05.12.2022 22:21
Գանգսթեր Մաքի ընկերուհին սիրահարվել է… Այս նախադասությունով է բացվում ամբողջ ներկայացումը։ Ասես սյուռ և պարադոքսային է այս ամենը։ Ինչպե՞ս կարող է գանգսթերի ընկերուհին սիրահարվել։ Պատկերացնում ես, գրեթե անպատկերացնելին, որ փորձես հասկանալ արտառոց այս համարձակությունը. գիտակցում ես, որ սիրահարված ես ուրիշին, բայց մյուս կողմից էլ հասկանում ես, որ քեզ քո զգացմունքները ազատ արտահայտելու համար, անհուսալի ճակատագիր է սպասվում։ Մենդի-Էմմա Մանուկյանը հենց այս իրավիճակում է։ Ու թերևս լավ գիտակցում է, թե ի՞նչ է իրեն սպասվում, փորձում է երկարաձգել սպասվող դաժանության պահը։ Մենդին գավառական աղջիկ է, ում երազանքը լինել բալետի պարուհի, դառնում է ճակատագրական, քանի որ նա վնասում է ոտքը և մեկընդմիշտ փակում կյանքի այդ էջը։
Էմմա Մանուկյան-Մենդին փոքրակազմ է, լղարոտ, հուսալքված և անօգնական տպավորություն է թողնում։ Կարելի է ասել, որ այս կերպարին հանդիսականը հազվադեպ է ուրախ տրամադրութամբ տեսնում։ Նրան ճակատագրական հարվածի բնորոշիչ գիծը կարծես թե ուղեկցում է ամբողջ ներկայացման ընթացքում, ինքնակամ կամ միգուցե անկախ ցանկանում է, որ իրեն գրեթե միշտ խղճան։ Մենդիին չի կարելի համարել երջանիկ, քանի որ նա իրեն երջանիկ է զգում միայն իր «երազներում», որտեղ դեռ հնարավոր է պարել։ Իր ցանկացած ու պատկերացրած, բայց չստացված կյանքը շարունակվում է, և այն դեռ պատահականություններ է խաղալու։
Մենդին չիմանալով, սիրահարվում է մի տղայի, ով իր մտերիմ ընկերուհու(Դիանա Մալենկո) հետ է հանդիպում, բայց ընկերուհին հասկանում է, որ նրանց միջև իսկական սեր է, և զիջում է իր դիրքերը, քանի որ միշտ երազել է սիրել նման կերպով։ Այս տեսարանը երևի թե ամենակենսական-ճշմարտանմանն է, որովհետև յուրաքանչյուր աղջկա «նոր ընկերը», թերևս ինչ-որ մեկի նախկինն է եղել։ Սա ընկերական հավատարմությունը բնորոշող չափազանց նուրբ ու աղջկական դիալոգ է։ Իհարկե կա չգրված կանոն. գրեթե միշտ տղաներն են առանձնանում իրենց ընկերական հավատարմությամբ, բայց արի ու տես… Էմմա Մանուկյան-Մենդին շփոթված է, հուսալքված, իրավիճակներն ու հանգամանքները խառնել են ամեն բան, իսկ ընկերուհին մեկն է, ով փորձում է թևավորել Մենդիին, սթափեցնել ու փրկել։
Լերրի, Թերրի, Մաք, Մենդի… թատրոն VS կինո
Ինչևիցե, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանն այս պատմությունը սկսում է բեմը սև սավանով ծածկելով: Հղում է արվում տարանտինո-կոպոլայական ֆիլմերին, երբ վերահսկելով կամային գիտակցությունը, հուշում են պատրաստվել հետևյալին. հիմա ուր որ է, արյուն է թափվելու։ Հոլիվուդում 70-90-ականներին ի հայտ եկած «գանգսթերական» ֆիլմերը մեծ աղմուկ հանեցին՝ պատկերելով «քրեական կյանքը». «հերոսները» սիրում են ամեն ինչ ունենալ թալանի, կրակոցի ու արյան գնով։ Սա իհարկե նաև արտաքին-ճակատային նկարագրությունն է, իսկ կյանքում