Սեղմիր
ԳԻՏԱԿԱՆ

09. 03. 2023   0:31

Նվիրվում է Երվանդ Ղազանչյանի ծննդյան 85-ամյակին[1]

Ներածություն

2022թ. հունիսի 2-ը պիտի տոն դառնար բոլորիս համար. մենք պիտի շնորհավորեինք Երվանդ Ղազանչյանին՝ ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով և ի պատասխան լսեինք նրա սրամիտ կատակները: Բայց

Ինչպես իրեն ճանաչողներից շատերը, ես ևս՝ շատ եմ հիշում իրեն, կարոտում իրեն՝ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որը նրա համար հարազատ օջախ էր և որի առաջընթացին նա նվիրաբերեց իր ողջ տաղանդը, փորձն ու գիտելիքները: Իր հեռանալով թատրոնը որբացավ:

Մեր նպատակն է բացահայտել այն մեծ դերը, որն ունեցել է տաղանդավոր  ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը (1937-2019) Տիգրան Չուխաճյանի (1837-1898)  կոմիկական օպերաների բեմական ճակատագրում:

Տիգրան Չուխաճյանը և նրա «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերան

Դերասան, երգիչ, դրամատուրգ, թարգմանիչ և ուսուցիչ Թագվոր Նալյանի լիբրետոյի հիման վրա գրված «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի պրեմիերան տեղի է ունեցել Կ.Պոլսում 1875-ի նոյեմբերի 5-ին` արձանագրելով շռնդալից հաջողություն: Գլխավոր դերերգերի կատարմամբ հանդես են եկել Շազիկը (Ֆաթինե), Հովհաննես Աճեմյանը (Խուրշիդ), Խաչիկ Փափազյանը (Սանսար-Հասան), Գարեգին Ռշտունին (Ճինկյոզ), Թագվոր Նալյանը (Հոր-հոր աղա) և այլք: «Լեբլեբիջին» դարձավ Չուխաճյանի ամենասիրված, տարածված և ժողովրդականացած օպերան: Չուխաճյանն անմահացավ հենց այս օպերայով: «Լեբլեբիջին», թերևս այն եզակի օպերաներից է, որն ունի բացառիկ ընդգրկուն աշխարհագրություն և ներկայացվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում` թուրքերեն, հունարեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, բուլղարերեն, ֆրանսերեն: Օպերան բազմիցս ծափահարվել է Մերձավոր Արևելքում` Լիբանանում, Սիրիայում, Անդրկովկասում (Բաքվում և Թիֆլիսում), Եվրոպայում` Ֆրանսիայում, Հունաստանում, Կիպրոսում, Բուլղարիայում, Ռումինիայում, Աֆրիկայում` Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Կանադայում, նաև` Թուրքիայում և Հայաստանում: Ի դեպ՝ սա համարվում է «թուրքական առաջին օպերետը»[2]:

«Լեբլեբիջին» Հայաստանում

Հայաստանում «Լեբլեբիջին» առաջին անգամ ներկայացվել է 1943-ի ապրիլի 19-ին, Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում` «Կարինե» վերնագրով, Թադևոս Սարյանի նոր լիբրետոյի հիման վրա, Արամ Տեր-Հովհաննիսյանի երաժշտական ղեկավարությամբ[3]: Բեմադրության ռեժիսորը Թ.Սարյանն էր, նկարիչը` Միքայել Արուտչյանը: Դերերը կատարել են Տիգրան Այվազյանը (Հոր-հոր աղա), Էդվարդ Համբարձումյանը (Մարգար), Արամ Սամվելյանը (Արմեն), Զեմֆիրա Սեդրակյանը (Կարինե) և այլք:

1950-ի մայիսի 21-ին Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում «Կարինեի» նոր բեմադրությունն է, որն իր «բեմադրական-գեղարվեստական հետաքրքիր հղացումներով ուշագրավ երևույթ է մայրաքաղաքի երաժշտական-թատերական կյանքում: «Կարինեի» նոր բեմադրությունը հիմնականում հաջողված ներկայացում է, որի մեջ աչքի է ընկնում ռեժիսորական բարձր կուլտուրան»[4]: Բեմադրությունն իրականացրել էր Վարդան Աճեմյանը, ռեժիսորն էր Թ.Սարյանը, դիրիժորները` Սուրեն Չարեքյանն ու Գուրգեն Կարապետյանը, նկարիչը Շ.Հակոբյանն էր, պարերը` Զ.Մուրադյանի և Ա.Լեբեդևի: Գլխավոր դերերի կատարմամբ հանդես են գալիս Ա.Արևշատյանը (Հոր-հոր աղա), Ա.Անդրիասյանը (Կարինե), Ֆ.Օհանյանը (Արմեն), Է.Համբարձումյանը (Մարգար), Ն.Ալիխանյանը (Նազլու), Գ.Ոսկյանը (Ոստիկանապետ), Ե.Շահնազարյանը (Ոսկան), Ա.Բարսեղյանը (Տիգրան), Ս.Էրամջյանը (Շուշան): Պարերին մասնակցում են Ա.Լեբեդևը, Ս.Թազաբարյանը, Հր.Պողոսյանը, Մ.Մարտիրոսյանը, Ց.Ջանիբեկյանը[5]:

Հունիսի 5-ին Հայկական թատերական ընկերությունում տեղի ունեցած՝ «Կարինեի» բեմադրության քննարկման ընթացքում զեկուցումով հանդես է գալիս Ս.Գասպարյանը, մտքերի փոխանակությանը մասնակցում են Վ.Աճեմյանը, Ռ.Շիրոյանը, Լ.Հախվերդյանը, Ա.Արաքսմանյանը, Ս.Բարսեղյանը, Շ.Տալյանը, Լ.Սամվելյանը, Գ.Յաղջյանը, Ս.Սարգսյանը, Մ.Դավթյանը, Տ.Շամիրխանյանը[6]: Առանձնապես սուր վիճաբանությունների տեղիք է տալիս լիբրետոն. ելույթ ունեցողներից ոմանց կարծիքով (Շ.Տալյան, Ս.Բարսեղյան, Ս.Սարգսյան) «Կարինեն» «այս բեմադրության մեջ ճիշտ չի մեկնաբանված, որ նախորդ լիբրետոն գաղափարապես ավելի խիստ էր, քան նորը, Հոր-հոր աղայի կերպարը, որ դեմոկրատական խավերի ներկայացուցիչն է` ներկայացման մեջ սխալ կերպով բացասվում է և անխնա ծաղրվում: «Կարինեի» լիբրետոն դեռևս հեռու է բավարար լինելուց: Կերպարներին լիբրետոյում տրված բնութագրումները հաճախ հակասության մեջ են մտնում երաժշտական բնութագրումների ու երբեմն էլ` պարզապես արիաների տեքստերի հետ: Որոշ կերպարներ չունեն որոշակի վարքագիծ»[7]:

«Լեբլեբիջին» երկու անգամ բեմադրվել է Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում:

1951-ի դեկտեմբերի 23-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում բեմադրվում է «Կարինեն»` որի խմբագրությունն ու երաժշտական լրացումներն իրականացնում է Արտեմի Այվազյանը: Դիրիժոր` Սուրեն Չարեքյան, ռեժիսոր` Վարդան Աճեմյան, նկարիչ` Պատվական Անանյան: Գլխավոր դերերը կատարում են Գոհար Գասպարյանը (Կարինե), Նար Հովհաննիսյանը (Հոր-հոր), Ֆ.Օհանյանը (Արմեն), Միհրան Երկաթը (Մարգար), Մարիաննա Սեդմարը (Շուշան), Մարիա Չմշկյանը (Ռուզան), Սերգեյ Գալստյանը (Միսակ) և այլք[8]:

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում «Լեբլեբիջիի» վերջին բեմադրությունը 1988-ի հունիսի 17-ին իրականացնում է Տ.Լևոնյանը: Լևոնյանը վերականգնում է «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» վերնագիրը, գրում նոր լիբրետո: Բեմադրության դիրիժորն էր Յուրի Դավթյանը, իսկ գլխավոր դերերգերի կատարմամբ հանդես են գալիս Հենրիկ Ալավերդյանը (Հոր-հոր), Հասմիկ Պապյանը (Կարինե), Հրաչյա Նիքսալյանը (Արմեն), Կոստանտին Սիմոնյանը (Մարգար) և ուրիշներ:

Տ.Չուխաճյանի «Կարինեն» Երվանդ Ղազանչյանի մեկնաբանությամբ

Տևական դադարից հետո՝ ավելի քան 6 տասնամյակ անց Երվանդ Ղազանչյանի շնորհիվ Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում իրականացվեց «Կարինեի» երրորդ բեմադրությունը:

Հայ երաժշտական թատրոնի տարեգրության մեջ պատմական օր դարձավ 2014 թվականի հունվարի 25-ը: Տևական ընդմիջումից հետո հայրենիք կրկին վերադարձավ Տիգրան Չուխաճյանի «Կարինե» օպերետը` հայացված «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերան, որի փայլուն պրեմիերան տեղի ունեցավ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում` թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի երաժշտական ղեկավարությամբ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Էլիբեկյանի բեմանկարչությամբ:

Ես ինքս, իմ գերծանրաբեռնվածության պատճառով, երաժշտական քննադատությամբ գրեթե չեմ զբաղվում, սակայն այս դեպքում չէի կարող չարձագանքել, և շուտով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 2014թ. մարտի 27-ի համարում (ի դեպ՝ մարտի 27-ը հենց թատրոնի միջազգային օրն է) տպագրվեց «Տիգրան Չուխաճյանի «Կարինեն» վերադարձավ, որ այլև չհեռանա»[9] վերնագրով իմ ռեցենզիան, որտեղ հայտնեցի նաև բեմադրությունը ՀՀ նախագահի մրցանակի ներկայացնելու վերաբերյալ ցանկությունս, որը շուտով իրականություն դարձավ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակը շնորհվեց «արվեստի բնագավառում՝ Երվանդ Ղազանչյանին, Լալա Պուլուզյանին, Ավետիք Խալաթյանին, Արսեն Գևորգյանին և Վահագն Մարգարյանին՝ Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի համար»[10]:

Եվ ահավասիկ Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ և նրա քառամյա համառ ջանքերի շնորհիվ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և VivaCell MTS ընկերության հովանավորությամբ Երևանում կրկին հնչեց «Կարինեի»` հայ ունկնդրին այնքան հարազատ ու դյութիչ երաժշտությունը:

Երվանդ Ղազանչյանը, ում գնահատմամբ ներկայացումը «թատրոնի հետագա կյանքին նոր գույն բերեց», նրբորեն էր զգացել ու հաղորդել Չուխաճյանի մտահղացման և երաժշտական դրամատուրգիայի յուրօրինակությունը: Ոճական իմաստով ներկայացումը միասնական էր և երաժշտության պահանջներին հարազատ` ծավալվում էր մեկ շնչում (ռեժիսոր` Շուշանիկ Գևորգյան):

Ներկայացման մեջ ընդգրկվեցին թատրոնի հիմնականում երիտասարդ ուժերը, ովքեր էլ հիացրեցին հանդիսատեսին: Գլխավոր դերակատարներից յուրաքանչյուրն ստեղծեց իր հերոսի դիպուկ կերպարը: Հարազատ կոմպոզիտորի մտահղացմանը` Լալա Պուլուզյան-Կարինեն գրավիչ-կանացի էր, պոետիկ և քնքուշ: Սիրահար զույգի սիրո պատմությունը վարպետությամբ կերտեց Արսեն Գևորգյան-Արմենը:

Օպերետում Կարինեի և Արմենի անկեղծ, խոչընդոտները հաղթահարող և վերջնականապես հաղթանակող սիրո պատմությունը համեմված է բազմաթիվ կատակերգական իրավիճակներով, որոնց կենտրոնում Հոր-հոր աղան է` օպերետի կենտրոնական կոմիկական կերպարը: Աղքատ ու ծեր սիսեռավաճառի, սոցիալական ցածր դասի ներկայացուցչի փոքր-ինչ անտաշ, միևնույն ժամանակ ջերմ ու սրտառուչ, խորապես մարդկային կերպարը համոզիչ ու վարպետորեն ներկայացրեց Վահագն Մարգարյանը: Ներկայացմանը հատուկ համ ու հոտ տվեց Արմենի հնարամիտ ընկերը` Ավետիք Խալաթյանի-Մարգարը: Տպավորիչ էին Բորիս Պեպանյան-Ոստիկանն ու Կարինե Բուռնազյան-Խաթունը

