեկ Բաղդասարյանը  ներկայացման մեջ շոշափելի և տեսանելի են դարձրել մանկական թռիչքները բառիս բուն և փոխաբերական իմաստով: Կտուրից կտուր ցատկող երեխաները իրենց մեջ ավելի մեծ տարածքներ են հաղթահարում, քան տեսանելի է: Հրման կետից մինչև վայրէջքի պահը սիրտն ավելի արագ է աշխատում, շունչը կանգ է առնում, թռիչքի սահուն ընթացքը երկարում է երկարում, ժամանակը կանգ է առնում մի պահ, ու վայրէջքի դոփյունով ընկնում է իր սովորական ընթացքի մեջ: Ոչ ոք չի կարող չափել երեխայի թռիչքի բարձրությունը, բայց, անկասկած, դա շատ բարձր է:  Թվում է, բեմից փոխանցել այդ զգացողությունը անհնար է: Բայց ստեղծագործողի երևակայությունը եթե անսպառ է, տեխնիկական հնարքներ կգտնվեն: Տանիքների հետևում տեղադրվել են բատուտներ, և թռիչքները դարձել են ֆիզիկական գոյություն: Ներկայացման համար պլաստիկ լուծում գտնելը հեշտ չէ, բեմում ամեն շարժում չէ, որ դառնում է հոգեվիճակը և դերասան-կերպարի մտքերը արտահայտող նշան: Երջանկության զգացումը, հրճվանքը, զվարթությունը ցուցադրել թռիչքի մեջ, պահանջում է մանրակրկիտ, գեղարվեստորեն մշակված գործողություն և պլաստիկա: Դրանց արտահայտչականությունը կախված է նաև արտիստի շարժումը զգալու կարողությունից, որն էլ իր հերթին պահանջում է մի շարք հոգեֆիզիկական որակների համադրում` արարքի հստակություն, արագություն, ուժ, ճկունություն, ճիշտ շնչառության հետ ուղեկցվող խոսք: Դագլաս-Նարեկ Բաղդասարյանի թռիչքը գեղեցիկ ու բարձր էր:

Տատիկի դերակատարն է Տաթև Ղազարյանը: Մեզ համար արդեն դժվար է պատկերացնել տարեց կանանց դերում այլ դերասանուհու: Կարելի է հասկանալ ռեժիսորների նախասիրությունը այս արտիստուհու նկատմամբ: Վերջինս մայրերի և տատիկների դերերով հաջողությամբ հանդես է գալիս և´ դրամատիկական և´ կոմիկական պիեսներում: Բոլորովին երիտասարդ, դեռ ուսանողական տարիներին «Շխոնց Միհրան» ներկայացման մեջ դերասանուհին կարողացել էր ստեղծել տպավորիչ մոր կերպար: Տարեց տարի նրա դերասանական կենսագրությունը հարստանում է հասուն տարիքի կանանց կերպարներով: Ի պատիվ դերասանուհու, պետք է ասենք, որ դրանք իրարից շատ տարբեր են: Տաթևն ունի կերպարանափոխվելու մեծ ունակություն, մշտապես գտնված են ժանրային բնութագրական գծեր: Նա ունի բացառիկ դիտողականություն: Ղազարյանի ստեղծած կերպարներում միշտ կարող ենք տեսնել մեր տատիկներին ու մայրերին, այդ կերպարները միշտ հանդիսատեսին սիրելի ու հարազատ են: Ամեն նոր դերի հետ (բոլորովին  կարևոր չէ էպիզոդիկ դեր է, թե` գլխավոր), ակնհայտ է դերասանուհու ձեռք բերված փորձի խորացումը: Դերասանուհին առաջին մուտքից իսկ չափազանց հետաքրքիր է: Գործող անձին մարմանվորելիս նա գտնում է ամենահատկանշականը, բնութագրականը և դրա շուրջ էլ կառուցում հերոսուհու բնավորությունը` ընդգծելով էական մանրամասներ, փոքրիկ դետալներ՝ քայլվածք, ժեստ, ձայն որոնք միշտ իրական են, շոշափելի, անկեղծ, բայց ոչ կենցաղային: Նա կարողանում է գտնել խոսքի ներքին ինտոնացիան: «Խատուտիկի գինու» տատիկը աշխույժ, զվարթ, ավյունով լի, մեծ ընտանիքի հոգսը թեթևությամբ տանող կին է և սիրում է այն, ինչ ունի, նույնիսկ իր կոտրված ակնոցը: Սպիտակ գոգնոցը, որով տատիկները սրբում են թոռնիկների բերանները, միշտ մաքուր է, ճաշը միշտ տաք ու համեղ:

