Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Մեծ կասկածանքով և տարակուսանքով էի գնում ներկայացմանը։ Հրանտ Մաթևոսյան, «Գոմեշը» և վիպակի բեմադրությունը։ Չէի պատկերացնում նման գործի բեմադրությունը, անիրական և անհնարին էր թվում։ Տպավորված եմ, ապշած, ավելին` ցնցված։ Ստեղծագործական մտքի ինչպիսի թռիչք , անիրականը իրական ներկայացնելու ինչպիսի գեղարվեստական լուծում։

Գտնված էր, երևի հնարավորին միակ ձևաչափը` մոնոներկայացում։ Բայց սա մեզ հայտնի մոնոներկայացումների, նույնիսկ հանճարեղ Սուրեն Քոչարյանի մոնոընթերցումների նման չէր։ Լավ, ֆորմատը գտնված էր , բայց դա պետք էր իրագործել, որը անչափ դյուրին գործ չէ։ Պետք է գրավել, կլանել հանդիսատեսին և ամենակարևորը համոզել, որ հենց Մաթևոսյանի գոմեշն է։

Այդ անիրական, աներևակայելի, խրթին դերը կատարյալ, գերազանց իրականացրեց տաղանդավոր, չքնաղ դերասանուհին` ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։ Դա խաղ չէր, դա ապրում էր, դա գոմեշի կաշվի մեջ մտած փոխակերտվածք էր։ Դժվար է բառերով ներկայացնել տպավորությունը, զգացողությունը, պետք է դիտես և ինքդ զգաս, ապրես։ Մի բան հաստատ կասեմ` Նարինե Գրիգորյանը համաշխարհային մասշտաբի արտիստ է։

Այո՜, Արտիստ, ոչ միայն դերասանուհի։ Սրանք էին իմ համառոտ տպավորությունները ներկայացումից։ Գնացեք և դիտեք, երևույթ է այսօրվա թատերական աշխարհում։

25.02.2023

ՎԼԱԴԻՄԻՐ Գրիգորյան

472 հոգի