Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Երբ, եթե ոչ Ամանորին պետք է խոսել արվեստի մասին․․․ Այն կարճ ժամանակահատվածում, երբ ես կրկին Հայաստանում էի, հասցրեցի մի շարք մշակութային այցելություններ ու հանդիպումներ ունենալ։ Դրանց շարքում ինձ բախտ վիճակվեց դառնալ մի բավականին հետաքրքիր պրեմիերայի հանդիսատեսը, որը բեմադրվում էր Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում։ Ներկայացումը կոչվում էր «Երեք գույն․ ծիրանագույն»՝ Սանկտ-Պետերբուրգից Երևան տեղափոխված երիտասարդ ռեժիսոր Իլյա Մոշչիցկու հեղինակությամբ։ Չլինելով թատերագետ՝ իհարկե, չէի ցանկանա լավ կամ վատ գնահատականի արժանացնել այն, ինչի ունկնդիրը եղա, սակայն իմ պարտքն եմ համարում արտահայտվել ներկայացման մասին որպես հանդիսատես։

Բեմադրությունն ակնհայտորեն էքսպերիմենտալ ժանրից էր։ Սակավաթիվ հանդիսատեսները, այդ թվում և ես, տեղավորվել էինք ոչ թե դահլիճում, այլ անմիջականորեն բեմի վրա՝ դեմքով դեպի դահլիճը՝ դերակատարներից բառիս բուն իմաստով ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա, և դա անմիջականորեն այնտեղ տեղի ունեցողի մեջ ներգրավվածության հետաքրքիր զգացողություն էր ստեղծում։ Բեմական «կիսաստվածները» հասարակ մահկանացուների նման քայլում ու խոսում էին մեր դիմաց, և բավական էր մեկնել ձեռքդ՝ նրանցից ցանկացածին դիպչելու համար։ Սակայն դա ամենը չէր։ Բեմի վրա էր նաև բեմադրող ռեժիսորն ինքը, ով օպերատորի կարգավիճակում՝ անթաքույց գործում էր բոլորի աչքի առաջ՝ ամեն անգամ իր տեսախցիկը խոսքով հանդես եկող դերակատարի վրա ուղղելով։ Ի դեպ՝ «դերակատար» հասկացողությունն այստեղ թերևս այնքան էլ տեղին չէ, և դա շուտով պարզ կդառնա հետագա շարադրանքից... Բեմի ու հանդիսասրահի արանքում ձգված էր շղարշավարագույր-էկրանը, ու նրա վրա տեսախցիկի օգնությամբ ռեալ-ժամանակային ռեժիմով պատկերվում էր այն, ինչ տեղի էր ունենում ներկայացման կիզակետում։

Ի դեպ, ներկայացմանը, կարելի է ասել, մասնակցում էր թատրոնի ամբողջ անձնակազմը՝ սկսած իմ կողմից արդեն հիշատակված բեմադրող ռեժիսոր-օպերատորից, և վերջացրած պարուսույցով, լուսային օպերատորով ու դիմահարդարով։ Գործողություններն, իրենց հերթին, ևս ծավալվում էին ոչ միայն բեմի վրա, այլ նաև հետնաբեմում, դահլիճում ու անգամ՝ ճեմասրահում... Սյուժեն... Որպես այդպիսին այն գոյություն չուներ․․․ Կոնցեպցիան... Ինչպես հասկացաք, հենց նա՛ էր ստեղծագործության մեխը, քանի որ և՛ սյուժեն, և՛ ներդրված նոր էֆեկտները, և՛ այս նոր տիպի ներկայացման մեջ դերասանների նոր դերակատարությունը ամբողջովին բխում էին հենց այդ անսովոր կոնցեպցիայից։ Ամեն մի գործող անձ առավելագույն անկեղծությամբ փորձում էր ներկայացնել իր կյանքից մի դրվագ կամ իր ապրած ամենացնցող զգացողությունների պատմությունը։ Դժվար է ասել՝ որքանով իրական և որքանով՝ մտացածին... Ինչ-որ մեկի մոտ դա շատ անմիջական ու խորն էր ստացվում, մեկ ուրիշի մոտ՝ զգացվում էր բեմական պաթետիզմի չնահանջող ազդեցությունը, հաջորդի մոտ՝ գուցե անկեղծությունը փոքր-ինչ չէր հերիքում՝ Ստանիսլավսկու համար մեկ պահանջին բավարարելու համար... Կարծես յուրաքանչյուրին մարտահրավեր էր նետված՝ իսկ արդյո՞ք դուք, որպես դերասաններ, կարող եք բեմի վրա խոսել ձե՛ր մասին, ձե՛ր անունից։

