16.02.2023 00:38
«Հրաշագործը» ներկայացումը, որը պատրաստել են Գյումրու դրամատիկական ու Երևանի համազգային թատրոնների դերասանները, այսօրվա հայաստանյան թատերական կյանքում հնչում է որպես մոռացված, բայց կարևոր հիշեցում, թե ինչ է բեմը (ընդ որում՝ բեմը նաև լայն իմաստով՝ ներառյալ էկրանը, սոցցանցային պատուհանիկներն ու հազար ու մի այլ պատուհանիկ-տեղեկատուները)։
«Հրաշագործը» դասական ներկայացում է՝ դասական նախապայմաններով ու կառուցվածքով։ Երբ մի քանի ժամ ապրում ես ուրիշի կյանքով ու այդ կյանքում տեսնում քեզ։
Այն ստիպում է այլայլվել, մտածել, բարկանալ ու խորհել։ Այսինքն, խաղում է հույզերի վրա ու հանդիսատեսի հույզերն ուղղում նորից հանդիսատեսին՝ կարծես մխրճելով այն միտքը, որ տեսեք՝ սա նաև ձեր մասին է։ Տեսեք ձեզ, ձեր երեխաներին ու ձեր հարաբերությունները։ Դրանք տգեղ ու փակուղային հարաբերություններ կարող են լինել նաև։
Կա մի մեծ ու հյութալի կարծրատիպ, որ հայերը ամեն ինչ անում են հանուն իրենց երեխաների՝ անգամ սրբադասում երեխայի կարգավիճակն ընտանիքում, դնում իրենց գլխին ու պահանջում նրանցից լինել ծնողական երազանքների փխրուն զամբյուղ, որտեղ լցնում են իրենց սպասումներն ու իղձերը։ «Հրաշագործը» երեխայասեր մեր հասարակության համար սիրո ու չսիրո դիմաց դնում է հավասարման մեծ նշան։ Այո, երբեմն սիրելու լավագույն ձևը սահմանափակումն է, զսպումը, շրջանակները։ Անգամ խիստ ու դաժան։ Եվ որքան բարդ ու անօգնական է երեխան, այնքան ավելի շատ է չսերը դառնում սեր, իսկ ազատությունը՝ դաժան ժամանակացույցով ազատազրկումը։
Ուիլյամ Գիբսոնն իր «Հրաշագործը» դրաման գրել է իրական պատմության հիման վրա։ Հիմքում աշակերտի և ուսուցչի փոխհարաբերություններ են։ Աշակերտը ծայրաստիճան խնդիրներ ունի (չլսող և չտեսնող աղջիկ է), իսկ ուսուցիչը ծայրահեղ սրված ցանկություն՝ սովորեցնելու նրան գտնել մարդկային կերպարանք՝ համատարած մութ ու լուռ աշխարհում։
Սա ամերիկուհի Հելեն Քելլերի կենսագրական խտացումն է, որը 1960-ականներին դարձել է հոլիվուդյան ֆիլմ (անգամ երկուսը), դերասանուհիներն արժանացել են Օսկարների, երկար տարիներ խաղացել Բրոդվեյում ու տարբեր երկրներում և գրեթե միշտ ստացել հիացական արձագանքներ։
Լսողության և տեսողության խնդիրներ ունեցող աղջիկը, որը սկզբում վայրի գազանիկ է, իսկ հետո կերպարանափոխվում է գիտակցություն ունեցող ու աշխարհի հետ հաղորդակցվող անձի, շատ լավ նյութ է թատրոնի համար։ Այն թատրոնի, որը կարելի է կոչել դասական և որը զարմանալի նուրբ արդիությամբ է հնչում այսօրվա Հայաստանում։
Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը՝ որոշելով բեմ հանել այս դրաման, հաստատ մտքում ունեցել է ժամանակակից հայաստանյան հասարակությունը։ Եվ առաջարկում է հետևել, թե ինչպես է սերը դեպի հաշմանդամություն ունեցող երեխան վերածվում կործանման ճամփային, երբ սիրելը դառնում է ամենթողությամբ լի փափուկ բարձիկ ու ոչինչ չի ավելացնում երեխայի անձի կայացմանը։ Պարզապես թույլ է տալիս, որ երեխան ընկնելիս՝ ստանա կոնֆետ ու գլուխը խփի ոչ թե քարին, այլ փափուկին։ Խեղճ երեխա, արդեն իսկ զրկված է շատ բանից, թող գոնե նոր զրկանքների չհանդիպի… Մոտավորապես այսպես մտածելը համարվում է նորմ, և հենց այդ նորմն էլ սպանում է երեխային։
Ի վերջո, ցանկացած երեխա հրեշ է (ոչ թե հրեշտակ), եթե թույլ տաս նրան դառնալ այդպիսին։ Երեխան դաժանանում է և լցվում չարությամբ, եթե չի ընկալում, թե որտեղ են պարտադիր սահմանները։ Որտեղ են կարմիր գծերն ու կանգի նշանները։ Պիտի ենթարկվես, որ կարողանաս լինել ազատ ու լիարժեք։ Կամ առնվազն լիարժեք՝ տրված հանգամանքներում։
Դա շատ նման է հանրային պայմանավորվածությանը, երբ անարխիան հաղթահարվում է առաջին հերթին ընդհանուր շրջանակի շառավիղը համաձայնեցնելով (մինչև այս կետը կարելի է, իսկ հետո՝ ոչ մի դեպքում)։ Ընդ որում՝ դա արվում է քայլ առ քայլ (հաճախ ձախողվելով), կաթիլ առ կաթիլ (շատ փորձարկումներով) ու համբերատար կրկնելով նույն բանը։ Օրինակ՝ լսողության խնդիր ունեցող երեխայի դեպքում անընդհատ կրկնելով նույն շարժումը, իսկ տեսողության խնդիր ունեցող երեխայի դեպքում՝ ընտելացնելով ձայնալարերի թրթռումներին։ Հազար անգամ կրկնում ես նույն բանը, որ այն, ի վերջո, ընկալվի։ Տեղ հասնի ու համարվի քայլ առաջ, այլ ոչ թե դոփյուն տեղում։ Կոպիտ ասած՝ երեխային վարժեցնում ես լինելու մարդ, անգամ եթե հնարավորությունները հազիվ նշմարելի են։
Միաժամանակ, լսողության ու տեսողության խնդիր ունենալը, իհարկե, թվում է անհաղթահարելի ելակետ, բայց ո՞վ ասաց, որ դա բարդ չէ նաև ֆիզիկապես լրիվ առողջ երեխայի դեպքում։
Երեխայակենտրոն Հայաստանում այդ միտքը հնչում է որպես անսպասելի վերանայում։ Կարծես սողոսկում է միտք, որ երեխային սիրելը նշանակում է ոչ թե ազատություն տալ, այլ ամեն վայրկյանն օգտագործելով՝ նրա ուղեղին առաջարկել աշխատել։ Ինքնաբերաբար ոչինչ չի ստացվի։ Չի ստացվի միայն կոնֆետով։ Հարկավոր է նաև զսպաշապիկ, որ երեխան կարողանա տարբերակել համերը։ Հետո բառերը, իմաստները։
Եթե զգայարանները քիչ են (այս դեպքում՝ լսողություն ու տեսողություն չկա), մյուս զգայարանները շատ ավելի ծանրաբեռնված պետք է աշխատեն, որ աշխարհի մասին պատկերացումը կարողանա քիչ թե շատ մոտ լինի իրականության պահանջներին։ Որ երեխան կարողանա դիմակայել։
