Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

30.03.2023   02:05

Կինոնկարի կրկնօրինակումը մեր արվեստում նոր ասպարեզ է: Եվ անպայման կարևոր: Կրկնօրինակման շնորհիվ աշխարհի մի ծայրում ստեղծված կինոժապավենը մատչելի է դառնում այդ նույն աշխարհի մի այլ ծայրում։ Եվ սա մեկն է այն ձևերից, որի շնորհիվ կամրջվում են երկրագնդի չորս ծագերը:

Սկզբից երկու խոսք մի տարակույսի մասին:

Միշտ մտածել եմ ու հիմա էլ համարյա նույն մտքին եմ, թե ինչպե՞ս կարելի է դերասանի խոսքը «թարգմանել»: Չէ՞ որ դերասանի ստեղծած կերպարը հնարավոր չէ անջատել նրա ձայնից, ձայնական ելևէջներից, ինտոնացիոն նրբերանգներից և խիստ անհատական շեշտադրումներից: Շարժումը, նայվածքը կերպավորման նույնքան հարազատ բաղադրիչներ են, որքան ձայնը իր բոլոր մանրամասնություններով: Այս բոլորը մի ամբողջություն է: Հապա մի պահ փորձեցեք պատկերացնել Փափազյանին մի այլ, թեկուզ շատ ավելի լավ ձայնով, քան իրենն էր։ Փափազյանի խզված ու խուլ ձայնը, որպես արտահայտատեսակ, տարիների ընթացքում ընկալվել է այնքան և այնպես միատեղ, որպես նրա դերասանական արվեստի ընդհանուր նկարագրի մի անբաժանելի մաս, որ մի այլ, նույնիսկ հնչեղ ձայն «քայքայման» կենթարկեր մեզանում ստեղծված փափազյանական արվեստի «նախապաշարումը»: Ենթադրություններ անելու փոխարեն բերեմ մի օրինակ։ Հրաչյա Ներսիսյանի Էլիզբարովը կրկնօրինակելու էր հրավիրվել Կենիդսոնը: Փայլուն դերասան, իսկական վարպետ, ձայնն էլ, փառք աստծո, այնպիսին, որ շատ դերասաններ կուզենային ունենալ։ Եվ ի՞նչ։ Ոչ մի տպավորություն հայ հանդիսականների վրա: Մեզ համար Հրաչյայի ստեղծած կերպարը անբաժան էր նրա ձայնից, ձայնական այն հարստությունից, որ համապատասխանում է այդ դերասանի, հենց այդ, և ոչ մի ուրիշի կերպարանավորման արվեստի բոլոր այն միջոցներին ու հնարանքներին, որ մեզ հայտնի են իբրև ներսիսյանական արվեստի դրսևորումներ: Եվ մի դերասան, որ այն, ինչ անում էր այսօր ու չէր կրկնում վաղը նույնությամբ, որովհետև մի օր հետո հուզական ներքին հագեցվածությունը մի այլ չափ էր ընդունում, ինչպե՞ս կարող էր փոխարինվել մի ուրիշ ձայնով: .

Ես հասկանում եմ, որ Հրաչյայի մասին պատկերացում չունեցող օտար հանդիսատեսը «Պատվի համարը» նայելիս, հայ արտիստի Էլիզբարովը կընկալի ռուս դերասանի ձայնի հետ միասին և իբրև տպավորություն կընկալի իբրև ամբողջություն, սակայն չիմանալով, որ մի հարստությամբ փոխարինվել է մի այլ հարստություն, այլապես նա էլ կունենար նույն ընդդիմացումը, մանավանդ, եթե ունի ըմբռնումն այն ճշմարտության, թե արվեստում ոչ մի հարստություն մյուսին փոխարինել չի կարող: Երբ մի դերասան իր հետ բեմ է բերում մի արվեստ, որ քո սրտովն է, քեզ հայտնի է նրա ձայնը, որ նույնքան անկրկնելի է, որքան աչքերը, ժպիտը, մանավանդ որ ոչ ժպիտը, ոչ աչքերը, ուրեմն և ձայնը, միայն ժպիտ կամ աչքեր ու ձայն չեն, այլ... «հոգեկան շարժման դրսևորում»։