Ռեժիսորի պոետիկ մտածողությունը տատիկի խոհանոցը թողել է պատուհանի վարագույրից այն կողմ, որի հետևից ընդգծվում է ճաշ եփող տատիկի, չորացած պղպեղների, կանաչիների ու այլ համեմունքների ստվերները: Տատիկը խոհանոցում մի քիչ ալքիմիկոսի է նման, օրվա ուտեստները բաղադրատոմս չունեն, ստեղծվում են տեղում: Կաթսայից գոլորշի է բարձրանում, տատիկը շերեփով խառնում է ճաշը, մնում է խոհանոցում մինչև ճաշի եփվելը, որովհետև հանկարծ բաց կթողնի ճաշի կրակն անջատելու պահը: Նրա տան սեղանն ամենամեծն է աշխարհում (ինչպես բոլոր երեխաների հիշողության մեջ իրենց տատիկների տան սեղանը), բոլորը նստում են սեղանի շուրջ, տատիկը բերում է ապուրը, լցնում թասերի մեջ ու բաժանում: Ճաշն հանդիսատեսի համար այնքան ախորժելի է, տաք, թասերից դեռ շարունակում է գոլորշի բարձրանալ: Տաթև-տատիկը երջանիկ է, երբ բոլորը կուշտ են ու գոհ իր ընթրիքից: Ստուգելու համար համեղ էր ճաշը, թե` ոչ, ընտանիքի անդամներին առաջարկում է երկրորդ բաժինը,  դրական պատասխաններն այս անգամ ոչ թե երջանկացնում, այլ բարձրացնում են հերոսուհու ինքնագնահատկանը: Ճաշի ժամանակ, պատկերը կրկին դանդաղում է կինոկադրի նման, անշտապ, զգուշությամբ Դագլասը հիշողություն է ներմուծում հորքույր Ռոզին(Կարինե Ծատուրյան), ով նման է խատուտիկների դաշտի մեջ հայտնված վարվռուն կակաչի: Կարմրազգեստ, սեթևեթ ու իր անձը պարտադրող հորաքույրը անընդհատ խոսում է, մշտապես հարցեր ու խորհուրդներ ունի: Կարինե Ծատուրյան-Ռոզը կերպարն ավելի կատակերգական դարձնելու համար, ինչ-որ պահից սկսում է ընդհանրապես չկարևորել իր խոսքի իմաստը, հնչում են կցկտուր բառեր, հնչյուններ, ձայնարկություններ, հանդիսատեսն ավելի ուշ է գլխի ընկնում, որ հորաքրոջը տեսնում է հերոսների աչքերով: Դագլասը-Նարեկ Բաղդասարյանը իրադարձություններին հետևում է օտարված, կողքից, փորձում է փոխել դրանց ընթացքը, շտկել այն, ինչ դուր չի եկել երեխա ժամանակ, հուշում է տատիկին չհամաձայնել, չենթակվել հորաքրոջ խորհուրդներին:  Բայց լինում է այն, ինչ կատարվել է, Սփոլդինգը զգում է այն, ինչ զգացել է երեխա ժամանակ: Հորաքույր Ռոզը փոխում է տատիկի կերպարը, ստիպում «ժամանակակից» հագնվել, կրել նոր ակնոցներ, դասավորում խոհանոցն ու ամեն ինչ փչացնում: Այս տանը ոչինչ փոխելու կարիք չկա, նույնիսկ տատիկի կոտրած ակնոցը: Փոփոխություն բերող հորաքույրը  տանն անտանելի մեծ տեղ է զբաղեցնում,  դա հասկանալի է դառնում, երբ տատիկի խոհանոցի պատին Ռոզի ստվերը գնալով մեծանում է, անբռնազբոս ծիծաղը խլացնում: Զվարճալի և արդարացված է հաջորդ տեսարանի ճամպրուկների հայտվելը:  Իր կամքին հակառակ և ի ուրախություն Սփոլդինգների ընտանիքի, հորքրոջը ճանապարհ են դնում:

