06.01.2023 03:34
Այժմյան Հայաստանի թատրոնը իրենից ներկայացնում է ներկայացուցչական արվեստի վատագույն տարբերակը՝ խորհրդային լուսավորչականության, ХХ դարի 30-50-ական թվականների հուշարձանը, ռեսենթիմենթը: Այս մասին գրում է թատերագետ, հասարակական գործիչ Արա Նեդոլյանը` անդրադառնալով Հայաստանում թատրոնի ներկայիս վիճակին:
«Դա պայմանավորված է պահպանվող հասարակության բրգաձև կառույցով, որը, կոմունիստականից դառնալով ազգայնական, դարձյալ պահպանում է «մեկ հասարակություն կառավարելու կենտրոն» գաղափարախոսությունը, իր անխուսափելի հետևանք՝ «մեկ մշակույթ» բանաձևով: Այդ պարագայում թատրոնը իրենից ներկայացնում է ոչ թե արվեստագետի կողմից իմաստներ ստեղծելու, հասարակական երևույթները ուսումնասիրելու, աշխարհընկալման յուրային ձևեր որոնելու, այլ մեկ ընդհանուր գաղափարին ծառայելու ուղղված գործունեություն, ինչը և պայմանավորում է թատերական արվեստի խիստ կենտրոնացված և իշխանության կողմից հսկվող լինելու հանգամանքը», – նշում է Նեդոլյանը:
Նա համեմատում է թատրոնը ժամանակակից արվեստի, կինոյի ու գրականության հետ, որոնք ապրել են այս կամ այն չափով ապակենտրոնացման ու գաղափարական, իմաստային էմանսիպացիան, կարողացել են կառուցել կամ գոնե նշմարել անկախ կառավարում և տնտեսություն /ֆինանսավորում/ ունեցող կառույցներ ու համակարգեր` նշելով, որ թատրոնի ոլորտում այդ բանը դեռ տեղի չի ունենում:
«Պրոֆեսիոնալ թատերական գործիչները, թատրոնները, թատերական կրթական, գիտական, հրատարակչական կառույցները վայելում են հասարակության առավել հետադեմ մտածողության, դիսկուրսի, ինչպես նաև՝ առավել անազատ կառուցվածքների տեր մարդկանց համբավը: Պատճառն այստեղ ոչ այնքան անկախանալու ֆիզիկական հնարավորությունների բացակայությունն է, որքան հասրակությունում դերևս սերմնաված վերաբերմունքը թատրոնին իբրև «կենտրոնաստեղծ» մի արվեստի, այսինքն, ինչ-որ տեղ, եկեղեցու փոխանորդի, թատերական գործիչները իրենց զգում են ժամանակակից քուրմեր, որ պետք է ծիսական ձևով ներկայացնեն առասպելական «ազգային արժեքները», ներառյալ՝ այդպիսին դարձած կես և ավելի դարի վաղեմություն ունեցող լուսավորչականությունը և խորհրդային մոդեռնիզմը», – գրում է Նեդոլյանը:
Նա նշում է, որ իրավիճակը փոխելու, Հայաստանում ազատ թատրոն, այսինքն՝ պարզապես թատրոն վերստեղծելու խնդիրն ունի քաղաքական, գաղափարախոսական բնույթ, թատրոնը ստեղծվելու է ոչ թե եղած թատերական գործիչների և ինստիտուտների ջանքերով, այլ՝ հասարակական, քաղաքացիական, քաղաքական և ժամանակակից արվեստի ակտվիզմին ներգրվված անձնաց կողմից, որոնք թատրոնը դիտարկելու են իբրև հասարակությունը ուսումնասիրելու, քննադատելու և վերակառուցելու հզոր մեթոդ սեփական ձեռքերում:
Նյութի աղբյուրը՝ epress.am/2011/01/22/