25.09.2020
«Սարի գլխին մի կտոր սպիտակ սառույց կար, սառույցի վերևը խանձարուրի կապերը լուռ քանդում էր մի փոքրիկ ամպ: Ամպի տակ հրճվում էր արտուտիկը, իսկ ամպի վրայով, նախիրների վրայով, բազեի, սարերի, ուրթերի ու անտառների վրայով ուրիշ աշխարհների մաքուր քամիները հուրհրալով տանում էին մի մեծ արև…»:
«…Բայց մեջքն սկսեց պաղել: Ուրեմն ամպը բռնել էր արևի դեմը: Գոմեշն ուզեց ստվերը մեջքից թոթափել սարսռոցով, բայց կաշին կարծրանում էր նրա վրա: Գլուխը բարձր՝ գոմեշն սպասեց, թե ինչ է լինելու հետո, և արյունը նրա երակներում դանդաղում ու ցամաքում էր, ապա դարձավ կպչուն, խցվեց ու կանգ առավ, իսկ աշխարհը խլանում ու հանգչում էր նրա ականջներում: Աշխարհը մեռել ու մթնել էր, հիմա ամպը պայթելու էր, պահ էին մտել հովը, արտույտը, առուն... մեկ էլ երակները լայնացան և արյունը վազեց վարար, հեշտ, քչքչոցով…»:
Այս պատկերները միանգամից հայտնվում են բեմում: Հայտնվում են գրեթե նույնականորեն: Ու «ամպի վրայով, նախիրների վրայով, բազեի, սարերի, ուրթերի ու անտառների» վրայով հայտնվում է նաև դերասանուհին: Ու դերասանուհին բեմ է մտնում անսպասելի: Բեմ է մտնում այնպիսի մի անբռնազբոսությամբ, որ կարող է տալ միայն աստվածային ազատությունը: Միայն սիրո ու կրքի ազատությունը: Այն ազատությունը, որով Գոմեշը գնում է արյան եռքին ընդառաջ: Թվում է, թե դերասանուհու արյունը նույնպես դանդաղում է երակներում ու ցամաքում: Դերասանուհու արյունը նույնպես դառնում է կպչուն, խցկվում ու կանգ է առնում, իսկ աշխարհը խլանում ու հանգչում է նրա ականջներում:
Դերասանուհին՝ տաղանդավոր Նարինե Գրիգորյանը, գտել է Մաթևոսյանի Գոմեշին անձնավորելու թատերական կերպը: Գտել է տաղանդով ու գտել է եզակիորեն: Գտել է մաթևոսյանական հանճարեղ տեքստը լավագույնս կերպարանելու ձայնը, ռիթմը, հնչերանգը: Գտել է մաթևոսյանական բարդ տեքստի հետ թեթևորեն խաղալու բանաձևը: Դերասանուհին խաղում է կրքով, խաղում է ինքն իր հետ, խաղում է ձայնի հետ, խաղում է սեփական մարմնի հետ, խաղում է անգամ հագուստի հետ, որն այնքան ներդաշնակորեն ու դետալացված, գույնի ու ձևի սքանչելի համադրությամբ բացահայտում է կիրքը: Կիրքը, որով Գոմեշը՝ փայփայված, Նանի խնամքով պահված, գնում է արյան եռքին ընդառաջ:
Կիրքը, որով դերասանուհին բռնում է մարդկանց հոգիներից ու տանում դեպի այն աշխարհը, ուր կան ձայներ ու լռություն, կա սեր ու ատելություն, կա արարում ու քանդում, կա կռիվ ու համակերպում:
Դերասանուհին ոտաբոբիկ է, ոտքերը խրվում են սևահողի մեջ, կիրքը կռվում է մարմնի հետ, մարմինը ենթարկվում է, դիմադրում, հնազանդվում, ընդարմանում: Մարմինն իր կռիվն է տալիս ջրի հետ, հողի հետ՝ ասել է թե ինքն իր հետ, իր պայքարի հետ:
«…Գոմեշը ելավ ձորակից, և մշուշի մեջ գեղեցիկ էին կովերը, հեռաստանները, լուռ ամպը, բայց նախրի մեջ չկար մի ուրիշ գոմեշ: Արյունը տաքանում էր նրա մեջ, մանրիկ ցավով ու ջերմությամբ արթնացան սրունքները, իսկ ողնաշարն արդեն դուրեկան ցոլքերով ծակծկվում էր վզից մինչև պոչը: Նա ոտ փոխեց՝ որ գնա, կռվի կովերի ցուլի հետ, բայց տեսավ, որ չի ուզում գնալ, չարությունը հալվում ու դուրս է սահում իրենից:
Խոր լռության մեջ խոտերը թելը-թելին շղարշե բուրմունք էին հյուսում այդ կանաչ աշխարհի երեսով մեկ և բուրմունքի հետ հյուսվում էր մի քաղցր թախիծ: Գոմեշը մռլնգաց…»:
Դերասանուհին ամբողջությամբ զգում է Գոմեշի ապրումն ու վերակերտում այն ապրումակցելով: Դերասանուհու թաց մարմինը, սրունքները՝ հողոտ, ողնաշարը՝ «դուրեկան ցոլքերով» ծակծկված՝ ծառս են լինում, ըմբոստանում են ինչպես ըմբոստանում է արյան եռքին ընդառաջ գնացող մարմինն ու դերասանու Գոմեշը մտնում է հոգիներից ներս: Գոմեշը մռլնգում է: Դերասանուհու մարմնի վրա ցայտունորեն ընդգծվում է նյարդային ողջ համակարգը, արյունատար անոթների համակարգը ու…
Հեռվից տարօրինակորեն կարծես թե գալիս է մի արձագանք. «Երկրագնդի ամենագեղեցիկ երևույթը և ամենագեղեցիկ պարգևը բնության, տիեզերքի ամենագեղեցիկ պարգևը կինն է: Տիեզերքի գեղեցիկ պարգևը: Եվ պիտի դրան կարողանանք ընդառաջ գնալ: Շատ հաճախ տղամարդիկ չեն կարողանում կնոջը ընդառաջ գնալ, և այստեղից խաթարումներ են լինում: Դա, կարելի է ասել պսակն է երկրագնդի: Պատկերացրու՝ երեխա է ստեղծում, պատկերացրու՝ օջախ է ստեղծում, պատկերացրու, որ էն գիշերները, որ մութ են, էն գիշերները, որ մենակությունը օձի պես, ճերմակ օձի փաթաթվում է քո վզին քո սավանի ձևով, որ դու պտտվում ես, պտտվում ես էդ մենակության մեջ, մեկ էլ սավանը օձ է դառնում ու փաթաթվում է քո վզին էդ մենակության մեջ, միակ օգնականը քո կինն է, կնոջ տաք մարմինը: Երբ դիպչում ես, արդեն զգում ես, որ էս տիեզերքի վրա մի ուժ էլ կա, որ քեզ է նվիրված, և քո փրկությունը այնտեղ ես որոնում: Միաժամանակ տիեզերքի ամենաողբերգական կերպարներից մեկն է կինը...»:
Մաթևոսյանի կրտսեր գրչեղբոր ձայնն է՝ Լևոն Խեչոյանի, որ գալիս միաձուլվում է Մաթևոսյանի ձայնին. «…Էնպե՜ս եմ կարոտել երկրիս ձայների՜ն, ռիթմի՜ն, բույրերի՜ն, որ ինձ համար ուղղակի կյանք են եղել…: Վախենամ, որ արդեն անդարձ է...
…Էնպե՜ս եմ կարոտել հո՜րս, մո՜րս ձայնին ... Հորս ձենի՜ն, բույրի՜ն, ձեռքի՜ն... Մշակ, աշխատած ձեռի ծանրությունն ուսիս վրա: Խոշոր, սիրուն ձեռք ուներ... Եվ էր անվաստակ... Անվաստակ է՛ն իմաստով, որ տունը ոչ մի բան չէր եկել, բայց աշխատած էր... էդ երեկոները՝ ջանք թափած, քրտինք թափած էդ երեկոները... Օրն էր էդպես ավարտվում: Օրն էր ապրվում էդպես... Ժամանակն ուրիշ էր: Օրվա հույս կար: Երեխայից ալևոր, փոքրից մինչև ալեհեր էդ բնությանը կապված էին: Երեխան զգում էր, որ ինքը աշխարհի ստրուկը չի, որ դրանց օգնությունը գեղեցիկ մի բան է: Բայց հեռու, որ կա որպես հեռավոր մի զորություն, որպես Աստծո հեռավոր մի զորություն: Թող լինի օգնությունը, էդ բարեկամությունը, բայց կենդանի Աստվածը էդ մեր արտի մեջ է, էդ կանաչ դաշտի...»:
Դերասանուհին գտել է մաթևոսյանական տեքստի ջիղն ու թատերայնացրել: Թատերայնացրել մաթևոսյանական աշխարհի խուլ ու հնչեղ ձայներով, քաղաքի գլխակեր աղմուկներով, քաղաքի դաժան կլանումով ու բնության չհանձնվելով, քաղաքի գայթակղություններով ու բնության տիեզերականությամբ, քաղաքի մոլորություններով, հրապույրներով, որոնց չի հանձնվում անգամ արյան եռքին ընդառաջ գնացող էգը…
«Ջա՜ն,-ասաց նանը,-եկա՞ր…»:
Գալիս է, որովհետև աշխարհն ավարտվում է այնտեղ, ուր սկսվում է, որովհետև չի փոխվելու աշխարհի ձգողականության ուժը, որովհետև նանը… «… Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր... մարտ... մարտ, մայիս...» ձագին բոխու տերև է տալու, կանաչ արև է լինելու ու մայիս է լինելու...
