Սեղմիր
ՀՐԱՊԱՐԱԿԱ ԽՈՍՈւԹՅՈւՆ

26.09.2020  01:37

Հարցն այս, որի լուծումը տեւական ժամանակ մեզ մտահոգում է, առաջին հայացքից կթվա, թե թատրոնի ներքին խոհանոցին է վերաբերում: Բայց եթե թատերաց փակագծերը բացենք, ապա կպարզվի, որ ստեղծագործական յուրաքանչյուր չլուծված հարցի վերջնական հասցեատերը արվեստասեր հանրությունն է: Մի պարզ պատճառով. առկախված այդ խնդիրներն ինքնաբերաբար իրենց բացասական հետքն են թողնում թատերական «արտադրանքի`» ներկայացման որակի վրա: Իսկ որակի առաջին հերթի պահանջատերը հենց հանդիսատեսն է, որ կա: Ուրեմն միջազգայնորեն հանրահռչակված ժողովրդավարության միջավայրում թատերասերը բարոյական իրավունք ունի տեղեկացված լինել հանգուցալուծում չստացող ստեղծագործական խնդիրների ճակատագրից: Եվ ահա այդ անլուծելի թվացող խնդիրներից տխրահռչակ նվիրակարգի է վերածվել թատրոնների գեղարվեստական ղեկավարների, տնօրենների «կամայականությունները»: Հակաստեղծագործական երեւույթներ, որոնց ծագման համար պարարտ հող ստեծողը թատրոնի մասին համակողմանի օրենքի բացակայության հանգամանքն է: Ինքնահատուկ աշխատանքում ստեղծագործական փոխհարաբերությունների իրավական կարգավորումների չգոյությունը:

Ահավասիկ, բառիս ամենաուղղակի իմաստով միջազգային կարգի արտիստ Մուրադ Ջանիբեկյանը: Գիտենք` վերոհիշյալ բնորոշումը շա˜տ-շատերի ատելախառն արհամարհանքը կշարժի: Սակայն ի ցավս նմանօրինակ նախանձամիտների` իրականությունն այլ բան է մատուցում: Հիրավի, նա իր մասնագիտական հարգը ոչ միայն այստեղ, այլեւ միջազգային հարթակում է ապացուցել: Ոչ վաղ անցյալում «Խոստովանություն» մոնոներկայացմամբ արտերկրում միջազգային փառատոնին մասնակցելով` տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգի մրցանակին է արժանացել: Ուշադրություն դարձնենք, որ բարդագույն թատերատեսակում հանդես գալով է մրցանակակիր դարձել: Մենաներկայացման թելադրած պայմանձեւի պահանջով, հոգիդ սովորականից ավելի մերկ է եւ խաղային առումով հույսդ միայն քեզ վրա է: ՀՀ վաստակավոր արտիստն էլ, Միշել դե Գելդերոդեի համանուն պիեսի կերպար Ֆիլիպ երկրորդին կերպարավորելիս, թերեւս, արտահայտչական այդ մարտահրավերները հաշվի առնելով էր, որ հմտորեն հրամցնում էր շշուկի տարատեսակ հնչեցումները: Այդ թվում նաեւ` դիմախաղի հաշվենկատ խաղարկումն ու խոսքի բարդ հոգեբանական աստիճանավորումը: Առանց ներաշխարհային բնապաշտությանը հարող անհիմն պաթոսի: Ընդ որում ի հեճուկս ճշմարտությունը բարոյահոգեբանական անճաշակություն համարողներիՙ նրա մասնագիտական ձեռքբերումը դրսում է եղել: Հայրենի թատերական համակարգի հայտնի պայմանականություններից անկախ: Ժողովրդախոսակցական լեզվով ասած` արտերկրացիները Մուրադ Ջանիբեկյանին ո՛չ հոր կողմից էին ազգական, ո՛չ մոր կողմից էին բարեկամ, առավելեւս` ոչ էլ` մեկ ուրիշ կասկածելի կողմից էին մերձավոր: Հարկավ հոգեմոտ էին արվեստի համամարդկային լեզվի` էմոցիոնալ անկեղծության բերումով: Չափազանց թանկ հատկություն, որը ռուսական թատերագիտական շրջանակաների այսօրվա մեծահռչակ շեքսպիրագետ Ալեքսեյ Բարտաշեւիչն էլ է կարեւորում: Համոզկեն պնդում, որ այժմյան բեմարվեստում հույժ անհրաժեշտություն է ազնիվ թատրոնը: Ասել է թե` անկեղծությունը:

Այդուհանդերձ, փաստն այն է, որ Վահե Շահվերդյանի, Տիգրան Գասպարյանի եւ Արմեն Էլբակյանի ղեկավարած վերջին տասը տարիների ընթացքում Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում նման էմոցիոնալ թափի եւ խորության տեր դերասանին գլխավոր դեր չի վստահվում: Խստիվ ասա` դիտավորյալ պատահականությամբ գրեթե պարապուրդի է մատնվում այն քիչ բեմական գործիչներից մեկը, որը Մայր թատրոնի խաղացանկում եղած երկու շեքսպիրյան ներկայացումների կերպարային լոկոմոտիվը կլիներ: Հերման Հեսեի «Տափաստանագայլ»-ի Հարի Հալլեր մերձհամլետյան կերպարն էլ վրադիր: Արի ու տես, որ ակադեմիական, ասել կուզի` օրինակելի թատրոնում վերածննդի շրջանի դերերը ստացան այնպիսիք, որոնց կերպարավորումներից հետո Վիլյամ Շեքսպիրին ի խորոց սրտի ցավակցելու ցանկություն առաջացավ: Ստացվում է, որ առանց երկնչելու նույնիսկ Շեքսպիրի պես մեծությանն են մենք-մերոնցով հակամշակութային մեթոդով մոտենում: Ասենք ավելին. բնավ էլ պատահական չէ, որ վերջին հինգ տարիների կտրվածքով մայրաքաղաքային բեմերում եղած մոտ տասը շեքսպիրյան ներկայացումներից երկուսին ֆելիետոնային արձագանքների ենք արժանացրել, մեկին էլ` երիտասարդ դերասանների կատարողական պակասավորության պատճառով խիստ քննադատության (Տես` «Ազգ», «Համլետինո, Համլետինո...», ImYerevan.com` «Տիգրան Գասպարյանի Արքայական Ջոնխուշտան» եւ «Ազգ»` «Ձախորդ Լավրենտիոսը» հոդվածները): Չէ՞ որ ներկայացման գաղափարահուզական նկարագիրն անմիջականորեն ներազդելով հոդվածագրի հոգեկանի վրա, համապատասխան նախատրամադրվածություն է ստեղծում:

Թատերական քննադատությունն` ի գիտություն որոշ անտեղյակ պաշտոնավորների, եւս ստեղծագործական աշխատանք է: Ստեղծագործական հոգեբանության այդ օրինաչափությամբ, թե մնացյալ շեքսպիրյան ներկայացումներին էլ անդրադառնայինք, նրանք էլ նախանձելի վիճակում չէին հայտնվի: Միայն Զարուհի Անտոնյանի եւ Վահան Բադալյանի հեղինակած «The Best of Shakespeare» ու «SHAKEսպիր» համաշեքսպիրյան խառնապատկերները նման ինքնեկ-հեգնախառն վերաբերմունքի չէին արժանանա:

Գաղափարահուզական կոլաժներն այդ շեշտակիորեն ներքաշում էին խորքային վերլուծական գործընթացների մեջ, որոնց զուգաձեւ համահավաքն ինչ-որ մի օր հետահայաց ձեւաչափով անպայմանորեն լինելու է: Այսինքն, շեքսպիրյան ավանդույթներ ունեցող մեր երկրում եղած տասնյակ բեմադրություններից ոչ կեսը, ոչ էլ կեսի կեսը, այլ ընդամենը մեկ հինգերորդն է հետաքրքրություն հարուցել: Ինչո՞ւ, որովհետեւ ոմանք ավանդույթի ուժով շարունակում են մտերմությունը թատերարվեստի հաշվին անել: Տարիներ առաջ էլ, մոտավորապես համանման հանգամանքների բերումով, ոչ պակաս օժտվածներից Արման Նավասարդյանն էր դերազրկման վտնագի առջեւ կարծես թե կանգնած: Ուղղակի, Համազգային թատրոնի բախտիցՙ այնտեղի ղեկավարությունը բավական շուտ հասկացավ իր աշխատակարգային սխալի հնարավոր ճակատագրականությունը: Հետեւաբար, ի դեմս թատրոն սպրդած անարդարության դեսպաններ` հռետորական հարց է ծագում. այդ ո՞վ է իրենց բարոյական իրավունք տվել անհասկանալի եւ անընդունելի պատճառներով անգործության դատապարտել նման կարգի դերասաններին: Մանավանդ` անկախ ամեն տեսակ նորարարական ու փորձարարական միտումներից, միեւնույն է` թատրոնի առանցքակենտրոնը դերասանն է` իր մտահոգեկան պաշարով ու տեխնիկայով: Հանդիսատեսն էլ, տոմսի համար վճարում է, որ գեղարվեստական որակ ստանա, այլ ոչ թե նմանակեղծում: Ո՞րն է նրա մեղքը: Այն, որ տասնյակ տարիներ սերիալային ձախավերությո՞ւնն են որպես իր ճաշակից բխած պահանջարկ պարտադրել: Ստիպել իրեն զգալ պարզունակությամբ ոգեսնվող մարդակերպ կենսաբանական միավոր:

Ինչեւիցե, հաջորդ խարիզմատիկ խառնվածքով աչքի ընկնող թատերագործիչը Թամար Հովհանիսյանն է, որ ԱՄՆ-ից վերդառնալուց հետո դեռեւս որեւէ դերակատարմամբ հանդես չի եկել: Հավանաբար, վերադարձից հետո կայացած դերասանուհուն վայելող պաշտոնեական պատշաճ վերաբերմունքի չի արժանացել եւ պատասխան վերաբերմունքով է անլուռ հակադարձում: Միգուցե եւ ականջալուր լինեինք Երվանդ Ղազանչյանի հեռուստատեսային սրտացավ հայտարարությանը, թե այդ սերունդը տարագրությունից տուժած թատերական հանրույթ է, եւ «Թամարն այլեւս այն Թամարը չի լինի»: Հետեւապես, կկասկածեինք, որ դերասանուհին ինքն էլ վստահ չլինելով իր ուժերի ներկայիս ներունակության վրաՙ խոհեմաբար խուսափում է բեմական ինքնախայտառակությունից: Անշուշտ կկասկածեինք, եթե մի քանի փառատոնների ընթացքում կողանցիկ հայացքով չուսումնասիրեինք եւ իբրեւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչ փորձիմացաբար չբացահայտեինք նրա մասնագիտական հայտանիշները: Պատկառելի կենսափորձը, գիտելիքների բազմահարուստ բազան ու դրանց համակցմանը ներքնաներքին ամրություն հաղորդող հուզակամային թնդությունը: Ինչպես նաեւՙ սթափ ինքնավերահսկմամբ հոգեվիճակը հուզերանգային անցումներով հոգեկան գործընթացի վերածելու հոգետեխնիկական վարպետությունը: Ուստի, այդ ամենի անմիջական հետեւորդը լինելով, վստահաբար կփաստենք, որ Բերթոլդ Բրեխտի «Կուրաժ Մայրիկը» պիեսի համանուն բարդագույն կերպարի փառահեղ թեկնածուի ենք կորցնում...

Արդ, ինչո՞ւ որպես հանդիսատես պետք է զրկված լինենք նման դիապազոնի տեր արտիստուհու ներազդու դերակատարումները վայելելու հնարավորությունից: Լավ, մի՞թե մենք այդքան ապազգային մտածողության տեր ենք, որ հանգիստ խղճով հանդուրժում ենք մեր իսկ թատերարվեստի բարձրակարգ հումքի ինքնակամ որակազրկումը: Պարզապես հույս ենք տածում, որ երեւի թե մշակույթի համակարգման-ղեկավարման հատկապես այս բնագավառի պատասխանատուներից ոմանք ադեկվատ չեն ոլորտի խնդիրների նրբություններին: Սարոյանական «ինչ-որ տեղ, ինչ-որ բան այն չէ» հայտնի եզրահանգումի մտոք արձանագրենք, որ ինչ-որ մարդիկ իրենց տեղում չեն: Այլապես, կգտնեին շնորհաշատ դերասանուհուն համոզելու-հասկացնելու կերպը, որ իր ներսում ամբարված ստեղծագործական կուտակումների լավագույն հանգրվանը բեմահարթակն է: Որովհետեւ իր դերակատարման գեղարվեստական կշիռն ունեցող բեմական ներկայությունն է սերունդ (այդ թվում նաեւ իր թոռանը) բարոյակրթում, այլ ոչ թե տարատեսակ միջակությունների պսեվդոարվեստային ժամավաճառությունը: Վերջինը միայն ու միայն արժեհամակարգ է խեղում:

Չմոռանաք ավագ սերնդի թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի վկայաբերումն առ այն, որ թատրոնը հասարակարգի բարոմետրն է: Եվ ի գիտություն ՊՈԱԿ-ի մասին օրենքից անդին ոչինչ չիմացող, չտեսնող ու չզգացողների` սա թատրոնի առջեւ ծառացած սպառնալից խնդիր է: Զբաղվե՛ք դրանով, պատկան մարմինների տիկնայք եւ պարոնայք, զբաղվե˜ք...

Նյութի աղբյուրը` ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48

21.12.2018  00:33

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

 

561 հոգի