Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Հաճախ եմ փորձում զսպել իմ մեջ անցյալով հպարտանալու փոքր ժողովուրդների ներկայացուցչին հատուկ այդ «բարդույթը», մինչդեռ գլխիկոր լինելու բազում պատճառներ ունենք մեր ժառանգած և ստեղծած այսօրվա համար։

Սակայն ներկա գտնվելով «Գիրք Ծաղկանց» ներկայացմանը, վայելելով Հնի ու նորի այսպիսի կատարյալ համադրություններ, կրկին անցնում ես ինքնաճանաչողության ճանապարհով, կախարդվելով ժողովրդական երաժշտությամբ, Կոմիտասի բանաստեղծական փիլիսոփայությամբ, միջնադարյան մանրանկարների և հարթաքանդակների յուրօրինակ խորհրդաբանությամբ, դերասանների պլաստիկականությամբ, որոնք մերթ կերտում էին Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք Ծաղկանց» վիպակի սյուժեից դրվագներ, մերթ կենդանացնում ազգային մշակութային մտածողության տարրեր՝ ապրող և փոթորկահույզ կենաց ծառի, մեր ազգային արժեքներից՝ թերևս ամենահիասշքանչի՝ հայոց այբուբենի ակնավայել կախարդիչ և դյութական ձևերը՝ երկաթգրից մինչև կենդանագիր և թռչնագիր։

Այս ներկայացումը պատկերավոր և անուղղակի կերպով ցուցադրում է պատմահոր հարցադրումների պատասխանները, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս, իսկ դիտողին մնում է միայն գլխի ընկնել, թե հետայսու, ուր պետք է գնանք...

13.02.2023

ԳԱՅԱՆԵ Հովհաննիսյան

836 հոգի