Նվագախումբը, որն այդքան կարևոր դեր է խաղում օպերետում, Յուրի Դավթյանի ղեկավարությամբ հնչում էր գունագեղ, ներդաշնակ ու կուռ: Երկար տասնամյակների փորձառություն ունեցող դիրիժորի մեկնաբանության մեջ զգացվում էր «սիրահարվածությունը» Չուխաճյանի երաժշտությանը, բացառիկ հոգատար վերաբերմունքը նրա հանդեպ: Բանն այն է, որ 1966-ին Երևանում ստեղծված Հայաստանի հեռուստառադիոպեկոմի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարելու համար Սարատովից հրավիրված Յու.Դավթյանը Տ.Չուխաճյանի «կարապի երգի»` հայոց անդրանիկ հեքիաթ-օպերայի, «Զեմիրեի» հայաստանյան միակ ձայնագրության դիրիժորն է:

Համաձայնեցված և հյութեղ էր հնչում երգչախումբը (խմբավար` Շուշան Հովհաննիսյան), որը նպաստում է գլխավոր հերոսների երաժշտական կերպարների բացահայտմանը և տարբեր իրավիճակների ստեղծմանը, իսկ պարային տեսարանները (պարերը` Աննա Կարապետյանի) օրգանապես ներգրավվեցին ներկայացման մեջ:

«Կարինեի» բեմադրությունը Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում իր պատմաքաղաքական ու ռազմավարական նշանակությամբ (հաճախ ենք մենք բողոքում, որ թուրքերն ու ադրբեջանցիները յուրացնում, սեփականաշնորհում են մեր արժեքները` միաժամանակ մոռանալով, որ մենք ինքներս պետք է տեր կանգնենք դրանց) և պրոֆեսիոնալ բարձր մակարդակով դարձավ երևույթ Հայաստանի մշակութային կյանքում:

Երվանդ Ղազանչյանը և Տիգրան Չուխաճյանի «Արիֆի խորամանկությունը» կոմիկական օպերան

Երվանդ Ղազանչյանը, ինձ նման, Չուխաճյանի օպերային երաժշտության մեծ երկրպագուներից էր (ի դեպ՝ մեր շարքերը բավական ստվար են, նկատի ունեմ տաղանդավոր բեմադրիչ և դերասան Ժիրայր Փափազյանին, տաղանդավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին, եգիպտահայ երաժիշտ Հայկ Ավագյանին և ամերիկահայ դաշնակահար Ջոն Սարգսյանին):

2011 թվականին լույս տեսավ իմ «Տիգրան Չուխաճյանի երաժշտական թատրոնը» մենագրությունը[11]: Ու մինչ ես տպաքանակից Երվանդ Խաչատուրիչին կնվիրեի իր համար նախատեսված օրինակը, նա արդեն գրախանութում տեսել էր և գնել (գիրքը լույս էր տեսել պետպատվերի շրջանակներում և տպաքանակի որոշակի մասը հանվել էր վաճառքի): Դրա մասին իմացա, երբ գնացի իր մոտ՝ գիրքս նվիրելու: Այդ պահին ցույց տվեց իր օրինակը: Ես ապշեցի՝ չէ՞ որ անպայման պիտի նվիրեի իմ մեծ բարեկամին: Բայց… չէր համբերել:

Եվ ահավասիկ «Կարինեի» հաջողությունից հետո Երվանդ Ղազանչյանը, ձեռնամուխ եղավ Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Տիգրան Չուխաճյանի «Արիֆի խորամանկությունը» օպերայի բեմադրությանը. դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, բեմանկարիչ՝ Ռոբերտ Էլիբեկյան, գիտական խորհրդատու՝ Աննա Ասատրյան:

«Արիֆի խորամանկությունը»[12]` հայկական առաջին կոմիկական օպերան, գրված ըստ Գոգոլի «Ռևիզորի», բեմադրվել է 1872-ի դեկտեմբերի 9-ին Կ.Պոլսում և նշանավորել թուրքական երաժշտական թատրոնի սկզբնավորումը: Սա առաջին պրոֆեսիոնալ օպերան էր ամբողջ Մերձավոր Արևելքում: Հայ երաժշտական իրականության մեջ առաջին դեպքն էր, երբ բեմ էր բարձրանում հայ կոմպոզիտորի օպերան` հայ արտիստների կատարմամբ: «Արիֆն» ունեցավ շռնդալից հաջողություն` մեծ հռչակ բերելով հեղինակին: Առաջնախաղի ժամանակ գլխավոր հերոսուհի Մերիեմի դերերգը կատարեց օսմանյան բեմի պրիմադոննա Շազիկ Քյոյլույանը, իսկ Արիֆի երգամասով հանդես եկավ լիբրետոյի հեղինակ Հովհաննես Աճեմյանը:

«Արիֆի» հետ է անմիջականորեն կապված Տ.Չուխաճյանի կյանքի հետևյալ դրվագը. «Չէր կրնար մոռնալ, որ այնքան դափնիներ խլած և մասնագետ երաժիշտներե եռանդով ծափահարված էր, արժանանալով անոնց արդարացի գնահատման: Շատ անգամ խանդավառությամբ կպատմեր յուր աշակերտաց, թե 1877-ի արվեստահանդեսը տեսնելու առթիվ Վիեննա գտնված ատեն փորձեր էր անգամ մը ցույց տալ տնօրենին յուր անդրանիկ գուսաներգությունն եղող «Արիֆին Հիյլեսի»ի ձայնագրյալ տետրակը, հասկնալու համար թե այս տեսակ գործ մը որչափ ժամանակեն կարելի է ներկայացնել եվրոպական թատերաբեմերու վրա, կազմ ու պատրաստ վիճակի մեջ դնելով բոլոր դերակատար գուսանները, առ որ կպատասխանե ցուցահանդեսի տեսուչը թե հազիվ կրնա վեց ամիսեն պատրաստել. Չուհաճեան կհայտնե թե ինքը երեք ամիսեն պատրաստած և ներկայացուցած իսկ է Պոլսո թատերաբեմերու վրա. տնօրենը չկրնալով զսպել իր հիացումը, կսե լակոնական ոճով մը՝ «Դուք հայ եք, կրնաք ընել»:

Այս չորս բառերը որքան մեծ արժեք ունեին այնպիսի մարդու մը բերնին մեջ, որ Եվրոպայի լուսաշողշող հրապարակին վրա տարիներու փորձառությունն ունեցած էր ամեն տեսակ գեղարվեստի և գիտությանց մեջ խորասուզվելով շարունակ. ուստի բնական էր, որ գիտակից քննադատի մը այս թանկագին գնահատությունը շատ խորհրդավորություն ներգործեց հայ քոմպոզիտորին վրա, որն որ գոհ չըլլալով լոկ խոսքեն, կխնդրե արվեստահանդեսի տեսուչեն որ գրավոր կերպով բարեհաճի վավերացնել յուր այդ պատվաբեր վկայությունը, զոր անմիջապես երկտողիվ մը կհաստատե ու ստորագրելով կուտա այդ վկայագիրն: Կրնա երևակայել մեծանուն երաժշտապետին ուրախությունը ձեռք ձգած ըլլալուն համար այդ թղթին կտորը, զոր յուր ամեն փառքերեն ավելի համարելով գուրգուրանոք պահած էր մինչև կենաց վախճանը, երբեմնակի ցույց տալով իր բարեկամաց և հազվագյուտ մասունքի մը պես զետեղելով վերստին յուր հուշատետրին մեջ»:[13]

Ցավոք՝ ժամանակին մեծ ժողովրդականություն վայելած «Արիֆի խորամանկությունը» կոմիկական օպերան, որը 2022-ին բոլորեց իր ստեղծման 150-ամյակը, հանիրավի մոռացության է տրվել՝ Հայաստանում չի բեմադրվել և այսօր այն անծանոթ է երաժիշտներին ու երաժշտասերներին: Միակ բացառությունը տեղի ունեցավ 2012թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ Նիստերի դահլիճում: «Տիգրան Չուխաճյանի կամերային ստեղծագործությունը» համերգի ընթացքում Հայաստանում առաջին անգամ, գիտական աշխատանքով զբաղվող երիտասարդ երգիչների ու դաշնակահարների կատարմամբ ներկայացվեցին էջեր Տ.Չուխաճյանի կամերային ստեղծագործությունից` մեներգեր ու դաշնամուրային գործեր: Համերգի ավարտին՝ տողերիս հեղինակի կատարմամբ հնչեց «Արիֆի խորամանկությունը» օպերայից կոմպոզիտորի կատարած տրանսկրիպցիաներից մեկը` Առաջին գործողության N 7 ֆինալի Արիֆի և Մերիեմի զուգերգը, որտեղ տեղավորված է Արիֆի սիրո խոստովանությունը:

Ցավոք՝ 2019թ. հուլիսի 30-ին բոլորիս համար անսպասելի կյանքից հեռացավ Երվանդ Ղազանչյանը՝ իր հետ գերեզման տանելով Հայաստանում «Արիֆի» բեմադրության վերջին հույսը:

Ու ես կարծում եմ, որ մենք պիտի իրականացնենք Երվանդ Խաչատուրիչի այս երազանքը, և Մայր հայրենիքում՝ Երվանդ Խաչատուրիչի հարազատ օջախում, բեմ բարձրացնենք հայկական առաջին կոմիկական օպերան, քանի որ իրավացի էր հույն նշանավոր մտածող և բժիշկ Հիպոկրատը, երբ ասում էր՝ “vita brevis, ars longaԿյանքը կարճ է, արվեստը (գիտությունը)՝ հավերժ):

Եզրակացություն

Նշանակալի է հայ տաղանդավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի ներդրումը Տիգրան Չուխաճյանի կոմիկական օպերաների բեմական ճակատագրում:

Երվանդ Ղազանչյանի ջանքերով Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում իրականացվեց Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի հայացված տարբերակի՝ «Կարինե» օպերետի 3-րդ բեմադրությունը, որն իր պատմաքաղաքական և ստրատեգիական նշանակությամբ և պրոֆեսիոնալ բարձր մակարդակով դարձավ խոշոր երևույթ Հայաստանի մշակութային կյանքում՝ արժանանալով ՀՀ Նախագահի մրցանակին:

Երվանդ Ղազանչյանը նախաձեռնեց նաև հայկական առաջին կոմիկական օպերայի՝ Տիգրան Չուխաճյանի «Արիֆի» բեմադրությունը, որը ռեժիսորի անժամանակ մահվան պատճառով, ցավոք, մնաց անավարտ:

Օգտագործված աղբյուրներ

[1] Զեկուցումը ներկայացվել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Վարշավայի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտությունների կենտրոնի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կողմից 2022թ. հոկտեմբերի 6-7-ը Երևանում կազմակերպված «Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» միջազգային գիտական նստաշրջանի առաջին նիստում:

[2] Տե՛ս Музыкальная энциклопедия, т. 5, Москва, «Советская нциклопедия», 1981, стр. 642.

[3] Տե՛ս Բրուտյան Ցիցիլիա, Արամ Տեր-Հովհաննիսյան, Երևան, Հայպետհրատ, 1962, էջ 40-44:

[4] Բաբայան Իդա, Վարդան Աճեմյանի աշխարհը վավերագրերում, Երևան, 2006, էջ 209:

[5] Հարությունյան Բաբկեն, Սովետահայ թատրոնի տարեգրություն, գիրք երկրորդ (1941-1960), Երևան, 1969, ՀՍՍՀ ԳԱ հրատ., էջ 381-382:

[6] Նույն տեղում, էջ 384:

[7] Բաբայան Իդա, Վարդան Աճեմյանի աշխարհը վավերագրերում, Երևան, 2006, էջ 212-213:

[8] Հարությունյան Բաբկեն, Սովետահայ թատրոնի տարեգրություն, գիրք երկրորդ (1941-1960), էջ 441:

[9] Տե՛ս Ասատրյան Աննա, Տիգրան Չուխաճյանի «Կարինեն» վերադարձավ, որ այ­լևս չհեռանա, «Հայաստանի Հանրապետություն», 2014, 27 մարտի, հինգշաբթի, թիվ 52 (5861), էջ 5:

[10] Ասատրյան Լիլիթ, Սերունդների կապը՝ գիտելիքով. Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը, «Հայաստանի Հանրապետություն», 27 մայիսի, 2015, էջ 3:

[11] Asatryan Anna, The Musical Theatre of Dikran Tchouhadjian. Yerevan, Gitutyun (Science) Publishing House of the NAS RA, 2011 (in Armenian).

[12] Օպերայի մասին տե՛ս Asatryan Anna, Dikran Tchouhadjian's Opera Arif's Ruse (dedicated to the 150th anniversary of creating the first Armenian comic opera), Yerevan, «Journal of Art Studies», 2022, N2, p. 5-27.

[13]

ԱՆՆԱ Ասատրյան

732 հոգի