Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

06. 03. 2022  0:48

Ես, քսանամյա պատանի, ուսուցիչ էի Ախալքալաքի այն դպրոցում, որի դիրեկտորը Էդգար Էլբակյանի հայրն էր՝ Գևորգ Էլբակյանը։ Թեև ընդամենը ութ-ինը տարով էր ինձանից մեծ, բայց գրեթե բոլոր ուսուցիչները նրա ազդեցության տակ էին, իսկ բարձր դասարանի աշակերտներն ընդօրինակում էին իրենց դիրեկտորի շարժուձևը, խոսքի շեշտը, ամեն ինչ… 40 և ավելի տարի է անցել, բայց հայացքիս առջև է երեքամյա Էդգարը՝ ծուռ տոտո, շալվարը վրայից ընկնող, անունն էլ «Խլոբուս».

Տարիներ անցան:

Ու մի օր քսանամյա Էդգարը հայտնվեց Երևանում: Դերասան դառնալու նրա որոշումը անակնկալ էր ինձ համար։ Նախ՝ այն պատճառով, որ նրա մեջ բեմական շնորհներ չէի նկատել, թեև ձայնական աչքի ընկնող տվյալներ ուներ, մանավանդ, որ հոր նման էլ լավ էր երգում՝ ազատ, անկաշկանդ, մեկ հումորով լի, մեկ՝ ճշմարիտ հուզականությամբ: Շատերը կարծում էին, թե նա երգիչ կդառնա։ Վերջապես, ինձ խանգարում էր նաև վաղեմի պատկերացումը, որից չէի կարողանում ազատվել:

Մեր տանն էլ վեճ կար՝ դերասան դառնա՞, թե՞ երգիչ։ Տնեցիք այն համոզման էին, թե երգին պիտի նվիրվի։ Էդգարը համառում էր՝ ոչ մի էստրադա, բեմ, միայն բեմ։ Ինձ դուր էր գալիս դա: Բայց ավելի դուր եկավ մի այլ բան: Ես պասսիվ էի պահում ինձ, ավելի ճիշտ՝ զգույշ, որ չլինի, թե ճակատագրական դեր խաղամ մեկի ապագան որոշելիս, մանավանդ, երբ ինքս որոշակի համոզվածություն չունեի։ Մի օր ասացի, թե երգչի, այն էլ էստրադային, ճանապարհը դեպի փառքը, շատ ավելի կարճ է, քան դրամատիկական թատրոնի դերասանինը։ Հավասար տվյալների դեպքում։ Բայց դա էլ չազդեց վրան: Եվ ես սկսեցի համակվել նրա ոգևորությամբ և պաշտպանել նրան հակառակ դիրք բռնողներից: Մտածեցի, որ այդպիսի հավատի համար հոգու խորքում մի անխախտ հիմք պիտի լինի։

Ընդունվեց թատերական ինստիտուտ։ Նրա դասախոսներից մեկն էլ ես էի՝ հայ թատրոնի պատմություն: Ուսանողական բեմում նա ինձ շարժուն թվաց և բավական արտահայտիչ, քան սպասում էի, բայց դարձյալ ավելի հոռետես էի, քան լավատես: Եվ դրա պատճառը երևի այն էր, որ մեր տան զվարթ ու անհոգ հավաքույթներին, որոնք հաճախ էին լինում այն ժամանակ, Էդգարը հաջողությամբ ընդօրինակում էր ուսուցիչներին։ Ընդօրինակման ձիրքը հակացուցիչ է ստեղծագործող դերասանի համար: Գուցե ոչ միշտ, բայց մեծ մասամբ՝ ընդօրինակողը լուսանկարչի վիճակում է:

Էդգարը դերասանի որակավորման վկայագիր ստացավ և ընդունվեց Պատանի հանդիսատեսի թատրոն: Տիգրան Շամիրխանյանը միանգամից հասկացավ, թե ինչ նյութ է իր տրամադրության տակ։ Մի երկու ներկայացում և Էդգարը ուշադրություն գրավեց: Մի տարի էլ չէր անցել, որ նրա հաջողությունները նորեկի համար տեղ բացին արդեն անուն հանած դերասանների առաջին շարքում։ Նրան արդեն վստահում էին հերոսական դերեր՝ Պավել Կորչագին, Արտիստ (Շիրվանզադեի պատմվածքի բեմականացման մեջ), Ֆերդինանդ: Եվ չնայած հաջողությանը՝ ընդօրինակելու նրա շնորհքը ինչ-որ մի տեղ խանգարում էր նրան, որովհետև փոխադրում էր բեմ իր սիրելի ուսուցիչներից մեկի պահվածքը, շարժուձևը, նույնիսկ՝ նայվածքը…

Դպրոցական հանդիսատեսը սիրեց ու կապվեց նրա հետ: Չեմ թվարկի դերերը, մի երկուսի անունը միտս է մնացել, մի քանիսինը՝ ոչ։ Եվ վերջապես՝ իմ նպատակը չէ դերասանի դիմանկարը գծել:

Թատրոնում հայտնվեց Լևոն Քալանթարը և բեմադրեց «Ռեվիզորը»։ Էդգարին հանձնարարվեց Խլեստակովի դերը։ Ա՜յ քեզ անակնկալ: Բայց ավելի մեծ անակնկալն առաջին անակնկալի արդարացումն էր, փայլուն կատարում։ Ոչ ավելի, ոչ պակաս՝ փայլուն կատարում։ Ոչ թե թատերական ինստիտուտի քառամյա դասընթացն անցած ու ինչ-որ բաներ սովորած ու վարժված մի դերասան էր հանդիսատեսի առջև, այլ բեմի համար կոչված մարդ: Այս արդեն անկասկած էր։

Թե ինչ դժվար դեր է Խլեստակովը՝ հայտնի է։ Դերասանը պիտի խաղա «դերասանի»։ Այս կրկնակ դերասանությունն իր մեջ կրում է մի վտանգ՝ ձևացում կենդանի ապրումի հաշվին:

Ես չգիտեմ, թե Լևոն Ալեքսանդրովիչն ինչ խորհուրդներ է տվել երիտասարդ դերասանին, բայց վստահ եմ, որ այդ խելոք ու հազվագյուտ զարգացման տեր մարդը ամենայն հավանականությամբ պիտի ասած լինի, որ Խլեստակովն այն ստախոսներից է, որը հավատում է իր ստին: Պետք էր տեսնել, թե Էլբակյանը ինչպես էր անում այդ:

Էլբակյան-Խլեստակովի կատարման լավագույն մասերը կապված էին ստի տեսարանների հետ։ Գեղեցիկ էր ստում:

Չեմ կարող հիմա ասել, թե որ պահին ինչպես, բայց Էլբակյան-Խլեստակովի վրա ազդում էր կանացի շրջապատի հափշտակվածությունը իրենով, և սկսում էր ինքն իրեն դուր գալ։ Թվում էր, թե ուր որ է հիմա պետք է կանգ առնի ու ինչ-որ մի կետում չափի տակ դնի ստի թռիչքը: Բայց դերասանը համարձակորեն գնում էր հակառակ ճանապարհով, թույլ էր տալիս չափի զգացման կորուստ, որտեղ արդեն շրջապատի հափշտակությունը հաղորդվում էր իրեն ու արդեն ինքն էլ էր հավատում իր ստին, նույնիսկ այնքան, որ հազիվ էր հևիհև հասնում իր ստերի հեղեղի հետևից:

Ուրիշ լավ Խլեստակովներ, որոնց տեսել եմ ես, խորամանկ էին: Էդգար Էլբակյանի պատկերած Խլեստակովն այնքան էլ խորամանկ չէր և նրա «ստաբանության» մեջ մի հաճելի միամտություն կար, որն առավել համոզիչ էր դարձնում նրա կերպարն ամբողջությամբ առած և միանգամայն ներդաշնակ՝ Գոգոլի տված բնութագրությանը:

Երևի հիմա, արդեն տարիներ անց, հետաքրիր կլիներ նորից տեսնել Էլբակյանին Խլեստակովի դերում: Եվ ինչու չտրվի այդ հնարավորությունը դերասանին:

Սունդուկյանի անվան թատրոնում հայտարարված էր մրցույթ: Շահողներից մեկը Էդգար Էլբակյանը եղավ։ Բայց բավական երկար ժամանակ նա չունեցավ իր դերը:

Վերջապես՝ երկու դեր. Գիքո՝ «Պեպոյում» և Տարելկին՝ «Դատական գործում»։

Տարելկինի դերակատարման հանդեպ չունեմ շատերի հիացումը: Բայց կատարման մեջ կա մի կողմ, որ գրավում է ինձ։ Ոչ մի դերում Էլբակյանի բեմական տվյալներն այնպես փայլուն չեն երևում, ինչպես այստեղ։ Այս կատարումը տվյալների ցուցադրում ը։ Ինչպիսի՜ լայն չափերի է հասնում դերասանի արտաքին արտահայտչականությունը։ Վերջապես, բեմադրողի՝ Վարդան Աճեմյանի առաջադրանքը՝ պլաստիկ լուծում տալու կերպարին, Էլբակյանն այնպիսի հմտությամբ է անում, ասես իր տարերքի մեջ լինի։ Ինչ թաքցնեմ՝ բավական ժամանակ է, որ բեմական խնդրի պլաստիկական այդպիսի լուծում, այն էլ այդպիսի մակարդակով, չեմ տեսել։ Ու այն փաստը, որ Էլբակյանի դերասան խաղընկերները, իսկ վերջերս նաև ռուս հանդիսատեսը Մոսկվայում Գուրգեն Ջանիբեկյանի հոյակապ Վառավինի կողքին նկատել ու գնահատել են նաև Տարելկինի դերակատարին, կանչել «բռավո, Տարելկին», նշանակում է դերասանին հաջողվել է «խաբել» թե՛ առաջիններին, թե՛ երկրորդներին։ Ուզում եմ ասել՝ կարողացել է կաշառել արտաքին արտահայտչականության գերազանց խաղով, որը կարող ես չընդունել, բայց չես կարող չհիանալ, որովհետև, ինչ արվում է, արվում է շատերի համար ցանկալի մակարդակով։

