30.03.2023 03:32
Համլետի բեմական մարմնավորման պատմությունը տակավին չգիտե մի այնպիսի դերասան, որ կարողանար կերպարի հարստությունն ընդգրկել բոլոր կողմերից. միշտ էլ մի որևէ կողմ իշխել է, իսկ մյուս մասերը երևան են եկել որպես ենթակա և օժանդակ տարրեր: Եվ դա ոչ միայն նրա համար, որ անհնար է, այլև այն պատճառով, որ յուրաքանչյուր դերասան, իր դարաշրջանի հարազատ ծնունդը լինելով, կերպարի էությունից առել է այն, ինչ իր ըմբռնումով ավելի է համապատասխանում իր ապրած ժամանակի պահանջներին։ Նույնը և Պոլ Սկոֆիլդը։ Սա էլ, ինչպես իր նախորդները, չի ընդգրկել կերպարն իր բազմազան ամբողջության մեջ:
Համլետի յուրաքանչյուր դերակատար իրավունք ունի շեքսպիրյան հերոսին ներկայացնելու այնպես, ինչպես նա պատկերանում է իրեն, թվում է մոտ ու հարազատ դրամատուրգի ըմբռնմանը: Մոտեցումները կարող են տարբեր լինել, երբեմն նույնիսկ միակողմանի, բայց ոչ այն աստիճան կամայական, որ հակասեն Շեքսպիրին, հանգեն նրա մտահղացման վերանայմանը:
Սկոֆիլդի լուսաբանության դրականն այն է, որ ներկայացնում է մի կերպար, որ մոտ է մեր ժամանակներին, բայց չի կորցնում պատմականության զգացումը:
Առաջին տեսարանից երկրորդին անցնելիս բեմը մթնում է շատ կարճ ժամանակով, մինչև որ պատրաստվի արքունիք ներկայացնելու համար: Եվ հանկարծ, մինչ կլուսավորվեր և կսկսվեր երկրորդ պատկերը, բեմի վրա ընկնում է ոչ մեծ, շրջանակաձև լույս, և մենք տեսնում ենք Համլետի գլուխը։ Մեր առաջ պատանի է, ոչ թե մի տարեց դերասան, որ վարպետության շնորհիվ խաղում է պատանու, այլ պատանության շեմը նոր թողած երիտասարդ արտիստ: Չէինք ասի, թե գեղեցիկ է սովորական ըմբռնումով: Ավանդական երկար մազերը չկան, առատ գանգուրներով է պատած գլուխը, դիմագծերը հոգեկան եռանդ են արտահայտում, բարություն, ազնվություն, իսկ ծով աչքերը՝ վիշտ ու տառապանք: Դա մի պահ է միայն, կարճատև պահ որ հազիվ վայրկյաններ է տևում, բայց մենք ոչ միայն տեսանք Համլետին, այլև կարծես որոշվեց էությունը, այն, թե ինչպիսին է լինելու բեմադրության հերոսը: Ասես ներկայացման բնաբան լինի՝ լույսի մեջ Համլետը, իսկ շուրջը՝ մթամած խավար: Սրանից էլ բխում է Համլետի և նրա շրջապատի հակադրությունը։ Լույսը մի կետ է համատարած խավարի մեջ, ուրեմն և Համլետի մենակության խորհրդանշում, վերջապես՝ լույսի և խավարի պայքար:
Այս բեմադրության մեջ շեշտված են Համլետի դեմոկրատական հակումները: Դրա համար Շեքսպիրը բավականաչափ հիմք տալիս է: Չնայած դրան, մեր տեսած բոլոր Համլետները՝ կամազուրկներից մինչև ամենածայրահեղ մարտնչողները բացառիկությամբ են աչքի ընկել, իրենց շրջապատից ոչ միայն բարձր են եղել, այլև հակադիր: Սկոֆիլդի Համլետը ևս իսկական արքայազն է. և՛ արտաքինով, և՛ հո- գեկան հարստությամբ մի ամբողջ գլխով բարձր է բոլորից: Եվ այնուամենայնիվ նրա և այնպիսի մարդկանց միջև, ինչպիսին գերեզմանափորն է, դերասանները, չկա անջրպետ, գոյություն