ատրճանակների, կրակոցների, սև փողերի հիմքում հասարակ և պարզ մարդկային փոխհարաբերություններ են: Այդպես է նաև ներկայացման մեջ։ Եվ ո՞վ է ասել, որ գանգսթերները միայն վերոնշյալ քրեական գծերով են օժտված, որ նրանք վեր են հասարակ մարդկային հարաբերություններից։ Դրամատիկական թատրոնի բեմում թեման ավելի շատ միջոց է, որը գալիս է բացահայտելու մարդկային վարքագծեր, փոխհարաբերություններ, մտածողություն, արժեքներ և դրանց կրողներին։ Այսպիսին է «Գանգսթեր Մաքը»։ Գանգսթեր բառը կարծես թե պատկերային հուշում է, որ հիմա տեսնելու ենք բրուտալ, սևական դեմքի, ոսկու մեջ «շղթայված», բայց ինչպես ֆիլմերում այնպես էլ ներկայացման մեջ, մեր գանգսթերը բարձրահասակ է, սլացիկ, երկարածամ ու տպավորություն է ստեղծում, որ ինքն իրեն չի կարող պաշտպանել։
Ներկայացումը սկսվելուն պես, գրեթե անըդհատ, հնչում է գանգսթերի անունը, կարծես թե նա բեմում է, բայց մյուս կողմից էլ՝ ոչ։ Սա հանդիսատեսին գայթակղիչ գաղտնախորհրդության մեջ է ներքաշում. տեսնես ո՞վ է այդ գանգսթերը, ժամանակի գանգսթերը, որի մասին այսքան խոսվում է։ Սա ապահովում է, իր մթնոլորտային ներկայությունը, ու լարման տակ պահում իրադարձությունների ընթացքը. «Դուք իհարկե պատկերացրեք, որ անկախ եք ներկայացվող պատմությունից, բայց մի մոռացեք, որ այդտեղ առանցքային հերոսը ես եմ»։ Ներկայացման մեջ այդ կերպարը՝ Մաք-Գագիկ Մկրտչյանը, մեկն է ով չի սիրում սուտը, օժտված է որոշակի խղճի զգացումով, իրեն շրջապատողներին չի ստում, փոխադարձ վերաբերմունք է պահանջում, և ամենակարևորը՝ նրա համար անփոխարինելիներ չկան։ Ու չգիտես, թե ինչո՞ւ նրան չեն սիրում, իսկ ավելի շատ վախենում են նրանից, բայց կարծես թե ոչ մի «հանցանք» չի գործել, դե չհաշված փողերը, մութ գործերը, օրենքներ խախտելը։
Արի ու տես, որ կյանքը մեր «սիրելի» Մաքին անակնկալներ է պատրաստել, ինչպես ինքն է սիրում, ամեն անգամ անակնկալ հայտնվել կերպափոխված ձևով։ Մաքի ամեն բեմ դուրս գալը շոուի է վերածվում։ Գագիկ Մկրտչյան-Մաքը չափազանց հմայիչ և գայթակղող է, գանգսթերական կրքի կրող, տպավորիչ ու մի քիչ էլ վախեցնող։ Տպավորություն է, որ, եթե հանկարծ բեմից իջնի՝ դահլիճում ինչ-որ մեկին «կսպանի»: Այդպիսի տեսարան է, երբ նա ավանսցենայում նստած վառում է ծխախոտը և սկսում ծխել՝ որսալով հայացքներ։ Մկրտչյանը ստեղծել է իսկական հմայիչ-տականքի կերպար, «թվացյալ» հմայքի հետ մեկտեղ պահելով հոգու խորքում ծվարած ստորությունը: Այն իր գագաթնակետին է հասնում կուլմինացիոն տեսարաններից մեկում, որտեղ որոշում է վրեժխնդիր լինել իր սիրելի Մենդիից: Հատուկ փորձում է կտրել սիրուհու հենց ոտքը, իրեն դավաճանելու համար. երազանքներ բաժանողներն ու խլողները իրենք են՝ «գանգսթերները»։