Նարինե Գրիգորյան տաղանդավոր դերասանուհին փոքրիկ մի հողակտորի վրա, որ արվեստային մի բակ է՝ Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահի կուսական բակը, համավարակային Երևանի երկնքի տակ, Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանի մինիմալիստական ու անպատկերացնելիորեն մաթևոսյանական աշխարհով լեցուն ձևավորմամբ, նկարիչ-դիմահարդար Թամարա Բարոյանի կերպարային զգայուն ընկալումներով, ձայնի ու երաժշտության ձևավորող Հայկ Իսրայելյանի՝ միջավայրին այնքան միաձույլ թրթիռներով, քայլ առ քայլ ծնում է այն մեծ աշխարհը, որը զարմանալիորեն տեղավորվում է Մաթևսյանական «փոքր» աշխարհի սահմաններում ու մաթևոսյանական այն «փոքր» աշխարհը, որ ոչ մի կերպ չի տեղավորվում մեծ աշխարհի հորիզոններում:
Մաևթոսյանին նվիրված Արմմոնո թատերական փառատոնի մենաներկայացումը Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը»-ի բեմականացումն է։ «Հրանտը լուսնալույսի մեջ մեռած Շան մտածումն է վրձնել, Ձիու է վրձնել, Գայլի է վրձնել և «Տախի» (կռտած խոզի) և Հրանտը մարդկանց է վրձնել` անհատականությունների, միավորների` արձակով, գրով, որ և որպիսին իրենից առաջ չկար: Նա ոչ թե գրել է նրանց, կամ նրանց մասին, այլ ՀԵՆՑ վրձնել է նրանց. ռուս մեծանուն գրող Անդրեյ Բիտովի այս պարզ բանաձևով ենք ՔԵԶ` ՀԱՆԴԻՍԱՏԵՍ, բերում Մաթևոսյանի խոսքի դաշտ:
Ճիշտ նույնպես է Հրանտ Մաթևոսյանը պատմում ԳՈՄԵՇԸ` պատմություն գեղեցիկի, էգի, մայրացուի մասին, որ ճանապարհ է ընկնում ամբողջականանալու։ Այսօրվա, ինչ-որ տեղ կարծրատիպային լեզվով, սա քուեսթ է, բայց քանի որ երեկ, այսօր ու վաղը որևէ կարծրատիպ նեղ է գալու իրական արվեստին` Մաթևոսյանը Գոմեշի այս ճամփորդությունը դարձնում է արարողություն, տոն, ձոն Աստծո ստեղծած` միաժամանակ հզոր ու խոցելի, գեղեցիկ ու փխրուն, ուժեղ և նկուն բնությանը։
Գոմեշի հայացքով մենք տեսնում ենք Նանին, Բասարին... Մեզ, Աշխարհը` որի մեջ Երկինքն ու Երկիրը, Հողն ու Ջուրը, Մարդն ու Կենդանին պիտի ստեղծեն, հյուսեն գոյի այն ներդաշնակությունը, որ ինքը կյանքն է: Բայց... հազիվ թե հյուսում են:
Վկա`այն ինչ այսօր` 2020-ին «ունենք»: Վկա`Մաթևոսյանի ԳՈՄԵՇԸ`մի ճամփորդություն դեպի մեր ներսը:
Հիմա, ավելի` քան երբևէ, մեր ներսն ու մեր շուրջը նայելու և տեսնելու ժամանակն է»:
Ահա այսպես են ձևակերպում ուղերձը Դավիթ Մաթևոսյանն ու Նարինե Գրիգորյանը, Մարիաննա Մխիթարյանը, որոնք համարձակվել են թատերայնացնել մաթևոսյանական «Գոմեշը» ու շնորհիվ Մաթևոսյանի հանճարեղ պոետիկ տեքստի, շնորհիվ Նարինե Գրիգորյան խորքային դերասանուհու փոխակերպումների արվեստի՝ ստիպում են կոտրել կաղապարներն ու թատրոնի ընկալումը, կոտրել արվեստի ընկալման կաղապարներն ու դիպուկ հայացքով նայել մեր շուրջը՝ իմաստավորելու մեր ժամանակը, մեր ժամանակի հակասություններն ու կռիվը, ապրելու, ներդաշնակ ապրելու մարդու աստվածային կերպը:
Այո, Նարինե Գրիգորյանը պինդ բռնում է Մաթևոսյանի «Գոմեշը»-ն ու մտնում մեր հոգիներից ներս:
Նյութի աղբյուրը` «ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
11.08.2020 10:01
ԱՐԱՅԻԿ Մանուկյան