Հայ և վրաց բեմերում բավական Գիքոներ եմ տեսել, բայց Գևորգ Դավթյանից հետո առաջնությունը կտայի Էդգար Էլբակյանին:

10. Այստեղ կարելի էր վերջակետ դնել, այլևս չասել Գիքոյի մասին: Դրանից ավելի բարձր գնահատական չի կարող լինել դերասանի համար։ Եվ, այնուամենայնիվ, հարկ եմ համարում ուշադրություն դարձնել այն երևույթի վրա, որ բեմական երկու, մեկը մյուսից բարձր կատարումները՝ Խլեստակով և Գիքո, համարյա ոչ մի ընդհանուր եզր չունեն: Մեկը՝ երիտասարդ, մյուսը՝ ծեր, մեկը շարժուն, մյուսը՝ դանդաղկոտ, մեկն արագախոս, մյուսը՝ ծորուն խոսք ու զրույցի տեր:

Վերջապես՝ էություններն են տարբեր, մեկը՝ խաբեբա, մյուսը՝ նահապետական ազնվությամբ լեցուն, մեկը շահել, ուրիշներից օգտվել է ուզում, մյուսը ուրիշների վշտակիցն է ու նրանց բարի կամեցողը։ Եվ դարձյալ կերպարի, ինչպես նաև նրան ծնող միջավայրի սուր զգացողություն: Ու երկու դեպքում էլ հոգեբանական նուրբ դիտողականություն, հիմնավորված անցումներով լի։ Էլբակյան-Գիքոյի բուն նյութը Շուշանի ու Պեպոյի առաջ չբացվելն է, նույնիսկ՝ քողարկվելը, ինչպես դա կարող է անել մաքուր հոգու տեր անձնավորությունը, որ իր կամքից անկախ՝ ընկել է «ստի» մեջ։ Եվ ինչ նրբությամբ է անում արտիստն այդ ամենը:

Այնտեղ Քալանթար, այստեղ Աճեմյան: Ու եթե Խլեստակովի դեպքում առաջինը եղել է նրան դեպի «արտաքին» դրսևորում, չլինելով այդ ոճի սիրահարը, սակայն առաջնորդվելով կերպարի թելադրած բնույթով, երկրորդը, դարձյալ ելնելով գրական նյութից՝ դերասանին մղել է դեպի կերպարի ներքին հագեցում, դեպի հոգեկան մի թաքնված «ինքնատառապանք», որի հմայքն էլ լուսավորում է պատկերվող բնավորությունը, նաև հոգեբանությունը ոչ միայն հին Թիֆլիսի կոլորիտի իմաստով հավաստի, այլև մարդկային առումով խորապես ճշմարտացի։

Մտաբերում եմ մի խաղադետալ:

Բարաթը կորցնելու և գտնելու երկար ու բարակ պատմությունն անելիս՝ «Սա, մի ասի բալնիքս ջիբիմեն կու հանե» խոսքերի վրա Գիքո-Էլբակյանը գրպանից հանում է բանալիների կապը, առանձնացնում մեկը, որով իբր թե «քվիր տղեն» բացել է զանտուկի մեջ պահված ղութին, ապա գլուխն օրորում է, ասում է՝ «չէ», այսինքն՝ սխալվել է, այս բանալին չէ, այլ մյուս, առանձնացնում է այդ մյուսն ու շարունակում իր պատմությունը։ Թվում է աննշան մի բան, որ կարող էր լինել և չլինել, բայց աննշանը գտնված է տեղին, ըստ կերպարի բնավորության ու խառնվածքի, ու կերպար բացահայտող։ Եվ գտնվածն էլ արվում է այնպես, ի միջի այլոց, բայց այնքան հարազատ, որ մի պահ թվում է հեղինակային ցուցման հաջող կատարում է և ոչ ավելի:

Երբ «Պեպոյի» առաջին ներկայացման վարագույրը փակվեց՝ ուրախության հետ միասին մի քիչ էլ տխրեցի, թե ինչպես կարող էի տարիներ առաջ Էդգարի մեջ չնկատել դերասանին:

Եթե Էդգարը լսեր իր երգով հրապուրվողներին ու երգիչ դառնար՝ նրա ժողովրդականությունը հիմա երևի ավելին կլիներ, բայց նա չէր լինի հեղինակ երկու լուրջ ստեղծագործության, որոնք աներկյուղ կարելի է գլուխգործոցներ համարել:

Ու եթե հիմա գրում եմ, ապա նախ՝ մի ժամանակվա «մեղքս» քավելու նպատակով և հետո՝ մի հուսով ու համոզումով։ Էդգարի սերնդակիցների ուսերի վրա է թատրոնն այսօր։ Բայց ոչ Էդգարի, որը, գոնե իմ տպավորությամբ, չի օգտագործվում իր արժանիքների համեմատ: Եվ եթե օգտագործվի, դա ոչ միայն իր, այլև թատրոնի ստեղծագործական շահը կլինի։

ՌՈՒԲԵՆ Զարյան

1972

695 հոգի