չունի բաժանող տարածություն, զգում ես, որ ինքն է ձգտում հետները լինել, նրանց շրջանում իր տանջված հոգու համար սփոփանք գտնել: Սկոֆիլդի Համլետը մյուսների նման առանձնացած չէ: Նրա մենակությունն արտահայտված է ոչ թե այդ շրջապատից կտրված լինելով, այլ դրությամբ, վիճակով և մտածողությամբ: Նա իր հոգեկան կացությամբ է մենակ: Սկոֆիլդի դրական հարաբերությունն այդ մարդկանց հետ աչք չի ծակում բարձրատոհմիկի այն զիջողությամբ, որով վերաբերում են մյուս Համլետները գերեզմանափորին կամ դերասաններին: Ընդհակառակը, նկատում ենք ջերմ հարազատություն, որ թույլ է տալիս թագաժառանգին, մոռացած արքայական ծագումը, գերեզմանափորի հետ զրուցելիս թևը գցել նրա ուսին, դերասանի արտասանությունը լսելիս ոչ թե առանձին գահաթոռի վրա նստած մնալ, այլ մյուս դերասանների խմբին խառնված, ունկնդրել գետնին նստած, համարյա թե չոքած վիճակում:
Սկոֆիլդի Համլետին հաճախ ենք տեսնում մտախոհ, համենայն դեպս այնպիսի արտահայտությամբ, որ վկայում է մտքի լարված աշխատանքի մասին:
Այդ տեսակետից հետաքրքիր են մենախոսությունները. ռեժիսոր Պիտեր Բրուկը կառուցել է արագաթափ ներկայացում, տեսարանները միմյանց հաջորդում են արագ-արագ, բայց այն պահերին, երբ Համլետը մնում մենակ՝ ներկայացման ընթացքը դանդաղում է: Ըստ որում՝ Սկոֆիլդը ավանդական մենախոսող չէ: Գրեթե ոչ մի մենախոսություն չի ասվում մի տեղում գամված: Նա մենախոսությունը չի արտասանում, այլ ասում է մեկ նստելով, մեկ բեմի առաջամասը գալով, մեկ էլ բեմի մի այլ մասն ընտրելով իր համար, հաճախ հենվելով պատին: Այսպիսով, նա մենախոսությունը առաջին հայացքից կարծես զրկում է ամբողջությունից, կտոր-կտոր է անում, մասերի է բաժանում, և դրանից, սակայն, շահում է մի այլ կողմ. մենախոսությունն արտասանելիք ամբողջությունից վերածվում է մտածողության բնական գործողության: Մենք տեսնում ենք մտածող մարդուն, որը ոչ թե պատրաստ խոհերով է բեմ եկել, այլ այդտեղ, հենց բեմի վրա են նրա մտքերը ծնունդ առնում. երբեմն մի միտք մյուսից է բխում, երբեմն նոր եզրակացությունը, հակասելով նախորդին, միտքը մղում է առաջ։ Մերթ վկա ենք դառնում մտքի հանդարտ ընթացքին, մերթ նրա պոռթկումներին, որ ներքին անհանգստությամբ Համլետին նետում են մի ծայրահեղությունից մյուսը, հիացումից դեպի հուսահատություն, տագնապից դեպի ոգևորություն: Տեսածը, լսածը Սկոֆիլդ-Համլետին հարկադրում են մտածել, բայց դրանց առաջ բերած արդար զայրույթն այնքան սաստիկ է, որ նա կորցնում է հոգեկան հանգիստը, մատնվում հոգեմաշ տանջանքների: Եվ դա է պատճառը, որ անգլիական դերասանի ստեղծած կերպարի մեջ ամենաիշխող զգացմունքը տառապանքն է: Նրա դեմքը մշտապես տանջանք է արտահայտում. նույնիսկ այն պահին, երբ նա ծիծաղում է, կատակում, միևնույն է, աչքերի մեջ անփարատ մի վիշտ կա և անհուն թախիծ: Փակիր աչքերդ և լսիր միայն ձայնը, և դա էլ բավական է, որ համոզվես, թե քո առջև կանգնած է տառապող մի սիրտ:
Երբեմն տառապանքն այն աստիճանի է հասնում, որ ֆիզիկական ընդարմացում է իջնում վրան և բոլորովին թուլացած՝ փռվում է գետին ու վրդովված ինքն իր հետ, կռվում ինքն իր դեմ: Մենք նրա ձայնի մեջ հեկեկոց ենք լսում:
Սկոֆիլդի Համլետը, թեև պատանի, բայց առնական է: Նրա խաղի մեջ կան քնքուշ պահեր. երբեք չի կարելի մոռանալ նրա սրտառուչ հանդիպումը Օֆելիայի հետ: Նույնը և մոր հետ ունեցած տեսարանում: Երկու դեպքում էլ նրա Համլետը քնարական է, սակայն միաժամանակ տարբեր, առանձնակի, բոլորովին այլ: Սկոֆիլդի Համլետը հայեցող չէ, ոչ էլ կրավորական, ընդհակառակը՝ բուռն է, ուժեղ պոռթկումների տեր: Նրա լացը նվոց չէ, ոչ էլ հիվանդ հոգու արտահայտություն: Դա տղամարդու լաց է: Եվ, ինչպես միշտ, կյանքի ամենաճակատագրական պահերին, տղամարդու մի կաթիլ արցունքը շատ ավելի է ազդում, քան կանանց ողբը: Դա միայն լաց չէ, այլ հոգու խորքից թռած ճիչ, որ աշխարհ գալով մատնում է հոգուն պաշարած անդիմադրելի ցավը: Ով առիթ ունեցավ մի քանի անգամ նայելու Սկոֆիլդի խաղը, չէր կարող համոզվել, որ դա միայն վարպետության արդյունք չէր, այլ հոգու կրակով ջերմացած անկեղծ պոռթկում: Հանդիսատեսի աչքի առաջ մի ազնիվ պատանի է իր ծով վշտերի մեջ, և մենք ապրում ենք նո՛ւյն ցավը, նո՛ւյն տանջանքը:
Համլետի սկոֆիլդյան պատկերացման դրականն այն է, որ կերպարը ներկայացված է որպես մի բարդ և հակասական բնավորություն: Թեև կամազուրկ չէ, նույնիսկ ուժեղ անհատականություն է, սակայն նրա Համլետը կասկածներ ունի և տատանումներ։ Սա էական է, որովհետև վերջին երկու տասնամյակում բեմ բարձրացած Համլետներն ավելի գործի մարդ էին, քան մտածող, փիլիսոփա, ավելի վճռական ու աներեր՝ սկզբից մինչև վերջ, քան հակասություններ ունեցող բարդ բնավորություն:
Սկոֆիլդի Համլետը տանջող հակասությունների մեջ է: Հոր մահը և նրան հաջորդած դեպքերն այն առիթներն են, որ նրան ստիպում են աշխարհը տեսնել մի այնպիսի կե- տից, որ ամբողջովին տակնուվրա արեց նրա պատկերա ցումը կյանքի և մարդկանց մասին: Նա շուրջը տեսնում է սուտ և խաբեություն, կեղծիք ու դավ, վաճառված հոգիներ: Այդպիսով գոյանում է այն մեծ վիհը նրա ձգտումների և իրականության միջև, որը ողբերգականության դրոշմ է դնում նրա մտածողության վրա: Սկոֆիլդյան Համլետի մտքերը մռայլ են, մեկ-մեկ էլ գուցե հուսահատական, բայց ընդհանուր առմամբ ոչ անհույս, ոչ հիվանդագին, ոչ նյարդային: Նա տառապում է, և տառապանքը իմաստություն է բերում նրան: Նա հակադրվում է շրջապատին, նա կռվի մեջ է մտնում նաև ինքն իր հետ և ինքնահաղթահարմամբ, վերջում արդեն, հանգում է այն կետին, որ ուրիշ Համլետների համար պարզ է հենց սկզբից, վարագույրը բացվելու պահից:
Սկոֆիլդի Համլետը մարտնչող չէ: Նա հումանիստ է, Վերածնության շրջանի մարդ և եթե նա անմիջապես վրեժխնդիր չի լինում, ապա խանգարողը միայն այն չէ, որ դեռ շարունակում է հորեղբոր ոճրագործությունը հաստատող ապացույցներ որոնել: Կա մի այլ արգելք, որ բխում է հումանիզմի այն ըմբռնումից, որ ուներ այդ ժամանակների մարդը: Վրեժը պահանջում էր սպանություն, և նա երկյուղ էր կրում, թե հանկարծ չկատարի մի այնպիսի քայլ, որը կարող է հակասել իր հումանիստական իդեալներին, արատավորել իրեն: Գերի այս նախապաշարման՝ Սկոֆիլդի Համլետը չի կարողանում պատյանից հանած սուրը մեխել հակառակորդի սիրտը: Սակայն Սկոֆիլդի Համլետը մեռնում է որպես մարտընչող: Իր կյանքի վերջին պահը նա ապրում է որպես պայքարի մարտիկ: Կյանքը ի վերջո բերում է նրան պայքարի անհրաժեշտության մտքին:
Բեմադրող Պիտեր Բրուկը մի «շեղում» է կատարում Շեքսպիրից, որպեսզի թատերային վառ ձևի մեջ դնի պայքար մղելու անհրաժեշտության հաղթանակը Համլետի մեջ: Համլետը, ինչպես հայտնի է, սուսերամարտում է Լաերտի հետ, չիմանալով այն դավը, որ նյութել են նրա դեմ թագավորն ու Օֆելիայի եղբայրը: Այդ հայտնի է դառնում հետո, երբ Լաերտը վերջին շնչում հաղորդում է Համլետին, որ նա մահացու վիրավորված է, որ սուրը թունավորված է, որ այդ ամենը մի դավ է Կլավդիոսի կողմից նյութված: Պիտեր Բրուկի ներկայացման մեջ դրությունը մի փոքր այլ է: Համլետը և Լաերտը սուսերամարտում են: Համլետ-Սկոֆիլդը ոչինչ չի կռահում, չի էլ նկատում խաղընկերոջը` պաշարած կիրքը, ոչ էլ այն կատաղությունը, որով Լաերտը հարձակման է անցնում: Պայծառ և լուսավոր մարդ լինելով, նրա մտքով էլ չի անցնում, թե իր դեմ դավ է նյութված: Եվ ուրախ, որ թագավորի ձեռնարկած սուսերամարտը նրան միջոց կտա վերստին ջերմացնելու իր և Լաերտի հարաբերությունը, նա սուսերամարտում է ժպիտը դեմքին: Շարժումների մեջ ոչ մի լարվածություն չկա. վարժ և առավել լինելով հակառակորդից՝ նա երկու անգամ հաղթանակ տանելու հնարավորություն է շահում, բայց չի շտապում: Սուսերամարտը խաղ է նրա համար, հաճույք, բավականություն: Բայց ահա Լաերտի սրի ծայրը, որ, ի նշան թունավորված լինելուն, կարմիր է, Համլետի ձախ ձեռքում է պատահմամբ: Նա նայում է և մնում ապշահար: Պետք էր տեսնել Սկոֆիլդի դեմքն այդ պահին, ժպիտն անմիջապես չքացավ, դեմքը լրջացավ և պատանեկան պայծառ արտահայտությունը տեղի տվեց սառն ու խիստ մի հայացքի, որ այդ պահին ոչ միայն խոր հիասթափություն էր արտահայտում, այլև կամք ու վճռականություն: Սկոֆիլդի դեմքին ցավագին արտահայտություն իջավ: Նա այդ ճակատագրական պահն ապրեց որպես մտածող, մի անգամ ևս հաստատվեց այն միտքը, թե մարդ կարող է չլինել այն, ինչ երևում է: Նա գիտեր, զգացել էր այդ, բայց երբեք առիթ չէր ունեցել այդպես մոտիկից նայելու խարդախության աչքերին: Նկարագրել չի կարելի այդ պահը, ոչ մի խոսք չի կարող հաղորդել այն, ինչ տեսավ ու զգաց հանդիսականը: Սկոֆիլդ-Համլետը, թեև անորոշ, բայց գլխի ընկավ, որ դավ է լարված, ուրեմն Լաերտը խարդախ խաղի մեջ է մտել: Այս կասկածը հաստատում է Լաերտը, որը, օգտվելով առիթից, քաշում է սուրն այնպիսի ուժգնությամբ, որ կտրի Համլետի ձեռքը:
Ռեժիսորական այս հղացումը կարևոր է հատկապես Լաերտի կերպարի համար. նա մեզ շատ ավելի անվայել է ներկայանում: Չկարողանալով ազնիվ հաղթանակ շահել, նա տմարդության է դիմում, իջնում մինչև գեշ ստորությսն աստիճանը։ Դավը մի կողմից, Լաերտի տմարդի արարքը մյուս կողմից՝ բնականորեն հասունացնում են պայքարի անհրաժեշտության գիտակցությունը Համլետի մեջ: Սուսերամարտի բնույթը փոխվում է, մանավանդ, երբ Համլետը տիրում է Լաերտի սրին: Հիմա արդեն իսկական պայքար է: Հարձակվողը հիմա Համլետն է. նա, ասես կատաղի վագր, հետապնդում է փոքրոգի հակառակորդին, որն անհույս պաշտպանության մեջ՝ կորցրել է գլուխը:
Տպավորությունը սաստկանում է նրանից, որ ռեժիսորը հմտորեն շարժման մեջ է դրել պալատականներին: Սուսերամարտիկների հետ մարդիկ մեկ այս կողմն են նետվում, մեկ այն կողմը և այնպիսի ձայներ արձակում, որ լիովին արտահայտում են տագնապի պահը (ի դեպ նկատենք, որ ռեժիսորի հմտությունը այնպիսի չափերի է հասնում, որ ինչպես այլ տեսարաններում, այնպես էլ այստեղ, սակավաթիվ մարդկանցով կարողանում է առաջացնել ահագին բազմության տպավորություն):
Նայում ես և մտքովդ չի անցնում, թե աչքիդ առջև դերասաններ են, որ նրանց պայքարը փորձերի ընթացքում ձեռք բերված մի պարզ վարժություն է: Դա իսկական կռիվ է, ահեղ պայքար, և հավատացած, որ տեսածդ իրականություն է, շունչդ պահած հետևում ես մարտի ընթացքին:
Սկոֆիլդ-Համլետը մարմնացած վրեժ է, կատաղի մի ուժ, որին այլևս ոչինչ կանգնեցնել չի կարող: Նա մեռնում է որպես մարտիկ: Եթե շարունակվեր նրա կյանքը, ապա այդ կյանքը կանցներ պայքարի մեջ: Ուրեմն՝ կարևորն այն է, որ, ըստ ռեժիսորի մտահղացման և Սկոֆիլդի խաղի, Համլետը հանգում է պայքարի անհրաժեշտության գիտակցության և ընկնում է կռվի մեջ որպես ճշմարիտ հերոս:
Համլետը մեռնում է Հորացիոյի ծնկների վրա: Նրա դեմքին չկա այլևս տանջող կասկածի ոչ մի արտահայտություն: Նրա դեմքը հանգիստ է, հայացքը խաղաղ: Ճշմարտությունը նվաճված է, հաղթանակը շահված: Մի պահ միայն աչքերի խաղաղությունը չքանում է, հայացքը կտրվում շրջապատից, պայծառացած նայում է հեռուն։ Նրա միտքը թոիչք կատարեց և իր հանդուգն սլացքի մեջ գուցե և հասավ ապագային:
Երբ Ֆորտինբրասի զինվորներն իրենց ձեռքերի վրա բարձր պահած տանում են Համլետին, ինչպես վայել է իսկական հերոսին, մենք միայն մի պահ ենք տեսնում Համլետ Սկոֆիլդի գլուխը՝ անհունորեն սիրելի և հարազատ, իսկ հետո նրան ծածկում է սգախմբի հետևից գնացող Հորացիոն:
Ընկնելով հակառակորդների խարդախ դավից՝ Սկոֆիլդի Համլետն ընկնում է որպես հաղթանակած ուժ: Ինչին նա չհասավ զենքով՝ հասավ մտքով: Գտավ այն, ինչ որոնում էր: Դրա համար էր նա տանջվում ու տառապում: Դրա համար էր նա իր դեմ հանել մի ամբողջ պալատական միջավայր։ Սկոֆիլդ-Համլետի ողբերգական կործանման ետևը կանգնած է «հումանիզմի պատմական հաղթանակը»:
1955