Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

26.09.2020    19:36

Թատերական մամուլի անհրաժեշտության գիտակցումը մեզանում նոր չէ: Թատրոնի պատմությամբ զբաղվողը, գործ ունի թատրոնի թողած հետքի հետ, այդ հետքը նախ և առաջ մամուլի էջերում է, ուր թատերական փաստից զատ ժամանակի հասարակական կարծիքն ու գրողի մասնագիտական որակներն են վավերացված:

Հայ պարբերական մամուլն ունի 226 տարվա պատմություն: Այս տարիների երկու դարերի ընթացքում լույս է տեսել ավելի քան երեք հազար անուն թերթ, ամսագիր ու պարբերական այլ հրատարակություն: Մամուլն իր պատմական զարգացման ընթացքում դարձել է հասարակական ու քաղաքական, գիտական ու կրթական, մշակութային կյանքի ակտիվ մասնակից: Այն մեծ դեր է կատարել համաշխարհային մշակութային արժեքները հայ իրականության մեջ ճանաչելի դարձնելու գործում:             19-րդ դարավերջին և 20-րդ դարասկիզբին հայ մամուլը վերելք է ապրել: Զուգահեռաբար թատերական կյանքում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները տեղ են գտել ժամանակի մամուլում: 1861թ. դեկտեմբերի 20-ին «Մեղու» թերթում տպվել է Միքայել Նալբանդյանի ճառը, որը երկու օր առաջ հնչել էր «Արևելյան թատրոնի» բացմանը: Նա իր ելույթում ընդգծել է հայ թատրոնի առաջնային խնդիրները, բացատրել ինչպիսին պետք է այն լինի, խոսել է խաղացանկի, թատրոնի գաղափարի, դաստիարակչական դերի ու լեզվի մաքրության մասին: Նալբանդյանի ճառը, կարծես, դարձել է ուղերձ: Բարձրացված հարցերը հետագայում արծարծվել են Պոլսի, Թիֆլիսի, ապա նաև Բաքվի մամուլում: Գրվել են նախ հոդվածներ, ապա թատրոնին վերաբերող բաժիններ ու խորագրեր են հայտնվել՝ «Մասիս», «Մեղու», «Արևելք», «Բյուզանդիոն», «Մշակ», «Արձագանք», «Հայկական աշխարհ», «Մեղու Հայաստանի», «Նոր դար», «Տարազ», «Մուրճ», «Արաքս», «Գեղարվեստ» թերթերում ու հանդեսներում: Իր առանձնակի տեղն է ունեցել 1898-1949թթ. Փարիզում տպվող «Անահիտ» գրական, գեղարվեստական, հասարակական հանդեսը, որը հիմնադրել և խմբագրել է Արշակ Չոպանյանը: Տպագրվել են հայ ժողովրդի պատմության, հայկական հարցի, գրականության, արվեստի, մշակույթի վերաբերյալ ուսումնասիրություններ, միջնադարյան տաղեր, թարգմանություններ… 1908թ. այստեղ են մաս-մաս տպագրվել անվանի դերասանուհի Ազնիվ Հրաչյայի հուշերը, որն հետագայում դարձել է գիրք: Հրաչյան առաջինն է հայ դերասանուհիներից, որ գրի է առել իր հիշողությունները: Տպագրվել են դերասանների հոբելյաններին նվիրված հոդվածներ և հուշեր: Նման դեր է ունեցել նաև Կ.Պոլիսի «Ընդարձակ տարեցույց Ս.Փրկչյան ազգային հիվանդանոցի» (1884-1949թթ.) տարեցույցը: Այն լույս է տեսել ընդհատումներով: Վիեննայում լույս է տեսել Մխիթարյան միաբանության «Հանդես ամսօրյան»(1887-1980թթ.):

