Այս երեկոն բացառիկ դարձավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի առաջնախաղով։ Ռեժիսոր Անուշ Սարգսյանի «Բանալի երկուսի համար» բեմադրությունը թատերական հրավառության է նման։ Ներկայացման յուրաքանչյուր րոպեն զարգացում է ապրում։ Իրադարձությունների կծիկն այնքան է խճճվում, որ թվում է , թե ուր որ է ներկայացումը կավարտվի։ Բայց յուրաքանչյուր նոր տեսարան ավելի անհավանական ու չափազանց զվարճալի էջ է ավելացնում սիրային խառնաշփոթին՝ զարգացնելով նոր, էլ ավելի զվարճալի իրավիճակներ։
Ռեժիսորը բեմական փառահեղ պայմանականության մեջ հաճախ ռեալիզմի հատվածներ է ներմուծել, ինչն ավելի է հարստացրել ներկայացումն անակնկալներով։ Գունեղ, պայծառ, հետաքրքիր ու աշխատող դեկորները ևս կախարդական փայլ հաղորդեցին ներկայացմանը։ Բացառիկ է նաև դերասանական խաղը։ Անի Քոչարյանը, Արա Դեղտրիկյանը, Մարգարիտ Խաչատրյանը,Հասմիկ Վերդյանը և մյուս դերակատարները այնպես են մարմնավորել կերպարները, որ մոռանում ես ծանոթ ու սիրված դերասաններին ու սկսում ես հավատալ կերպարի իրականությանը։ Նրանք դերասանական բարձր վարպետությամբ փայլում էին բեմում։
Շնորհակալություն ռեժիսորին, դերակատարներին կատակերգության ժամանակակից ու հետաքրքիր բեմադրության համար։ Խորհուրդ եմ տալիս անպայման դիտել ներկայացումը:
24.03.2023
ԱՐՄԵՆ Ամիրյան