«Հրաշագործը» ներկայացումը շատ հետաքրքիր է իր դերասանական կազմով ու դերասանական խաղակերպով։ Կարծես հանդիպում են երկու դերասանական դպրոցներ՝ բոլորիս ծանոթ սովետահայ թատրոնի ոճը, երբ պլաստիկան տուժում է, իսկ պաթոսը՝ ծաղկում, և այն մոտեցումը, երբ թողնում ես, որ խոսի մարմինը։
Ընդհանրապես, աշխարհում չկա ավելի կատարյալ մասնագիտություն, քան դերասանինն է, քանի որ դերասանը թե՛ ինքն իր գործիքն է, թե՛ այդ գործիքը բանեցնողը։ Պատկերավոր ասած՝ համ ջութակն է, համ ջութակահարը։ Ամեն ինչն է պետք գալիս դերասանին՝ սկսած ճկույթի շարժումը համակարգելուց ձայնի բարձր կամ ցածր տոնայնության հետ, վերջացրած խոսելու ունակությամբ: Խոսել այնպես, որ շշուկ լինի, բայց այդ շշուկը լսի ամենավերջին շարքում նստած հանդիսատեսը։ Որ յուրաքանչյուր քայլ բեմում դիտվի որպես զգացմունքի միակ ու լավագույն դրսևորում։
Դերասանը բեմում նույնը չէ, ինչ կինոյում, որտեղ հնարավոր է մոնտաժել ցանկացած զգացմունք։ Դերասանը բեմում մերկ է որպես գործիք ու այդ գործիքի վրա մի քանի ժամանոց պատմություն կառուցող։ Չկա մոնտաժ, կա մաքուր ու կենդանի երկխոսություն դերասանի ու նրա ստեղծած կերպարի միջև։ Այդ երկխոսությունը կա՛մ կայանում է, կա՛մ չի կայանում։
«Հրաշագործը» ներկայացումը հաստատ չէր լինի ազդեցիկ, եթե չլիներ Նարինե Գրիգորյանը, դերասանուհի, որն այսօրվա հայաստանյան թատերական միջավայրում չունի մրցակից։ Նա մաշկով, մկաններով ու նյարդերով է կառուցում իր կերպարին՝ լսողության ու տեսողության խնդիրներ ունեցող երեխայի ուսուցչուհուն։ Եվ դա պարզապես դատարկ բառեր չեն։ Դատարկ են այն մեկնաբանությունները, որը կերպարին կառուցելու գործն ազնիվ է ու անկեղծ և կախված է միայն ցանկությունից։ Մինչդեռ ջութակահարը չի կարող լինել ավելի կարևոր, քան ջութակի նյութերը՝ փայտը, մետաղը, յուղելու հեղուկը, ձգանների թրթռումը և այլն։
Նարինե Գրիգորյանն այնպիսի ճարտարապետ-դերասան է, որն ունակ է իր մարմինը ենթարկել ցանկացած փոխակերպման, որ ստանա անհրաժեշտ հույզը։ Ներկայացման մեջ կան մի քանի միջանկյալ հատվածներ, որտեղ ուսուցչուհին պայքարում է իր աշակերտի դեմ (բայց իրականում հանուն աշակերտի), դրանք առանց բառերի են՝ ճկուն ու հաճախ անճոռնի և վանող շարժումներով։ Եվ դրանք այս ներկայացման կիզակետերն են, քանի որ այնքան են հիշեցնում իրական կյանքը, որ նույնիսկ ցավ ես զգում։
Նարինե Գրիգորյանը կարողանում է համադրել իր դերում երկու բարդ ու առաջին հայացքից իրարարամերժ ամպլուաները՝ ծաղրածուի և ողբերգակի։ Նրա կերպարը ծիծաղելի է ու միաժամանակ այնքան դրամատիկ, որ բոլորովին այլ մակարդակի վրա է դնում սիրելու ու չսիրելու այս ողջ բախումը։ Նարինե Գրիգորյանը թույլ է տալիս իրեն լինել ծաղրածու, քանի որ իսկական ողբերգակները հենց այդպես են գործում:
Մեկ այլ լրիվ թարմ որոշում, որը Նիկոլայ Ծատուրյանի համար եղել է սկզբունքային, այն է, որ երեխայի դերը կատարում է հենց երեխան։ Ինը տարեկան Անգելինա Զաքարյանը խաղում է այնպիսի իրավիճակում, որտեղ ինքը զոհ չէ (ինչը կլիներ չափազանց պարզունակ), այլ ահաբեկիչ։ Փոքր ու շատ սարսափելի ընտանեկան ահաբեկիչ է, որը ստիպված է այդպես ցույց տալ իր լինելիությունը, քանի որ այլ բան չի կարող։
Եթե այս դերը կատարեր հասուն մի դերասան (ասենք՝ փոքրամարմին, որը երեխայի կերպարի մեջ կմտներ դիմահարդարմամբ ու արհեստական շարժուձևով), կլիներ բավականին շինծու պատմություն։ Բայց երեխան գիտե, որ կարող է լինել տգեղ ու վտանգավոր, և դա է փոխանցում մեզ բեմից։
Կարելի է ենթադրել, որ Նիկոլայ Ծատուրյանը երկար ու նրբանկատ է աշխատել իր իննամյա դերասանի հետ, որ կարողանա ստանալ անհրաժեշտ աստիճանի լարում։ Ինչ խոսք, սա շատ հոգեխոցային դեր է, որի բեռի տակից դուրս գալու բանաձևը տալիս է հենց թատրոնը։ Այն փաստը, որ կատարսիսը՝ մաքրագործումը, դասական թատրոնի բաղադրիչն է, բեմի վրա շաղ տված նյարդերի ու հույզերի բեկորները նորից են վերականգնվում ու ամբողջանում։ Իսկ դերասանը նորից է դառնում զուտ հումք՝ պատրաստ հերթական անգամ սուզվելու այս պատմության մեջ։
Նարինե Գրիգորյանի ու Անգելինա Զաքարյանի դուետը կայծեր է արձակում։ Հաշմանդամություն ունեցող երեխան ու իր ֆանատիկոս ուսուցիչը նոր տիպի կերպարներ են հատկապես մյուս դերասանների ֆոնին։ Երեխայի ընտանիքը՝ ծնողները, եղբայրը, դայակը, բժիշկը, այն են, ինչ ունենք (նաև որպես դերասանական մաներա)։ Իսկ այն, ինչ առաջարկում է Նիկոլայ Ծատուրյանը Նարինե Գրիգորյանի ու Անգելինա Զաքարյանի միջոցով, այն է, ինչ կարող ենք ունենալ, եթե փորձենք դուրս գալ կարծրատիպերից՝ թե՛ դերասանական, թե՛ հանրային մտածելակերպի։ Դա աշխատանք է, հետևողական ու առանց անվտանգության բարձիկների։
Ի դեպ՝ երբ ստեղծվել էր այս դրաման, լսողության և խոսքի խնդիրներ ունեցող երեխայի հասարակության հետ շփումն իրոք նման էր հրաշքի։ Ի վերջո, իրական նախատիպ, Հելեն Քելլերը կարողացել է գրել ինքնակենսագրական գիրք, դառնալ հասարակական գործիչ ու մանկավարժ։ Եվ դա հրաշքի էր նման։
Այսօր նման պատմությունը հրաշք կոչել չես կարող։ Դա բծախնդիր ու համառ աշխատանքի արդյունք է, քանի որ լիարժեքությունը սկսվում է սահմանափակումներից՝ հանուն զարգացման։
Լավ ուղերձ է. հրաշագործին փոխարինում են ուսուցիչները։ Եվ հրաշք էլ չկա, կա հրաշալի աշխատանքի արդյունք։
Նյութի աղբյուրը՝ EVNREPORT.COM