Գրիչ եմ ձեռքս առել դրվատելու կինոդերակատարման մի կրկնօրինակում, որը զբաղեցրեց ինձ և մտածել տվեց մի այլ հարցի շուրջ։ Եթե ընդունենք, որ կինոնկարի կրկնօրինակումը արվեստ է, արվեստի մի ճյուղ, որ հիմա, շատ լայն ասպարեզ լինելով, գործի է կոչել դերասանների մի մեծ բազմություն, ապա ինչպիսի՞ն պիտի լինի։ Մեր կրկնօրինակումների փորձը երկու միմյանց հակառակ մոտեցում է նախանշում:

Սմոկտունովսկին մի դերասան է, որն այժմ շատերի ուշադրության կենտրոնումն է: Նրա ամեն մի նոր դերակատարման լուրն անգամ զբաղեցնում է մեզ:

Հափշտակությունս Սմոկտունովսկիով սկիզբ առավ 1953-ից, Լենինգրադում, երբ տեսա նրան «Ապուշը» ներկայացման մեջ՝ Միշկինի դերում: Եվ հետո ինչ որ տեսել եմ, - իսկ տեսել եմ միայն էկրանում, -որքան էլ գոհ ու բավական, այլևս չհասավ այդ տպավորությանը: Այդ բոլորից հետո պարզ չէ՞, որ չէի ունենա ներքին մղում՝ տեսնել իմ սիրած արտիստի կրկնօրինակումը, այն էլ՝ Համլետի դերում: Ու որքան հավատացնում էին ինձ, թե լավ է արված, հաջող, չէի համաձայնում նայել, ու եթե չլիներ մի պատահական, ավելի ճիշտ՝ հարկադրված դեպք, ես մինչև հիմա տեսած չէի լինի «Համլետ» կինոժապավենի կրկնօրինակումը, որտեղ Համլետի դերը կատարում է Խորեն Աբրահամյանը: Ու երևի ցավալի մի բան կլիներ ինձ համար:

Շարունակում եմ խոսքս մի խոստովանությամբ ևս: Չեմ սիրում հայկական կրկնօրինակման ենթարկված որևէ կինոնկար դիտել: Ոչ այն պատճառով, որ մեր դերասաններն այդ գործն ավելի վատ են անում, քան, ասենք, ռուսները: Պատճառն այլ է։

Մեր դերասանների ձայնը ինձ լավ ծանոթ է, ու ես ֆիլմը դիտելիս, իմ կամքից անկախ, երկփեղկված վիճակ եմ ապրում: Մի կողմից՝ էկրանում հերոսն է, մյուս կողմից, լսելով նրան կրկնօրինակողի ձայնը, հայացքիս առջև ձայնի հետ մեկտեղ կանգնում է հայ դերասանի պատկերը: Դա, իհարկե, խանգարում է, և սաստիկ: Բայց ասածս երևի չի վերաբերում լայն հանդիսատեսին, որի վիճակում եմ լինում նաև ես՝ ֆրանսիական որևէ կինոնկարի ռուսական կրկնօրինակումը դիտելիս: Երբ կրկնօրինակողի ձայնը քեզ լավ ծանոթ չէ կամ բնավ հայտնի չէ, ակամա այն տպավորությանն ես լինում, թե լսում ես իրեն՝ դերասանին, և ոչ թե մի ուրիշի, որ արժ վեստագետի և դիտողի մեջտեղն է ընկել, թեկուզ և կամրջողի բարձր հասկացողությամբ: Այսպես, ինչպես Համլետի կրկնօրինակումն արել է Խորեն Աբրահամյանը, հասկացա, որ կարող է մի դերասան մի ուրիշ դերասանի խոսքը «թարգմանել»:

Ուրեմն՝ խոսքը վերաբերում է կրկնօրինակման արվեստում գոյություն ունեցող երկու տարբեր մոտեցման. մի միտումն այն է, երբ կրկնօրինակողը պահպանում է իր անհատականությունը, Դորոնինայի ռուսերեն ասածը հայերեն ասելիս մնում էր ինքը՝ ինչպես մեզ ծանոթ է իր ձայնով, իրեն միայն հատուկ խոսվածքով: Այսինքն՝ չկար նույնացումն այն արտիստի հետ, որին կրկնօրինակում է: Մյուս միտումը դրա ճիշտ հակառակն է, որի կիրառողը Խորեն Աբրահամյանն է:

Խոսքն այն մասին է, որ Խորեն Աբրահամյանը ոչ թե հայերեն է ասում Սմոկտունովսկու ռուսերեն ասածը, այլ խոսում է այնպես, ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես Սմոկտունովսկին:

Մի պահ, ավելի ճիշտ՝ առաջին պահերին լսում ես Խորեն Աբրահամյանի ձայնը և ճանաչում, որովհետև գիտես, որ կինոնկարը ստեղծվել է ռուսերեն, մանավանդ որ ձայնն էլ քեզ ծանոթ է, բայց կարճ ժամանակից մոռանում ես կրկնօրինակողին, վերանում է ակնարկածս երկփեղկվածությունը, և մեր առջև միայն Սմոկտունովսկին է: Եվ ուրիշ ոչ ոք: Ոչ մի Խորեն Աբրահամյան չկա: Չկա, որովհետև հայ դերասանը սեփական չեզոքացման խնդիրն է դրել իր առջև, որ ինքը չլինի հանկարծ Համլետի ռուս դերակատարի կողքին։ Այսինքն՝ արված է առավելագույնը՝ ստեղծելով այնպիսի պատրանք, թե ինքը Սմոկտունովսկին է հայերեն խոսում, և ոչ թե մի ուրիշը՝ նրա փոխարեն։ Սխալ կլինի մտածել, թե դա հետևանք է ձայների նմանության։ Երկու դերասանների ձայների միջև նմանություն չկա: Այդ թյուր տպավորությունը դարձյալ կրկնօրինակողի օգտին է: Նշանակում է նա հասել է նույնանալու այնպիսի մի չափի, երբ ձայների տարբերությունը մոռացվում է և, բնավ նման չլինելով, ընկալվում է նման։ Մի պահ մտքովս անցավ, թե Խորեն Աբրահամյանին, իբրև կրկնօրինակողի, մակարդակ է հաղորդում դերատեքստի մասեհյանական թարգմանությունը, մանավանդ, որքան նկատել եմ, կրկնօրինակումների թարգմանական որակն ընդհանուր առմամբ բարձր չէ, բայց հետո վանեցի այդ միտքը. այդ դեպքում ինչի՞ց է հապա, որ մյուս կրկնօրինակող դերակատարները, նույն թարգմանությունն իրենց ձեռքի տակ ունենալով, նույնպիսի հաջողության չեն հասնում:

Հայ դերասանը նախ պարզել է, թե իբրև գործող միտք և իբրև հույզի արտահայտություն, ինչ է իրենից ներկայացնում այն, ինչ հայտնի է Համլետ անունով: Եվ հետո, «յուրացրել» է համլետյան հոգու շարժման սմոկտունովսկիական անձնավորումն իր նրբություններով ու մանրամասնություններով: Եվ, վերջապես, հասկացել է, որ պիտի արտահայտի ոչ թե իր ըմբռնածը, այլ Սմոկտունովսկունը: Եվ սխալ կլիներ, այն էլ մեծ, եթե հայ դերասանի հաջողությունը վերագրվի ընդօրինակման ձիրքին, երբ դա ավելի ինքն իրենից հրաժարվելու կարողությամբ է բացատրվելու, իրեն ուրիշի կամ ուրիշին իր մեջ գտնելու կամ երկուսը միավորելու շնորհքով ու կարողությամբ:

Բացի այդ Աբրահամյանը կարողացել է հասկանալ, թե ինչ է Սմոկտունովսկին արվեստում ընդհանրապես, Համլետի դերը կատարելիս՝ հատկապես. ո՞ր դեպքում նա ինչպես է զարմանում, ինչու և ինչպես է շեշտադրում խոսքը, ինչպես է նրա Համլետը մտածում, թե երբ ու ինչպես է լարվում միտքը, մի պահ կծկվում է թռիչք կատարելուց առաջ, մի խոսքով՝ թափանցել է տվյալ արվեստագետի, նրա ու տվյալ կատարմանը հատուկ դերասանական էությունը, մի խոսքով՝ պարզել է նրա արվեստի «գաղտնիքը» կամ, թերևս, ավելի ճիշտ կլինի, եթե ասենք՝ հմայքը, որ գուցե և ավելի անբացատրելի է, քան գաղտնիքը, քանի որ գաղտնիքն այնքան ժամանակ է գաղտնիք, մինչև որ, մի օր բացվելով, դադարում է գաղտնիք լինելուց:

Չհաշված «Զգուշացիր ավտոմոբիլից» կինոնկարի կրկնօրինակումը, որի գլխավոր դերը նույնպես Սմոկտունովսկին է կատարում, ինձ հայտնի չեն Խորեն Աբրահամյանի այլ կրկնօրինակումները և չեմ կարող ասել, թե այդ դեպքում նա նույն վիճակու՞մն է, ինչ մեր մյուս կրկնօրինակողները: Իմ խոսքը վերաբերում է մի մասնավոր դեպքի, որն իբրև նմուշ այնպիսի մակարդակ ունի, որ թվում է՝ այդ առիթով արժե խոսել ու միտք անել այն մասին, թե ինչպիսին պետք լինի կրկնօրինակման արվեստը:

Հ. Գ. Հոդվածն այս գրել ու ավարտել էի և որոշեցի չբավականանալ վաղեմի տպավորությամբ և ինքս ինձ ստուգելու նպատակով նորից դիտել «Համլետի» հայերեն կրկնօրինակումը: Նայեցի: Տպավորությունս նույնն էր, և դրանից բխող բոլոր եզրահանգումները համոզիչ թվացին ինձ: Չբավականացա դրանով և որոշեցի նույն օրն իսկ մի անգամ էլ լսել իրեն՝ Սմոկտունովսկուն: Եվ նայեցի «Համլետ» կինոնկարը: Կրկնօրինակումից հետո, տեղնուտեղը: Չէի սխալվել. տպավորությունս ճիշտ էր և կարելի էր հանձնել տպագրության... սակայն երևի մի լրացումով: Որ նույնացման մեջ հայ արտիստը շեղումներ ունի. ինչ-որ տեղ իմաստ վերցնող խոսքն ավելի է ընդգծում, մղում դեպի ուշադրություն: Կամ մի այլ տեղ շատ ավելի ուժեղ է հաղորդում, ավելի պոռթկուն է դարձնում խոսքը: Ուրիշ շեղումներ էլ կան: Նույնանալով հանդերձ, ուրեմն, Աբրահամյանը լիովին չի հրաժարվում իր անհատականությունից ևս: Բայց որովհետև հիմնականն այնպես է, ինչպես ռուս դերասանի մոտ է, ապա այդ բոլոր շեղումները չեն ընկալվում որպես շեղումներ և ընդունվում են որպես բնական մի տուրք սեփական անհատականության, որից մարդը եթե ուզի էլ չի կարող հրաժարվել: Թեև այդպես չէ: Դա տպավորություն է միայն։ Որովհետև այն, ինչ անում է հայ արտիստը՝ ավելի գիտակցված միջամտություն է, երբ նախշի ընդհանուր հյուսվածքը պահում է նույնը, և իսկապես այդպես էլ է, բայց ինչ-որ տեղ գույնի երանգը փոփոխվում է, ընդհատված գիծը ինչ-որ մի կարճ տարածություն էլ է շարունակում: Եվ ընդդիմանալու, առարկելու պահանջ չենք զգում, նախ՝ որովհետև կրկնօրինակողն իր բոլոր շեղումները կատարում է մտքի և հույզի սմոկտունովսկիական ընդհանուր մթնոլորտի շրջանակի մեջ, և երկրորդ՝ իբրև ներքին անհրաժեշտություն, որ կարող էր այդպես լինել և ռուս դերասանի խաղում, բայց այդպես չէ, որովհետև ի վերջո դրանք դերասանական տարբեր անհատականություններ են, մեկը Սմոկտունովսկի է, մյուսը՝ Աբրահամյան: Եվ հայ դերասանի մոտեցման արժեքն էլ հենց այն է, որ կարողացել է հաղթահարել իրեն, դառնալ սմոկտունովսկիական և բոլոր այն մասնակի դեպքերում, երբ շեղվել ու արել է այլ կերպ, ապա այնպես, որ դա էլ ընկալվի որպես սմոկտունովսկիական:

588 հոգի