Բեմում իրեն իսկական տեր ու տիրական է զգում, շրջապատված գեղեցիկ կանանցով, Դոզեր-«Բուլդոզեր»(Նարեկ Մարտիրոսյան) թիկնապահով, և իհարկե այս շարքը թերի կլիներ, առանց Լմփոշ Հարրիի(Նարեկ Քթոյան), ով նրա թեթևության, խրախճանքի, ծիծաղի, ու մի քիչ էլ հիմարության «ընկեր»-գործընկեր-կամակատարն է։ Հետևելով դերասան Գագիկ Մկրտչյանի բեմական գործունեությանը, ներկայացումից ներկայացում նկատելի է դառնում, թե ինչպես է նա «հմտանում» կերպարի ներաշխարհի նոր շերտեր գտնելու հարցում: Անկասկած այս դերասանի արտահայտչական գունապնակը դեռևս լիարժեք չի բացահայտված։ Սա կարծես թե ավելի շատ կապված է Գագիկ Մկրտչյանի խառնվածքի և բնավորության հետ: Նա փորձում էր, բայց շատ հաճախ չէր կարողանում բեմում մինչև վերջ օտարվել իր առօրյա կերպարից, միևնույն ժամանակ էլ մասնագիտական բնազդով իրեն չէր կարողանում «թույլ տալ» բեմում ինքն իրեն խաղալ։ Թերևս հենց այս ներկայացման մեջ է, որ դերասանը ենթագիտակցական մղումով փորձել է աշխատել տվյալ խնդրի վրա: Մաքը գալիս է ապացուցելու, կնքելու ժամանակակից մարդկանցից որոշների բնորոշիչ տեսակը, իսկապես, որ այս կյանքում ապրելու համար պետք է կարողանալ կերպարանափոխվել, շատ արագ կախված իրավիճակից։ Հմայիչ-չարագործի այս կերպարը ավելի շատ հոլիվուդյան ֆիլմերում հանդիպող տեսակ է, բացարձակ բացասական կերպար, ով կարողանում է գերել, ներազդել դիտողների վրա, ստիպել միգուցե ապրումակցել, որոշակի իրավիճակներում նույնականացվել։
Թերրին եռյակի ներկայացուցիչներից մեկն է, որին մարմնավորում է Դրամատիկ թատրոնի երիտասարդ դերասան Նիկոլայ Ավետիսյանը, ով յուրահատուկ է տարբեր դերակատարումներում։ Օժտված է դերասանի համար թերևս կարևորագույն հատկանիշով. շտամպային մտածողությանը տուրք չի տալիս և չի կրկնվում։ «Գանգսթեր Մաք»-ում նրա Թերրին երիտասարդ, ցուցամոլ, փող, ազարտ, մեքենաներ և աղջիկներ սիրող։ Գույնը դեղինն է, խաղացողը՝ «վեցանոց»։ Վախկոտ է (ըստ իրավիճակի), բայց երբեմն համարձակ, կարճ և արագ։ Հայտնվում է ու ավելի խճճում իրավիճակը։ Անհաջողակ է, ինքն իրեն հաճախ է կրակի մեջ գցում, միամտորեն, սեփական խելքից, իսկ հետո մի կերպ փորձում ազատվել։ Սա այնպիսի մի կերպար է, ով թելի կծիկի պես խճճում է և նորից հետ է «կծկում» սպասվելիք իրադարձությունները։ Անսպասելի, շատ արագ փոփոխվող իրավիճակներում, դերասանը նույնպես դրանց համահունչ կարողանում է փոփոխվել. խոսք, շարժուձև, պահվածք։ Թերրին, կարծես թե ուզում է դուրս բերել իրեն այդ ամենից, բայց ամեն քայլ գործում է ի հակառակ իրեն, և միգուցե հենց մտածված, որովհետև ներկայացման ֆինալում ամեն բան բացահայտվում է։ Վերջին տեսարանում, երբ ամեն բան բացահայտվում է, պարզվում, որ ինքը հասարակ ինչ-որ մեկը չէր (քննչական տեսուչ), անհերքելի է դառնում դերասանի ձևացումի վրա հիմնված կրկնախաղային վարպետությունը:
Լևոն Հախվերդյանի Լերրին եռյակի թերևս ամենահետաքրքիր և գունեղ կերպարն է։ Խոսելով շնորհալիության առջև չմեղանչած այս դերասանի մասին, երևի թե առաջինը պետք է նշել վերջինի բեմական հմայքը։ Դերասանը կարծես թե ճիշտ ուղու վրա է մարմնավորման առումով, բայց անձնավորման ընթացքում՝ որոշակի էմոցիաներ(զայրույթ, ներվ) ներկայացնելիս, ստեղծում է իմիտացիա: Նրա դերակատարումներում առկա է նաև կերպարների խոսքային նմանություն, որին պետք է մեծ ուշադրություն դարձնի, հետագայում դերասանական դրոշմաձևի խնդրի առաջ չկանգնելու համար։ Լևոն Հախվերդյանի ստեղծագործական կարիերան կարելի է ասել «բեկվում» է այս դերակատարման աշխատատարությամբ։ Մոտ երեք ժամյա բեմական գործողություններում դերասանը կերպավորում է միանգամից երեք դեր՝ Լերրի, Ջերրի, Լոլա։ Այս կերպարը սկզբում սեթևեթում է, և ֆիզիկապես և էմոցիոնալ առումով, սիրահետում է մի աղջկա, հետո հայտնվում մեկ ուրիշ աղջկա անկողնում: Մինչ կփորձի հասկանալ իր իսկական զգացմունքները, հնարավոր է, որ արդեն ողջ էլ չլինի։ Նրա Լերրին ավելի շատ կյանքում հանդիպող սովորական ստախոս, վախկոտ է, ով տարածության մեջ ֆիզիկապես ուրվագծվում է երեք հարթություններում։ Ներկայացման սկզբում նա մարմնավորում է իր դերը միջին հարթությունում, ավելի շատ շան տեսք ունի, երբ սեթևեթում է կանանց հետ։ Հաջորդ տեսարաններում նրա կերպարը օդում է բառիս բուն և փոխաբերական իմաստով, և միայն վերջին տեսարանում է նա մարդկային կերպարանք ստանում։ Լոլայի կերպարում դերասանը, արտաքին կերպի տիպականցման նպատակով երբեմն տրվում է չափազանցության, հասնում գրոտեսկային արտահայտչականության, ինչը միայն արտաքին տպավորության հարուցմանն է սպասարկում։
Թեպետ պարի տեսարանում կարողանում է արտաքին դերապատկերով բեմում ներքին վիճակի զգացողություն առաջացնել: Երբեմն անգամ կանանց համար շատ դժվար է բարձրակրունկների վրա քայլել, առավելևս՝ պարել, սակայն դերասանին հաջողվում է դա անել ռիթմի զգացողությամբ ներարկված սահուն շարժումներով: Եվ պարողների խմբում ի տարբերություն պարընկերուհիներ–դերասանուհիների, նա աչքի է ընկնում պլաստիկական վճիռ ակնարկող շարժաձևերով: Լոլան «տրանսգենդեր» է, ով այդպիսինն է դառնում ճարահատյալ վիճակից, քանի որ պետք է բացահայտի հանցագործությունը (հարկային տեսուչ), մինչև վերջ պատրաստ է ամեն քայլի, չնայած՝ կարող է Մաքի զոհը դառնալ։ Բեմ է դուրս գալիս իսկական կոկետուհի, սլացիկ, սևազգեստ Լոլան(Լևոն Հախվերդյան), ով գերում է Լմփոշ Հարրիին, բայց ոչ Մաքին։ Այսուհանդերձ, առավելություններով և որոշակի թերություններով, «Գանգսթեր Մաք»-ում Լևոն Հախվերդյանի ներկայացրած կերպարը նրա լավագույն դերակատարումներից մեկն է դերի մեկնությամբ, խաղոճով: Նա իր համար սահմանեց նշաձող, որին գերազանցելն այդքան էլ դյուրին չի լինի։
Ամփոփելով պետք է արձանագրել, որ «Գանգսթեր Մաքը» ուշագրավ բեմադրություն է իր ժամանակակից գրական հիմքի շնորհիվ։ Ներկայացումն ունի ռեժիսորական խնդիրներ. էսթետիկության, պայմանականության տեսանկյունից կան գտնված, բայց թերի իրագործված միզանսցեններ, տեղ-տեղ հանրայնացման տանող պարզունակ պարային տեսարաններ