Այս շրջանում հեղինակները խոսել են թատրոնի բարոյագաղափարական խնդիրների մասին, սակայն ժամանակի հետ դերասանների առաջ դրվել են վարպետության կատարելագործման պահանջներ, առաջ են քաշել գեղագիտական հարցեր: Մամուլը արվեստի հարցերի շուրջ շփման հարթակ է դարձել ոչ միայն ժամանակի քննադատների՝ Սպանդար Սպանդարյանի, Գրիգոր Արծրունու համար, այլև գրողներից Պերճ Պռոշյանի, Րաֆֆու, Գաբրիել Սունդուկյանի, Հովհաննես Թումանյանի, Վրթանես Փափազյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մուրացանի և Դերենիկ Դեմիրճյանի համար: Մամուլում հանդես  են եկել նաև դերասաններ  Գևորդ  Չմշկյանը և Սեդրակ Մանդինյանը: Նշված, հեղինակների հոդվածները նպաստել են գեղագիտական մտքի առաջընթացին:

Թատրոնն ու թատերական կյանքն այնքան է կարևորվել, որ ստեղծվել են թատերական հանդեսներ: Առաջին թատերական-գրական շաբաթաթերթը՝ «Մուսայք մասյացը» (խմբագիր՝ Արմենակ Հայկունի) լույս է տեսել 1857-58թթ. Կ.Պոլսում: Այստեղ հրատարակվել են դրամատիկական երկեր, արձակ և չափածո ստեղծագործություններ, բանասիրական հոդվածներ: 1862-63թթ. Զմյուռնիայում լույս է տեսել Տերտերյան եղբայրների «Դիմակ» ամսագիրը, որտեղ տպագրվել Վիլյամ Շեքսպիրի «Համլետի» հայերեն առաջին թարգմանությունից առանձին տեսարաններ: Թարգմանիչն եղել է Արամ Տերտերյանը: 1868թ. Պոլսում հայերեն և հայատառ թուրքերեն տպվել է «Էրիզա» կիսամսյա թատրոնական հանդեսը, որի խմբագիրն է եղել Խաչիկ Թերզյանը:

1893-1905թթ. Թիֆլիսում լույս է տեսել «Թատրոն» գրական, թատերական հանդեսը (խմբագիր՝ Ալեքսանդր Թարխանյան): Հանդեսի առաջին համարի առաջաբանում գրված է. ««Թատրոնի» նպատակն է որոշ չափով զվարճություն պատճառել թատրոնասեր հասարակությանը, նպաստել հայ բեմական արվեստի և բեմական գրականության զարգացմանը»: Նրանց նպատակն է եղել հայ հասարակության մեջ բորբոքել թատրոնի հանդեպ հետաքրքրությունը: Հանդեսում տպագրել են հայ հեղինակների և թարգմանական պիեսներ, նյութեր բեմարվեստի տեսական հարցերի շուրջ, զգալի տեղ է հատկացվել թատրոնի պատմությանը, հայ, ռուս և արևմտաեվրոպական թատերական կյանքին: Տպագրվել են Շիլլերի, Մոլիերի, Զուդերմանի, Գյոթեի պիեսներն ու բեմական արվեստին առնչվող հոդվածները: Այստեղ իրենց հոդվածները, գրախոսականներն ու թատերախոսականներն են տպագրել Գ.Սունդուկյանը, Պ.Պռոշյանը, Հ.Հովհաննիսյանը, Ա. Շիրվանզադեն, Ա. Ծատուրյանը, Վ.Փափազյանը, Մուրացանը և ուրիշներ:

1907-13թթ. Թիֆլիսում լույս է տեսել «Հուշարար» թատերական, գրական-գեղարվեստական պատկերազարդ երկշաբաթերթը: Խմբագիր-հրատարակիչը եղել է Արամ Վրույրը: Լուսաբանվել են թատերական կյանքի նորությունները, բարձրացրել է թատրոնի վերակառուցման, խաղացանկի ընտրության, ռեժիսուրայի կատարելագործման, բեմական խոսքի կուլտուրայի ու թարգմանությունների մակարդակի բարելավման և այլ հարցեր: «Հուշարարի» առաջին համարը լույս է տեսել Գևորգ Պետրոսյանի մահվանից մի քանի ամիս անց: Անմիջապես երկրորդ համարը ամբողջապես նվիրված է Գևորգ Պետրոսյանին ու նրա 25-ամյա բեմական գործունեությանը: Համարը ձևավորված է եղել դերասանի լուսանկարներով: Այսօր այդ լուսանկարների բնօրինակներից շատերը չեն պահպանվել: Իսկ, ինչպես գիտենք, բնօրինակի կորստի դեպքում, սկզբնաղբյուրը համարվում է առաջին հրատարակումը: Այսինքն, որոշ տպագիր նյութեր բնօրինակի արժեք են ստանում: Մեծ տեղ են զբաղեցրել Գ.Չմշկյանի, Ա.Մանդինյանի, Է.Տեր-Գրիգորյանի և ուրիշների հուշագրությունները հայ թատրոնի պատմության վերաբերյալ, հայ, ռուս, վրացի և այլ ազգերի նշանավոր դերասաններին ու թատերական գործիչներին նվիրված նյութերը: Դուրս չեն մնացել նաև ճարտարապետության, գեղանկարչության և արվեստի մյուս բնագավառները: Ունեցել է հարուստ գրական-գեղարվեստական բաժին, հավելվածի ձևով հրատարակել է պիեսներ, վոդևիլներ: Աշխատակցել են Լեոն, Սիրանույշը, Գ.Բաշինջաղյանը, Հ.Սիրունին, Օ.Սևումյանը և ուրիշներ:

1910-17թթ. Բաքվում լույս է տեսել «Թատրոն և երաժշտություն» թատերական-երաժշտական պատկերազարդ հանդեսը (խմբագիր՝ Անտոն Մայիլյան): Հրատարակվել է անկանոն պարբերականությամբ: Տպագրել է հայկական, ռուսական, արևմտա-եվրոպական թատրոնի, երաժշտության վերաբերյալ ուսումնասիրություններ, գրական ստեղծագործություններ, կենսագրականներ, հուշեր, թարգմանություններ ռուս և եվրոպական գրականությունից: Օրինակ՝ Պետրոս Ադամյանի նամակներն ուղղված Գևորգ Չմշկյանին: Կարելի է ասել, որ սրանք Թիֆլիս հյուրախաղերի մեկնելու բանակցություններ են: Բայց այստեղ կարևորը միայն «բանակցությունների» փաստը չէ: Դժվար է գտնել  արվետագետների գրավոր շփման ավելի գեղեցիկ օրինակ. «Անծանոթ աչացս, այլ սրտիս ծանոթ, եղբայրս պ-ն Չմշկյան: <...>  Երջանիկ կհամարեմ անձս, գոնե ի սրտե և ի հեռուստ ճանաչելու համար քեզ նման ինձ զգայակից և մտերիմ artiste մը...»,- գրում է Պետրոս Ադամյանը: Նամակներից պարզ է դառնում, որ Չմշկյանն Ադամյանին և նրա ընտրությամբ երկու դերասանուհու Թիֆլիս հյուրխաղերի է հրավիրում: Այս հանդեսում է տպագրվել նաև Լեոյի «Հայ արվեստը» աշխատությունը: Թղթակցել են Կոմիտասը, Գ.Չմշկյանը, Գ. Բաշինջաղյանը, Ռ.Ղորղանյանը, Ա.Մանուկյանը, Ա.Տեր-Ղևոնդյանը, Ա.Մանուկյանը, Ա. ՏերՂևոնդյանը, Գ. Չուբարը և ուրիշներ:

1946-96թթ. Ստամբուլում լույս է տեսել «Քուլիս» թատերական, գրական-գեղարվեստական պատկերազարդ երկշաբաթաթերթը (խմբագիր՝ Հակոբ Այվազ), որտեղ լուսաբանվել են սփյուռքի թատերական և արվեստի մյուս բնագավառների անցուդարձը, Հայաստանի մշակութային իրադարձությունները:

Ավելի ուշ, 1953-2006թթ. Հայաստանի թատերական ընկերության նախաձեռնությամբ ստեղծվել է «Թատերական Երևան» Երևանի թատրոնների շաբաթական ամփոփ ծրագիրը (խմբագիրներ՝ Լևոն Խալաթյան, Յաշա Չախոյան): Այստեղ տպագրել են մայրաքաղաքի թատրոնների ծրագրերը, թատրոնների և բեմարվեստի աշխատողների հոբելյանական տարելիցների նյութեր, թատերական ընկերության և այլ օջախների ստեղծագործական միջոցառումների, մայրաքաղաքի և հանրապետության թատերական նորությունների մասին: «Թատերական Երևանը» ունեցել է նաև տեղեկատու բաժին և թատերասեր հասարակությանը ներկայացրել է թատրոնի գործիչներին նվիրված նոր մենագրությունները: Իբրև հավելված հայերեն և ռուսերեն լույս է ընծայել հյուրախաղերի ժամանած խմբերի ներկայացումների ծրագրերը:

1990-ական թվականներից ՀԹԸ-ի նախաձեռնությամբ թատերական մամուլը վերականգնելու փորձեր են եղել, որոնք տպվել են ընդամենը մի քանի համարներով: Դրանք են՝ 1990-1991թթ. «Բեմ» թատերական-վերլուծական, գրական, գեղարվեստական հանդեսը (խմբագիր՝ Անելկա Գրիգորյան), 1991 թվականին հրատարակված «Հուշարար» ամսաթերթը (խմբագիր՝ Գրիգոր Ջանիկյան) և 2008  թվականին տպագրված  «Թատրոն» երկշաբաթերթը (խմբագիր՝ Սոնա Մելոյան):

Ընդամենը մեկ տարի՝ 1993 թվականին լույս է տեսել «Արար» թատերական ամսաթերթը (խմբագիր՝ Գեորգի Վանյան):

2000-2005թթ. ԵԹԿՊԻ-ի ուսանողական խորհրդի ջանքերով և Համահայկական Երիտասարդական Հիմնադրամի աջակցությամբ լույս է տեսել «Արվեստ» ամսաթերթը (խմբագիր՝ Անուշ Ասլիբեկյան):

2006-2007թթ. Ազգային թատերական ստեղծագործական միավորման ջանքերով լույս է տեսել «Սկենե» թերթը (խմբագիր՝ Արա Խզմալյան):

2018թ. ստեղծվել է tatrron-drama.am կայքը (հիմնադիր՝ Կարինե Խոդիկյան), որի «Թատրոն» բաժինը նվիրված է թատերական անցուդարձերին, թատերախոսականներին, դերասանների և ռեժիսորների հետ հարցազրույցներին ու հոդվածներին:

Պատմական այս համառոտ էքսկուրսը փաստում է, որ 1857 թվականից հայ թատերական մամուլը պարբերաբար ընդհատվել և տարբեր անուններով ու դրսևորումներով նորից է վերածնվել, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ թատերական մամուլի ու թատերագիտության անհրաժեշտությունն անքննելի է: Թատրոնը չի կարող լինել առանց հանդիսատեսի, առանց հասարակության, իսկ թատերական մամուլը հասարակական գիտակցություն ու ճաշակ  է ձևավորում և ոչ միայն. «Նկարիչներից, երաժիշտներից, արձանագործներից և բոլոր գեղարվեստներից ավելի շուտ և բարոյապես կմեռնին թատերասերք, այսինքն՝ դերասանները: Առաջիններու գործերը, մահից հետո ապրելով, կապրեցնեն նաև իրենց հետ հեղինակներուն անուններն էլ, այլ խեղճ դերասանաց միայն հիշատակը կմնա...»,- գրում է Ադամյանը: Գրեթե նույնն են գրել Մարտիրոս Մնակյանը, Ազնիվ Հրաչյան, Վահրամ Փափազյանը և էլի ուրիշներ:

Թատերական պարբերականները ամբողջացրել են գրական, մշակութային, նույնիսկ քաղաքական ու հասարակական կյանքը: Նորագույն տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ այսօր լայն տարածում գտած էլեկտրոնային մամուլն իր պահանջներն ու ընթերցողն ունի և այս համատեքստում «Թատերակետեր» կայքը թատերական մամուլի  վերածնության նոր փորձ է...

ՆԱԻՐԱ Շահվալադյան

6667 հոգի