Ընդհանուր տպավորությունն ինձ մոտ այնպիսին էր, որ ներկայացման ընթացքում համոզիչ լինելու համար կիրառվող մեթոդը ոչ միայն և ոչ այնքան Ստանիսլավսկունն էր, որքան Դոստոևսկու անկեղծությամբ սեփական հոգու մութ անկյունները պրպտելն ու այնտեղից ինքնախոստովանություններ կորզելը... Այսպիով՝ դերասանները հանդես էին գալիս որպես ավելի քան իսկական, կենդանի մարդիկ, ովքեր կիսվում էին մեզ հետ իրենց, ամենանվիրական ապրումներով, հույզերով, ցուցադրում իրենց իրական խառնվածքը։ Եվ այս ամենը նրբորեն միահյուսվում էր թատրոնի, որպես ինքնաարտահայտման միջոցի, կիրառման հետ՝ ստեղծելով մերկ հետնաբեմով թատերականության ու հանդիսատեսի կենդանի ներկայության մի հետաքրքիր սինթեզ։ Բեմը, որի վրա գտնվում էր նաև հանդիսատեսը, ցուրտ էր ու ենթակա էր միջանցիկ քամիների ազդեցությանը։ Մերթ ընդ մերթ մեր քթին էին հասնում գրիմասենյակից դուրս սողոսկեց սուրճի ու ծխախոտի ծխի խեղդող բույրերը։ Հանդիսատեսն, այսպիսով, մրսում, ծխահարվում ու հաղորդակից էր լինում ետնաբեմում տեղի ունեցող բոլոր պրոցեսներին` դերակատարների հետ հավասար, և դա, թերևս, խորացնում էր միմյանց նկատմամբ ապրումակցման մակարդակը, համախմբում հնչած գաղափարների շուրջ... Ամեն դեպքում, բացի ներկայացման ընթացքում անընդհատ ունեցած գիտակցությունից, որ այն ամենը, ինչում անկեղծանում էին դերասանները, կարծես նույնությամբ ապրել ու զգացել էի ինքս, նաև հասկանում էի, որ պատրաստ եմ ինքս էլ անկեղծանալ ու պատմել, վերապրել կյանքում իմ ունեցած սուր զգացողություններից, եթե պատմելու հերթը այդ պահին հանկարծ ինձ հասներ։

Այս ներկայացումը ինչ-որ տեղ նաև խմբային թերապիայի հոգեբանական սեանս էր հիշեցնում։ Այնպիսի զգացողություն էր, որ բեմի վրա մրցակցություն է գնում, թե ով ավելի անկեղծ, ավելի մերկ հոգով կներկայանա հանդիսատեսին ու իր գործընկերներին, ով ավելի շատ կկարողանա թափանցել սեփական հոգու խորխորատները ու դուրս բերել, դատարկել այնտեղ կուտակված ապրումների ու վերհուշությունների նստվածքը, գիտակցել դրանք ու հաղթահարելով իրենց վրա նրանց ունեցած ազդեցությունը՝ ինչ-որ բան սկսել նորովի։ Կարծում եմ՝ հետաքրքիր մտահղացում էր նաև կինոխցիկը։ Հավանաբար այն կոչված էր տվյալ պահին ելույթ ունեցող դերասանին կիզակետում պահելուն, և պետք է խոշոր պլան ապահովելով՝ սևեռեր հանդիսատեսի ողջ ուշադրությունը՝ հնարավորություն ստեղծելով ամենայն մանրակրկտությամբ հետևելու ու որսալու նրա հույզերի ու դիմախաղի ամեն մի տարրի փոփոխությանը։ Ամեն դեպքում՝ թափանցիկ էկրանի վրա արտացոլվող պատկերը միաժամանակ և՛ իրականության, և՛ կինոյի տպավորություն էր ստեղծում, իսկ էկրանի միջով թափանցող ու դահլիճի հեռավոր անկյուններում կրկնապրոյեկտվող՝ արդեն ոչ այնքան հստակ պատկերները ստեղծում էին տեղի ունեցող իրականության արդեն երրորդ՝ ավելի վերացական տարբերակը։ Սա կարծես երեք զուգահեռ իրականությունների համադրում էր, որը կարելի է ապրել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ՝ միաժամանակ։