Նարինե Գրիգորյանը հետաքրքիր տեքստային խաղով է կապում տեսարանների հաջորդականությունը: Սեղանի  շուրջ նստած են տատիկը և հարևան Լեոն (Արման Նավասարդյան), ով մտքերի մեջ է` արժի՞ փորձ անել և ստեղծել երջանկության մեքենա: Ճաշը ձախողած տատիկը բարձրաձայնում է. «Շնորհքս կորցրել եմ»: Հաջորդ տեսարանն արդեն Լեոյինն է. «Ինչ ունեմ կորցնելու, եթե փորձեմ...»: Լեոյի կերպարն Կառլսոնին է հիշեցնում, ով տանիքներից իջել է, ընտանիք կազմել, երեխաներ ունեցել: Նա գյուտարար-փիլիսոփա  է, միշտ միտքը զբաղված է, շարժումները թափթփված, կենտրոնացումն այլ տեղում է: Թվում է, երջանկության մեքենա կառուցողի և իր կնոջ`Լինայի(Ալլա Սահակյան) միջև տարաձայնություններ կան, Լեոն չի նկատում հոգսի տակ ճկռած կնոջը, ով ամուսնուն խնայելու ճիգեր է գործադրում: Լեո-Արման Նավասարդյանը մշտապես ունի ուշադրության երկրոդ պլան: Նրա ամենակարևոր գործերը կուլիսների հետևում կամ նկուղում են մնացել: Նա անցնում է բեմով ինչ-որ բան փնտրելիս, ինչ-որ դետալ տեղափոխելիս, զրույցներում անուշադիր է, դրանք միշտ խանգարում են ու խառնում մտքերը: Երջանկության մեքենան փորձարկելիս, նա հանկարծ տեսնում է, որ կինը դժբախտ է: Լինան սթափեցնում է, որ ոչ մեկին պետք չէ արհեստական երջանկություն: Արման Նավասարդյան-Լեոն հասկանում է, որ իրական երջանկության մեքենան կառուցել են կնոջ հետ միասին:  Հրաշալի է բեմադրված նրանց աղջկա` Լիզաբելի ծնունդը: Ներս են բերում հսկայական մեծ տորթը, այն իրական է թվում, որովհետև վանիլի բույրը տարածվում է դահլիճում: Ռեյ Բրեդբըրիի և Նարինե Գրիգորյանի համակարծությամբ մոմերը փչող աղջնակը, որին Դագլասը ամեն օր տեսել է բակում, հենց ծննդյան օրը, տասնհինգամյակին ավելի գեղեցիկ կամ ամենագեղեցիկը կթվա: Ու քանի որ բակում կա գեղեցիկ աղջիկ, Դագլասը փորձում է ավելի անվախ ու քաջ երևալ: Ստիպված է լինում հաղթահարել մանկական վախերը: Լիզաբելը Դագլասին ժամադրում է ուրվականներով լի տան մոտ, մի քիչ ծաղրելու և փորձության ենթարկելու համար: Դագլասի հետ են նաև մյուս տղաները: Տարօրինակ ձայներ են լսվում: Երեխաները վախենում են: Նարինե Գրիգորյանն այստեղ էլ կարողացել է վախի տարբեր դրսևորումներ գտնել: Մի քանիսը փախչում են, Դագլասը մնում է տեղում: Նրա մտերիմ ընկերը` Դոգը, որը միշտ տանիքները հեշտությամբ է հաղթահարում, այս անգամ տանիքի թեքության վրա վազում է, վազում, բայց չի կարողանում մագլցել, վազքը տեղում է, մի կետում: Նման զգացողությունը լինում է երազներում վախ ապրելիս, երբ գոռում ես, քեզ չեն լսում, վազում ես, տեղ չես հասնում:

Եթե մի դեպքում ստվերների խաղը ընդգծում է տատիկի խոհանոցի կախարդական և խորհրդավոր լինելը, հորաքրոջ անտանելի մեծ տարածք գրավելը, ապա գնդապետ Ֆրիլինի (Դավիթ Հակոբյան) տեսարանում կանխատեսում է մահը: Բայց նախ գնդապետ Ֆրիլինի մասին: Ի տարբերություն Լեո Աուֆմանի, որը փորձում է ստեղծել երջանկության մեքենա, գնդապետ Ֆրիլինը իսկական ժամանակի մեքենա է, որ միայն անցյալ է տեղափոխում: Երեխաները հաճախ են գնդապետի հյուրը լինում: Ֆրիլինը գամված է անվասայլակին, առաջին անհրաժեշտ պարագաները ամրացված են ձեռքին մոտ: Դավիթ Հակոբյանն իր հերոսի կերպարը մշակել է մանրակրկիտ: Սա մի ծեր մարդ է, ում կյանքը անցել է կարգուկանոնին սովոր: Դա ընդգծելու համար դերասանը ամեն անգամ խորը թմբիրից արթնանալիս, ձեռքը մեխանիկորեն տանում է դեպի սանրը, սանրվում, զինվորականին վայել իրեն կարգի բերում, նոր մարդկանց բարևում է: Ունի կյանքի փորձ, գլխում հարյուրավոր պատմություններ, որոնք պատրաստ է պատմելու, եթե հիշեցնես առաջին բառը. «1910 թվականն էր, Բոստոն...» Պատմում է բառերը երկարացնելով, խոսքին հանդիսավորություն տալով, երեխաների ուշադրությունը կենտրոնացնելով: Ձայնը հուշում է, որ սարսափելի բան է հիմա ասելու, նրա պատմածն իր համար էլ իրականություն է դառնում, հայացքի մեջ տեսնում է սարսափելի պատկերները, պատմությունը վերջանում է, քնի մեջ է ընկնում, արթնանում ու չկա ոչ մի հիշողություն, ամեն ինչ նորից, սանրվում է, ծանոթանում, հնչում է հուշող բառը` 1875 թ., սկսում է նոր պատմություն`ամպը, գետինը, գլուխները...  նա ողջ է, հիշողություների տուտը բացելով նոր շունչ է իջնում վրան: Ֆրիլինը չի հիշում թե քաղաքացիական պատերազմի ժամանակ ում կողմից է կռվել, բայց զգացողությունն հուշում է, որ պատերազմի մեջ հաղթողներ չկան, պատերազմի ավարտն է հաղթանակը: Նա զանգում է իր տարեկից ընկերոջը` Խորխեին, խնդրում է հեռախոսը պահել պատուհանի մոտ, ականջ է դնում մեքենաների, դրանց արգելակների ճռինչին, փողոցի աղմուկներին, որն կարծես ապրելու հիշողությունն է: Դավիթ Հակոբյան-գնդապետի դեմքին հայտնվում է հաճույքի խինդն ու ցավի հեկեկոցը միասին:  Գնդապետի հաջորդ տեսարանում ընդգծվում է անվասայլակի ստվերը, այս անգամ նրա գլխին կախաղանի օղակ է երևում, պատկերի մեջ գույժ կա:

Նա իջնում է անվասայլակից փորսող ձգվում դեպի հեռախոսը, զանգ, Խորխեի ձայնը... և բեմ են մտնում մեքսիկացի պարողներ ու պարուհիներ, որնց հետ գնադապետը պետք է պար բռնի: Գնդապետը ոտքի վրա է, առույգ ինչպես հին ու բարի ժամանակներում: Դավիթ Հակոբյանի պարը ճախարանքի է նման՝ մարմնի կապանքներից ազատված ոգու ճախրանքի: Եվ արտիստն այն վարպետորեն է ներկայացնում: Դատարկ անվասայլակը հուշում է, որ այնտեղ գամված մարդն էլ չկա, պարողներն եկել հերոսին տանելու:  Ռեժիսորական մտահղացման համաձայն Ֆրիլին կյանքին հրաժեշտ է տալիս հատակին ուժասպառ  ընկնելով: Կարծում ենք, ավելի տպավորիչ կլիներ, եթե պարողները տանեին գնդապետին: Դատարկ անվասայլակն ինքնին խոսուն է: Ռեժիսորի կողմից նրան մահացած բեմում թողնելը հաջորդ երկարատև տեսարանում, արդարացված չէր: Այդուհանդերձ հետաքրքիր էր հաջորդ տեսարանի տրամաբանությունը, երբ երեխայի հիշողության մեջ մի մահվան դեպքն  իր հետևից հիշեցնում է մեկ ուրիշը` տատիկի մահը: Բեմական առումով տպավորիչ էր կոնտրաստը. կրակների մեջ կռված մարդու կյանքի հրաժեշտի պարը որպես կյանքի հետ կռիվ, և տատիկի մահը` իր նման հանգիստ ու խաղաղ, հանգչող մոմի պես: Նա հրավիրում է իր հարազատներին, որոնց հետ հանդիպումը, Տաթև Ղազարյանի ներքին դիտողականության շնորհիվ, տեսնում ես դերասանուհու հայացքի մեջ: Այս կինը գոհ է իր կյանքից, խորհուրդներ է տալիս թոռանը, հրաժեշտ բոլորին ու հանգչում մահվան հետ հաշտ, տատիկը գիտի, որ ապրում է իր երեխաների մեջ:

Հետաքրքիր է կառուցված Կարինե Ջանջուղազյանի Հելեն Բենթլիի կերպարը: Միայնակ այրի` հուշերի բեռի տակ, որի ամենօրյա զրույցները մահացած ամուսնու հետ են:  Նրան հյուր են գալիս մանկահասակ աղջիկներ, որոնց միամիտ հարցերը սկսում են նեղացնել կամ վիրավորել տիկնոջը: Խաղընկերները երեխաներ են: Նրանց հարցերը դերասանուհու համար, կարծես, կամերտոն լինեն զգացմունքների գամմա ցուցադրելու հնարավորություն: Երեխաները չեն հավատում, որ ծեր մարդիկ էլ անուններ ունեն, Կարինե Ջանջուղազյանն անակնկալի է գալիս, շփոթվում, դեռ ոչ ոք չէր կասակածել, որ նա կարող է անուն ունենալ: Հետո փոքրիկները զարմանում են, որ Հելեն Բենթլին երբևէ մանուկ է եղել: Նա միանգամայն լրջորեն սկսում է համոզել, որ եղել է: Լարումն աճում է, որովհետև երեխաները ուզում են առանց համոզվելու հեռանալ: Տարեց կինը չի կարողանում բաց թողնել երեխաներին, որոնց աչքում ինքը ստախոս է: Ավելի անհարմար վիճակում է հայտնվում, երբ պարզվում է, որ չկան այն մարդիկ, որ իրեն տեսել են երեխա ժամանակ: Հանկարծ հիշում է զարդատուփի մասին, բերում է այն որպես գանձ, մի քիչ հպարտ, որ ամեն դեպքում ապացույցներ ունի: Զարդատուփից հանում է իր մազակալները, որոնք օգտագործել է երեխա ժամանակ, ապա մանկության լուսանկարներից միակը: Այդ պահին Կարինե Ջանջուղազյանը, կարծես, այդ աղջիկներից մեկն է, նստած է նեղացկոտ երեխայի պես` «այ տեսա՞ք»  դեմքի արտահայտությամբ, հաղթական ու սպասողական, որ պիտի ներողություն խնդրեն իրեն չհավատալու համար, բայց երեխաներն աներեր են իրենց կարծիքի մեջ. «չի կարող նկարի երեխան լինեել այս ծեր կինը», Կարինե Ջանջուղազյան-Բենթլիի համար սա արդեն չափազանց մեծ հարված է, նա խոցված է, վախեցած, ուզում է համոզվել, իսկապես իր մեջ չի երևում այդ երեխան, նմանություն չկա՞, վիրավորանքն այնքան մեծ է, որ էլ կարևոր չէ կգնան փոքրիկները, թե ոչ: «Գնացեք, գնացեք»,- կասի արդեն ծեր կնոջ պես, ավերված ու փլված: Ուսերին կգցի ամուսնու պիջակը, կհանդիմանի իրեն ամուսնու դիրքից ու կհանձնվի վերջնականապես:  Կարինե Ջանջուղազյանը, բնութագարական ու հոգեբանական այնպիսի անցումներ է ներկայացնում համառումից հիացմունքի, զարմանքից զայրույթի անցաման կետերում, որ տեսարանը չես ուզում ավարտվի;

Դագլասի համար կորուստների շարքն անհետևանք չի մնում, հիվանդանում է: Փոքր եղբորից՝ Թոմից իմանում ենք, որ բժիշները օգնել չեն կարողանում: Փոքրիկն օգնության համար դիմում է հնավաճառ Ջոնասին(Գագիկ Մադոյան): Սա մի մարդ է, որ հին իրեր է հավաքում մարդկանցից  և նվիրում նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: Նա շրջել է ողջ աշխարհը, տեսել է շատ մարդկանց, Ջոնասը մադկության գիտելիքների խառնարանն է:  Նա Դագլասի համար շշերի մեջ փակված դեղ է բերում, որը պետք է շնչել:  Շշերի մեջ բնության բոլոր բույրերն են, որոնք ապրելու ուժ են տալիս: Վերադառնում է կյանքի հանդեպ հետաքրքրությունը: Դագլասը նորից կուրախանա, որ ողջ է, ձեռքերը լայն բաց կանի գրկելու համար աշխարհը:

... բեմը մթնում է, հետին պլանում ձեռքերը կողքի պարզած ստվերը հայտնվում է շրջանի մեջ, ընկալվում որպես Լեոնարդո դա Վինչիի «Վիտրուվյան մարդը»` ակնարկելով, որ մարդը տիեզերքի համաչափության և կատարելության խորհրդանիշն է:

Հանգչում են բոլոր լույսերը... Ներկայացումն ավարտված է, լույսերի կրկին վառվելուն պես դերասանները բեմ են գալիս հանդիսատեսին խոնարհվելու, բայց մի պահ նրանց կերպարները կանգ են առնում, անշարժանում լուսանկարների պես, հետահայաց ներկայացումը դարձնելով լուսանկարներից պոկված հիշողություններ:

ՆԱԻՐԱ ՇԱՀՎԱԼԱԴՅԱՆ

2295 հոգի