Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

02.02.2023  23:31

Դրամատուրգիական արվեստի այս հզոր վարպետը, որ անցած դարի 70-ական թվականների վերջերից արագությամբ նվաճեց եվրոպական թատերաբեմերը, առաջին անգամ հայ թատրոնի խաղացանկն է մտել 1891 թ. դեկտեմբերի 30-ին: Այդ օրը Թիֆլիսի հայ թատերախումբը, մասնակցությամբ Սիրանույշի, Զաբելի, Հովհաննես Աբելյանի եւ Գրիգոր Աբրահամյանի` խաղաց «Ուրվականներ» դրաման, թարգմանությամբ Ալեքսանդր Թարխանյանի: Վերջինս պիեսը թարգմանել էր ռուսերենից, հավանաբար Բայլմոնտի թարգմանությունից (նույն դրաման թարգմանել է նաեւ Իս. Ալիխանյանը): Ներկայացմանը Սիրանույշը հանդես է եկել Ռեգինա Էնսթրանի դերով, Գրիգոր Աբրահամյանը` պաստոր Մանդերսի, իսկ ֆրու Էլեն Ալվինգի եւ նրա որդի Օսվալդի դերերը խաղացել են Զաբելն ու երիտասարդ դերասան Հովհաննես Աբելյանը, որոնք իրենց բենեֆիսի համար հատկապես ընտրել էին վերոհիշյալ դրաման:

Ժամանակի մամուլը թեպետեւ նշում է դերասանների խաղի կենդանի լինելը, բայց կարծում ենք, որ հազիվ թե հոգեբանական նրբերանգներով հարուստ այդօրինակ պիեսների ուրույն ոճին նոր ընտելացող թատերախումբը կարողանար հասնել գեղարվեստական մեծ արդյունքների, մանավանդ որ ներկայացմեն պատրաստման համար հատկացված է եղել խիստ կարճ մի փորձաշրջան:

Չնայած դրան, «Ուրվականների» անդրանիկ բեմադրության փաստը մեզ համար հետաքրքրական է երկու տեսակետից:

Այդ դրաման Գերմանիայում առաջին անգամ խաղացել են 1886 թվականին, Ֆրանսիայում` 1890-ին, Անգլիայում` 1891-ին, իսկ ուրիշ շատ-շատ ժողովուրդների թատրոններում, որոնց թվում եւ ռուսները, բեմադրել են հայերից հետո: Հայտնի է, որ «Ուրվականները» անցած դարի 80-ական թվականներին Գերմանիայում արգելվում էր բեմ հանել, եւ գերմանացի դերասաններին այդ տասնամյակում հաջողվել է, մեծ մաքառումներից հետո, խաղալ այն երկու անգամ: Գերմանիայի ռեակցիոն միջոցառումներին հետեւելով` ցարական Ռուսաստանի գրաքննչական մարմինները երկար տարիներ թույլ չէին տալիս թատրոններին խաղալ այդ պիեսը: Օսվալդի դերի հռչակավոր կատարող, ռուս տաղանդավոր արտիստ Պավել Օռլենեւը, օրինակ, իր հուշերում պատմում է, որ առաջին անգամ իրեն հաջողվել է այդ դրաման բեմադրելու իրավունք ստանալ գրաքննությունից թույլատրված, «Ուրվական», մի ինչ-որ պիեսի անունով, որի հեղինակն էր ոմն Անդրեեւսկի: Թե ինչպե՞ս էր Թիֆլիսի հայ թատրոնի ղեկավարներին հաջողվել գրաքննիչներից խաղալու թույլտվություն ստանալ, մեզ համար մնում է գաղտնիք: Սա իբսենյան ներկայացման փաստի առաջին ուշագրավ կողմն է:

Երկրորդ կողմը հետեւյալն է: Դրամատուրգ Ալեքսանդր Աբելյանը, բարձր գնահատելով նշանավոր գրողի ստեղծագործությունը հայ բեմ մուտք գործելու հանգամանքը, նամակ եւ ներկայացման մի աֆիշ է ուղարկում հեռու Քրիստիանայում ապրող Իբսենին: Ալեզարդ գրողը շուտով պատասխանում է մի ջերմ շնորհակալագրով, իր պիեսը հայերի մեջ առաջին անգամ բեմահարթակ բարձրացնելու առթիվ ուրախություն հայտնելով: Այդ դեպքի մասին մեզ պատմել է Ալեքսանդր Աբելյանի եղբայրը` դերասան Հովհաննես Աբելյանը: Պետք է ենթադրել, որ նամակը եղել է Ալեքսանդր Աբելյանի արխիվում, որը Հայրենական պատերազմի օրերին օկուպացված Ռոստովում կորել է անհետ: Բարենախտաբար. Իբսենից ստացված այդ շնորհակալագրի մասին տեղեկություն կա նախահեղափոխական մամուլում:

Բայց այս առնչությամբ խիստ կարեւոր է նաեւ այն, որ ինչպես վերոնշյալ նամակագրությունը, այնպես եւ 1892 թ. հոկտեմբերի 4-ին, Թիֆլիսի Արքունական թատրոնում հայ դերասանների խաղացած իբսենյան երկրորդ պիեսի` «Ժողովրդի թշնամին» (կամ «Դոկտոր Սթոքման») դրամայի ներկայացման արձագանքները պատճառ են դառնում մի շատ արժեքավոր հիշատակության: Երբ 1898 թ. ապրիլի 2-ին Նորվեգիան եւ նրա հետ միասին հյուսիսային բոլոր երկրները հանդիսավորապես տոնում էին աշխարհահռչակ գրողի ծննդյան 70-ամյակը, հոբելյարին ընծայաբերվեց հատկապես այդ օրվա համար կազմված ու տպագրված մի ժողովածու, որտեղ զետեղված էին նաեւ դանիացի գրողներ Էլլեն Քեյի, Սելմա Լագերյոֆի, նորվեգացի գրող Նիլո Կյերի, դերասաններ Իդա Ալբերգի, Էմիլ Պաուլսենի եւ ուրիշների հոդվածներն ու հուշերը: Այդ ժողովածուի մեջ հրապարակված է նաեւ բանասեր Գալվորսենի ակնարկը, որտեղ մատենագիտական տվյալների հիման վրա հեղինակը ցույց է տալիս Իբսենի ձեռք բերած համաշխարհային հռչակը եւ եվրոպական ժողովուրդների հոգեւոր մշակույթում գրաված նրա ակնառու դերը: Ակնարկում տեղ են գտել հայ կուլտուրայի բնագավառում տեղի ունեցած այն երեւույթները, որոնք կապված են այդ գրողի անվան հետ: Ծանոթություններից մեկում հեղինակը գրում է. «Իբսենի երկասիրությունների ժողովածուները թարգմանաբար հրատարակվել են հետեւյալ լեզունեորվ` անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն: Դրանից բացի կան առանձին երկերի հրատարակություններ (երբեմն մի պիեսի զանազան թարգմանությունների մի քանի հրատարակություններ) հետեւյալ լեզուներով` շվեդերեն, ֆիններեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, հոլանդերեն, ֆլամանդերեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, լեհերեն, ռուսերեն, հունգարերեն, սերբերեն եւ հայերեն»:
Այստեղ Գալվորսենը նկատի ունի Իբսենի երկերի հայերեն այն հրատարակությունները, որոնք լույս են տեսել առանձին գրքերով Թիֆլիսում, 1892 թվականին, այն է` ժուռնալիստ թատերական գործիչ Սիմոն Հախումյանի (հավանաբար Ն. Միրովիչի ռուսերեն հայտնի թարգմանությունից) թարգմանած «Դոկտոր Շտոկման կամ ժողովրդի թշնամին» (ճիշտը` Սթոքման), հասարակական գործչուհի Տիրուհի Կոստանյանցի թարգմանած «Նորան» (սկզբում լույս է տեսել «Արձագանքում», 1892թ.) եւ մանկավարժ Լեւոն Բաբայանի` գերմաներենից թարգմանած «Հասարակության նեցուկներ» դրաման, որի երկու գործողությունը տպագրված է «Թատրոն» գրական եւ թատերական հանդեսի 1895 թ. հրատարակության մեջ: Անշուշտ, այս հրատարակությունները, գոյութոյւն ունեցող սովորության համաձայն, ուղարկված պետք է լինեն հեղինակին:

Նյութի աղբյուրը՝ Հենրիկ Իբսեն. Պիեսներ, 1968, Երեւան: Նախաբան:

445 հոգի