Կարևոր տեղ էր հատկացված նաև լուսային էֆեկտներին՝ ինչը և արտացոլված էր ներկայացման անվանման մեջ։ Լուսային օպերատորը բեմի վրա կապույտ, կարմիր ու սպիտակ լույսերի ստեղծած տրամադրություններն էր քննարկում ու կիսվում սեփական մտորումներով։ Եվ ընդհանրապես՝ օպերատորական լույսը ասես ուշադիր հետևում ու ուղեկցում էր բեմի վրա ստեղծվող բոլոր տրամադրություններին՝ ընդգծելով ու շեշտադրելով դրանք։ Դերակատարների պատմություններում ու մենախոսություններում հնչում էին վերահաս մահվան մոտիկությունից ծնվող կյանքի վերաիմաստավորման, մեր հիասքանչ մոլորակի ճակատագրի, անձի երկատվածության, անհաղթահարելի տագնապների, անվերջ սպասման և, ի վերջո, կյանքի իմաստի որոնման աննպատակահարմարության մտքերը ու կյանքի ընձեռած ամեն մի պահը գնահատելու կոչը։ Եվ գաղափարներից մեկը կարծես այն էր, որ մեր գոյությունը զուրկ է որևէ փիլիսոփայական իմաստից, ու մեզ կենդանի դարձնող, ապրեցնող մոտիվացիան հենց կյանքն ինքն է՝ իր հանելուկներով, իրական դժվարություններով ու անակնկալներով, որոնք մենք կամա թե ակամա սովորում ենք հաղթահարել ու ինքներս մեր ուժերի նկատմամբ վստահություն ձեռք բերելով՝ շարժվել առաջ։

Ինչ խոսք, սա սովորականից խիստ տարբերվող ներկայացում էր։ Չեմ ասի, թե ունկնդրելու ընթացքում մեծ էսթետիկական բավականություն ստացա, սակայն այն ինձ մոտ ահռելի մեծ ու խորը մտորումների տեղիք տվեց։ Ի վերջո, նոր արվեստը ավելին է, քան էսթետիկան, և որպես այդպիսին էլ պետք է նրան վերաբերվել։ Նրա նպատակը նոր գաղափարներ, կոնցեպցիաներ առաջ քաշելն է և ունկնդրի մոտ խորիմաստ մտորումներ առաջացնելը։ Նոր արվեստը պետք է սովորեցնի և տրամադրի մեզ մտածելու։ Եվ պետք է ընդունել, որ ո՛չ մի գեղարվեստականություն չի՛ կարող ստեղծել իրականությունից ավելի մեծ իրականություն։ Այս ներկայացումից հետո դա ակնհայտ էր։ Այսպիսով՝ ինձ համար թատերական այս էքսպերիմենտը հաջողված էր, և ես իմ անկեղծ գոհունակությունն ու հիացմունքն եմ հայտնում ստեղծագործական կոլեկտիվին՝ բեմադրող ռեժիսորի գլխավորությամբ և մաղթում նրանց նոր հաջողություններ։

02.01.2023

ՍՕԿՐԱՏ Եազըճեան

869 հոգի